Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է Ընտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնում Ամերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչ Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին» Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ) Առուշի «գոլդ» զրոյական կետը Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը» Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան Գիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին

Արթուր Խաչիկյան. Հայաստանում հիմա ահաբեկչություն է իրականացվում նրանց նկատմամբ, ովքեր փորձում են կասեցնել պետականության կորստի գործընթացը

Վերլուծություն

Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր, ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, միջազգային հարաբերությունների ոլորտի փորձագետ Արթուր Խաչիկյանի հետ

– Արթո՛ւր Գագիկի, Դուք սովորել, դասավանդել և ապրել եք ԱՄՆ-ում, լավ եք պատկերացնում այդ երկրի ինչպես ներքաղաքական կյանքը, այնպես էլ Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավարության վարած արտաքին քաղաքականությունը։ Ինչպե՞ս եք գնահատում Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի ագրեսիայի հետ կապված վերջին իրադարձությունները և Գրենլանդիայի բռնակցման վերաբերյալ նախագահ Թրամփի հայտարարությունները։

– Այն, ինչ հիմա տեղի է ունենում, շատ քիչ ընդհանրություն ունի ամերիկյան հասարակության արժեքների, ամերիկյան արտաքին քաղաքականության սկզբունքների հետ, առնվազն այն սկզբունքների հետ, որոնց մասին խոսել են ամերիկյան քաղաքական վերնախավի լավագույն ներկայացուցիչները։ Սա փաստորեն վերադարձ է «հրետանավակային դիվանագիտությանը», ուժի ցուցադրմանը, Թեոդոր Ռուզվելտի «Մեծ մահակի քաղաքականությանը» և Մոնրոյի  դոկտրինային նրա լրացմանը, որի համաձայն ԱՄՆ-ը ոչ միայն իրավունք ուներ բացառելու եվրոպական տերություններին Արևմտյան կիսագնդից, այլև ինքը կարող էր ներխուժել Արևմտյան կիսագնդի տարածք:

Ցավոք, դա միջազգային հարաբերություններում նորմալ երևույթ է։ Մեծ տերությունները իրենց միշտ այդպես են պահում։ Միացյալ Նահանգները, որն իր պետության հիմնադրման ժամանակ հայտարարեց, որ կխաղա այլ կանոններով, կհրաժարվի եվրոպական տերությունների այդպիսի գործելակերպից, կհրաժարվի իմպերիալիզմից, հավասարակշռման պատերազմներից, բայց, ցավոք, հանգեց ճիշտ նույնպիսի քաղաքականությանը, ինչպես բոլոր կայսրությունները, ինչպես բոլոր ուժեղ տերությունները: Այս քաղաքականությանը կարելի է հետևել դեռևս 19-րդ դարի կեսերից, երբ ամերիկյան նավատորմի կոմոդոր (նավերի միավորման հրամանատար) Մեթյու Փերիի (սա այն Մեթյու Փերին չէ, որին գիտենք 90-ական թվականների «Բարեկամներ» շոուից) հրամանատարությամբ ամերիկյան նավատորմը ստիպեց Ճապոնիային բացել իր շուկաները ամերիկյան ու եվրոպական ապրանքների համար՝ ցուցադրելով իր ռազմա-ծովային գերազանցությունը։ Նույն բանն արեցին Անգլիան ու Ֆրանսիան Չինաստանում ափիոնի պատերազմների ժամանակ, երբ նրանք ստիպեցին Չինաստանին գնել ափիոն՝ թմրանյութ, որն, ըստ էության, արտադրվում էր բրիտանական Հնդկաստանում։

Դրանից հետո՝ XX դարի սկզբին, ԱՄՆ-ը բազմիցս ձեռնարկեց ներխուժումներ՝ արդեն Թեոդոր Ռուզվելտի կառավարման ժամանակ, ինչպես ասացի, կիրառելով «մեծ մահակի քաղաքականությունը» և քաղաքականություն-լրացումը Մոնրոյի դոկտրինին։  Ներխուժումներ են եղել Հաիթի, Գվատեմալա, Նիկարագուա, Պանամա, մի քանի անգամ Կուբա, նույն Վենեսուելա (դեռևս 125 տարի առաջ): Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի իշխանության գալուց հետո այս քաղաքականությունը չեղարկվեց, և նա հետևում էր «լավ հարևանի» ուսմունքին (Good Neighborpolicy), այսինքն՝ Ամերիկան ​​հրաժարվեց իր նախկին դերից։ Եվ, իհարկե, սառը պատերազմի տարիներին ներխուժումներ եղան ողջ Լատինական Ամերիկայում։

Դուք հիշում եք «Կոնդոր» օպերացիան, երբ Հարավային Ամերիկայի ռազմական բռնապետությունները ԱՄՆ-ի օգնությամբ և ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ իրենց տարածքում ճնշեցին բոլոր ձախ ուժերին: Շատ լավ հայտնի է Գվատեմալա ներխուժման օրինակը, 1961 թվականին Կուբա ներխուժման փորձը Խոզերի ծոցում, որն անհաջողությամբ ավարտվեց: Դե, նաև 1973 թվականին՝ ռազմական հեղաշրջում Չիլիում, երբ ժողովրդավարական ​​ճանապարհով ընտրված նախագահ Սալվադոր Ալիենդեն հեռացվեց իշխանությունից և սպանվեց ԿՀՎ-ի օգնությամբ:

Բայց, իհարկե, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության սկզբունքները խոսում են բոլորովին այլ բանի մասին։ Նրանք խոսում են ժողովրդավարության, արևմտյան արժեքների, մարդու իրավունքների, միջազգային օրենքի հարգման մասին։ Հիմա, ցավոք, կարելի է հաստատել, որ միջազգային օրենք չկա։ Ինչպես որ չկան միջազգային կազմակերպություններ, այյևս չկա ՄԱԿ-ը, չկա ՄԱԿ-ի խարտիան, ոչինչ չկա: Մենք փաստորեն վերադարձել ենք նրան, ինչ մեզ դպրոցում սովորեցրել է Վլադիմիր Իլյիչ Լենինը, թե ինչ է իմպերիալիզմը, և ինչպես է իմպերիալիստական ​​տերությունների արտաքին քաղաքականությունը զենք դառնում խոշոր կապիտալի ձեռքում։ Դուք գիտեք, որ այժմ ԱՄՆ-ի պահանջներից մեկն այն է, որ Վենեսուելայի նավթային պաշարները պետք է անցնեն ամերիկյան ընկերությունների վերահսկողության տակ։ Սա հիշեցնում է XX դարասկզբի այսպես կոչված «բանանային պատերազմները», երբ հենց այսպես՝ ուժով, ԱՄՆ-ը առաջ մղեց իր մասնավոր բիզնեսի շահերը Կենտրոնական Ամերիկայում:

– Արթո՛ւր Գագիկի, իսկ ինչպե՞ս կարելի է այս ամենը պրոյեկտել Հայաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների վրա։ Սա ինչ-որ կերպ ազդո՞ւմ է տարածաշրջանային քաղաքականության վրա: Ինձ հետաքրքրում է հենց այս իրավիճակի ազդեցությունը Հայաստանի վրա և ԱՄՆ-ի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։

– Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը հրաժարվում է Բայդենի վարչակազմի իդեալիզմից, մեսիականությունից, այսինքն՝ Հայաստանում այսպես կոչված ժողովրդավարությանն աջակցելու գաղափարն այլևս նրանց չի հետաքրքրում։ Դուք տեսաք նրանց ազգային անվտանգության ռազմավարությունը. Ամերիկան ​​անցնում է գործնական բնույթի (պրագմատիկ) ուժային քաղաքականությանը, իրեն է վերապահում Մոնրոյի դոկտրինը, Լատինական, Կենտրոնական Ամերիկան ​​և Մերձավոր Արևելքը: Աշխարհի մյուս տարածաշրջաններում նա ​​առաջնորդվելու է միայն իր գործնական բնույթի շահերով։ ԱՄՆ-ի գործնական շահերը մեր տարածաշրջանում Ադրբեջանն են, Թուրքիան, Իսրայելը։ Հայաստանը ԱՄՆ-ի համար որևէ ռազմավարական շահ չի ներկայացնում։

– Բայց ահա արևմտյան մամուլում քննադատում են Հայաստանի իշխանությունների գործողությունները վերջին շրջանում, մենք դա նկատեցինք։ Հատկապես Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը հայ եկեղեցու նկատմամբ։ Սա երկակի ստանդա՞րտ է, թե՞ Արևմուտքին իսկապես սա հուզում է: Չէ՞ որ հենց Արևմուտքն է Հայաստանում իշխանության բերել Նիկոլ Փաշինյանին։

-Արևմուտքում իսկապես քննադատության ալիք է բարձրանում այս մարդու դեմ, նրա գործողությունները չափազանց հեռու են գնացել, նա անցել է բոլոր սահմանները: Քննադատում են նույնիսկ այն արևմտյան առաջնորդները, որոնք ամենաամոթալի կերպով արդարացնում էին ծեծը, ձերբակալությունները, ռումբերի ու հրթիռների կիրառումը խաղաղ ցուցարարների դեմ, ընդդիմության ձերբակալություններն ու ճնշումները, նույնիսկ քաղբանտարկյալների սպանությունը (ներկայումս ունենք երկու տասնյակից ավելի քաղբանտարկյալ), ընտրակեղծիքները, մանիպուլյացիաները մամուլի միջոցով. ցավոք, շատ արևմտյան առաջնորդներ երկար ժամանակ պաշտպանել են այս ամենը՝ ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերից։ Ես չեմ կարծում, թե նրանց մեջ հանկարծակի խիղճ արթնացավ։ Հավանաբար, պարզապես այս մարդու գործողությունները այնքան հեռու են խորացել, որ դա այլևս հնարավոր չէ պաշտպանել, թեև ես չեմ կասկածում, որ նրանք կօգնեն նրան կեղծել ընտրությունները այս տարվա հունիսին և մնալ իշխանության գլուխ։ Որովհետև նա նրանց պետք է։

– Այսինքն, գործնականում սա երկակի ստանդա՞րտ է:

– Միջազգային հարաբերություններում միշտ էլ երկակի ստանդարտներ կան։ Մենք դրանց մասին խոսել ենք տարիներով: Մեր միամիտները, թեև նրանք միամիտ չեն, ուղղակի նրանք լավ վարձատրվում են, քարոզիչներ են, որոնք ստանում են օտարերկրյա ֆինանսավորում, պատմում էին մեզ միջազգային հանրության մասին, միջազգային իրավունքի մասին, ժողովրդավարության աշխարհի մասին, թե ինչպես են մեզ օգնելու, ինչպես են մեր կողքին կանգնելու, իսկ հետո այդպես անամոթաբար մեզ լքեցին։ Ընդ որում՝ բոլորը: Սա պետք է ասել այս մարդկանց: Եվ հարկավոր է ինքներս մեզ հարց տանք, թե ինչու ենք թույլ տալիս մեր տարածքում, մեր փոքրիկ հանրապետությունում աշխատի քարոզիչների այս բանակը, որը միլիոնավոր դոլարներ է ստանում, և որը նույնիսկ չի կարողանում որևէ բան բանիմաց կերպով փաստարկել։ Նրանք ոչ մի պատկերացում չունեն, թե ինչ են միջազգային հարաբերությունները։ Նրանք պարզապես ասում են այն, ինչի համար իրենց վճարում են: Իսկ Հայաստանի փլուզումը սկսվեց առաջին հերթին մեր կրթական համակարգի քանդվելուց։ Սա սկսվեց շատ-շատ վաղուց՝ դեռևս մեր անկախության առաջին տարում։ Մենք քանդեցինք մեր կրթական համակարգը և փակեցինք մեր լավագույն դպրոցները։ Որից հետո սկսվեց այն ժամանակվա խորհրդահայ վերնախավի զանգվածային արտագաղթը, և հիմա մենք մնացել ենք առանց էլիտայի։ Եվ երկրորդ՝ քարոզիչների այս բանակից, որը թույլ է տալիս արտաքին ուժերին անմիջականորեն վերահսկել մեր հասարակական կարծիքն ու մեր քաղաքական գործընթացները։

– Հայաստանի վիճակն այսօր այնպիսին է, որ սփյուռքից շատերը զգուշանում են Հայաստան գալ։ Ես նկատի չունեմ նրանց, ովքեր ընդհանրապես չեն հետաքրքրվում քաղաքականությամբ, այլ խոսում եմ նրանց մասին, ովքեր արտահայտում են իրենց կարծիքը հրապարակավ։ Դուք հենց նոր ասացիք, որ այսօր 20-ից ավելի քաղբանտարկյալներ կան Հայաստանի բանտերում, մի քանիսը նույնիսկ մահացել են, մենք գիտենք այդ դեպքերի մասին։ Եվ ես Մոսկվայում գիտեմ մարդկանց, ովքեր զգուշանում են գալ։ Եվ ոչ միայն Մոսկվայից, ոչ միայն ռուսական սփյուռքից, Ֆրանսիայից և այլ երկրներից նույնպես։ Հավանաբար ԱՄՆ-ում նույնպես կան նման դեպքեր, թեև ես դրանց մասին չգիտեմ։ Այնպես որ, այն մարդիկ, ովքեր իրենց կարծիքն են հայտնում Հայաստանի ներկայիս իշխանությունների մասին, այսօր կա՛մ մուտքի արգելքի են ենթարկվում, կա՛մ, եթե երկքաղաքացիություն ունեն, նրանց կարող են պարզապես կալանավորվել ու համալրել քաղբանտարկյալների շարքերը։ Ի՞նչ եք կարծում, մինչև ե՞րբ սա կարող է շարունակվել:

– Այն, որ նրանք զգուշանում են, ճիշտ է: Նրանց դեմ կարող են գործեր սարքել, ինչպես դա արվեց իմ դեմ, երբ անցյալ ամառ ասացի, որ «սա TRIPP չէ, սա Զանգեզուրի միջանցքն է», և ինձ վրա հարձակվեց այս խմբի ողջ քարոզչական բանակը։ Մարդիկ ճիշտ են անում, որ զգուշանում են։ Հայաստանում հիմա անօրինություն է, սա ահաբեկչություն է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր փորձում են կասեցնել պետականության կորստի գործընթացը։ Տեսնում եք, թե ինչպես են նրանք հարձակվում մարդկանց վրա, ինչպես են նրանք բոլորին ձերբակալում։ Սա մեծ ամոթ է մեր արևմտյան գործընկերների համար, որոնք աչք են փակում սրա վրա։ Ավելին՝ արևմտյան կառավարություններից մեկի շատ անհաջող առաջնորդներից մեկն ասաց, որ սա «ճանապարհ է դեպի ժողովրդավարություն»։ Նրանք օգտագործում են իրենց համար էլ անհասկանալի բառեր, ինչպես՝ «հիբրիդային պատերազմ»։ Սա հիմա նոր, մոդայիկ արտահայտություն է, որի իմաստը նույնիսկ իրենք չեն հասկանում։ Նրանք այս բառերն օգտագործում են՝ իրենց բոլոր բռնաճնշումներն արդարացնելու համար։ Բոլոր ալիքներով հանդես են գալիս կիսակիրթ քարոզիչները՝ այս «խոսող գլուխները», նրանք արտասանում են բառեր, որոնք իրենք էլ չեն հասկանում: Իսկ  մենք ունենք մարդկանց չափազանց նեղ շրջանակ, որոնք իսկապես կարող են քաղաքագետ կամ միջազգային հարաբերությունների մասնագետ համարվել։ Նրանց կարելի է մի ձեռքի մատների վրա հաշվել Հայաստանում։ Մնացած բոլորը պարզապես փող են ստանում մարդկանց վրա հարձակվելու, մարդկանց վիրավորելու համար։ Սա ահաբեկչություն է։

Մեր բոլոր նախկին ղեկավարներն ունեին իրենց թերություններն ու հաշվեսխալները։ Բայց այդ ղեկավարներներից ոչ մեկը թույլ չի տվել իրեն նման բացահայտ ահաբեկչություն, նման խուլիգանություն, վիրավորանքներ։ Մենք երբեք չենք ունեցել պետության այսպես կոչված ղեկավար, որը «Ֆեյսբուքի» (Ռուսաստանում արգելված է) իր էջում գրեր այնպիսի բաներ, որոնք ես հիմա նույնիսկ կրկնել չեմ կարող եթերում։ Երկրի ղեկավարը սոցիալական ցանցի իր էջում գրում է մեր եկեղեցու առաջնորդին՝ կաթողիկոսին, ինչ-որ ֆիզիկական հարաբերությունների մասին։ Ես պարզապես չեմ կարող կրկնել դա, այնքան որ դա նողկալի է։ Բայց ինձ թվում է, որ նա, այնուամենայնիվ, անցել է համբերության վերջին սահմանը։ Ինձ թվում է՝ մարդիկ  ամեն դեպքում հասկանում են, թե ում հետ գործ ունեն։ Սա կատաղած խուլիգան է։ Ցավոք սրտի, մեր ընդդիմությունը շատ թույլ է։ Եվ մեծ հարց է՝ իրո՞ք դա ընդդիմություն է, թե՞ ոչ։ Ուզո՞ւմ են նրանք գալ իշխանության, թե՞ վախենում են։ Որովհետև նրանք ստիպված կլինեն մաքրել այս ամենը։ Որոշ մարդիկ այն տպավորությունն ունեն, որ նրանք պարզապես ուզում են մնալ ընդդիմություն։ Ժողովուրդը նրանց այնքան էլ չի հավատում, որովհետև նրանց մեջ տեսնում է այն մարդկանց, որոնց չի ուզում ընտրել և չի ցանկացել ընտրել արդեն երեք անգամ։ Այնպես որ՝ սա նաև մեր ընդդիմության մեծ ձախողումն է։ Շատ անհաջող են և՛ այսպես կոչված ընդդիմությունը, և՛ այսպես կոչված կառավարությունը։

– Հենց ընդդիմության մասին էլ ուզում էի տալ իմ հաջորդ հարցը։ Ձեր կարծիքով՝ արդյոք ընդհանրապես ընդդիմություն կա՞ այսօր Հայաստանում, և եթե այո՛, ապա ո՞ւմ եք համարում ընդդիմություն, քանի որ ընդդիմությունը նույնպես լինում է տարբեր տեսակի։ Կան նախկին նախագահներ՝ իրենց թիմերով, անվանենք խորհրդարանական ընդդիմություն։ Կա ոչ խորհրդարանական ընդդիմություն։ Կան շատ նոր խմբեր ու շարժումներ։ Բայց ես սրա մեջ չեմ տեսնում նույնիսկ մի փոքր համախմբում։ Այսպիսով, Ձեր կարծիքով, այնուամենայնիվ, ո՞վ է ընդդիմություն այս պահին, արդյոք այն գոյություն ունի՞ որևէ ձևով։ Կարո՞ղ ենք հուսալ, որ այն կարող է թեկուզ մեկ քայլ առաջ կատարել։

– Կարծում եմ՝ հույս դնել չի կարելի։ Նախ՝ ես չեմ կարծում, թե այս գործընթացում պետք է ինչ-որ խորհուրդներ տամ։ Այս հարցը մենք պետք է մեր ժողովրդին տանք։ Ո՛ւմ են նրանք ուզում, ո՛ւմ են տեսնում։ Մեր ընտրողների մի մասն ունի իր թեկնածուները։ Սրանք մեր նախկին նախագահներն են, նրանք որոշակի աջակցություն ունեն։ Այս մարդիկ իրավունք ունեն աջակցելու նախկին ղեկավարներին։ Շատերը համարում են, որ հենց նախկին ղեկավարների պատճառով հասանք այս վիճակին, որ եթե չլիներ այն, ինչ կատարվում էր Հայաստանում այս բոլոր տարիներին, մենք այս մարդու հետևից չէինք գնա։ Նա չէր կարողանա խաբել մեր ժողովրդին 2018 թվականին։ Ես կարծում եմ, որ նրանք ճիշտ են։ Եթե մարդիկ ուզում են ընտրել նախկին ղեկավարներից որևէ մեկին, դա նրանց իրավունքն է։ Թող ընտրեն։ Բայց կան ուրիշներն էլ, որոնք ուզում են տեսնել նոր մարդու։ Այնպես որ՝ հարկավոր է ավելի շատ խոսել մարդկանց, քան թե ինձ հետ։ Քանի որ ես իրավունք չունեմ մարդկանց ասելու, թե ում ընտրեն իրենք։ Բայց ստույգ կարող եմ ասել, որ կան մարդիկ, որոնք մի քանի անգամ ձախողել են բողոքի շարժումը՝ իրենց ամբիցիաների պատճառով։

Հայաստանում մենք ունենք «փոքրիկ Նապոլեոնի» հիվանդություն։ Մեզանում բոլորը Նապոլեոններ են, ամեն գյուղում կա Նապոլեոն, Մահաթմա Գանդի, Հուգո Չավես, Մաո Ցզեդուն, և՛ Չե Գևարա, և՛ Լենին, և՛ ամեն-ամեն բան։ Եվ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ, թե իրենցից ով կլինի կայսրը։ Եվ «փոքրիկ Նապոլեոնի» այս հիվանդությունը մեզ կործանում է։ Որովհետև այն նույն մարդիկ, ովքեր բազմիցս ձախողել են բողոքի շարժումը, չեն ուզում հեռանալ։ Նրանք չեն ուզում խոստովանել, որ ինչ-որ բան իրենց չի հաջողվել։ Ընդհանրապես, լավ կլիներ, եթե Հայաստանը, այնուամենայնիվ, մնար աշխարհի քարտեզի վրա (բայց ես լրջորեն կասկածում եմ), վատ չէր լինի, եթե մենք այնպիսի քաղաքական ավանդույթ ձևավորեինք, որ մարդիկ պատասխանատվություն կրեին իրենց արածի համար։ Յուրաքանչյուր ղեկավար պետք է պատասխանատվություն կրի նրա համար, ինչ անում է։ Բայց մենք ունենք մի այնպիսի մթնոլորտ, որտեղ ոչ ոք ոչնչի համար մեղավոր չէ։ Ոչ ոք ոչնչի համար պատասխանատվություն չի կրում։ Նախկին ղեկավարները չեն խոսում, թեև որոշները խոստովանում են, որ բացթողումներ են ունեցել, բայց չեն ուզում ժողովրդին պարզապես ասել. «Կներեք, այո՛, մենք սխալվել ենք, եղել են ահա այսպիսի բացթողումներ»։ Կարծում եմ՝ սա նրանց կօգներ։

Նույնը վերաբերում է նաև ներկայիս ընդդիմությանը։ Այն նույն մարդիկ, ովքեր բազմիցս ձախողել են բողոքի շարժումը, ներողություն չեն խնդրում իրենց բացթողումների համար և շարունակում են բեմ բարձրանալ։ Եվ նույնն են անում նրանց խորհրդականները։ Եվ ժողովուրդը դա տեսնում է։ Մեր ժողովուրդը հիմար չէ։ Նա տեսնում է դա և ասում. «Ըհը՛մ, նրանք նորից պաշտոններ են բաժանում իրար մեջ»։ Այդ պատճառով էլ մարդիկ ընկնում են լիակատար անտարբերության մեջ։ Դուք հո տեսնում եք թվերը։ Ներկայիս ռեժիմն ունի բավական ցածր վարկանիշ՝ մոտավորապես 16-20 %, որքան որ տեսնում եմ։ Գուցե մի փոքր ավելի, բայց, այնուամենայնիվ, դա շատ ցածր է։ Վարչապետը ձախողել է բոլոր խոստումները, պարզվում է, որ նա մեզ ամեն ինչում խաբել է։ Բայց բնակչության 60 %-ը պարզապես ուրիշ ոչ մեկին չի տեսնում. նրանք լիովին անտարբեր են։ Որովհետև նրանցից շատերը չեն ուզում նախորդ ղեկավարությանը, և նրանցից շատ ավելի մեծ մասն էլ չի ուզում տեսնել ներկայիս մարդկանց, որոնք ամեն ինչ ձախողում են։ Եվ ես երկար տարիներ փորձում էի սա հասկացնել այսպես կոչված ընդդիմությանը, բայց մեր էգոն, մեր ինքնասիրահարվածությունը միշտ հաղթում է։ Ոչ ոք չի ուզում խոստովանել, որ ինչ-որ բան իրեն չի հաջողվել։

 Դուք նոր ասացիք, որ մեր ժողովուրդը հիմար չէ, և ես համաձայն եմ դրա հետ։ Ամենածանր ժամանակներում ժողովուրդը գտել է ամենածանր իրավիճակներից դուրս գալու ելքը, և ես սրան նույնպես համաձայն եմ։ Բայց այսօր հույս կա՞, որ ժողովուրդը կարող է դուրս գալ այս իրավիճակից։ Չէ՞ որ հունիսին խորհրդարանական ընտրություններ են, և եթե հաղթի ներկայիս իշխանությունը, ապա մեր հայկական պետականությունը լուրջ հարցականի տակ կհայտնվի։ Կարծում եմ՝ Դուք համաձայն եք ինձ հետ։

 Այո՛, համաձայն եմ Ձեզ հետ։ Մենք արդեն կորցնում ենք պետականությունը։

 Ուրեմն որտե՞ղ է ժողովրդի այս իմաստությունը, որտե՞ղ է այն։

 Դա լավ հարց է։ Այո՛, իսկապես, մենք արդեն կորցրել ենք ինքնիշխանությունը. դա պարզ երևում է։ Երբ դրսից եկող հրամանով սկսվում է մեր եկեղեցու հալածանքը, դա արդեն նշանակում է, որ մենք ինքնիշխան երկիր չենք։ Մենք արդեն վասալ ենք՝ մեկ ուրիշ պետությանը ենթակա։ Սա ակնհայտ է հենց հիմա։ Եթե այս խումբը կրկին ընտրվի, մի քանի տարվա ընթացքում Հայաստանն ամբողջությամբ կկորցնի ինքնիշխանությունը, մեր պետականությունը կկործանվի, և կսկսվի բնակչության զանգվածային արտագաղթը։ Ես անձամբ գիտեմ շատ մարդկանց, ովքեր այս ընտրություններից հետո, եթե նա դրանք կեղծի ու հաղթի, պատրաստվում են լքել Հայաստանը։ Ես նույնպես անձամբ այլևս չեմ զբաղվի հայկական գործերով, քանի որ դա անիմաստ եմ համարում, եթե մենք արդեն երրորդ անգամ այս մարդուն ընտրենք։

Ի՞նչ անել դրա համար։ Կրկնում եմ՝ հարկավոր է խոսել ժողովրդի հետ։  Հասկանանք, թե ինչու են մարդիկ այդքան անտարբեր, ինչու են այդքան հուսահատ, այդքան ճակատագրապաշտ։ Կարծում եմ՝ «համախմբվել» բառն արտասանելն              արդեն անօգուտ է։ Ընդդիմությունը երբեք չի համախմբվի։ Պարզապես հարկավոր է բերել նոր մարդու, որը կապված չէ անցյալի հետ և կապված չէ այն մարդկանց հետ, որոնք մի քանի անգամ ձախողել են բողոքի ցույցերը։ Եթե կան նման նոր, չեզոք մարդիկ, թող նրանք հաղթեն, ես պատրաստ եմ նրանց աջակցել։ Այս պահին կա լավ թեկնածու, կարծում եմ, որ դա Սամվել Կարապետյանն է։ Հուսով եմ՝ նա կօգտվի իմաստուն մարդկանց խորհուրդներից, որոնք կօգնեն նրան վերականգնել իր վարկանիշը։ Նրա վարկանիշը մի փոքր սասանվել է, բայց հույս ունեմ, որ նա կգտնի իմաստուն խորհրդականների, իմաստուն որոշումներ կընդունի և կկարողանա վերականգնել իր ցուցանիշները։ Որովհետև նա իսկապես կարող է լուրջ սպառնալիք լինել այս ռեժիմի համար և կարող է մեզ ինչ-որ հույս ներշնչել։ Կարծում եմ՝ նա ուժեղ թեկնածու է։ Մնացած բոլորը պետք է միավորվեն, որպեսզի չփոշիացնեն ձայները։ Որովհետև հակառակ դեպքում բոլոր այս կուսակցությունները, որոնք ունեն 1.7-2.8 % ժողովրդականություն, չեն անցնի խորհրդարան, դրանք կորած ձայներ են։ Նրանք պետք է մի կողմ դնեն իրենց հայկական եսասիրությունը և միավորվեն, իսկ հետո բաժանեն այդ պորտֆելները ինչպես ցանկանան։

 Ես հենց նոր ուզում էի հարցնել Ձեզ, այնուամենայնիվ, ո՞ւմ եք տեսնում որպես առաջնորդի։ Դուք նշեցիք Սամվել Կարապետյանին։ Բայց որքան ինձ հայտնի է, և որքան նկատել եմ, Սամվել Կարապետյանը նույնպես մերձեցման չի ձգտում ընդդիմադիր ինչ-որ ուժերի հետ։ Ես նկատի չունեմ խորհրդարանական ընդդիմությանը, այլ այն ուժերին, որոնք այնուամենայնիվ կան Հայաստանում, դրանք անվանենք «երրորդ ուժեր»։ Նրանք ո՛չ նախկիններ են, ո՛չ էլ ներկա, այլ չեզոք են։ Բայց ահա, ինձ թվում է, որ Սամվել Կարապետյանը նրանց հետ էլ չի ձգտում շփվել։ Ինձ թվում է՝ նա նույնպես պետք է մի փոքր փոխի իր մարտավարությունը։

– Ես Կարապետյանի թիմից չեմ։ Ինձ դուր է գալիս նա, իմ կարծիքով՝ նա իրական հնարավորություն ունի։ Ես աջակցում եմ նրան, և կարծում եմ, որ մարդիկ պետք է աջակցեն նրան։ Իմ կարծիքով՝ նա կարող է դառնալ համախմբման կենտրոն, բայց միաժամանակ կարծում եմ, որ նա պետք է զգույշ լինի։ Նրա մտերիմներից մեկն ասաց, որ «մենք հարգում ենք բոլոր ընդդիմադիր ուժերին, բայց մենք ունենք մեր առանձին դիրքորոշումը»։ Ինձ թվում է՝ դա շատ ճիշտ է՝ չվիճել ոչ մեկի հետ, բայց ունենալ առանձին դիրքորոշում։ Եվ համախմբումը, կարծում եմ, պետք է տեղի ունենա նրա շուրջը։

Կան նաև այլ թեկնածուներ։ Օրինակ՝ Արման Թաթոյանը՝ մարդու իրավունքների նախկին պաշտպանը։ Նա նույնպես կարծես հարգված մարդ է, լավ թեկնածու է։ Սա իմ կարծիքն է։ Մարդիկ իրավունք ունեն քվեարկել նրա օգտին, ում իրենք են ուզում։ Թող քվեարկեն ում ուզում են։ Բայց թող հասկանան, որ եթե իրենք նորից նստեն տանը, քյաբաբ ուտեն և ասեն, թե ամեն ինչ լավ կլինի, և եթե այս մարդը նորից ընտրվի, ապա շատ շուտով ադրբեջանցի վերաբնակիչներով լցված ավտոբուսներ կսկսեն գալ Հայաստան։ Նրանք պետք է սա հասկանան։ Նրանց կվտարեն իրենց տներից, իրենց գյուղերից։ Հայաստանի միջով կանցնի, հնարավոր է, ոչ թե մեկ, այլ նույնիսկ մի քանի միջանցք։ Դրանից հետո կսկսվի բնակչության զանգվածային արտագաղթը։ Թող նրանք իմանան սա։ Եթե նրանք սա չեն ուզում հասկանալ, և մենք ևս մեկ անգամ ընտրենք այս ազգային ամոթը, նշանակում է՝ մենք արժանի ենք նրան, ինչ մեզ հետ կպատահի։ Ես արդեն ո՛չ թուրքերին, ո՛չ էլ ադրբեջանցիներին չեմ մեղադրում մեր խնդիրների համար, չեմ մեղադրում։

