«Բարենորոգումը» քահանաների ընտանիքների լացի ու տագնապի վրա՞, իմ օրակարգը բախումը չէ՝ հոգևոր է․ Մասյացոտնի թեմի առաջնորդ Հայր Ռուբենը՝ ճնշումների մասին
ԹեմաՔահանաները ուխտ են արել, ստացել են հոգևոր կրթություն, ստացել են շնորհ՝ ի վերջո ձեռնադրվել՝ քաջություն ունենալու համար։ Սակայն քահանաներն ունեն նաև ընտանիքներ, երեխաներ, որոնք այսօր տառապում են այս ճնշումների ու սպառնալիքների հետևանքով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
«Ի՞նչ անենք՝ «բարենորոգումը» կառուցե՞նք մարդկանց տառապանքների, տանջանքների, լացի ու տագնապի վրա։ Ես տեսել եմ՝ ոնց են լացում, ոնց են տագնապի մեջ»,- ասաց Հայր Ռուբենը։
Տեր Ռուբենը նշեց, որ իր օրակարգը բախումը չէ. «Իմ օրակարգը հաշտությունն է, միասնությունն է, իմ օրակարգը հոգևոր է և եկեղեցական։ Ոստիկանն էլ կլսի, կդառնա, դարձի կգա։ Չկա այդպիսի մարդ, որ իր ցանածը հետո իրեն չվերադառնա»,– ասաց նա՝ հավելելով, որ եկեղեցական համայնքները կանգնած են իրենց քահանաների կողքին և թույլ չեն տալիս, որ նրանց հեռացնեն եկեղեցուց։
Նշենք, որ այս պահին թեմից Հայր Ռուբենին իր անվերապահ աջակցությունն են հայտնել 20 քահանա և 3 սարկավագ։ Ըստ Հայր Ռուբենի՝ իր թեմի մի քանի քահանա ցանկացել են ասուլիս հրավիրել ու բացահայտումներ անել, սակայն ինքը հորդորել է չանել, քանի որ դա իրենց ներքին քննարկման հարցն է։