ԻՐԱՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՄԻԱՆԳԱՄԻՑ ՊԱՅԹԵՑՆԵԼ ՆԱԵՎ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ
Միջազգային«Դատաստանի օրվա ժամացույցը» ցույց տվեց ռեկորդային քիչ ժամանակ մինչև «միջուկային կեսգիշեր»։ Մնացել է ընդամենը 85 վայրկյան մինչև «Արմագեդոն»: Հիշեցնենք` ատոմային գիտնականների տեղեկագրի կողմից իրականացվող նախագիծը արտացոլում է, թե ինչպես են փորձագետները գնահատում գլոբալ սպառնալիքների վտանգը։
ՀԵՐԹԱԿԱՆ ԾԱՆՐ ՄԵՍԻՋՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅԻՑ
Այսքան մոտ աշխարհի վերջին մոլորակը դեռ չի գտնվել: Ընդ որում, մասնագետները բացատրել են, որ թեեւ այսչափ սրացման վրա ազդել են մի շարք հիմնական գործընթացներ` ուկրաինական պատերազմը, Եվրոպայի հետ սրացումները, հարավամերիկյան ճգնաժամը, սակայն «վերջին ակորդի» դերում է Իրանի շուրջ ներկա զարգացումները: Ըստ այդմ, բավական է ԱՄՆ–ն անցնի հարձակման, որ այդ 85 վայրկյանը եւս առնվազն կիսով չափ կրճատվի:
Բայց մինչ Իրանի շուրջ վերջին զարգացումներին հասնելը, նաեւ նկատենք, որ ներկայիս վիճակն արդեն իսկ ակտիվորեն սրում է նաեւ հարավկովկասյան տարածաշրջանի եւ Հայաստանի հետ կապված իրողությունները: Այսինքն, շատ ավելի ցցուն են դարձել այն խաղերը, որոնք ԱՄՆ–Իսրայել թեւը ծավալում է մեր տարածաշրջանում, թերեւս այն համարելով Իրանի դեմ հարձակման դեպքում ցամաքային պլացդարմ: Եվ, բնական է, դրանից բխում է այն սրվող հակազդեցությունը, որը գալիս է ինչպես Իրանից, այնպես էլ` Ռուսաստանից: Ու պատկերն ամբողջական է դառնում, երբ այս ամենին գումարվում են նաեւ Անկարայի խաղերը, հաշվի առնելով նաեւ Էրդողանի` «երկու աթոռի վրա» գործելու հայտնի ռազմավարությունը:
Ամեն դեպքում, փաստն այն է, որ Մոսկվայում սկսել են գնալով ավելի ծանրացող հայացքով նայել մասնավորապես հայաստանյան, ասենք նաեւ` ադրբեջանական իշխանություններին, ինչը, բնական է, լայն արտացոլում է ստանում նաեւ փորձագիտական գնահատումներով: Վերջին մեղադրանքներից մեկը, հաշվի առնելով նաեւ հայ–թուրքական սահման բացելու մասին ներկա ակտիվ քարոզները, ներկայացրեց «Գաղտնի գրասենյակ» հայտնի ռեսուրսը, հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին, այն թեզն առաջ տարավ, որ Էրդողանը պատրաստվում է 10 միլիոն դոլար հատկացնել «Իմ քայլը» հիմնադրամին: Բնական է` բարեգործության անվան տակ, ըստ աղբյուրի` «հայ հասարակության խոցելի խմբերին, այդ թվում՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, թոշակառուներին և հատուկ կարիքներ ունեցող ընտանիքներին աջակցելու համար»: Բայց եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա ընտրությունների շեմին նման գումար տալը, առավել եւս` Թուրքիայի արտգործնախարարի աղմուկ հանած հայտարարության ֆոնին, անլուրջ կլիներ սովորական բարեգործություն համարելը:
Ամեն դեպքում, նման տեղեկատվության հենքի վրա ռուսական աղբյուրը հանգում է այն եզրակացությանը, որ` «Թուրքիան և Հայաստանը շարունակում են քաղաքական մերձեցման ուղին, որը հարված է Ռուսաստանի դիրքերին տարածաշրջանում։ Ավելի վաղ մենք հաղորդել էինք ռուս սահմանապահներին Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանից հետ քաշելու ենթադրյալ նախապատրաստական աշխատանքների մասին։ Հայաստանի համար այս միտումը բացում է ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության ուղին, քանի որ վերացնում է Շիրակում ռուսական ռազմաբազայի պահպանման նպատակահարմարության հարցը իր տարածքում»։
Կարճ ասած`«Հարավային Կովկասը Ռուսաստանի համար դառնում է նոր Բալթիկա»։ Իսկ դա աղբյուրը համարում է այնքան վտանգավոր, որ հետեւում է կոշտ սպառնալիքը. «Հաշվի առնելով իր կարևորագույն դիրքը՝ Սև և Կասպից ծովեր մեր մուտքը մասամբ փակելու ներուժով, Անդրկովկասը բոլոր հնարավորություններն ունի դառնալու Ռուսաստանի մասնակցությամբ ռազմական գործողությունների հաջորդ խոշոր թատերաբեմը՝ ուկրաինական հակամարտությունից հետո»: Ինչի մասին, հիշեցնենք, առանց թաքցնելու վերջերս խոսում էր նաեւ ռուսական քարոզչական համակարգի մեկ այն ոչ անհայտ ներկայացուցիչ Սոլովյովը:
Ընդ որում, ռուսական փորձագիտական այլ աղբյուրներ եւս ակտիվացրել են թեզը, թե. «Հայաստանն ու Մոլդովան սկսում են ավելի ակտիվ համակարգում իրականացնել իրենց հետախուզական ծառայությունների միջև «ռուսական սպառնալիքի» դեմ պայքարում։ Մոլդովայի ՀՔԾ-ն արդեն իսկ տեղեկատվություն է փոխանակում այն մասին, թե ինչպես «արդյունավետորեն հակազդել ընտրությունների միջամտության սպառնալիքին... Հետխորհրդային տարածքում հակառուսական ուրվագիծը մոտենում է իր ձևավորման վերջին փուլին... Ռուսաստանի վրա ճնշումը կաճի տեղեկատվական-քաղաքական, ռազմական և տնտեսական ոլորտներում։ Արևմուտքը մեզ վրա նոր սպառազինությունների մրցավազք է պարտադրում իր սեփական պայմաններով...»: Ըստ այդմ. «Այս պայմաններում հետխորհրդային տարածքը պետք է դառնա կենսականորեն կարևոր Ռուսաստանի համար։ Նախկին մոտեցումները պետք է արմատապես վերանայվեն...»:
ՈՐՔԱՆՈՎ Է ՌԵԱԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՆՈՐ ՀՌՕ–Ն
Թե ինչքանով այդ սպառնալիքները կտեղափոխվեն գործնական հարթություն, ժամանակը ցույց կտա: Բայց իրողությունը սա է. Մոսկվան ակնհայտորեն լուրջ, ռազմավարական բնույթի վտանգ է տեսնում ողջ հետխորհրդային տիրույթում եւ առաջնային, իհարկե` Հարավային Կովկասում: Մոտավորապես այն կարգի, ինչպիսիք տեսնում էր նաեւ ուկրաինական պատերազմից առաջ:
Ընդ որում, այդ ցանկում, բացի Հայաստան–Ադրբեջանից, նաեւ մնում է Վրաստանը: Հաշվի առնելով, որ թեեւ ռուս–վրացական հարաբերությունների շրջադարձի մասին ակնարկող որոշակի նյուանսներ կան, սակայն պաշտոնական Թբիլիսիից լսվում են հայտարարություններ, որոնք, մեղմ ասած, համահունչ չեն այդ միտումներին: Դրանց օրինակներից է Կոբախիձեի վերջին հայտարարություններից մեկը, որով Վրաստանի վարչապետը ի ցույց է դնում երկրի պատրաստակամությունը` Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցության համար: Ըստ Կոբախիձեի. «Որոշումը նրանցն է (ԱՄՆ–ինը– Հեղ.): Ցավոք, Բայդենի վարչակազմի կողմից ստեղծված հարաբերությունների համատեքստը դժվար է: Մենք համբերատար սպասում ենք և հայտարարում ենք ռազմավարական գործընկերության մեր պատրաստակամության մասին»: Ու Թբիլիսին հույս ունի, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսի` տարածաշրջան նախատեսված այցի շրջանակներում որոշակի լուծումներ կլինեն:
Այսպիսով, դժվար չէ կռահել նաեւ, թե ինչու է Մոսկվան հիմնական սրությունը դնում հենց հարավկովկասյան ուղղությամբ. սա այն միջանցքն է, որը վերահսկելու դեպքում Մոսկվան նաեւ կկարողանա վերահսկել փակուղու մեջ հայտնվող Կենտրոնական Ասիան: Կամ հակառակը. եթե կովկասյան տիրույթը հայտնվի ամերիկյան կամ թուրքական վերահսկողության տակ, ապա Մոսկվայի համար չափազանց սուր է դառնում նաւե Կենտրոնական Ասիան կորցնելու հեռանկարը: Գումարած, կա նաեւ Իրանի հետ կապից զրկվելու ռիսկը: Հենց այդ հանգամանքն է, որ կովկասյան ուղղությամբ նոր հատուկ ռազմական օպերացիա ծավալելու մասին ռուսական փորձագիտական շրջանակներից եկող ահազանգերը ստանում են միանգամայն սպառնալից տեսք:
ԻՐԱՆԸ ԾԱՅՐԱՀԵՂ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ
Մյուս կողմից, նույնաբնույթ ակնարկ–սպառնալիքների պակաս, որը գալիս է Իրանից, նույնպես չկա: Դեռ միայն վերջերս Հայաստանում Իրանի դեսպանն առանց այս ու այն կողմ ընկնելու խոսեց այն մասին, որ կարող են Իրանում մեր երկիրը սկսել ընդունել` որպես թշնամական: Նույնքան ցայտուն ակնարկներ են գալիս` նաեւ Ադրբեջանի հետ կապված: Օրինակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած փորձագիտական աղբյուրը գրում է. «Արաբական երկրներից բացի, Միացյալ Նահանգները զորքեր և զենք է տեղակայում Ադրբեջանում` Իրանի վրա բոլոր կողմերից հնարավոր հարձակման համար։ Այդ նպատակով կտրուկ ակտիվացել են դեպի Բաքու ռազմական բեռնափոխադրող թռիչքները»: Աղբյուրն ակնարկում է նաեւ, որ ամենեւին էլ պատահական չէր, որ այս խառը օրերին Իսրայելի արտգործնախարարը ժամանակ գտավ Ադրբեջան այցելելու եւ Ալիեւին ու Բայրամովին հանդիպելու համար:
Ընդ որում` ասել, թե նման հայտարարությունները մերկապարանոց են, սխալ կլիներ: Նաեւ հաշվի առնելով, որ հենց իսրայելական աղբյուրներն են անթաքույց խոսում այդ մասին: Օրինակ, նախօրեին Իսրայելի 12-րդ ալիքը, որն ունի պրոիշխանականի համարում, ներկայացրեց. «ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից բացի, Իսրայելը կարող է հույսը դնել Հորդանանի և Ադրբեջանի վրա` պաշտպանության և հարձակման համար: Նրանք կգան մեզ օգնության Իրանի հետ բախման դեպքում»:
Այսպիսով, գնալով միայն շեշտադրված է դառնում, որ ինչպես Մոսկվան, այնպես էլ Իրանը հարավկովկասյան ուղղությունն աստիճանաբար սկսում են դիտարկել` որպես թշնամական գոտի: Հասկանալի է, դեռ պաշտոնապես այդ հարցն առաջին պլան չի բերվում: Բայց այն, որ ռազմավարական բնույթի հաշվարկներ, ծրագրեր այս ուղղությամբ կազմվում են, դա կարելի է միանշանակ համարել: Ու ամենամեծ վտանգն է, որ այդ ծրագրերը կարող են ունենալ նաեւ ռազմական բաղադրիչ` «գլխից էլ, գլխացավից էլ միանգամից ազատվելու» իմաստով:
Չնայած, ամեն բան կախված է այն քայլերից, որոնք Թրամփը կիրականացնի Իրանի ուղղությամբ: Կլինի՞ պատերազմ, դա սպառնում է միանգամից պայթեցնել նաեւ մեր տարածաշրջանը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

