Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը
ՎերլուծությունՀայաստանյան ներքաղաքական օրակարգը հերթական անգամ գլխիվայր շրջվեց մեկ հայտարարությամբ։ Երբ Աննա Հակոբյանը հայտարարեց, որ բաժանվում է Նիկոլ Փաշինյանից եւ հեռանում է կառավարական ամառանոցից, շատերը փորձեցին դա ներկայացնել որպես ընտանեկան մի «Կիսաբաց լուսամուտների» պատմություն։ Սակայն քաղաքական փորձառությունը հուշում է՝ երբ նման քայլը արվում է նախընտրական ցիկլի նախաշեմին, այն հազիվ թե լինի միայն անձնական որոշում:
Ձեւակերպումը պարզ էր. Աննա Հակոբյանը շեշտեց, որ այլեւս որեւէ պաշտոնական կապ չունի Փաշինյան Նիկոլի հետ: Փաշինյանն էլ, իր հերթին, ընդգծեց, որ հարգում է նրա որոշումը՝ փաստացի նախաձեռնության հեղինակ ներկայացնելով հենց Աննային։ Սա արդեն ինքնին քաղաքական շեշտադրում է։
Եթե սա լիներ պարզապես ամուսնական ճգնաժամ, այն դժվար թե ունենար նման հրապարակային, սիմվոլիկ եւ ժամանակային համադրություն: Առավել եւս՝ երբ խոսքը վերաբերում է երկրի առաջին դեմքին եւ մի անձի, որի հանրային կերպարը տարիներ շարունակ կառուցվել է որպես իշխանության անբաժան բաղադրիչ։
Երեւանի վերջին ՏԻՄ ընտրություններից հետո՝ ակնհայտ դարձավ, որ իշխանության վերարտադրության խնդիրը դարձել է լուրջ մարտահրավեր: Փաշինյանի անձնական վարկանիշը, ըստ տարբեր գնահատականների, չի ապահովում այն քաղաքական կապիտալը, որն անհրաժեշտ է հանգիստ վերարտադրվելու համար: Նույնիսկ միջազգային աջակցությունը, արեւմտյան էմիսարների այցերը կամ արտաքին գովեստները չեն կարողացել էականորեն փոխել ներքին տրամադրությունները։
Այս պայմաններում քաղաքական տեխնոլոգիաների դասական գործիքակազմը ենթադրում է «բեռի վերաբաշխում»։ Եթե առաջնորդի կերպարը դարձել է հակասական եւ ծանրաբեռնված, համակարգը կարող է փորձել առաջ մղել նոր, հարաբերականորեն «մաքուր» ֆիգուր։ Աննա Հակոբյանի շուրջ վերջին տարիներին կառուցված կերպարանափոխությունը՝ կրթական ծրագրեր, միջազգային այցեր (այդ թվում՝ Չինաստան), հանրային նախաձեռնություններ, կարող են դիտարկվել որպես երկարաժամկետ իմիջային ներդրում։
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐԱՄԱ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱ
Փաշինյանի իշխանության տարիները կապված են մի շարք խիստ բեւեռացնող թեմաների հետ՝ Արցախ, եկեղեցի, բանակ, արտաքին վեկտորի փոփոխություն: Եվ եթե վաղը Աննա Հակոբյանը փորձի հստակ սահմանազատում անել այդ որոշումներից՝ հայտարարելով, որ չի կիսում որոշ քաղաքական քայլեր, նա կարող է ձեւավորել նոր քաղաքական սուբյեկտի կերպար՝ առանց անմիջապես կրելու նախկին ամուսնու իշխանական ամբողջ պատասխանատվությունը:
Սա քաղաքական տեխնոլոգիայի հայտնի մեխանիզմ է. առաջնորդը դառնում է «քաղաքական զոհասեղանի» վրա դրված գործիչ, իսկ համակարգը փորձում է վերապրել նոր բրենդով։
Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները վաղուց դուրս են զուտ ներքին քաղաքականության շրջանակներից։ Տարածաշրջանային ուժերը՝ Թուրքիա, Ռուսաստան, Իրան, ինչպես նաեւ արեւմտյան բեւեռները՝ Միացյալ Նահանգներ, Եվրոպական կենտրոններ, իրենց շահերն ունեն Հարավային Կովկասում: Ցանկացած իշխանական վերադասավորում դիտարկվում է նաեւ այդ լայն համատեքստում։
Եթե գործող թիմը համոզված է, որ նույն դեմքով ընտրական հաջողությունը քիչ հավանական է, ապա «նոր դեմքի» առաջխաղացումը կարող է լինել ոչ թե զգացմունքային, այլ` հաշվարկված քայլ:
ԱՐԴՅՈ՞Ք ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ «ՆԱԽԿԻՆ»
Արդյոք Նիկոլ Փաշինյանը դարձավ նախկին…գոնե նախկին ամուսին: Ֆորմալ առումով՝ ոչ: Նա շարունակում է զբաղեցնել հանրության ուշադրությունը` ընտանեկան դրամա խաղարկելով: Սակայն քաղաքական իմաստով բաժանումը կարող է նշանակել մի բան. իշխանության ներսում սկսվել է պատասխանատվության եւ ապագա ռիսկերի վերադասավորում։ Երբ առաջին տիկինը հրապարակավ առանձնանում է վարչապետից, դա ազդակ է թե՛ ներքին թիմին, թե՛ արտաքին դերակատարներին, որ գործերը, բառիս բուն իմաստով, լավ չեն, ավելին՝ շատ վատ են:
Այսպիսով՝ առաջիկայում կարող ենք ականատես լինել մի քանի սցենարի՝
- Իմիջային թարմացում եւ նոր դաշինք՝ Աննա Հակոբյանի շուրջ ձեւավորված։
- Փաշինյանի աստիճանական հեռացում եւ վերահսկվող փոխանցում։
- Ընտանեկան իրական ճգնաժամ, որն օգտագործվում է քաղաքականորեն։
Այս պահին որեւէ տարբերակ բացառել հնարավոր չէ։ Սակայն մի բան ակնհայտ է. սա նախընտրական շրջանի առաջին, բայց հաստատ ոչ վերջին անսպասելի շրջադարձն է։
Հայկական քաղաքականությունը կրկին մտնում է բարձր տուրբուլենտության փուլ: Եվ եթե այս բաժանումը իսկապես քաղաքական տեխնոլոգիա է, ապա այն ցույց է տալիս մեկ բան՝ իշխանությունը գիտակցում է իր ռեսուրսների սահմանափակությունը եւ փորձում է խաղը տեղափոխել նոր հարթություն։ Իսկ մնացածը ցույց կտա առաջիկա ամիսների զարգացումների տրամաբանությունը։
ՀԱՊԱՂԵԼՈՒ ԱՅԼԵՎՍ ՈՉ ՄԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ
Այս ֆոնին ուշագրավ է խորհրդարանական ընդդիմության կողմից մեկնարկած, բայց դեռ միս ու արյուն չստացած իմպիչմնենթի գործընթացի միասնական վարչապետի թեկնածու, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հայտարարությունը:
«ՀՀԿ Գործադիր մարմնին այս նամակով ցանկանում եմ առաջարկել քննարկել հետեւյալ նախաձեռնությունը. դիմել ընդդիմադիր բոլոր ուժերին ու գործիչներին՝ Նիկոլին հեռացնելու քաղաքական օրակարգի շուրջ միավորվելու եւ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի սահմանադրական բոլոր մեխանիզմները գործի դնելու գործնական առաջարկով։
Ցավոք, ընտրություններով այդ խնդրի լուծման հնարավորությունը կասկածելի է։ Եվ շատերն են թերահավատ: Չեմ ասում, թե նման հնարավորություն չկա։ Կա։ Բայց ինչպես արդեն նշեցի, այդ ընտրություններն արդեն իսկ կեղծվում են, եւ ռիսկը մեծ է, որ միջազգային հանրության աջակցությունը վայելող, ոչ հայկական օրակարգեր սպասարկող ՀՀ փաստացի կառավարիչը կարող է հասնել իր նպատակին։
Մինչդեռ իմպիչմենտը ենթադրում է նաեւ ակտիվ փողոց՝ ակցիաներ, ցույցեր, քաղաքացիական լայն զանգվածների ճնշում։ Սրանք նույնպես այն գործոններն են, որոնք անպայման կնպաստեն իշխանափոխության իրականացմանը՝ նույնիսկ եթե գործը հասնի ընտրություններին… Ես համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեր առջեւ դրված խնդիրը կարող ենք արդյունավետ լուծել։ Հանուն այդ նպատակի` առաջարկում եմ շտապ կարգով քաղաքական խորհրդակցություններ սկսել եւ քննարկել իմպիչմենտի գործընթացը հաղթական ավարտին հասցնելու բոլոր հնարավորությունները՝ սկսած վարչապետի թեկնածուի փոփոխության հարցից, եթե նման անհրաժեշտություն կա, ավարտելով տեխնիկական բնույթի խնդիրներով… Հապաղելու այլեւս ոչ մի հնարավորություն չունենք։ Մենք չենք կարող հանգիստ հետեւել բոլոր այն զարգացումներին, որոնք, ի վերջո, բերելու են նոր կորուստների ու նոր ցավի, նոր աղետների։ Պետք է գործել, քանի դեռ կա դրա հնարավորությունը»,- ընդգծել է նա։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