 Վերջերս Դուք սոցիալական ցանցերում գրառում հրապարակեցիք, որ Ձեր մասին կեղծ լուրեր են տարածվում այն մասին, թե իբր Ձեզ վրա հարձակվել են, ընդ որում, ո՛չ ավել, ո՛չ պակաս, Մոսսադից՝ Իսրայելի հետախուզական գործակալությունից, ինչպես նաև, իբր կան ինչ-որ նկրտումներ ու հարձակումներ նաև Մոսադի թշնամիների՝ ՀԱՄԱՍ-ի կողմից։ Ինձ շատ է հետաքրքրում, թե ով և ինչու է սա անում Ձեր նկատմամբ։ Ի՞նչ է սա տալիս։

– Շատ ծիծաղելի է այն, որ նույնիսկ երբ մարդիկ փորձում են սպառնալ ինձ, նրանք չեն կարողանում դա անել բանիմաց կերպով։ Ինչպե՞ս կարող են ՀԱՄԱՍ-ը և Մոսսադը միասին ցանկանալ սպանել ինձ, եթե նրանք երդվյալ թշնամիներ են։ Եթե ՀԱՄԱՍ-ը այն խումբն է, որը բարբարոսաբար հարձակվել է Իսրայելի վրա անցյալ տարվա հոկտեմբերին, երբ սպանվեցին հարյուրավոր մարդիկ, պատանդ վերցրին, իսկ մյուս կողմից Մոսսադն է՝ արտաքին հետախուզական ծառայությունը՝ Իսրայելի հատուկ ծառայությունը, ապա ինչպե՞ս կարող են նրանք համագործակցել։ Դա նույնն է, ինչ եթե  ասենք, թե այաթոլլահ Խամենեին իրանական պատվիրակություն է ուղարկել սիոնիզմի վերաբերյալ համաժողովին։ Հասկանում եք, թե ինչ աստիճանի հիմարություն է։ Եթե նրանք ցանկանային ինչ-որ մեկին լրջորեն վախեցնել, ապա գոնե լրջորեն կմտածեին, թե ինչպես պետք է դա անել։ Ակնհայտ է, որ նրանք արդեն կորցնում են աջակցությունը։

Իսկ Դուք գիտե՞ք՝ ինչ մարդիկ են դրանով զբաղվում։

 Նրանք ֆեյքերի այնպիսի՜ բանակ ունեն։ Ցեխն ու վիրավորանքները շպրտվում են նաև ինձ վրա և ուրիշների, բայց երբ նայում ես, թե ինչ պրոֆիլ է, տեսնում ես, որ դա կեղծ (ֆեյք) է։ Ժողովրդավարությունը, ցավոք, դադարել է գոյություն ունենալուց։ Մեզանում այլևս ժողովրդավարություն չկա։ Ամբողջ աշխարհում այն վերածվել է հասարակական կարծիքը այդ կեղծ պրոֆիլների օգնությամբ մանիպուլյացիայի ենթարկելու արվեստի։

 Արդեն պարզ է, որ Թուրքիան Մեծ Բրիտանիայի հետ լավ ջանացին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի համար զավթելու հարցում: Եվ նրանք շարունակում են աշխատել Հայաստանի պետականության կորստի և Ռուսաստանին ու Իրանին Հարավային Կովկասի տարածաշրջանից վտարելու ուղղությամբ: Սա այլևս գաղտնիք չէ: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը 2018 թվականին բրիտանա-թուրքական ռազմավարության կետերից մեկն է: Ձեր կարծիքով՝ ո՞ր երկիրը կարող է հակազդել սրան, օգնել Հայաստանին ինչ-որ կերպ դուրս գալու այս իրավիճակից: Կա՞ նման երկիր: Չէ՞ որ Հայաստանն այժմ նայում է Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների կողմը:

– Մենք խոսել ենք սրա մասին տարիներ շարունակ։ 2018 թվականի պետական հեղաշրջումից հետո ես ինչ-որ հույս ունեի, որ նրանք իսկապես կկարողանան պայքարել կոռուպցիայի դեմ և խաղաղ ճանապարհով լուծել ղարաբաղյան հարցը։ Կար ժամանակ, երբ ես հավատում էի նրանց, մտածում էի, թե նրանք կարող են դա անել։ Տեսնում եք, թե որքան դառը հիասթափություն ապրեցինք։ Ես տարիներով գրել եմ այս մասին. որ Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների նպատակը մեր տարածաշրջանում Հայաստանը թուրքերին ու ադրբեջանցիներին ենթարկեցնելն է, որպեսզի այստեղ ոչնչացվի ռուսական ազդեցության բազան։ Այս  քաղաքականությունը ճիշտ նույնն էր, ինչ XX դարի սկզբին. նույնը արվեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ մեր առաջին անհաջող հանրապետությունը այդ նույն արևմտամետ պատրանքների պատճառով ձախողվեց։ Նույնը արվեց XIX դարում։ Սա բրիտանական քաղաքականությունն է Մերձավոր Արևելքում։ Այն չի փոխվել առնվազն 200 տարվա ընթացքում։ Դեռևս XIX դարից Մեծ Բրիտանիան այստեղ նույն բանն է արել՝ ճնշել հայերին, օգնել թուրքերին, որպեսզի դուրս մղեն Ռուսաստանին Կովկասից, թույլ չտան Ռուսաստանին մոտենալ Միջերկրական ծովին։ Եթե ​​մարդիկ որևէ պատկերացում ունեն միջազգային հարաբերությունների պատմության մասին, նրանք գիտեն սա։ Մեր ողբերգությունն այն է, որ մենք Հայաստանում միջազգային հարաբերությունների դպրոց չունենք. մենք ունենք միայն տարածաշրջանային և երկրների ուսումնասիրություններ։ Սա նույնպես շատ լավ է, սա անհրաժեշտ է, բայց չկա միջազգային հարաբերությունների ավելի վերլուծական կոնցեպցիա։

