Նպատակը վախեցնելն է, սակայն չստացվեց. եւս 5 անձի տանը կլինեն նմանատիպ գործողություններ. Դեմոյան
ՆերքաղաքականՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆՆ օրերս սոցցանցում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ քննչական մարմինները մուտք են գործել իր բնակարան եւ խուզարկություն են իրականացնում: Իսկ դրան նախորդել էր այն, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էր անդրադարձել Դեմոյանին եւ նշել, թե առաջիկա օրերին պատրաստվում է դիմել դատարան՝ վերջինիս կողմից զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու պահանջով: Ի վերջո, ի՞նչ է կատարվում, «Իրավունք»-ը մանրամասներ է պարզել հենց Դեմոյանից:
— Պարոն Դեմոյան, Ձեր բնակարանի խուզարկության պատճառն իրականում ո՞րն էր:
— Վերջին երեք տարիների ընթացքում ես իմ գրառումներով անդադար բարձրաձայնել եմ, որ 2021 թվականին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանի հաղորդման հիման վրա, հափշտակումների թեմայով հարուցված քրեական գործը մտնի դատաքննության փուլ: Այսինքն, որեւէ մեկը, բացի ինձանից, շահագրգռվածություն չի ունեցել՝ այդ գործին ընթացք տալու: Երկար ժամանակ այն դադարեցված էր եւ քննչական գործողություններ չէին կատարվում, հարցաքննություններ չկային եւ, չգիտես ինչու, որոշեցին, ինչ-որ ցուցմունքների հիման վրա ինձնից սկսեն խուզարկությունը,՝ զուտ նրա համար, որ ես աշխատել եմ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն:
Ցուցմունքները շատ տարբեր են եղել: Մեկ ցուցմունքի վրա հիմնվելով՝ եկել են իմ տուն, սակայն ես էլ տվել եմ այլ ցուցմունքներ, որտեղ հիշատակել եմ այլ անուններ՝ բազմաթիվ հանցագործություններով: Ցանկը՝ իբր հափշտակումների, որը ներկայացվել էր Հարություն Մարությանի կողմից, ես առաջին իսկ ծանոթացումից հասկացա, որ սխալ է եւ կեղծ: Գործը վարող ավագ քննիչ Լուսինե Հայկյանից խնդրեցի՝ ցանկերի օրինակի պատճենը, որպեսզի ծանոթացումից հետո՝ ես իմ գրառումը անեմ, որպես գրավոր ցուցմունք՝ հենց այդ ցանկի վրա:
Ծանոթանալուց հետո հասկացա, որ այնտեղ շատ բաներ ուղղակի տեղում են եւ կորչել չէին կարող, ու գրեցի, որ դա գիտակցաբար նախաքննությանը ներկայացված կեղծ տվյալ է, որը քրեորեն պատժելի է: Նաեւ նշեցի ամսաթիվ ու ստորագրություն: Քննիչը զարմացած հարցրեց, թե՝ այդ ինչ եմ անում, ես էլ իրեն բացատրեցի, որ եթե եկել եմ քննիչի սենյակ, հետեւաբար ցուցմունք եմ տալիս եւ խնդրեցի, որ այն կցի իմ ցուցմունքներին:
Անցավ 10 օր, ես իմ նախաձեռնությամբ արդեն քննչական գործողություն խնդրեցի, որպեսզի ես գնամ եւ լրացուցիչ տեղեկություններ տամ: Այդ այցի ընթացքում հարցրի ցանկի հետ կապված, որի հիման վրա հարուցվել էր քրեական գործը, քննիչն ինձ ասաց, որ այդ ցանկը կորցրել է: Դա զավեշտ է: Ես անգամ ասացի, որ չի կարող կորել իմ ցուցմունքը, որը եղել է գրավոր: Պարզ է, թե ինչու էին դա անում. Մարությանի կաշին փրկելու համար: Հետագայում պարզվում է, որ իբրեւ կորսված իրերի սխալ հաշվարկ էին արել, եւ դրանց մեծ մասը գտնվել էր թանգարանում: Օրինակ, գիրք է եղել, որը, պարզվում է, մեկը տարել էր տուն կարդալու, կամ մյուսը վերցրել էր իր աշխատասեղանին էր դրել եւ այլն: Այսինքն՝ սխալ թիվ էին նայել եւ մոտավորապես մի 30 իր չէին տեսել, սակայն հետո թանգարանից գտել էին: Հետեւաբար, այս դեպքում Մարությանը պետք է առաջին պատասխանատուն լինի քրեորեն պատժելի գործողություններ կատարելու եւ նախաքննությանը կեղծ տվյալ տալու համար:
