Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի վրա Վենսի այցը․ Մանրամասնում է քաղաքագետը
ՀանդիպումԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան ավարտվեց, ի՞նչ էական արդյունք տվեց այդ այցը Հայաստանին, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցում փոխնախագահի այցն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ քաղաքագետ Բենիամիան Պողոսյանը նկատում է․
- Գուշակություններով զբաղվել չեմ ցանկանում, բայց որքան ես եմ հասկանում Բաքվի ընկալումներից, կա գերիների երկու խումբ՝ ռազմաքաղաքական ղեկավարություն, որտեղ կա առանձնացված Ռուբեն Վարդանյան ու մնացած 7-ը, ու մնացյալ գերիները, Ադրբեջանի կողմից հաստատված 19 գերի, որից հանում ենք 8-ը, մնում է 11: Որքան ես եմ պատկերացնում, Ադրբեջանը դիտարկում է ինչ-որ բանի կամ ինչ-որ կողմի խնդրանքի դիմաց այդ 11 անձին ազատ արձակելու հնարավորությունը, կարող եմ ասել՝ մինչև այս տարվա հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններ: Բայց ռազմաքաղաքական ղեկավարության խմբի մասով Ադրբեջանն ունի այդ մարդկանց ազատ արձակելու զրո ցանկություն, ու տրամադրվածությունը այնպիսին է, որ այդ մարդիկ դեռ շատ երկար պետք է մնան Բաքվի բանտերում: Հնարավո՞ր է փոխել Ադրբեջանի դիրքորոշումը այս մասով, մի փոքր բարդ է ասել, բայց ամեն բան կախված է նրանից, թե ո՛վ է պահանջողն ու ի՛նչ է առաջարկում դրա դիմաց, հետևաբար չենք կարող ասել, թե այստեղ կան դժվարություններ, բայց, իմ պատկերացմամբ, Ադրբեջանը դժվար թե հակված է այդ մարդկանց խնդիրը մոտ ապագայում լուծելու:
Իսկ ընդհանուր առմամբ Վենսի այցը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն շարունակում է հետաքրքրված լինել Հարավային Կովկասով, շեշտում եմ՝ Հարավային Կովկաս, որովհետև այցը միայն Հայաստան չէր, լինելու է նաև Ադրբեջանում: Սա կարևոր է, որովհետև առայժմ, գոնե 2025-ի օգոստոսի 8-ից հետո, ԱՄՆ-ի ներգրավվածությունը կամ ներկայացվածության շահագրգռվածությունը տարածաշրջանում կայունության գլխավոր գրավականներից մեկն է:
