Չնայած իր անձնական անվտանգությանը սպառնացող վտանգներին՝ Կաթողիկոսը ողջ ուժով դիմադրում է հանրային գիտակցությունը թունավորող քաոսին. Եզրաս Սրբազան
Հայ Առաքելական եկեղեցուն աջակցելու համար Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի հանդիսավոր դահլիճում են հավաքվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի տարբեր քաղաքներից հոգևորականներ, թեմական և ծխական խորհուրդների անդամներ, Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի հայոց թեմի ներկայացուցիչներ, ինչպես նաև Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային մասնաճյուղերի ղեկավարներ՝ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ:
Ներկաները դատապարտել են Հայաստանի Հանրապետությունում եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումները։
«Եկեղեցին վերկուսակցական, վերքաղաքական, ազգային-հոգևոր կազմակերպություն է, որը կոչված է հաշտեցման, այլ ոչ թե անկարգությունների», - նշել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
Սրբազան Հայրն ընդգծել է՝ չնայած իր անձնական անվտանգությանը սպառնացող վտանգներին՝ Կաթողիկոսը ողջ ուժով դիմադրում է հանրային գիտակցությունը թունավորող քաոսին։
«Կաթողիկոսը կոչ է անում հարևան երկրների հետ խաղաղ համակեցության, բայց՝ առանց նվաստացուցիչ նախապայմանների և հարգելով ազգի արժանապատվությունը», - նշել է Եզրաս Սրբազանը։
Սրբազան Հայրը կոչ է արել անսասան մնալ Մայր Հայաստանի և մեր ընդհանուր հոգևոր օրրանի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ հավատարմության մեջ։
«Մենք պարզապես պետք է հաղթահարենք տիրող անտարբերությունը. մենք պետք է մերժենք չարիքը և ներենք միմյանց՝ հանուն ապագայի։ Վճռական գործողությունների ժամանակն է եկել։ Ժամը եկել է, որ յուրաքանչյուր հայ ասի իր խոսքը, որպեսզի ոչ ոք չհամարձակվի քանդել մեր միասնությունը», - հավելել է Սրբազանը։
