Եվրոպան հայտնվում է «մեծ խաղից դուրս» վիճակում
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Մերցը եւս հայտարարել է, որ փոխել է իր միտքը «Խաղաղության խորհրդին» միանալու վերաբերյալ: Չնայած այն բանին, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփին խոստացել էր դա անել։
Այսպիսով` եվրոպական առաջատարները` Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան հրաժարվում են թրամփյան այդ կառույցից, որը շատ վերլուծաբաններ համարում են ՄԱԿ-ին ոչ հեռու ապագայում փոխարինող: Առաջատարներին սկսել են միանալ նաեւ երկրորդ պլանի եվրոպական երկրները: Դրանիցից Իսպահիան արդեն այդ մասին պաշտոնապես հայտարարել է:
Կարելի է հասկանալ, որ այդ կասեցումն իրականացվում է ԵՄ ղեկավարության հրահանգով:
Արդյունքում, եթե իրոք «Խաղաղության խորհրդին» միանան Ռուսաստանը, ապա նաեւ չինաստանը եւ Հնդկաստանը, այդ կառույցն իրոք կհավակնի ՄԱԿ-ին փոխարինողի դերին: Նման փոխարինող իրոք պետք է դարձել, հաշվի առնելով, որ ՄԱԿ-ը, ինչպես ցույց են տալիս վերջին տարիների իրադարձությունները, իրեն լիովին սպառել է: Իսկ ահա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որը ծրագրված էր, որպես համաշխարհային կառավարության պես մի բան, ունի զրոյական էֆեկտիվություն: Ու դա հասկանալի է. ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ են արդեն այնպիսի երկրներ, որոնք ոչ մի կերպ դրա ստեղծման ժամանակների կշիռն այսօր չունեն: Այդ թվում` Բրիտանիան, Ֆրանսիան: Փոխարենը առաջ են եկել շատ ավելի մեծ հնարավորություններով երկրներ, ասենք` Հնդկաստանը, որն այդ կառույցից դուրս է: Ընդ որում, ԱԽ-ի վերակառուցման տարբերակ չկա. մշտական անդամներն ունեն ցանկացած նման փորձեր արգելափակելու իրավունք, եւ դա կանեն, քանի որ վերակառուցումն իրենց զրկելու է առաջատարի իրավական ֆունկցիայից:
Ուրեմն` կդառնա «Խաղաղության խորհուրդը» ՄԱԿ-ին փոխարինող. ժամանակը ցույց կտա: Բայց փաստը, որ գործընթացն ակտիվորեն առաջ է գնում, տեսանելի է: Նաեւ այն, որ Եվրոպան, դեմ գնալով այդ գործընթացին, պարզապես կարող է հայտնվել «մեծ խաղից դուրս» վիճակում: