Ավերված առողջապահություն՝ Ավանեսյանի «բարեփոխումների» հետեւանքով
ՎերլուծությունՀայաստանի առողջապահական համակարգում այսօր ձեւավորվել է այնպիսի մթնոլորտ, երբ ամեն մի պաշտոնական հայտարարություն հնչում է ոչ թե որպես վստահեցում, այլ որպես ինքնապաշտպանական ելույթ։ Եվ երբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարում է․ «Որեւէ շահերի բախում չկա ու չի կարող լինել, թափանցիկ կերպով այս մասին հայտարարել եմ ու ներկայացրել եմ», հանրային ընկալման մեջ այդ նախադասությունը այլեւս չի ընկալվում որպես վերջակետ։ Ընդհակառակը՝ այն դառնում է նոր հարցերի սկիզբ։
Նախարարի հավաստիացումները վերաբերում էին այն հանգամանքին, որ պետական գնումների մրցույթներին մասնակցում է «Արֆարմացիա» դեղագործական ընկերությունը, որի ղեկավարը նրա մայրն է՝ Մարգարիտա Վարդանյանը։ Ավանեսյանը շեշտեց, որ ընկերությունը դեռ 1993 թվականից մասնակցել է մրցույթներին, որ իր նշանակվելուց հետո իրականացվել են ուսումնասիրություններ, եւ դրանց արդյունքներով ընկերության մասնաբաժինը չի աճել։ Նա նաեւ ընդգծեց, որ ուղիղ գնումներ չեն իրականացվում, եւ բոլոր ընկերությունները հավասար պայմաններում են մասնակցում մրցույթներին։
Բայց քաղաքական պատասխանատվությունն իրավական ձեւակերպումների սահմաններում չի ավարտվում։ Հասարակությունը հարցնում է ոչ միայն՝ օրինական է, թե՝ ոչ, այլ նաեւ՝ արդյո՞ք բարոյական է, որքանո՞վ է վստահելի: Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ հանրային վստահությունը որոշիչ է։ Եթե այդ վստահությունը կասկածի տակ է, ապա նույնիսկ ամենաճշգրիտ հաշվարկներն այլեւս չեն համոզում։
Եվ հենց այս ֆոնին՝ երբ նախարարությունը վստահեցնում է, որ ամեն ինչ վերահսկելի է, փետրվարի 23-ին Երեւանի կենտրոնում, Ազգային ժողովի շենքի դիմաց, բժիշկները կանգնում են փողոցում։ Նրանք չեն պահանջում արտոնություններ, չեն խոսում քաղաքական լոզունգներով։ Նրանք պահանջում են լսումներ։ Խորհրդարանական լսումներ՝ համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրության համակարգում առկա բացերի ու ռիսկերի վերաբերյալ։
ԵՐԲ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԻՍԿԱԿԱՆ ՊԱՏՈՒՀԱՍ
Առողջապահության կազմակերպիչ, բժիշկ Գեւորգ Գրիգորյանը բաց տեքստով հայտարարում է, որ վճարման կարգը պետք է փոխվի, նվազագույն շեմը պետք է վերանայվի, վարձատրության մեխանիզմը պետք է վերահաշվարկվի։ Նրա խոսքը ոչ թե ընդդիմադիր հռետորաբանություն է, այլ մասնագիտական բողոք։ Նա ընդգծում է, որ պետությունը չի կարող սոցիալական արդարության բեռը դնել բուժաշխատողների ուսերին։
«Պետք չի, որ բնակչության մի շերտը տուժի մյուս շերտի խաթեր»,- ասում է նա։
Առողջության համընդհանուր ապահովագրությունը ներկայացվում էր որպես սոցիալական հեղափոխություն առողջապահության մեջ։ Քաղաքացիներին խոստացվում էր հասանելի բուժօգնություն՝ անկախ եկամտից։ Սակայն համակարգի ներդրումից հետո, ըստ բողոքող բժիշկների, հենց նրանք են հայտնվել ֆինանսական անորոշության մեջ։ Աշխատավարձերի ուշացում, 30 տոկոս նվազում հիվանդանոցներում, 2-3 անգամ կրճատում պոլիկլինիկաներում։ Եվ ամենածանր հարվածը հասցվում է բուժքույրերին ու մանկաբարձներին։
Երբ հնչում է թիվ՝ 19.000 դրամ աշխատավարձ, դա այլեւս վիճակագրական միավոր չէ։ Դա վիրավորանք է մասնագիտության նկատմամբ։ Դա հարված է արժանապատվությանը։ Բժիշկը, ով ամեն օր կանգնած է կյանքի ու մահվան սահմանին, չի կարող գոյատեւել նման պայմաններում։ Իսկ եթե չի կարող գոյատեւել, ապա կա՛մ հեռանում է համակարգից, կա՛մ ընտրում է վճարովի ուղին՝ հրաժարվելով ապահովագրական ծառայություններից։
Սոնոգրաֆիստ Կարինա Աղալարյանի հայտարարությունը, թե բժիշկները ստացել են 25.000-50.000 դրամ, հաստատում է, որ խոսքը մեկ-երկու դեպքերի մասին չէ։ Երբ տարբեր բուժհաստատություններից նույն բողոքներն են հնչում, սա արդեն համակարգային ճգնաժամ է։
ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Առողջության իրավունք» ՀԿ-ի համահիմնադիր Անուշ Պողոսյանը բարձրաձայնում է նաեւ մեկ այլ վտանգավոր հանգամանք. ապահովագրական համակարգի ներդրման պահին համապատասխան հիմնադրամում կար ընդամենը մեկ աշխատող՝ տնօրենը։ Եթե սա համապատասխանում է իրականությանը, ապա հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էր նման ծավալուն բարեփոխումը գործարկվել առանց լիարժեք կառավարչական եւ տեխնիկական պատրաստվածության։
Բարեփոխումը չի կարող լինել քաղաքական հայտարարություն՝ առանց ինստիտուցիոնալ հիմքի։ Եթե հաշվարկները թերի են, մեխանիզմները՝ չհստակեցված, իսկ բուժաշխատողները՝ չիրազեկված, ապա նույնիսկ ամենալավ գաղափարը կարող է վերածվել սոցիալական պայթյունի։
Բողոքող բժիշկները խոսում են նաեւ ճնշումների մասին։ Նրանց խոսքով՝ կան փորձեր լռեցնել դժգոհությունը, կիրառել ռեպրեսիվ մեթոդներ, աշխատանքից ազատման սպառնալիքներ։ Նույնիսկ եթե այս պնդումների մի մասը չափազանցված է, փաստն այն է, որ համակարգում ձեւավորվել է վախի մթնոլորտ։ Իսկ առողջապահությունը չի կարող աշխատել վախի վրա։ Այն աշխատում է վստահության վրա՝ բժիշկի եւ պացիենտի, համակարգի եւ մասնագետի միջեւ։
Անուշ Պողոսյանը խոսում է նաեւ շտապօգնության ոլորտում աճող բողոքների մասին։ Երբ բարձր ճնշմամբ հիվանդի կանչը մնում է «սպասման մեջ», սա արդեն կազմակերպչական թերություն չէ։ Սա վտանգ է կյանքի համար։ Եվ եթե բարեփոխման արդյունքում ստեղծվում է հերթագոյացում, կոդերի բացակայություն, բյուրոկրատական խոչընդոտներ, ապա համակարգը կորցնում է իր հիմնական առաքելությունը՝ արագ եւ արդյունավետ օգնություն ցուցաբերել։
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ
Այս ամբողջ պատկերը ձեւավորում է վտանգավոր հակասություն։ Մի կողմից՝ նախարարությունը հայտարարում է, որ գործընթացները թափանցիկ են, մրցույթները՝ հավասար, շահերի բախում չկա։ Մյուս կողմից՝ ոլորտի ներսից հնչում են դժգոհություններ, որոնք այլեւս անհնար է անտեսել։
Հանրային քաղաքականության մեջ երբեմն ավելի կարեւոր է ոչ թե այն, թե դու իրավացի ես, այլ այն, թե արդյոք քեզ վստահում են։ Իսկ վստահությունը կառուցվում է աշխատանքի թափանցիկությամբ, հաշվետվողականությամբ եւ երկխոսությամբ։ Եթե բժիշկները պահանջում են խորհրդարանական լսումներ, ապա դա պետք է ընկալել ոչ թե որպես մարտահրավեր, այլ որպես հնարավորություն՝ վերանայելու թերի մեխանիզմները։
Այսօր առողջապահության համակարգը կանգնած է ընտրության առաջ։ Կա՛մ ընդունել, որ բարեփոխումը դեռեւս կիսատ է, հաշվարկները՝ վերանայման կարիք ունեն, եւ բուժաշխատողների սոցիալական պաշտպանությունը առաջնահերթ է։ Կա՛մ շարունակել պնդել, որ խնդիր չկա, եւ բողոքները չափազանցված են։
Բայց համակարգերը չեն փլուզվում մեկ օրում։ Դրանք քայքայվում են աստիճանաբար՝ անվստահությունից, անարդարությունից եւ անտեսված մասնագիտական ձայնից։ Եթե բժիշկը իրեն արժեզրկված է զգում, եթե բուժքույրը չի կարող փակել իր բանկային պարտավորությունները, եթե քաղաքացին շտապօգնության մեքենային սպասում է անհայտ ժամկետով, ապա «համընդհանուր ապահովագրություն» ձեւակերպումը վերածվում է գեղեցիկ պաստառի՝ առանց բովանդակության։
Առողջապահությունը բիզնես չէ միայն։ Այն նաեւ հանրային ծառայություն է, բարոյական պատասխանատվություն է, պետության սոցիալական դիմագիծն է։ Եվ եթե այդ դիմագիծը այսօր աղոտ է, ապա պատասխանատվությունը չի կարող լինել միայն տեխնիկական ստորաբաժանումների վրա։ Այն քաղաքական է։
Եվ հենց այստեղ է, որ նախարար Անահիտ Ավանեսյանի դերը դառնում է առանցքային։ Ոչ թե հայտարարություններով, այլ գործողություններով է որոշվելու՝ այս բարեփոխումը կդառնա իրական համակարգային հաջողությո՞ւն, թե՞ կմնա որպես հերթական չհաշվարկված փորձ, որի գինը վճարում են բժիշկներն ու հիվանդները։
Եթե պետությունը ցանկանում է կառուցել իսկապես համընդհանուր եւ արդար առողջապահական համակարգ, ապա պետք է սկսի ամենակարեւոր օղակից՝ բուժաշխատողի արժանապատվությունից։ Առանց դրա, ցանկացած համակարգային «բարեփոխում» դատապարտված է մնալու թղթի վրա։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