Ինձ առաջինը լռեցնելու փորձը եղավ այն ժամանակ, երբ սկսեցի բարձրաձայնել, թե ով էր Հարություն Մարությանը: Նա՝ Հրանուշ Խառատյանի հետ, 2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունները սպասարկող գործակատարներից մեկն էր: Չենք մոռացել նրանց գրառումները, թղթերը, հոդվածներն ու երիտասարդությանը մոլորության մեջ գցելը եւ այլն: Դա Հրանուշ Խառատյանի «ազգագրական խմբակն էր»: Նաեւ ցուցմունքի մեջ նշել եմ անուններ, թե ովքեր են ներխուժել իմ սենյակ: Ասեմ, որ որոշ պակասող գրքեր եղել են հենց իմ առանձնասենյակից: Ես 8 ամիս գործուղման մեջ եմ եղել, այդ ընթացքում 5 ժամանակավոր պաշտոնակատար է եղել, եւ նաեւ թանգարանի հետ կապ չունեցող տարբեր մարդիկ են մտել: Իմ առանձնասենյակ է մտել իմ տեղակալ Սուրեն Մանուկյանը՝ 2017 թվականին հակառակվելով ինձ եւ ակադեմիայի փոխնախագահին, որից հետո բանալիները տվել է օտար մարդու: Ակադեմիայի փոխնախագահը պնդել է անգամ, որ դուրս գա, քանի որ առանց իմ թույլտվության չի կարող մտնել իմ առանձնասենյակ, սակայն նա հակառակվել է: Ի դեպ, ասեմ, որ երկար տարիներ է աշխատել ինձ հետ, սակայն մեջքից խփեց՝ հույս ունենալով, որ այդ կերպ կդառնա տնօրեն:
Դրանից հետո արաբագետ Արայիկ Հարությունյանը ներխուժեց այնտեղ՝ նախարարի կարգավիճակով: Խոսքը նույն Արայիկ Հարութունյանին է վերաբերում՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար: Նրանք իրար լավ ճանաչում էին:
Ես անգամ եկել, խնդրում էի տեսակցություն, որպեսզի իմ աշխատանքից ազատումը օրինական կերպ ձեւակերպվեր, քանի որ ես գնացել էի գործուղման որպես ՊՈԱԿ-ի տնօրեն, սակայն իմ գործուղման ընթացքում ՊՈԱԿ-ը դարձել էր հիմնադրամ: Հետեւապես, ինչպե՞ս պետք է ես ազատվեի: Խնդրում էի, որ հանդիպենք եւ լուծում գտնեինք, սակայն իրենք արհամարհեցին: Հետո երբ կարճաժամկետ մեկնեցի ԱՄՆ, նրանք այդ ընթացքում, ցինիկաբար մտան սենյակ եւ հայտարարեցին, որ ես իրավունքներ եւ լիազորություն այլեւս չունեմ: Ու սա այն դեպքում, որ ես դեռեւս ազատված չէի աշխատանքից, չէի ստացել աշխատավարձ եւ ազատման հրաման: Այդ խաբեությունն իրենց ձեռագիրն է:
Հիմա նրանք իմ ցուցմունքներով դիտվում են որպես նյութական վնաս հասցրած անձինք՝ ե՛ւ թանգարանին, ե՛ւ ինձ: Բայց որոշել էին ինձնից սկսել՝ մտածելով, որ պակասորդը կարող է իմ տնից գտնեն: Այդ ամենի հիմնական նպատակը վախեցնելն է, սակայն` անկատար: Հիմա ես ակնկալում եմ, որ եւս 5 անձի տանը կլինեն նմանատիպ գործողություններ:
— Դուք ներկայացրել եք բոլոր ստացականները, թե որքան նվիրատվություններ եք կատարել տարբեր թանգարաններին: Ի՞նչը դրդեց Ձեզ դա անել:
— Առաջին անգամն էր, որ ստիպված էի նման բան անել, հատկապես իրենց այս վերջին գործողությունն անելուց հետո: Ես դա արել եմ հաճույքով, ինձ համար կենսակերպի ձեւ է, եւ չեմ հաշվել, թե իմ փողերն ում էի տալիս, քանի որ գտնում էի, որ նվիրատվություն անելը ճիշտ է: Այն ամենը, ինչ ես նվիրել եմ եւ տվել եմ թանգարաններին՝ կա փաստաթուղթ եւ ունի ստորագրություն: Ոչինչ կեղծված չէ:
Թե ինչու որոշեցի հրապարակել, ասեմ, ես ցանկացա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին ցույց տալ իմ ու իրենց տարբերությունները:
— Ի՞նչ ընթացք եւ հանգուցալուծում եք տեսնում այս հարցում:
— Ընթացքը չգիտեմ, բայց շատ ուրախ եմ, որ գործը չի կարճվել: Ես շատ մեծ մտավախություն ունեի, որ կկարճեն՝ հաշվի առնելով, որ այնտեղ նախկին եւ ներկա պաշտոնյաներ կան: Իմ ցուցմունքներում անուններ կան գրված՝ փողերի լվացման, իմ ստորագրությամբ ֆինանսական փաստաթղթեր ոչնչացնելու, Մարությանի անօրինական ընտրության դրվագով, որի միտումը այդ ամենը կոծկելն էր եւ այլն: Այսինքն, բավական ծանր մեղադրանքներ կան իմ ցուցմունքում, ու նրանք էլ որոշել էին ինձնից սկսել, վախեցնելու նպատակով, բայց ինչպես տեսնում եք, իրենց մոտ չստացվեց:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