Այն մասին, ինչ Դուք նկարագրում եք, մենք տարիներով խոսել ենք։ Եվ ես չեմ հասկանում, թե ինչու է հարկավոր կրկին բացատրել դա։ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը 200 տարի շարունակ հիմնվել է Ռուսաստանին հակազդելու և նրան զսպելու վրա։ Եվ այս քաղաքականության զոհերը եղել են միամիտ հայերը, որոնք դեռևս Արևմտյան Հայաստանում հավատում էին, որ Արևմուտքը իրենց կօգնի։ Դուք հիշում եք, որ Բեռլինի կոնգրեսից հետո խոստումներ հնչեցին, թե եվրոպական պետությունները կապահովեն օսմանյան հայերի անվտանգությունը։ Որից հետո նրանց կոտորեցին։ Ես չեմ հասկանում, թե քանի անգամ պետք է սա մեզ հետ պատահի, որ մենք հասկանանք։ Որովհետև եթե մենք այնքան հիմար ենք, որ չենք կարողանում հասկանալ, թե ինչպես է սա գործում՝ և՛ Արևմտյան Հայաստանից հետո, և՛ Կիլիկիայից հետո, և՛ հիմա Ղարաբաղից,  Նախիջևանից հետո, դա տեղ չի հասնում, այդ դեպքում, կարծում եմ, արժե, որ մեզնից  ազատվեն։

– Բայց Դուք, այնուամենայնիվ, չպատասխանեցիք իմ հարցին։ Կա՞ արդյոք որևէ ուժ կամ երկիր, որը կարող է ինչ-որ կերպ ազդել այս ամենի վրա։

– Այս հարցին պատասխանելու համար հարկավոր է մտածել՝ կա՞ն արդյոք այնպիսի պետություններ, որոնք շահեր ունեն մեր տարածաշրջանում, որոնք կարող են հակադրվել Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի շահերին, ո՞ր պետություններին ձեռնտու չէ, որ այս տարածաշրջանը ենթարկվի Թուրքիային ու Արևմուտքին: Այն պետությունները, որոնք Արևմուտքի բարեկամները չեն: Ո՞վքեր են նրանց մրցակիցները մեր տարածաշրջանում: Ինչ-որ չափով դա Իրանն է և, իհարկե, Ռուսաստանը: Հնարավոր է, եթե մենք ունենայինք նորմալ դիվանագիտություն, մենք կգտնեինք նաև այլ դաշնակիցներ՝ Մերձավոր Արևելքում: Հնարավոր է, որ մենք նույնիսկ կարողանայինք որոշ առումներով համաձայնության գալ Չինաստանի և Հնդկաստանի հետ, չնայած նրանք առայժմ ռազմավարական շահեր չունեն մեր տարածաշրջանում: Բայց, նախ, մենք չունենք դիվանագիտություն, երկրորդ՝ չունենք միջազգային հարաբերությունների տեսություն, և երրորդ՝ մենք սովորություն ունենք որոշելու ուրիշների փոխարեն, թե որոնք են նրանց շահերը: Մենք 35 տարի ռուսներին ասում ենք, թե որոնք են իրենց շահերը: Ես 35 տարի բացատրել եմ իմ սիրելի հայերին, որ ռուսները կարող են հոգնել այն բանից, ինչ մենք անընդհատ ասում ենք նրանց. «Դուք պետք է պաշտպանեք մեզ, որովհետև դա ձեր շահերից է բխում»: Նրանք կարող են պայմանավորվել Թուրքիայի հետ առանց մեզ: Կարծում եմ՝ հենց դա տեղի ունեցավ վերջին տարիներին: Ես զգուշացրել էի այս մասին։

– Այո՛, դա տխուր է։ Այս տարվա հունիսին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնց մենք անհանգստությամբ ենք սպասում, սակայն, այնուամենայնիվ, հույս ունենք, որ հրաշք տեղի կունենա, և իշխանության կկարողանան գալ հայամետ ուժերը, իսկական, հայրենասեր ուժերը։ Մեր զրույցի ավարտին ի՞նչ եք կարծում, այնուամենայնիվ, կա՞ մի այնպիսի ուժ, որը կարող է հաղթել «Քաղաքացիական պայմանագրին»։

– Կարծում եմ՝ միակ իրական թեկնածուն Սամվել Կարապետյանն է և նրա կուսակցությունը։ Ես կարծում եմ, որ պետք է աջակցել Կարապետյանին, և նա պետք է դառնա ընդդիմադիր ուժերի համախմբման կենտրոնը։ Կարծում եմ, որ պետք է աջակցել նաև այլ թեկնածուների՝ և՛ Արման Թաթոյանին, և՛ նույնիսկ այն ներկայացուցիչներին, որոնք գուցե այնքան էլ ժողովրդականություն չեն վայելում, բայց նրանք նույնպես կարող են ազատել այս չարիքից։ Իսկ փոքր կուսակցությունները, կրկնում եմ, պետք է միավորվեն՝ ձայները չփոշիացնելու համար։

Եվ միայն հետո, երբ մենք ազատվենք այս դժբախտությունից, նրանք կարող են բաժանել իրենց պորտֆելները՝ այն տոկոսների հիման վրա, որոնք նրանք ունեին ընտրությունների ժամանակ։ Կարծում եմ՝ համախմբման կենտրոնը, ի վերջո, կարող են լինել Կարապետյանը կամ Թաթոյանը, կամ երկուսը միասին։ Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում այնտեղ, բայց մի բան կարող եմ ասել. որոշ ընդդիմադիր ուժեր զբաղվում են շատ անարդյունավետ, շատ տգեղ գործունեությամբ, անընդհատ ցեխ են շպրտում ընդդիմադիր այլ գործիչների, չգիտես ինչու, այդ թվում նաև ինձ վրա։ Թեև, անկեղծ ասած, ես ոչ մեկին չեմ վիրավորել, ոչ մեկի վրա չեմ հարձակվել։ Բայց այս նախանձը նրանց մեջ շատ ուժեղ է, և նրանք ցեխ են շպրտում միմյանց վրա և միմյանց տակ փորում՝ փոխանակ գոնե միմյանց չխանգարեն։

– Արթո՛ւր Գագիկովիչ, 2024 թվականին Դուք հարցազրույց տվեցիք մեր թերթին և այնտեղ շատ մանրամասն պատմեցիք Ձեր գործունեության, ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ Ձեր կարծիքի և այլնի մասին, բայց Ձեր անձնական կենսագրության մասին մենք ոչինչ չգիտենք: Օրինակ՝ ծագումով որտեղի՞ց են Ձեր  պապերը, որտե՞ղ եք ծնվել և կրթություն ստացել: Մենք, իհարկե, գիտենք, որ Դուք սովորել եք ԱՄՆ-ում, բայց միշտ հետաքրքիր է ավելի մանրամասն իմանալ, քանի որ այս տեղեկատվությունը ոչ մի տեղ չենք գտնի: Պատմեք մի փոքր, խնդրում եմ, Ձեր հոր, մոր, պապերի մասին:

– Միգուցե այլ հանգամանքներում և այլ մթնոլորտում ես կարող էի դա անել, բայց երբ գործ ունենք քարոզիչների և կեղծարարների այս բանակի հետ, որոնք ամեն օր ցեխ են շպրտում և կարող են միայն վիրավորել, գարշելի բաներ գրել, ընդ որում, այնպիսիք, որոնք անգամ կրկնելն անհնար է, այս գավառական նախանձը, ատելությունը. նման միջավայրում ես չեմ կարող ինչ-որ բան պատմել իմ մասին։ Քանի որ դա նշանակում է, որ հաջորդ թիրախը նրանք կընտրեն իմ շրջապատից որևէ մեկին։ Ես չեմ կարող դա թույլ տալ։

Դուք գիտեք, որ ես ծնվել եմ Երևանում, սովորել Խորհրդային Հայաստանում։ Ի դեպ, մեր Խորհրդային Հայաստանից ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ նման բան տեղի կունանա մեզ հետ։ Մենք երբեք այդպիսի բան չէինք պատկերացնի։ 35 տարի ես պայքարել եմ կոռուպցիա հասկացության դեմ, մեր բոլոր ղեկավարներին ասել եմ, որ կոռուպցիան հարկավոր է դադարեցնել, որ կոռուպցիան կկործանի Հայաստանը, երկիրը չի զարգանա։ Ոչ ոք ինձ չլսեց։ Այո՛, ես սովորել եմ Սթենֆորդի համալսարանում։

Աշխատել եմ կրթության ոլորտում, դասավանդել եմ։ Արցախյան պատերազմից հետո ես եկա Հայաստան, քանի որ այլևս հնարավոր չէի համարում հեռվից հետևել այստեղ կատարվողին։ Այն ամենը, ինչ արել եմ, եղել է դասավանդելը, ուսանողներիս համար գրքեր թարգմանելը, որպեսզի ունենայինք միջազգային հարաբերությունների դպրոցի գոնե ինչ-որ սաղմեր։ Բայց հետո, ինչպես տեսնում եք, իմ աշխատանքի համար ստեղծեցին անտանելի պայմաններ։ Սկսեցին խլել իմ դասընթացները, ընդ որում, ոչ միայն այս ռեժիմի պատճառով։ Իսկ երբ մարդիկ փախչում են Հայաստանից, նրանք Ֆրանսիայում դառնում են Շառլ Ազնավուրներ, Ռուսաստանում դառնում են Արամ Խաչատրյաններ, որովհետև նրանք փախել են։ Իսկ այստեղ՝ Հայաստանում, մենք ունենք այս գավառական հակաէլիտան, որը խեղդում է ամեն առաջադեմ բան։ Նրանք ատում են այն մարդկանց, ովքեր փորձում են ինչ-որ բան փոխել դեպի լավը։ Ահա այսպես ինձնից խլեցին իմ դասընթացները, և իմ ուսանողները զրկվեցին հնարավորությունից՝ սովորել այնպես, ինչպես սովորում են իրենց հասակակիցները Միացյալ Նահանգներում։ Բայց ես ուրախությամբ կարող եմ Ձեզ ասել, որ արդեն ավարտել եմ իմ գրքի առաջին հատորը, և կլինի միջազգային հարաբերությունների տեսության ու պատմության մասին երկրորդ հատորը, որը կթարգմանվի ռուսերեն ու հայերեն, և մեր ուսանողները կշարունակեն զարգանալ, ու նրանց արդեն ոչ ոք չի խանգարի։ Ոչ մի գավառական հակաէլիտա գյուղական Նապոլեոններից դա նրանց չի արգելի։

– Եվ մեր զրույցի վերջում Ձեր մաղթանքները մեր թերթի ընթերցողներին։ Ի վերջո, Նոր տարի է։

– Այս տարի իմ միակ ցանկությունն է ազատվել այս չարիքից։ Մենք պետք է ազատվենք այս չարիքից և փրկենք մեր փոքրիկ հանրապետությունը։ Որովհետև չափազանց երկար տարիներ, դարեր, հազարամյակներ մեր ժողովուրդը երազել է անկախության, սեփական պետությունն ունենալու, անվտանգության մասին։ Եվ երկու անգամ Ռուսաստանը այդ նվերը տվել է մեզ։ Կարելի է սիրել Ռուսաստանը կամ չսիրել, բայց փաստերը դրանից չեն փոխվում։ Մենք մեր պետությունը որպես նվեր ստացանք Ռուսաստանից։ Եվ երկրորդ անգամ պետությունը կորցնելը մեծ ողբերգություն կլինի։ Այս տարի իմ միակ ցանկությունն այն է, որ մենք ազատվենք այս սատանայական ռեժիմից։ Որովհետև այս ամոթը, որը մենք տեսնում ենք ամեն օր, արդեն շատ դժվար է դառնում կրելը։ Ահա սա է իմ միակ ցանկությունը։ Իսկ դրանից հետո մենք շատ այլ անելիքներ ունենք։ Եվ դրանցից մեկը մեր կրթական համակարգի վերականգնումն է, որը ամբողջությամբ ոչնչացվել է դեռևս 1990-ական թվականներին։

 

Հարցազրույցը վարեց Գրիգորի Անիսոնյանը

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչԿրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում. հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին էԸնտրողը վաղուց միայն կարգախոս չի լսում. ով ինչպիսի քարոզարշավ է իրականցնումԱմերիկյան պատվիրակությունը դեռ ինքնաթիռ չնստած դեն նետեց չինացիներից ստացած ամեն ինչՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիԹաթոյանը ՔՊ-ի քարոզարշավին պարտադրանքով գնալու ձայնագրություն միացրեց․ «Ասվե՛լ ա, գնո՛ւմ ենք, վե՛րջ»Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին»Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ)Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԱռուշի «գոլդ» զրոյական կետըՏավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ ԴանիելյանՌաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասինԶելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբԳիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ ՓաշինյանինՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ Պեսկով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված