Նախարար Ժաննա Անդրեասյանն իր «ռեպերտուարի» մեջ է. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՆախարար ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ իր «ռեպերտուարի» մեջ է: Նրա ղեկավարած ԿԳՄՍՆ-ն հերքում է, թե 229 դպրոց է փակվելու մարզերում, մինչդեռ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը փաստերով է ապացուցում՝ դպրոցներն իրականում փակվելու են... Ըստ փորձագետի` նիկոլականների հերթական տեղեկատվական օպերացիայի էությունը հետեւյալն է. «Մի քանի տարի առաջ նիկոլական ռեժիմը «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիր» պուպուշագույն անունով մի ծրագիր է հաստատում։ Սակայն ծրագրի էությունը բացարձակապես պուպուշ չէր. խոսքն այն մասին էր, որ 231 դպրոց պիտի փակվի, իսկ աշակերտներն ու դասատուների մի մասն էլ ուղարկվելու են այլ բնակավայրերում գտնվող ավելի մեծ դպրոցներ (որոնց անվանում են «կլաստերներ»)։ Սա է «որակյալ ծառայությունների հասանելիություն» կոչվածն ըստ նիկոլապետության... Ավելի ուշ ցուցակից 3 դպրոց հանում են, մնում է փակման ենթակա 229 դպրոց»։ Վրթանեսյանը պնդում է՝ փակվող դպրոցների շարքում բավականին մեծ դպրոցներ էլ կան՝ 100+ աշակերտով։ Փակվող դպրոցների զգալի մասը միակն են իրենց բնակավայրում։ Սակայն, երբ այս մասին բարձրաձայնում է «Ազգային Կրթության Համակարգ» նախաձեռնությունը, ԿԳՄՍՆ էջում միանգամից «հերքում» են հրապարակում, թե բա՝ չկա նման բան։ Ասել կուզեն, թե «դպրոցները չեն փակվում, ուղղակի տեղափոխվում են այլ բնակավայրեր»։ «Սա նույնն է, եթե Հայաստանի բնակիչների քրոնիկ հիվանդությունների դեմ պայքարելու համար որոշեն քրոնիկ հիվանդություններ ունեցողներին «քնեցնեն»։ Հետո էլ ասեն, թե «տեսա՞ք, որ վերացրինք քրոնիկ հիվանդությունները ՀՀ-ում», - մանրամասնում է փորձագետը: Ասեք, որ մենակ Ժաննա Անդրեասյանը կարող էր դպրոց փակելը ներկայացնել որպես բարեփոխում ու դեռ հերքել ակնհայտ փաստերը։
Զարմանալի հայտարարություններով է աչքի ընկել ՀՀ էկոնոմիկայի նախարար, ժամանակին ֆիկտիվ կուսակցական, իսկ այժմ կարկառուն ՔՊ-ական ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԸ: «Շատ ուղիղ եմ ասում, եթե մենք չընտրվենք հունիսի 7-ին, ԹՐԻՓ-ը չի լինի, խաղաղություն էլ չի լինի, արհեստական բանականությունն էլ չի լինի…», - ամենայն լրջությամբ հայտարարում է նախարարը: Շարունակելով շարքը` Գյումրիի ավագանու անդամ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ավելի քան դիպուկ հեգնում է. «Թթվածին էլ չի լինի, էկլեր էլ չի լինի, տառեր, թվեր չեն լինի, խորոված չի լինի, Նոր տարի էլ չի լինի, Ֆուտբոլի աշխարհի առաջնություն էլ երբեք չի լինի, ասֆալտ (չնայած հիմա էլ չկա) ընդհանրապես չի լինի, թոշակներ չեն լինի, պարգեւավճար չի լինի, կանայք չեն լինի, տղամարդիկ չեն լինի, ըստ այդմ՝ երեխաներ էլ չեն լինի: Մենակ ՔՊ-ն կլինի, ու դե Գեւորգը կլինի, Գեւորգը միշտ կլինի՝ Գեւորգ Ուլյանով Լենին»:
Իսկ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ղեկավարած գերատեսչությունը նոր դիվանագիտական «նվաճում» ունի: Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Զիմբաբվեի Հանրապետության միջեւ առաջին քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի եւ Զիմբաբվեի արտաքին գործերի ու միջազգային առեւտրի նախարարության մշտական քարտուղար Ալբերտ Չիմբինդիի գլխավորությամբ: «Ինչքա՜ն մարդ էր սպասում այս օրվան։ Այս օրը մեզ պարգևել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Հիշեք այս անունը։ Նա է եղել առաջին հայ դիվանագետը, ով քաղաքական խորհրդակցություններ է անցկացրել Զիմբաբվեի Հանրապետության հետ։ Դժվար գտնվի գեթ մեկ հայ, ով որեւէ ձեւով կապված չէ Զիմբաբվեի հետ։ Այսուհետ մեր առջեւ բացվում են նոր հորիզոններ», - կատակում է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը
