Եթե այսպիսի նախապատրաստությամբ են գնալու ընդդիմադիրներն ընտրության, հաղթանակի հասնելու հաջողությունը խիստ կասկածելի է. Ղազարյան
ՀրապարակախոսությունԱմենայն հայոց կաթողիկոսին ու եկեղեցուն թիրախավորումը հանդուրժելով՝ ազգովի հատում ենք բարոյականության և սրբությունների անձեռնամխելիության ու անթույլատրելիության վերջնագիծը, որից այն կողմ ազգի բարոյական մահն է, պետականության կործանումն է...
Կմտածե՞ր արդյոք Խորենացին, որ հայ ազգը մեկ և կես հազարամյակ անց կկանգնի իր նկարագրած նույն խնդրի առաջ... Կհայտնվի այսպիսի թշվառ ու խղճուկ վիճակում և հերթով սրբությունները` Աստծուն, եկեղեցին, հայրենիքն ու հերոս նահատակների հիշատակը կուրանա և այդ ուրացման հետ կապրի հաշտ ու խաղաղ։ Որ կունենա շահամոլ, հաշվենկատ, երկչոտ ու անսկզբունք, հայրենիքի, պետականության ու ազգային արժանապատվության զգացողություն չունեցող մտավորական ու քաղաքական այսպիսի ընտրանի։ «Ես չեմ կարող փոխել աշխարհը: Բայց ես կարող եմ ջրի մեջ քար նետել, որը շատ ալիքներ կառաջացնի»,- գրել է Մայր Թերեզան։ Եվ որտե՞ղ են երկրի համար այս օրհասական պահին ազգի մտավորականները, արվեստագետներն ու գիտնականները, ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու նախկին պետական այրերը, այդքան գեներալները, իրենց շուրջը լեգենդներ հյուսած տղաները։ Չէ որ ազգի գիտական֊մտավորական սերուցքն է առաջին հերթին երկրում ցանկացած իրավիճակի համար պատասխանատու, նրանք են կոչված ցանկացած իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել։
Չէ որ Աստծո բարեհաճությամբ այդ նրանք են օժտված յուրահատուկ տաղանդով, ստեղծագործական մտքով ու այլ շնորհներով։ Միայն բարձր ինտելեկտով օժտված նվիրյալ, խանդավառ ու հոգու հարուստ ներքնաշխարհով մարդիկ կարող են ազգին առաջնորդել պայքարել ու հաղթել։ Եվ ո՞ւր մնացին երբեմնի խիզախ, նվիրյալ ու իմաստուն պետական գործիչներն ու ըմբոստ, հայրենապաշտ ու սկզբունքային գիտնականները, գրողներն ու մշակույթի գործիչները, ու մնաց հայ երբեմնի իսկական տղամարդու կերպարը։ Աշխարհում տեղի ունեցող բոլոր մեծ ջանքերը, բոլոր վեհ գործերն ու հաղթանակներն էլ պատկանում են նրանց` մեծ անհատներին։
Մի՞թե այդ մարդկաց տրված բոլոր կոչումները, աստիճանները, պարգևներն ու տիտղոսները կեղծ են, մի՞թե այդքան մանր մարդկանց ենք ընտրել պետության ղեկավարներ ու երկիր վստահել, մի՞թե հորինվածք են եղել շատերի շուրջ այդքան հյուսված լեգենդները։ Կարծես մեր այս օրերի համար է Թումանյանն ասել. «Ավա՜ղ, կարծես թե իզուր են ապրում ու անցնում մեծ փիլիսոփաները, մեծ գիտնականներն ու մեծ բանաստեղծները, ազգերի համար մեծ մասամբ նրանք հանդիսանում են լոկ որպես շքեղ զարդարանքներ»: Եվ ինչպես ռուս գրող Ն. Ա. Նեկրասովն է ասել. «Չկա գիտություն` գիտության համար, չկա արվեստ` արվեստի համար, դրանք բոլորը գոյություն ունեն հասարակության համար, մարդուն վսեմացնելու, վեհացնելու համար, նրան գիտելիքներով և կյանքի նյութական հարմարություններով հարստացնելու համար»: Իշխանությունների կողմից էլ ամեն ինչ արվեց հասարակության աչքում գիտնականի ու մտավորականի երբեմնի այդ բարձր հեղինակության կերպարն ու կարգավիճակը նվաստացնելու ու արժեզրկելու համար, նրանց երբեմնի դերն ու նշանակությունը հանրային կյանքում և քաղաքական գործընթացներում թուլացնելու ու չեզոքացնելու համար։
Սթափվել է պետք, սիրելի հայրենակիցներ, այն, ինչ կատարվում է եկեղեցու, եկեղեցականների ու կաթողիկոսի շուրջ, ոչ մի առնչություն չունի եկեղեցու հետ, այն մեծ հաշվով Հայաստան պետության վերջնական ոչնչացման նպատակ է հետապնդում։ Աստծուց ու բարոյականությունից էլ խոսում են անբարոյականության խորհրդանիշներն ու անաստվածները։ Եվ որպեսզի պետությունը կործանեին, պետք է նրա անվտանգությսն երաշխիքները թուլացնեին` պետական ինստիտուտներն արժեզրկեին, բանակը կազմաքանդեին, սփյուռքին ու Ռուսաստանին մեզանից վանեին, ազգային արժեքները, ավանդական ընտանիքը ապականեին, միջավայրն այլասերեին, ժողովրդին պառակտեին, ատելություն ու չարություն տարածեին, հերոսներին վարկաբեկեին։ Հիմա հերթը պետականության պահպանման հիմնական երաշխավորից մեկինն է, ամենաազգային ու ամենամեծ վստահություն վայելող ու հավատ ներշնչող ազգային համերաշխություն ապահովող կառույցինն է, եկեղեցունն է, հայ ժողովրդի վերջին բարոյական ու հոգևոր հենարանինը, ապավենինը` որի շնորհիվ, առանց պետականության դարեր շարունակ պահպանվել ու փոխանցվել է հայոց գրերը, ազգային արժեքներն ու սովորույթները, հայի ազգային կերպարն ու ինքնությունը։ Այսօր էլ հայ հոգևորական դասը, եկեղեցին անում են ոչ քիչ հայապահպանության համար, ապագայի նկատմամբ ազգի հույսն ու հավատը չկորցնելու համար, ազգն այլասերումից ու բարոյազրկումից պաշտպանելու համար։
Իսկ պետականությունը մեր բնօրրանում մեր գոյության, լինելիության, հայրենիք ունենալու, արժանապատվության, անվտանգության գլխավոր միջոցն ու պայմանն է, մեր սիրո ու ջերմության անսպառ աղբյուրն է, երազանքների ամենահուսալի ապաստանն է, մեր պահապանն է, ծածկ է մեր գլխավերևում։ Մեզանից խլեցին, կործանեցին հայկական պետականություններից մեկը` Արցախը, իսկ հիմա թիրախը Հայաստան պետությունն է։ Սթափվել է պետք, սիրելի հայրենակիցներ, աչքի լուսի պես պահել ու պահպանել է պետք պետականությունն ու նրա գլխավոր երաշխավորներից` Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն։ Պետությունը պահելու միջոցն էլ սերն է, համերաշխությունն ու միասնությունն է։ Եվ եթե այսպիսի նախապատրաստությամբ են գնալու ընդդիմադիրներն ընտրության, ապա հաղթանակի հասնելու հաջողությունը խիստ կասկածելի է։
Մեծարգո նախկին բարձրաստիճան պետական այրեր, մտավորականներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ, իշխանավորներ ու իրավապահ համակարգի պատասխանատուներ, ուզում եմ սթափվեք և լավ գիտակցեք, որ մենք բոլորս նույն Հայաստան նավի մեջ ենք և միասին ենք խորտակվելու։ Եվ մինչ դուք Ձեր հանգիստ կյանքն եք վայելում և սպասում, որ ամեն ինչ տեղի ունենա՝ առանց ձեր մասնակցության, կեղծ է, ձեր բոլորիդ կյանքը երբեք կյանք չի լինելու, դա լավագույն դեպքում կլինի թշվառություն ու գոյություն քարշ տալ։ Իսկ Աստծո ու ժողովրդի արդար ու դաժան պատժից դեռ ոչ մեկին չի հաջողվել խուսափել։ Եկեղեցու զանգերն էլ պետք է չլռեն երբեք և ավետեն ազգային մի նոր պայքարի, զարթոնքի ու վերածննդի սկիզբը։
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
