Кто он такой этот потерпевший. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԵթե սա իրավական պետություն է, ուրեմն՝ տեքստ սղագրողն էլ հանցագործ է։ Քննչական կոմիտեի նախագահ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ մտքի թռիչքն իսկապես անսահման է: Պարզվում է՝ Գերագույն հոգեւոր խորհրդի նիստն արձանագրելն արդեն բավարար է, որ քեզ ութ ժամ քաշքշեն ՔԿ-ում, հետո էլ՝ մեղադրանք առաջադրեն։ Ոչ թե որոշում ես կայացրել, ոչ թե խոսել ես, այլ՝ պարզապես գրել ես, թե ուրիշներն ինչ են ասել։ Իրավապահ նորարարություն՝ «մեղավոր է, որովհետեւ գրիչ է բռնել» սկզբունքով։ Զավեշտն այն է, որ մեղադրյալի դերում հայտնվել է հենց նիստի քարտուղարը՝ Արժանապատիվ Տեր Մովես քահանա Սահակյանը՝ մարդ, որի գործառույթը տեխնիկական է՝ սղագրել, կազմակերպել, վերջ։ Ինքը դա էլ ասում է՝ պարզ, առանց փաթեթավորման. «Որոշումներ կայացնող մարմին չեմ, իմ ձայնն այնտեղ չի լսվում, ժողովներին չեմ խոսում»։ Բայց երեւի սա էլ է հանցանք։ Թերեւս ՔԿ-ի տրամաբանությամբ՝ եթե լսել ես, ուրեմն՝ մասնակցել ես, եթե գրել ես՝ ուրեմն՝ հեղինակ ես, իսկ եթե լռել ես, ուրեմն՝ հատկապես մեղավոր ես։ Եվ ահա այս ամբողջ թատրոնի ֆոնին՝ Գեւորգ եպիսկոպոսին կարգալույծ հռչակման նիստի սղագրողին դարձնում են քրեական գործի ֆիգուր։ Որպեսզի ի՞նչ լինի, երեւի, որ մյուս սղագրողները սովորեն՝ գրիչը վտանգավոր գործիք է։ Տեր Մովեսն, ի դեպ, հստակ ասում է՝ ճնշումներով ճամբար չի փոխի, նույնիսկ եթե կալանավորեն։ Այո՛, իշխանությունն այստեղ չի պայքարում որոշումների դեմ, այլ՝ թղթի ու գրիչի։ Իսկ սա արդեն ոչ թե իրավական գործընթաց է, այլ իրավական ֆարս։
Ոչ պակաս զարմանալի է «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ քաղաքական գործունեությունը: Նախ ինքն իրեն հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի է պատրաստ, հետո՝ օր նշանակում, վերջում՝ հաղթանակած հայտարարում, թե՝ չեկավ: Իսկ հիմա էլ երեք հարցով դիմել է օրեր անց Հայաստան ժամանող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին: Թաթոյանի երեք «հարցերը» իրականում ոչ թե հարց են, այլ պատրաստի ճառ՝ ուղղված ոչ այնքան Վենսին, որքան ներքին լսարանին՝ «տեսեք՝ ես միջազգային դաշտում եմ» ենթատեքստով։ Գերիների, օկուպացիայի ու էթնիկ զտման թեմաները վերածվել են քաղաքական ինքնագովազդի փաթեթի, որտեղ արտաքին քաղաքականությունը ներկայացվում է որպես անձնական PR-ի շարունակություն։ Իսկ Վենսի այցը՝ հարմար ֆոն՝ հերթական «հաղթանակած հայտարարության» համար, անկախ նրանից՝ լսող եղա՞վ, թե՝ ոչ։ Այնպես որ, շուտով Թաթոյանը կհայտարարի, որ այնքան հուժկու էր իր հարցադրումները, որ Վենսը չկարողացավ պատասխանել, մինչդեռ ԱՄՆ փոխնախագահը տեղյակ էլ չէ՝ «кто он такой этот потерпевший?»:
Ուշագրավ բացահայտում է արել բլոգեր ՄԻԿԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ՝ Մասյացոտնի արդեն նախկին կամ դատարանի կողմից վերանշանակված առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի մասին: Տիրադավ հռչակված այս կարգալույծ հոգեւորականի մասին նա գրում է. «Արման (նախկինում Գեւորգ Եպիսկոպոս Սարոյան), հիշո՞ւմ ես, թե ինչ պատահեց 2017 թվականի օգոստոսի 1-ի գիշերը Մոսկվայում՝ Դոմոդեդովոյից վերադառնալիս։ Հիշո՞ւմ ես։ Կարծում ես՝ բոլորը մոռացե՞լ են դա։ Աղջիկը շատ երիտասարդ է, 25 տարով փոքր։ Մենք գիտենք նրա անունը։ Մենք գիտենք, թե ինչպես տարաք նրան մեկ այլ հիվանդանոց։ Մենք գիտենք, թե ինչպես ես մաքրել …. հետքերը.. »: Ի՞նչ ասես, մեղա, մեղա…
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը
