Գրենլանդիան արդեն կարելի է ԱՄՆ մաս համարել. մնում է Կանադան
ՄիջազգայինԱյս օրերին անցկացվող Դավոսի ֆորումում՝ գլոբալիստական այդ հիմնական հավաքներից մեկում, ծրագրված էր լուծել Ուկրաինա զորք ուղարկելու եւ, այսպես կոչված, անվտանգության երաշխիքներ տալու հարցը: Բայց ամեն բան փոխվեց, չնայած ընդամենը օրեր առաջ Եվրոպան պատրաստվում էր այդ հարցը վերջնական տեսքով դնել Թրամփի առաջ:
ԹՐԱՄՓՆ ԱՐԴԵՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԵՏ ԿԱՆԳՆԵԼ
Սակայն իրականությունը շատ արագ փոխվեց այն բանից հետո, երբ Թրամփը, կապված Գրելանդիայի հետ, բարձր մաքսատուրքեր մտցրեց եվրոպական մի շարք երկրների համար: Դա Եվրոպայի համար ազդակ էր, որ Գրելանդիայի հարցով Թրամփն ամենեւին էլ չի կատակոււմ: Ընդ որում, հենց Դավոսի ֆորումի շեմին Թրամփը եւս մեկ շատ պարզ ազդակ հղեց՝ հրապարակել իր, փոխնախագահ Վենսի եւ պետքարտուղար Ռուբիոյի լուսանկարը, որտեղ նրանք ամերիկյան դրոշ են տեղադրում Գրելանդիայում՝ մակագրելով. «Գրելանդիան Միացյալ Նահանգների տարածք է, հիմնադրվել է 2026 թվականին»: Եվ միանգամայն բնական է, որ նման իրավիճակում ուկրաինական թեման Եվրոպայի համար դարձավ ամենաքիչը երկրորդական:
Թե ինչու է Եվրոպան փորձում «ատամներով պահել» Գրելանդիան, դժվար չէ հասկանալ: Նախ, խոսքը արկտիկական գոտու մի զգալի մասի եւ բուն կղզու բնական պաշարների մասին է, առանց որի Եվրոպան ամենամոտ ապագայում կարող է վերածվել բացառապես հումքի գնորդի, որի պարագայում եվրոպական տնտեսությունը դառնալու է լիովին անմրցունակ՝ լիովին պարզ հետեւանքներով հանդերձ: Այդ դեպքում, բոլորն են հասկանում, որ Եվրոպան, ավելի կոնկրետ՝ ԵՄ-ն գոյատեւելու որեւէ շանս չի ունենա:
Հաջորդը, որը միգուցե շատ ավելի են կարեւորում ներկա եվրալիդերները. Գրելանդիայի հնարավոր կորուստն արդեն էս գլխից է գնահատվում` որպես ներկա եվրալիդերների կոպտագույն սխալներով լեցուն քաղաքական կուրսի հետեւանք: Առանց Գրելանդիայի էլ եվրալիդերները ցնցումային իրողությունների պակաս չունեին, եւ կղզու գրավումն ամերիկացիների կողմից կդառնա նրանց պաշտոնավարման «դագաղի վերջին մեխը»: Ընդ որում, այդ փաստն իր հերթին կարող է էապես սրել ԵՄ-ի լուծարման թեման:
Մեկ այլ դրվագ: Բոլորն են պարզ խոսում, որ ԱՄՆ-ի՝ Գրելանդիա ներխուժման օրը կարող է դառնալ վերջինը ՆԱՏՕ-ի պատմության մեջ: Այսինքն, դժվար է պատկերացնել, թե այդ իրավիճակում «ռազմական բարիկադների» հակադիր թեւերում հայտնվող ԱՄՆ-ն եւ Եվրոպան ինչպես են գոյատեւելու նույն դաշինքի կազմում: Թրամփը միգուցե այդ դեպքում նույնիսկ կուրախանա. Եվրոպան, որպես ՆԱՏՕ-ի մաս, վաղուց է վերածվել ԱՄՆ-ի համար «ավելորդ ուտող բերանի»: ԱՄՆ-ն էլ, եթե ցանկանա Եվրոպայում բազաներ ունենալ, ապա դա կարող է իրականացնել երկկողմ տարբերակով, ինչպես, օրինակ, բազաներ ունի ոչ ՆԱՏՕ-ական գոտիներում, ասենք՝ Մերձավոր Արեւելքում: Ընդ որում, դա շատ ավելի էժան կնստի: Իսկ Եվրոպայի համար ՆԱՏՕ-ի չլինելը վերածվում է անվտանգային աղետի. ողջ անվտանգային համակարգը կառուցել են հենց ՆԱՏՕ-ի հիմքի վրա՝ մոռանալով սեփական ուժերի զարգացման մասին: Ու եթե ՆԱՏՕ-ն չլինի, կարելի է պատկերացնել, թե ինչ հետեւանքներ կարող են սպառնալ, այդ թվում՝ ներքին ցնցումների իմաստով: Բայց բանը հասել է նրան, որ անգամ ՆԱՏՕ-ն պահելու համար Գրելանդիան հանձնելը մյուս կողմից է փլուզելու Դաշինքը: Այսինքն, այդ դեպքում արդեն Դաշինք, որպես այդպիսին, չի մնում. Եվրոպան գործնականում ընդունում է իր վասալային կարգավիճակը: Ու դա եւս ներքին ցնցումների մեկ այլ առիթ է:
Կարճ ասած, խնդիրն արդեն անգամ Գրելանդիան տալ-չտալը չէ, խնդիր է դարձել Եվրոպայի՝ ներկայիս տեսքով լինել-չլինելը: Եվ այն, որ հենց Դավոսում պետք է կարողանան այս իրավիճակից գլուխ հանել, դա եւս պարզ է. Թրամփը ցանկացած պահի կարող է տալ Գրելանդիայի անեքսիայի հրամանը: Նաեւ հաշվի առնելով, որ Թրամփը եւս ակնհայտորեն շտապելու կարիք ունի: ԱՄՆ-ում սպասվում են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, որտեղ մեծ է հավանականությունը, որ հանրապետականները կկորցնեն մեծամասնությունը, ինչը լուրջ զսպաշապիկ կարող է դառնալ Թրամփի համար՝ ընդհուպ հերթական իմպիչմենտի համար ճանապարհ բացելով: Գումարած, անգամ ներկայիս Կոնգրեսում ու հենց հանրապետականների շրջանակներում են սկսել ապստամբել Սպիտակ տան դեմ: Ընդ որում, խոսքը ոչ միայն «դասական» հանրապետականների, այլ նաեւ թրամփյան MAGA շարժման անդամների մասին է, որոնք մեղադրում են Թրամփին իր սկզբունքները դավաճանելու մեջ: Եվ եվրագլոբալիստներն էլ լավագույն ելք համարելով Թրամփի գոնե թուլացումը, արդեն անգամ բացահայտորեն են աջակցում ԱՄՆ-ում հակաթրամփյան գործընթացներին, ասենք՝ Մինեսոտայում տեղի ունեցող բողոքի ցույցերին: Ըստ այդմ էլ Թրամփն այլեւս ժամանակ չունի. եթե Գրելանդիան միացնի ԱՄՆ-ին, ապա դա նրան դարձնում է ամերիկացիների աչքին պատմական մասշտաբով ԱՄՆ լավագույն նախագահներից մեկը՝ հաղթող նախագահ, եւ ներամերիկյան իրողություններն էլ կդասավորվեն այդ հանգամանքից ելնելով:
Կամ այսպես. Թրամփն արդեն այնքան է առաջ գնացել Գրելանդիայի հարցով, որ այլեւս նահանջի տեղ չկա. չվերցնի Գրելանդիան, դա հաստատ նրան կհասցնի ոչ միայն իմպիչմենտի, այլ նաեւ՝ բանտ:
ԴԱՎՈՍՅԱՆ ՎԵՐՋՆԱԳԻՐ
Ամեն դեպքում, Դավոսի ֆորումը դեռ չսկսված, մեկ բան արդեն ակնհայտ էր՝ Եվրոպայի համար Գրելանդիան դարձել է բազմապատիկ անգամ ավելի կարեւոր է, քան Ուկրաինան: Այլ կերպ ասած, Եվրոպան շատ արագ, նաեւ առանց գրեթե նախապատրաստվելու ստիպված է փոխել իր ռազմավարական ուղղվածությունը։ Չէ, դեռ Ուկրաինային խոստացվող «Արեւմուտքի երկաթե աջակցության» մասին մեխանիկորեն խոսում են: Բայց իրականում, կրկնենք, Եվրոպայում ամեն ինչ փոխվում է շատ արագ եւ ոչ Ուկրաինայի օգտին: Ինչի մասին, ի դեպ, նախօրեին հայտնեց նաեւ գլոբալիստական հիմնական հարվածային միջոցներից մեկը՝ Financial Times-ը՝ Ուկրաինան անմիջապես մղվեց երկրորդ պլան՝ Դավոսի գագաթաժողովում փոխարինվելով Գրելանդիայով:
Իսկ ահա գրելանդական թեման նույն այդ ֆորումում առաջ է բերել պարզագույն հարցը՝ ի՞նչ անել: Նաեւ աչքի առաջ ունենալով փաստը, որ այս ամենն արդեն իսկ հանգեցրել է ՆԱՏՕ-ի` իր գոյության ամենալուրջ ներքին ճգնաժամին:
Բայց նման է, որ Թրամփը Եվրոպային չի էլ պատրաստվում ժամանակ տալ՝ «ինչ անել» պատասխան գտնելու համար: Նա տեղեկացրեց, որ կլինի Դավոսում եւ հանդիպում կունենա եվրոպացիների հետ՝ Գրելանդիայի հարցով: Նաեւ, որ ոչ մի դեպքում չի նահանջի Գրելանդիայի նկատմամբ իր պահանջից: «Ինչպես ես բոլորին հստակեցրել եմ, Գրելանդիան չափազանց կարեւոր նշանակություն ունի մեր ազգային եւ համաշխարհային անվտանգության համար։ Հետդարձի ճանապարհ չկա»,- գրել է Թրամփը։
Դանիան, որին պատկանում է Գրելանդիան, արդեն սկսել է ինչ-որ զորքեր ուղարկել կղզի՝ հայտարարելով, թե պատրաստվում է այն ամեն գնով պաշտպանել: Բայց նման փորձը նույնիսկ զավեշտի է նմանվում: Օրինակ, Դանիան փորձելու է գրելանդական ուղղությամբ գործարկել իր F-35 ինքնաթիռները: Ընդգծենք, ամերիկյան արտադրության ինքնաթիռները, որոնք, թերեւս, կարող է անգամ օդ չբարձրանան, եթե ամերիկացիներն արգելափակեն դրանց կոդային համակարգերը: Պարզ բան, ռազմական որեւէ միջոց այստեղ չի աշխատի. Եվրոպան ոտքից-գլուխ կախված է ամերիկյան զինտեխնիկայից:
Ու նման է, որ Դավոսում Թրամփը Եվրոպայի առաջ դնելու է մոտավորապես նման պարզագույն հարցադրում՝ Գրելանդիան տվեք եւ առաջարկվող գումարը վերցրեք: Այլապես ես մի քանի օրից կվերցնեմ կղզին, կմտցնեմ ԱՄՆ-ի կազմ, ինչպես որ լուսանկարային մոնտաժով արդեն ցույց եմ տվել: Դրանից հետո կարող եք գոռալ, հիստերիա սարքել, ինչ-որ խրոխտ որոշումներ ընդունել, այդ ամենից բան չի փոխվելու: Ավելի վատ ձեզ համար, պետք է այդ դեպքում գնաք եւ ձեր հասարակությանը բացատրեք, թե հետայսու ինչպես են ապրելու ԱՄՆ-ի հետ թշնամանալով, երբ արդեն նաեւ ռուսների հետ են թշնամացել:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Այսպիսով, որ հենց նկարագրված սխեմայով է ամեն ինչ առաջ գնալու, հուշեց նաեւ այն, որ Թրամփը հրապարակավ ներկայացրեց Մակրոնի կողմից իրեն ուղղված նամակը: Դրանում Ֆրանսիայի ղեկավարն ինչ-որ «տափակ» հիմնավորումներով խնդրում-աղաչում է Թրամփին, թե ինչ կլինի, Դավոսից հետո մի պահ այցելիր Փարիզ. «Ես կարող եմ կազմակերպել G7 հանդիպում»: Չես ուզում՝ «Ես կարող եմ հրավիրել ուկրաինացիներին, դանիացիներին, սիրիացիներին եւ ռուսներին»: Վերջապես՝ «Եկեք միասին ընթրենք Փարիզում՝ հինգշաբթի օրը, նախքան դու վերադառնաս Միացյալ Նահանգներ»: Մի խոսքով, ինչ ուզում ես, միայն թե Գրելանդիան հանգիստ թող:
Իհարկե, անձնական նամակագրության հրապարակումը դիվանագիտության մեջ անընդունելի է համարվում։ Բայց երբ Թրամփը գնում է նման քայլի, դա մեկ բան է նշանակում՝ խոսելու բան չկա, կարող ես ամեն ինչի մասին հրապարակայնորեն արտահայտվել, բան չի փոխվելու:
Ու եթե միայն Գրելանդիայի հարցը լիներ, երեւի եվրալիդերներն այդքան էլ չմտահոգվեին. կարելի է «տակից» Դանիային համոզել, թե լավ, այլ տարբերակ չունենք, ավելի ճիշտ է վաճառելը, որ գոնե ցույց տանք, թե մենք այդտեղ դեր ունեցանք, մեր համաձայնությամբ է: Սակայն ամենավատն այն է, որ Թրամփը, Գրելանդիան ամերիկյան ներկայացնող լուսանկարին զուգահեռ, մեկ ուրիշն էլ է ներկայացրել, որտեղ ԱՄՆ-ի դրոշի գույներով է ներկված նաեւ Կանադան, էլ չասած՝ Վենեսուելան: Այսինքն, Գրելանդիայով ամեն բան չի ավարտվում, եւ եթե Եվրոպան որոշեց այսօր կղզին տալ, վաղը պետք է նաեւ նույն «հիմքով» Կանադան տա:
Հա, Մակրոնի այդ նամակը նաեւ հուշում է, որ Գրելանդիան չտալու որեւէ տարբերակ, քան Թրամփին խնդրելն է, չեն մտածել:

