Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Ընտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնում Ամերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին» Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ) Առուշի «գոլդ» զրոյական կետը Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը» Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան Գիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին

Աննայի՝ հայկական ծագումով բյուզանդական արքայադստեր ռուս որդիները  

Վերլուծություն

Բորիսն ու Գլեբը՝ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջին սրբերը, Սուրբ Կարմիր արև Վլադիմիրի և Մեծ իշխանուհի Աննայի որդիները

 

Բորիս և Գլեբ եղբայրները Սվյատոպոլկ Անիծյալի և Յարոսլավ Իմաստունի կրտսեր խորթ եղբայրներն են՝ Կիևի իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի և նրա կնոջ՝ մակեդոնական (հայկական) դինաստիայից բյուզանդական արքայադուստր Աննայի որդիները։ Արքայադուստր Աննան Բյուզանդիայի իշխող կայսր Վասիլի II Բուլղարասպանի (962–1025) միակ քույրն էր և Կոնստանդին VII Ծիրանածին (Багрянородный, Պորֆիրոգենիտոս) կայսրի (905–959) թոռնուհին։  Մեծ իշխան Վլադիմիրի մահից հետո 1015 թվականին բռնկված ներքին կռվում Աննայի որդիները սպանվեցին Սվյատոպոլկի կողմից, որը հետագայում պատմաբաններից ստացավ «Անիծյալ» մականունը։ Բորիսն ու Գլեբը դարձան ռուս առաջին սրբերը. եղբայրներին սրբադասեցին որպես տառապյալ նահատակների՝ դարձնելով նրանց Ռուսական հողի հովանավորները և ռուս իշխանների «երկնային օգնականները»։

 

 

ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐ ԱՆՆԱ

Աննան՝ Բյուզանդիայի կայսր Ռոմանոս II-ի դուստրը, լույս աշխարհ է եկել 963 թվականի մարտի 13-ին։ Աննայի մայրը ամենևին էլ ազնվական ընտանիքից չէր սերում, և նրա անունը Թեոփանո էր։ Բյուզանդացի քահանա և հայկական ծագումով պատմաբան Լևոն Սարկավագը նկարագրել է Թեոփանոյին որպես «իր ժամանակի առավել գեղեցիկ, հրապուրիչ ու նրբագեղ կնոջ, որը հավասարապես աչքի է ընկել իր գեղեցկությամբ, ընդունակություններով, փառասիրությամբ և արատավորվածությամբ»։ Հայաստանից եկած Կոստանդնուպոլսի ճաշարանատեր Կրոտիրի դուստրն էր, մանկության տարիներին նրան անվանել են Անաստասիա։ Գերվելով  Ռոմանոսի՝ երիտասարդ գահաժառանգի հմայքով ու գեղեցիկ կազմվածքով, ինչպես նաև մաշկի ճերմակությամբ, խելքով ու նրբաշարժությամբ՝ նա սիրահարեցրեց Ռոմանոսին իրեն և տիրեց կրակոտ սիրեկանի սրտին։ Նրա հմայքի հանդեպ ունեցած կրքից կուրացած՝ Ռոմանոսը բոլորովին մոռացության էր մատնել իր օրինական անչափահաս կնոջը՝ Բերտային՝ Իտալիայի թագավորի անօրինական դստերը։

Իմանալով որդու հրապուրանքի մասին՝ ազնվաբարո հայր Կոնստանտին VII Ծիրանածինը չցանկացավ վիրավորել իր ժառանգորդի զգացմունքները։ Բացի այդ, ապագա հարսը կարողանում էր իր գեղեցկությամբ հմայել ոչ միայն կայսրին, այլև կայսրուհի Ելենային։

Կոնստանդին VII-ի մահից հետո 18-ամյա Թեոփանոն՝ նորահայտ կայսրուհին, ստիպեց ամուսնուն պալատից վտարել կրթվածությամբ ու բարի վարքով փայլող  հարազատ քույրերին և մեկուսացնել նրանց վանքի պատերի մեջ։ Բոցավառ զգացմունքներից գլուխը կորցրած Ռոմանոսի պարսավելի արարքը շուտով գերեզման իջեցրեց Ելենա թագուհուն, որի հետ Թեոփանոն չէր ցանկանում կիսել օգոստոսափառ կառավարչուհու պաշտոնը։

Տարեգիրը երիտասարդ բասիլևսին նկարագրում է որպես վայելչակազմ, գեղեցիկ տղամարդու՝ բաց ցորնագույն մազերի փնջով, «հռոմեական քթով» և արտահայտիչ աչքերով։ Հաճելի զրուցակից էր, հանգիստ էր, վարդագույն այտերով։ Նա սեր էր առաջացնում իր հպատակների մեջ և հիացմունք՝ կանանց շրջանում։ Հորից ժառանգելով գիտունությունը՝ Ռոմանոս II-ը գերազանց տիրապետում էր գրավոր ու բանավոր խոսքին։ Սակայն պետական ​​գործերով զբաղվելու ժամանակ էլ նա չէր մոռանում իր մարմնական ցանկասիրությունները Ամուրի սիրային զվարճություններով բավարարելու մասին։

Ցեղական վարգաձիերով մոլեգին ձիարշավի սիրահար Ռոմանոս II-ը, 963 թվականի մարտի 15-ին վերադառնալով որսից, հիվանդացավ. մահացու սպազմները խեղդեցին նրան: Խոսում էին, որ Ռոմանոսին, որը թագավորել է ընդամենը չորս տարի, թունավորել են։ Բայց նույնիսկ ամուսնության կարճ ժամանակահատվածում Թեոփանոն հասցրեց նրա համար երկու որդի ծնել՝ Վասիլը (Բարսեղ Ա) և Կոնստանտինը, և մեկ դուստր։ Ռոմանոսի հանկարծակի մահից տառացիորեն երկու օր առաջ երիտասարդ թագուհին լույս աշխարհ բերեց Աննային:

Կոստանդնուպոլսի պատրիարքը Թեոփանոյին դժկամությամբ նշանակեց իր անչափահաս որդիների նկատմամբ ժամանակավոր գահապահ (խնամակալ)։ Պալատական ​​դավերի արդյունքում գահին տիրացավ ազնվական զորավար Նիկեփորոս II Փոկասը (Никифор Фок)՝ անմիջապես ամուսնանալով Թեոփանոյի հետ։

Մեծացող Աննայի աչքի առաջ նրա մայրը անպահանջկոտ, պարզ, հասարակ Փոկասին փոխարինեց նրա հանդուգն ու վայելչակազմ զինակցով՝ հայկական ծագումով բնատուր ռազմիկ Հովհաննես I Ցիմիսկես (Չմշկիկի, Иоанн I Цимисхий) հետ։ Պալատի պատերի ներսում դավադրություն հասունացավ։ Կաշառված մարդասպանները կայսրուհու օգնությամբ ներթափանցեցին պալատ և անխղճորեն դատաստան տեսան կայսրի հետ հենց նրա անկողնում։ Այսպես 969 թվականին Հովհաննես I Չմշկիկն իրեն կայսր հռչակեց։

Սակայն դեռևս նոր հաստատվելով իր անսահման իշխանության մեջ,  Հովհաննեսը ոչ միայն չցանկացավ ամուսնանալ Թեոփանոյի հետ, այլև վտարեց նրան մայրաքաղաքից՝ աքսորելով նրան վեցամյա Աննայի հետ Էգեյան ծովի մի անմարդաբնակ կղզի՝ սառը խցում։ Նրան հաջողվեց փախչել կղզուց և թաքնվել Սուրբ Սոֆիայի պատերի հետևում, սակայն Չմշկիկին տեղեկացրին փախուստի մասին, և նա հրամայեց Թեոփանոյին դստեր հետ ուղարկել հեռավոր հայկական վանք։

976 թվականին 50-ամյա Չմշկիկի մահից հետո իշխանությունն անցավ Թեոփանոյի ավագ որդուն՝ Վասիլ II-ին։ Դա թույլ տվեց շնորհազրկված մորն ու քրոջը վերադառնալ կայսերական պալատ։

* * *

Դինաստիայի հիմնադիր Վասիլ I-ը (Վասիլ Ա, 867–886) սերում էր Մակեդոնիայում հաստատված հայերից, այդ պատճառով էլ պատմագրության մեջ բյուզանդական այս դինաստիան հաճախ կոչվում է «մակեդոնական», իսկ ինքը՝ կայսրը՝ Վասիլ Ա Մակեդոնացի։ Հեղինակավոր պատմաբանները հակված են այս դինաստիան անվանելու «հայկական», քանի որ նրա իշխանության երկու դարերի ընթացքում (867–1056) բյուզանդական կայսրերի, զորավարների և պաշտոնյաների մեծ մասը հայկական արմատներ ուներ։ Բյուզանդիայի պատմության մեջ հայկական դինաստիան եղել է գրեթե ամենամեծը։

886-ի օգոստոսին, արդեն ծեր տարիքում, կայսրը մահացավ որսի ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով առաջացած արյունահոսությունից՝ հասցնելով իր որդիներ Լեոյի և Ալեքսանդրի խնամակալ նշանակել հայ Զաուցին, որը նույնպես ծագումով Մակեդոնիայից էր։ Իր մահից կարճ ժամանակ առաջ կայսրը ճանաչեց Բագրատունիների հայկական պետության անկախությունը, իսկ Կոստանդնուպոլսի Փոտ I պատրիարքը (Патриарх Фотий, 877–886), որը ծագումով հայ  էր (նրա ընտանիքն առանձնանում էր ազնվականությամբ, բարեպաշտությամբ և կրթվածությամբ), Բյուզանդիայում առաջինը սրբադասեց Գրիգոր Լուսավորչին (որը 301 թվականին Հայաստանը քրիստոնյա դարձրեց):

 

ԱՆՆԱՅԻ ԹԱԳԱԿԻՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

Անզավակ Հովհաննես I Չմշկիկի մահը դեպի գահ ճանապարհ բացեց Ռոմանոս II-ի որդիների՝ Վասիլի և Կոնստանդինի համար։ Ժառանգներից ավագը պատմության մեջ կմնա որպես Վասիլ II Բուլղարասպան (976–1025), իսկ կրտսերը՝ Կոնստանտին VIII (976–1028). նա ինքնուրույն կառավարել է ընդամենը երեք տարի (1025–1028)։

Կապտաչյա, թեթևակի կամարաձև հոնքերով, կարճ հասակով Վասիլ II-ն աչքի էր ընկնում ուղիղ կեցվածքով, ֆիզիկական ուժով, ձի հեծնելու և զենք գործադրելու կարողությամբ։ Հայ-մակեդոնական դինաստիայի սերունդներին բնորոշ ցեղական բնազդը պարտավորեցնում էր 18-ամյա կայսրին իր շրջապատին հիշեցնել, թե ով է Բյուզանդիայի տիրակալը։ Մորը պալատ վերադարձնելով՝ նա, այնուամենայնիվ, նրան մոտ չթողեց կայսրության գործերին։

Վասիլ II Բուլղարասպանի (Բուլղարասպան է կոչվել Բուլղարիայի հետ պատերազմներում դրսևորած վայրագության համար) թագավորությունը նշանավորվեց հյուծող պատերազմներով և ապստամբություններով։ Գահ բարձրանալու տարում առաջինը գլուխ բարձրացրեց Չմշկիկի ազգական, զորավար Վարդաս Սկլերոսը (Варда Склир)՝ ճնշելով բոլոր ասիական թեմերին (թեմը Բյուզանդական կայսրության ռազմա-վարչական շրջանն է): Բասիլեուսը իր զարմիկին՝ Նիկիփոր II Փոկասին (Никифор II Фок), ուղարկեց հարձակվելու նրա վրա։ 978 թվականին նա խաղաղեցրեց ապստամբ Սկլերոսին, որը փախավ արաբների մոտ։ Բայց Սկլերոսը 9 տարի անց արդեն շատ ծեր տարիքում նորից հայտնվեց բյուզանդական տերության սահմաններում։

Երբ ապստամբները մոտեցան Բոսֆորի նեղուցը Կոստանդնուպոլսից բաժանող Քրիսոպոլիսի պարիսպներին, և առաջացավ մայրաքաղաքը գրավելու սպառնալիք, Վասիլ II-ը հայացքն ուղղեց դեպի հյուսիս՝ օգնություն խնդրելով «բարբարոս» Վլադիմիր Սվյատոսլավիչից՝ Կիևի Մեծ իշխանից: Վլադիմիրը խոստացավ աջակցություն, բայց մի պայմանով, որ Վասիլ II-ը և Կոնստանդին VIII-ը իրենց քրոջը՝ Աննային, իրեն կնության տան։

Այս հանդգնությունն այն ժամանակ չլսված էր։ «Արհամարհելի» օտարերկրացիների հետ բյուզանդական արքայադուստրերին ընդունված չէր կնության տալ։ Կար ևս մեկ խոչընդոտ. Վլադիմիրը հեթանոս էր։ Սակայն իրավիճակի անելանելիությունը ստիպեց կայսրերին համաձայնվել։ Թագակիրները համաձայնություն տվեցին ամուսնությանը, եթե ռուս իշխանն ընդունի մկրտությունը և ամուսնանա նրա հետ քրիստոնեական ծեսով։ Վեց հազար ռազմիկներով ռուսական զորագունդը ոտքի կանգնեց՝ պաշտպանելու Ցարգրադը (Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսի սլավոնական անվանումը)։ 988 թվականի ապրիլին նա Վասիլ II-ին հավատարիմ ուժերի հետ ջախջախեց ապստամբների բանակը։ Վարդաս Սկլերոսը գլուխ խոնարհեց կայսրերի առաջ և հնազանդվեց։

 

ՎԼԱԴԻՄԻՐԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Իշխանուհի Օլգայի որդին՝ Սվյատոսլավը, որպես իսկական հեթանոս, բազմակին էր։ Տարբեր կանանցից նա երեք որդի ուներ՝ Յարոպոլկը, Օլեգը և Վլադիմիրը: Առաջին երկուսի մայրերը նրա օրինական կանայք էին, իսկ Վլադիմիրը ծնվել է հարճ Մալուշայից՝ իշխանուհի Օլգայի մատակարարուհուց։

Սվյատոսլավի մահից հետո Կիևում իշխանությունն անցավ Յարոպոլկին։ Քրիստոնեության հանդեպ նրա ձգտումը զայրացնում էր հեթանոսներին, և նա պատերազմի գնաց նրանց դեմ ու կոտորեց նրանց։ Օլեգը՝ նրա եղբայրը, որն անցել էր հեթանոսների կողմը, ընկավ կռվում։

Այդ ընթացքում Վլադիմիրը հասունացավ և իր հետևից տանելով վարյագների ուժեղ զորագունդը՝ տիրեց Նովգորոդին։ Մինչդեռ Յարոպոլկի դիրքերը Կիևում գնալով ավելի երերուն էին դառնում: Նրա ականջին հասավ, որ իր դեմ դավադրություն է հասունանում։ Եվ նա հեռացավ մայրաքաղաքից։ Վլադիմիրի մարդիկ Յարոպոլկին խորհուրդ տվեցին գնալ եղբոր մոտ ու հաշտվել նրա հետ։ Բայց հազիվ էր նա ոտք դրել Վլադիմիրի պալատի շեմին, իշխանի պահակները սրերով խոցեցին Յարոպոլկին:

Վլադիմիրը սկսեց միանձնյա կառավարել Ռուսաստանը 980 թվականին: Վլադիմիրը իր տարիքով մարդկանց ուղարկեց տարբեր երկրներ՝ տարբեր կրոններ ուսումնասիրելու:

Վերադառնալով նրանք խոստովանեցին իշխանին. «Ձեր տատիկը՝ ամենաիմաստուն Օլգան, չէր ընդունի հունական օրենքը, եթե այն վատը լիներ, Բյուզանդիան գիտի, թե ում է աղոթում»:

Ուղղափառություն ընդունած Օլգայի անունը և բյուզանդական կայսրերի հետ նույն շարքում կանգնելու ցանկությունը հաղթեցին...

Կիևի իշխանից օգնություն ստանալով՝ եղբայր կայսրերը, այնուամենայնիվ, չէին շտապում։ Նրանք երազում էին իրենց քրոջը ավելի լավ տեղ տեղավորել։ Իսկ բյուզանդական արքայադստերը՝ կապտաչյա ու բարեկազմ գեղեցկուհուն կնության առնել ցանկանում էին ամեն տեղից։

Կասկածելով, որ Վասիլ II-ն ու նրա եղբայրը չեն ցանկանում կնության տալ իրեն Աննային, կայսրերի խորամանկությունից վրդովված Վլադիմիրը, ցանկանալով շտապեցնել նրանց, արշավ է սկսում «հունական քաղաքի»՝ հին Խերսոնեսի դեմ, որը ռուսները կոչում էին Կորսուն (այսօր այն Սևաստոպոլ քաղաքի մի մասն է):

Խերսոնեսից Վլադիմիրը բանագնացներ ուղարկեց բասիլեուս եղբայրներին՝ սպառնալից գրությամբ. «Եթե Աննային ինձ չտաք, ձեր մայրաքաղաքի հետ նույնը կանեմ, ինչ այս քաղաքի հետ»։ Եվ պատասխան եկավ իշխանին. «Եթե խաչն ընդունես և մեզ հետ նույն հավատի լինես, կտանք քեզ մեր քրոջը։ Իսկ եթե հեթանոս մնաս, ապա ավելի լավ է, որ մենք բոլորս կռվում մեռնենք, քան թե մեր հոգիները դատապարտվեն հավիտենական տանջանքների»։

 «Ձեր ուղղափառ հավատքը իմ սրտով է,– Ցարգրադին ուղղված նամակում գրեց Վլադիմիրը,– կընդունեմ ծառայությունը Աստծուն, և ձեր քահանաները, որոնք կգան Աննայի հետ, թող մկրտեն ինձ և իմ ժողովրդին»:

Հարսանեկան նավատորմը ժամանեց Խերսոնես։ Հարսնացուին դիմավորելու համար իշխան Վլադիմիրը ափ դուրս եկավ՝ ոսկով ասեղնագործված հագուստով և թագը գլխին։ Աննան միանգամից դուր եկավ նրան, և նա էլ հաճելիորեն զարմացրեց Աննային։

Ըստ լեգենդի, երբ արքայադուստր Աննան հոգևորականների հետ ժամանեց Խերսոնես, իշխան Վլադիմիրը հանկարծակի կուրացավ: Շուտով Խերսոնեսի գլխավոր տաճարում՝ Սուրբ Վասիլի եկեղեցում, Ցարգրադի հայ քահանաները հայտարարելուց հետո մկրտեցին Կիևի մեծ իշխանին և նրան տվեցին քրիստոնեական անուն՝ Վասիլի։ Եվ այդ ժամանակ, օ՜, հրաշք: Վլադիմիրը տեսավ լույսը։ Տեսավ և գրկեց Աննային։ Տեսնելով Աստծո շնորհը՝ իշխանը հրամայեց իր զորագնդին և իրեն ուղեկցող բոյարներին ընդունել խաչը։ Եվ, ինչպես դիպուկ նշել է ռուս պատմաբան Նիկոլայ Կարամզինը, «նա որոշեց... նվաճել քրիստոնեական հավատքը և ընդունել նրա սրբությունը հաղթողի ձեռքով»։

Տարեգրությունն ասում է. «Վլադիմիրի մկրտությունից հետո թագուհուն բերեցին ամուսնությունն իրականացնելու համար»: Ընդունելով Սուրբ խաչը՝ 33-ամյա Վլադիմիրը կնության առավ 25-ամյա Աննային։ Վերադառնալով Կիև՝ «ռուսական քաղաքների մայրաքաղաք», Մեծ իշխանը առաջին հերթին հավաքեց իր որդիներին և մկրտեց նրանց մի աղբյուրում, որը Կրեշչատիկ կոչվեց։

Վլադիմիրը նշանակեց կիևցիների համընդհանուր մկրտության օրը, և ինչպես ենթադրում են, այդ իրադարձությունը տեղի է ունեցել 988 թվականի օգոստոսի 1-ին: Քաղաքով մեկ հրաման արձակվեց. «Եթե որևէ մեկը վաղը գետ չգա՝ հարուստ թե աղքատ, մուրացկան թե ստրուկ, նա իմ թշնամին կլինի»: «Հաջորդ օրն իսկ Վլադիմիրը դուրս եկավ... Դնեպր,– պատմում է մատենագիրն իշխանի կողմից կիևցիների մկրտության կազմակերպման մասին,- և այնտեղ հավաքվեցին անթիվ մարդիկ: Մտան ջուրը և կանգնեցին այնտեղ՝ ոմանք մինչև վիզը, մյուսները մինչև կուրծքը... իսկ քահանաները տեղում կանգնած աղոթք էին կարդում»:

Բացի Կիևից, Վլադիմիրի օրոք մկրտվեցին նաև Չեռնիգովը՝ 992 թվականին, և Սմոլենսկը՝ 1012 թվականին։ Վլադիմիրի օրոք է բարձրացվել մահապատժի անթույլատրելիության հարցը։ Արքայազնը այն անվանեց մեղք Աստծո առաջ։

Վլադիմիր Սվյատոսլավովիչը հիմք դրեց «Ռուսաստանի մեծ իշխան» հասկացությանը։ «Վլադիմիրը... շուտով ապացուցեց, որ ինքը ծնվել է մեծ տիրակալ լինելու համար... Այս իշխանը, որը եկեղեցու կողմից կոչվեց առաքյալներին հավասար, պատմության մեջ էլ վաստակել է Մեծ անունը»,–  նշել է Կարամզինը։

Անցնելով Քրիստոսի հավատքին և գիտակցելով, որ ինքն ունի միայն մեկ կին՝ Աստծո կողմից շնորհված Աննան, Վլադիմիրը հրաժարվեց երեք հարյուր կնոջից, ութ հարյուր հարճից (դրանցից 300-ը Վիշգորոդում էր, 300-ը Բելգորոդում և 200-ը՝ Բերեստովո գյուղում) և հինգ օրինական կանանցից: «Յուրաքանչյուր գեղեցիկ կին և աղջիկ վախենում էին նրա ցանկասեր հայացքից»,– գրել է Կարամզինը։ Նա ազատ արձակեց իր բոլոր կանանց ու հարճերին, որոշներին էլ տվեց իր մտերիմներին։

Մեծ իշխանուհի Աննան եկեղեցական ծեսերի մեջ մտցրեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման օրվա ամենամյա տոնակատարությունը՝ 996 թվականի աշնանը Տասանորդի եկեղեցու շինարարության ավարտից անմիջապես հետո: Իշխանուհու պնդմամբ Վլադիմիրը ռուս վանականների համար ձեռք բերեց սուրբ Աֆոն (կամ Աթոս) լեռան վրա գտնվող վանքը: Նա նաև հոգացել է հիվանդանոցներ ու աղքատանոցներ կազմակերպելու մասին՝ հոգ տանելով Կիևի չքավորների կերակրման մասին։

Ուղղափառ Բյուզանդիայից Աննան բերեց հունական եկեղեցու կանոնադրությունը՝ «Նոմոկանոն»-ը, որը Ռուսաստանում սկսեցին կոչել «Կորմչայա կնիգա» (Кормчая книга): Այն դրվեց Վլադիմիրի և Աննայի ստեղծած Ռուսական եկեղեցու կանոնադրության հիմքում, որը բաղկացած է երեք մասից։ Այդ փաստը հաստատում է կանոնադրության այս արտահայտությունը. «Се аз, князь Володимир, сгадавесми с своею княгинею Анною и со своими детьми…»։

 Կանոնադրության առաջին մասում խոսվում էր Մեծ իշխանի կողմից եկեղեցու օգտին տրված տասանորդի մասին։ Աննայի հիմնադրած Կիևի Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցին, որը նախատեսված էր դառնալու Կիևի և համայն Ռուսիայի մետրոպոլիտի ծառայության վայրը, այդպես էլ կոչեցին՝ Տասանորդի:

Ինչ վերաբերում է Աննայի գլխավոր առաքելությանը, ապա նա ամբողջությամբ կատարեց իր կայսր եղբայրների պատվերը և դարձավ Ռուսաստանում առաջին լուսավորիչը: Նրա ջանքերով ստեղծվեցին հատուկ ուսումնարաններ՝ ռուս քահանաներ պատրաստելու համար։ Աննայի կողմից Բյուզանդիայից բերված սրբապատկերներն ու եկեղեցական սպասքը դարձան ռուս նկարիչների և արհեստավորների ընդօրինակման չափանիշը։ Աննան լուսավորչությամբ էր զբաղվում նաև մեծ իշխանական ընտանիքում. Վլադիմիրի բոլոր որդիները հաճույքով ընդունեցին քրիստոնեությունը և սկսեցին այն տարածել իրենց տիրույթներում:

 

 

ԲՈՐԻՍԸ ԵՎ ԳԼԵԲԸ

Մեծ իշխանուհի Աննայի հրեշտակային հոգին երկինք համբարձվեց աշխարհի արարման 6519-րդ թվականին՝ ըստ բյուզանդական ժամանակագրության, որը համապատասխանում է 1011/1012 թվականներին (նոր տարին սկսվել է սեպտեմբերի 1-ին): Եվ նա 48 տարեկան էր։

Վլադիմիր Սվյատոսլավովիչը՝ նրա ջերմագին սիրած ամուսինը, Բյուզանդիայի հայ քարտաշներին պատվիրեց նրա համար պատրաստել շքեղ մարմարե սարկոֆագ նրբագեղ փորագրություններով։ Եվ այն տեղադրեց Տասանորդի եկեղեցու կցաշենքում։ Դրանից հետո նույն Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման եկեղեցում հայտնվեց ևս մեկ սարկոֆագ՝ իշխան Վլադիմիրի: Նման մեծարանքի չեն արժանացել նույնիսկ բյուզանդական կայսրերը՝ Աստծո փոխանորդները երկրի վրա։ Նրանց թաղել են եկեղեցու պատերից դուրս։ Աննան և Վլադիմիրը նման պատիվներով հավասարեցվեցին սրբերի հետ, քանի որ ամուսինները միասին մկրտեցին և լուսավորեցին ռուս ժողովրդին:

Իշխան Վլադիմիրը, որին ժողովուրդը Վլադիմիր Կարմիր արև մականունով կնքեց, ուներ 12 որդի։ Բայց ոչ բոլորը մտան պատմության մեջ: Յարոսլավը՝ Վլադիմիրի որդին Ռոգնեդայից, հոր կողմից նշանակվել է իշխելու Նովգորոդում, իսկ նրա եղբայրը՝ Մստիսլավը՝ Տմուտարականում։ Բայց Վլադիմիրն ամենից շատ սիրում էր Բորիսին ու Գլեբին, որոնց իշխանին պարգևել էր Աննան։

Բորիսի և Գլեբի՝ առաջին սրբադասված ռուս սրբերի անուններն ու կյանքը հայտնի են գրեթե բոլորին: Առաջնեկ Բորիսը, ամենայն հավանականությամբ, ստացել է իր մկրտության անունը Աննայի հորից՝ Ռոմանոս II կայսրից, իսկ Բորիս իշխանական անունը նրան տվել են Բուլղարիայի մկրտիչ Բորիս Միխայիլի պատվին: Բորիս-Ռոմանոսը լույս աշխարհ է եկել մոտ 990 թվականին: Գլեբը, որը ծնվել է մոտ 1000 թվականին, ստացել է իր մկրտության անունը աստվածաշնչյան Դավիթ թագավորից, որը հարգված է որպես քրիստոնյա տիրակալի տիպար:

Ինչ վերաբերում է Սվյատոպոլկին՝ որդիներից ավագին, որը տարեգրություններում հիշատակվում է որպես «երկու հայրերի որդի», Վլադիմիրը նրան տանել չէր կարողանում, քանի որ նա «ամբողջությամբ քաշել էր իր հույն մորը», որն արդեն հղի էր իր եղբորից՝ Յարոպոլկից, որը սպանվեց Վլադիմիրի կողմից: Սվյատոպոլկն էլ նրան էր պատասխանում նույն ատելությամբ։ Կաթոլիկ գերմանացու հետ նրա կապի համար Վլադիմիրը Սվյատոպոլկին նույնիսկ բանտարկեց, որտեղից Յարոպոլկի հավատարիմ ծառաները ազատեցին նրան:

1015 թվականի ամռանը, իր գլխավոր կանանց ուղեկցելով դեպի Աստծո արքայություն՝ մեծ բազմակին Վլադիմիրը դանդաղորեն հանգչեց տխուր մենության մեջ: Հուլիսի 15-ին վախճանվեց Կիևի մեծ իշխանը։ Այդ պահին նրա մահիճի մոտ միայն Սվյատոպոլկն էր, որն աճապարելով սլացել էր Վիշգորոդից (քաղաք Դնեպրի ափին)։ «Երկու հայրերի որդին» իրեն համարում էր Կիևի գահին կրկնակի արժանի ժառանգորդ։ Հասել էր խորթ հայր Վլադիմիրից վրեժ լուծելու ժամը՝ սպանված հոր, նվաստացված մոր և իր տանջանքների համար։

Ռուսաստանի Մեծ իշխանի մարմինը գորգի մեջ փաթաթելով՝ նա թաքուն դուրս հանեց պալատից և տարավ Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի՝ կարծես թաքցնելով ինչ-որ ստոր ու ամոթալի բան։ Ո՞վ գիտի, արդյոք հենց նա՞ չի «օգնել» Վլադիմիրին տեղափոխվելու այլ աշխարհ:

Հենց այդ նույն օրը, նստելով գահին, Սվյատոպոլկը սկսեց սիրաշահել կիևցիներին նվերներով: Բայց նրանք միաձայն կրկնում էին. «Մենք ուզում ենք Բորիսին՝ իշխանուհի Աննայի որդուն»: Այդ ժամանակ Սվյատոպոլկը մարդասպաններ ուղարկեց իր խորթ եղբայրների՝ Բորիսի և Գլեբի մոտ:

Դեռևս իշխան Վլադիմիրի կյանքի օրոք Բորիսը որպես իշխանական կալվածք ստացավ Ռոստովը, իսկ Գլեբը՝ Մուրոմը։ Կառավարելով իրենց իշխանությունները՝ նրանք դրսևորեցին իմաստություն ու հեզություն՝ հոգալով առաջին հերթին ուղղափառ հավատքը սերմանելու և մարդկանց մեջ բարեպաշտ ապրելակերպ հաստատելու համար։ Երիտասարդ իշխանները հմուտ ու քաջ մարտիկներ էին։

Իմանալով հոր մահվան մասին՝ իշխան Բորիսը շատ վշտացավ։ Զորագունդը համոզում էր նրան գնալ Կիև և վերցնել մեծ իշխանական գահը, բայց հեզաբարո Բորիսը ցրեց բանակը՝ չցանկանալով երկպառակչական կռիվներ։

Սվյատոպոլկն ուղարկեց Վիշեգորոդի բոյարներին՝ եղբորը սպանելու հանձնարարությամբ։ Հուլիսի 24-ի գիշերը, լսելով վրանից եկող սաղմոսների երգեցողություն, նրանք որոշեցին սպասել, մինչև Բորիսը պառկեր քնելու։ Հենց որ նա, հոր մահից և եղբոր չար մտադրությունների մասին լուրերից կրկնակի վշտացած ավարտեց իր աղոթքը և պառկեց քնելու, մարդասպանները ներխուժեցին և նիզակներով խոցեցին Բորիսին:

Նահատակ իշխան Բորիսի մարմինը գաղտնի բերեցին Վիշգորոդ և դրեցին Սուրբ Վասիլի Մեծի անվան տաճարում։

Դրանից հետո Սվյատոպոլկը որոշեց սպանել իր կրտսեր եղբորը՝ Գլեբին։ Սվյատոպոլկը Մուրոմից կանչեց Գլեբին և նրան հանդիպակաց ուղարկեց իր ջոկատայիններին, որպեսզի ճանապարհին սպանեն նրան։ Այդ ժամանակ իշխան Գլեբը իմացավ հոր մահվան և Սվյատոպոլկի եղբայրասպան հանցագործության մասին: Սգալով դրա համար՝ Գլեբը, ինչպես ավելի վաղ Բորիսը, գերադասեց նահատակությունը, քան եղբայրական պատերազմը: Մարդասպանները Գլեբին հանդիպեցին Սմյադին գետի գետաբերանում՝ Սմոլենսկից ոչ հեռու։ Իշխան Գլեբի սպանությունը տեղի է ունեցավ 1015 թվականի սեպտեմբերի 5-ին: Մարդասպանները Գլեբի մարմինը թաղեցին «դատարկ տեղում, երկու գերանների միջև եղած բացվածքի վրա» (այսինքն՝ երկու փորված գերաններից բաղկացած հասարակ դագաղում): 1019 թվականին, երբ Յարոսլավը գրավեց Կիևը, նրա հրամանով Գլեբի մարմինը որոնեցին, բերեցին Վիշգորոդ և թաղեցին Բորիսի մարմնի հետ Սուրբ Վասիլի եկեղեցում։

Սպանված եղբայրների հիշատակին ուղղված աղոթքները սկսվեցին հուլիսի 24-ին՝ 1021 թվականին Վիշգորոդում Բորիսի և Գլեբի անունով առաջին եկեղեցու կառուցումից անմիջապես հետո։

Ավելի արժանահավատ տեղեկություն է Բորիսի և Գլեբի սրբադասումը, որը տեղի ունեցավ նրանց մասունքները նոր քարե եկեղեցի տեղափոխելիս. այս հանդիսավոր արարողությունը, ըստ տարեգրությունների տեղեկությունների, կատարվել է  1072 թ. մայիսի 20-ին։

Բորիսի և Գլեբի ժողովրդական տոնը ամեն տարի նշվում է մայիսի 15-ին (մայիսի 2-ին հին տոմարով) և օգոստոսի 6-ին (հուլիսի 24-ին հին տոմարով): Այս օրերին ուղղափառ եկեղեցին հարգում է անմեղ սպանված նահատակներ, երանելի իշխաններ Բորիսի (Սուրբ մկրտությամբ՝ Ռոման) և Գլեբի (Սուրբ մկրտությամբ՝ Դավիթ) հիշատակը: Հավատացյալները դիմում են մարտիրոսված իշխաններին՝ Ռուսական հողի պաշտպանության, հովանավորության մասին խնդրանքով ու աղոթքով:

 

 

Պատրաստեցին ՄԱՐԻՆԱ ԵՎ ՀԱՄԼԵՏ ՄԻՐԶՈՅԱՆՆԵՐԸ, Մոսկվա

 

  1. Բյուզանդացի արքայադուստր, Մեծ իշխանուհի Աննա
  2. Բյուզանդական ոսկե մետաղադրամ՝ Խաչը ձեռքին բռնած Վասիլ II-ի և Կոնստանդին VIII-ի պատկերով։ Մոտ. 963–969 թթ.
  3. Սերգեյ Եֆոշկին. «Բյուզանդացի արքայադուստր Աննայի հանդիպումը իշխան Վլադիմիրի հետ», 2007 թ.

4  Վ. Պ. Վերեշչագին «Սուրբ Վլադիմիրի մկրտությունը». XIX դարի վերջ - XX դարի սկիզբ

  1. Վ. Մ. Վասնեցով «Ռուսաստանի մկրտությունը». 1848 թ., էսքիզ Կիևի Վլադիմիրյան տաճարի որմնանկարի համար, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա
  2. Սրբապատկեր «Սուրբ իշխան Վլադիմիր»
  3. Բորիսն ու Գլեբը իշխանական հագուստներով
  4. Սրբապատկեր «Բորիսը և Գլեբը. առաջին ռուս սրբերը»

 

Ռուս ուղղափառ եկեղեցու սրբերը

 

«Վլադիմիրը... արքայադուստր Աննայի որդի Բորիսին ու Գլեբին

մոր մոտ թողեց, բայց Գլեբին նշանակեց Մուրոմի կառավարիչ,

քանի որ այն ժամանակ դեռ կրծքի երեխա էր»։

Ըստ եպիսկոպոս Յոհակիմ Նովգորոդցու

(մահ. 1030 թ.) «Տարեգրության»

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչԿրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին էԸնտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնումԱմերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիԹաթոյանը ՔՊ-ի քարոզարշավին պարտադրանքով գնալու ձայնագրություն միացրեց․ «Ասվե՛լ ա, գնո՛ւմ ենք, վե՛րջ»Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին»Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ)Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԱռուշի «գոլդ» զրոյական կետըՏավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ ԴանիելյանՌաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասինԶելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբԳիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ ՓաշինյանինՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված