Քաղաքակրթական գոհարը դարձել է բարբարոսական ծրագրերի կարեւորագույն հարթակ
ՆերքաղաքականԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ տնտեսական, գիտակրթական հարաբերություններից զատ, կարեւորում է նաեւ քաղաքակրթական հարաբերությունները, մասնավորապես՝ հարեւան Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ըստ այդմ, նա ներկայացնում է երկու խոշոր հարեւանների՝ Իրանի եւ Թուրքիայի օրինակը։
— Որեւէ մեկը չի կարող Իրանի Իսլամական Հանրապետությունում մատնանշել որեւէ մզկիթ, որը նախկինում եղել է եկեղեցի եւ վերածվել է մզկիթի։ Իրանական բոլոր կենտրոնական մզկիթները իրանական քաղաքակրթական ժառանգություն են՝ կառուցված իրանցիների կողմից իսլամի այդ երկիր ներթափանցելուց հետո։ Համար մեկ մզկիթը Օսմանյան կայսրությունում եւ նրա ժառանգորդ Թուրքիայում այլ քաղաքակրթության քաղաքակրթական ձեռքբերման, քաղաքակրթական գոհարի հեռացման եւ, ըստ էության, դրա նախկին քաղաքակրթական հետքի գրեթե ամբողջական ջնջման օրինակ է։ Եթե մինչեւ էրդողանական Թուրքիան գոնե այն թանգարանային կարգավիճակ ուներ, ապա էրդողանական Թուրքիայում այն արդեն գաղափարախոսական կարեւոր նշանակություն ունի եւ, ըստ էության, էրդողանականության հիմնական առանցքներից է։ Այսինքն՝ ոչ միայն յուրացվել է ոչ յուրային քաղաքակրթությունը, այլ նաեւ այդ յուրացված քաղաքակրթական գոհարը ներկայացվում է որպես բարբարոսական ծրագրերի համար կարեւորագույն հարթակ։
