Նարեկ Սամսոնյանի ինքնազոհողությունը մթնոլորտ է փոխում թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանական դաշտում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Էդ թյուրիմացությունով զբաղվեք. Ինչ է ասել Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանին Հաջորդ խորհրդարանում հայտնվելը կախված է Աննա Հակոբյանի բարեհաճությունից Ականատես ենք ստվերների շքերթի, որտեղ իրական որոշումների աղբյուրները մնում են անտեսանելի Ռուսական 3 տոննայանոց սավառնող ավիառումբը ոչնչացրել է 9 հարկանի շենքում տեղակայված ուկրաինական պաշտպանական համակարը (Տեսանյութ) Նարեկ Սամսոնյանը հացադուլը շարունակում է Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան Մեկ ա՝ կկուն կանչելու ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ալիևը Թրամփին ասել է, որ տարածաշրջանում խաղաղությունն արդեն իրողություն է Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի գիշերը կբարձրանա 4-6, հունվարի 24-25-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով

«ԽՍՀՄ ատոմային նախագծի» յոթ արտասովոր մասնակիցները

Վերլուծություն

                    Այս արտասովոր հայերը

 

ՄԱՐԻՆԱ ԵՎ ՀԱՄԼԵՏ ՄԻՐԶՈՅԱՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾԸ

«ԽՍՀՄ ատոմային նախագծի» յոթ արտասովոր մասնակիցները

 

«ԽՍՀՄ ատոմային նախագծի» յոթ արտասովոր մասնակիցները՝ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Աբրամ ԱԼԻԽԱՆՈՎԸ (Աբրահամ Ալիխանյան), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Արտեմ ԱԼԻԽԱՆՅԱՆԸ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Դմիտրի ԱԼԽԱԶՈՎԸ, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Կիրիլ ՇՉՅՈԼԿԻՆԸ (Կիրակոս Մետաքսյան), տեխնիկական գիտությունների դոկտոր Սամվել ՔՈՉԱՐՅԱՆՑԸ, ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ Լևոն ՕՐԲԵԼԻՆ, հետախույզ, քիմիական գիտությունների դոկտոր Հայկ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ՝ մեր «Այս արտասովոր հայերը» նախագծի հերոսները, ապրել են տարբեր դարաշրջաններում։ Բայց նրանցից յուրաքանչյուրը նկատելի հետք է թողել պատմության մեջ։

 

1943 թվականի փետրվարի 11-ին տրվեց ԽՍՀՄ պաշտպանության պետական ​​կոմիտեի (ГКО - ՊՊԿ) «Ուրանի հետ աշխատանքների կազմակերպման լրացուցիչ միջոցառումների մասին» կարգադրությունը (№ 2872, հույժ ​​գաղտնի)։ Ատոմային զենքի ստեղծման աշխատանքներում ներգրավվեցին Սև մետալուրգիայի ժողովրդական կոմիսարիատը (ժողկոմիսար Ի. Ֆ. Թևոսյան), Արտաքին առևտրի ժողովրդական կոմիսարիատը (ժողկոմիսար Ա. Ի. Միկոյան), Միջին մեքենաշինության ժողովրդական կոմիսարիատը (ժողկոմիսար Ս. Ա. Ակոպով), Մոսկվայի Գիպրոցվետմետ ինստիտուտը (հանքագործության և գունավոր մետաղների գիտա-հետազոտական, նախագծային և կոնստրուկտորական ինստիտուտ, տնօրեն՝ Լ. Մ. Ղազարյան)։   

ՊՊԿ-ն պարտավորեցրեց Սև մետալուրգիայի ժողովրդական կոմիսարիատին մինչև 1943 թվականի մարտի 1-ը ընդհանուր քաշով 25 տոննա փափուկ երկաթ մատակարարել Միջին մեքենաշինության ժողովրդական կոմիսարիատին, իսկ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիային՝ 1 տոննա անկար պողպատե խողովակներ, ինչպես նաև 30 կգ հատուկ ոչ քրոմային մետաղալար-ժապավեն (ատոմային միջուկի հատուկ լաբորատորիայի բնորոշող փաստաթղթի համաձայն):

ՊՊԿ-ն պարտավորեցրեց Միջին մեքենաշինության ժողովրդական կոմիսարիատին 1943 թվականի ապրիլի 15-ին Էլեկտրաարդյունաբերության ժողովրդական կոմիսարիատի համար փափուկ երկաթից կռելով պատրաստել էլեկտրամագնիսի միջնաձողը և շերտաձողերը:

 

Իվան Ֆեդորովիչ (Հովհաննես Թևատրոսի) Թևոսյանը (1902–1958) ծնվել է  Շուշիում, 1940–1948 թթ.՝ ԽՍՀՄ սև մետալուրգիայի ժողովրդական կոմիսար, Սոցիալիստական ​​աշխատանքի հերոս (1943), ղեկավարել է երկրի հարավի և կենտրոնի մետալուրգիական ձեռնարկությունների՝ երկրի արևելք տարհանման վիթխարի գործը։

Անաստաս Իվանովիչ (Հովհաննեսի) Միկոյանը (1895–1978) ծնվել է Թիֆլիսի նահանգի Բորչալուի շրջանի Սանահին գյուղում։ 1938–1949 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին առևտրի ժողովրդական կոմիսար, 1935–1966 թթ.՝ ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ, Սոցիալիստական ​​աշխատանքի հերոս (1943)։

Ստեփան Ակոպովիչ (Հակոբի) Ակոպովը (1899–1958) ծնվել է Շուլավերում (այժմ՝ Շահումյան ավան, Վրաստան)։ 1941–1946 թվականներին՝ ԽՍՀՄ միջին մեքենաշինության ժողովրդական կոմիսար։

Լևոն Մարտիրոսի Ղազարյանը (1895–՞) ծնվել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ Ինժեներ-մետալուրգ, 1934–1939 և 1943–1950 թթ.՝ Գիպրոցվետմետ ինստիտուտի տնօրեն։

 

 

Աբրամ Իսահակովիչ Ալիխանով

14.03.1904, Ելիզավետպոլ ( Գանձակ, այժմ՝ Գյանջա) - 08.12.1970, Մոսկվա

 

Խորհրդային միջուկային ֆիզիկայի հիմնադիրներից մեկը, ինչպես նաև խորհրդային առաջին ատոմային ռումբի ստեղծողներից։ Աբրամ Ալիխանովը տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիրն է, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), Սոցիալիստական ​​աշխատանքի հերոս (1954): Նրա շնորհիվ ԽՍՀՄ-ում հայտնագործվեցին պրոտոնային արագացուցիչը և սինխրոֆազոտրոնը։

Ծնվել է Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլ քաղաքում։ Հայրը աշխատել է Անդրկովկասյան երկաթուղում որպես մեքենավար։ 1913 թվականին ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ Աբրահամն ընդունվել է առևտրային ուսումնարան։ Պետրոգրադի երկրորդ պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիայի ֆակուլտետն ավարտելուց հետո ղեկավարել է ռենտգենյան լաբորատորիան, որտեղ աշխատել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։

1938 թվականին Լենինգրադի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի աշխատակիցները դիմեցին ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի (Ժողկոմխորհ) նախագահ Վ. Մ. Մոլոտովին՝ խնդրելով օգնել ատոմային միջուկի կառուցվածքի հետազոտությունների զարգացման ոլորտում և այդ աշխատանքների համար տեխնիկական բազայի կազմակերպման գործում: Նամակը ստորագրել են 23 գիտնականներ, այդ թվում՝ Ա. Իոֆֆեն, Ի. Կուրչատովը, Ա. Ալիխանովը և Ա. Ալիխանյանը։

1945 թվականի օգոստոսի 18-ին Ի. Վ. Ստալինի աշխատասենյակում տեղի ունեցավ Համամիութենական կոմունիստական ​​կուսակցության (բոլշևիկների) քաղբյուրոյի նիստը։

Քննարկելով ճապոնական քաղաքների ռմբակոծման հետ կապված իրավիճակը և ԽՍՀՄ միջուկային ոլորտում աշխատանքների վիճակը՝ Ստալինը, արդյունքներն ամփոփելով, ասել է. «Մենք բոլորս հասկանում ենք աշխարհում ստեղծված իրավիճակի բարդությունը՝ կապված ատոմային զենքի ԱՄՆ-ի մենաշնորհի հետ: Մենք բոլորս գիտակցում ենք, որ խորհրդային ուրանի ռումբի ստեղծումը մեր սոցիալիստական պետության համար կյանքի ու մահվան հարց է: Առաջարկում եմ ՊՊԿ-ին առընթեր հիմնել հատուկ կոմիտե, որին կկցվեն ատոմային արդյունաբերության ստեղծման ոլորտի բոլոր գիտա-հետազոտական ​​աշխատանքները։ Բայց գլխավոր գործը պետք է լինի ուրանի ռումբի ստեղծումը։ Այս խնդիրն առանցքային է, և դրա լուծմանը պետք է ստորադասել մնացած բոլոր խնդիրները»։

Նույն 1945 թվականի օգոստոսի 20-ին ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Աբրամ Իսահակի Ալիխանովը Ստալինի առաջարկությամբ մտավ ՊՊԿ-ի Հատուկ կոմիտեի տեխնիկական խորհուրդ (նախագահ՝ ներքին գործերի ժողովրդական կոմիսար Լ. Պ. Բերիա)՝ որպես գիտական ​​քարտուղար։ Տեխնիկական խորհրդի անդամներ դարձան ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսներ Ա. Ֆ. Իոֆֆեն, Ի. Վ. Կուրչատովը, Վ. Գ. Խլոպինը։ Նույն թվականին Ալիխանովը կազմակերպեց ԽՍՀՄ ԳԱ № 3 հատուկ լաբորատորիան (1949 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ ջերմատեխնիկական լաբորատորիա, 1957 թվականից՝ Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտ՝ ИТЭФ):

1947 թվականին ակադեմիկոս Աբրամ Ալիխանովն ավարտեց խորհրդային առաջին ատոմային ռեակտորի նախագծի նախապատրաստումը, առանց որի անհնար կլիներ իրականացնել հավակնոտ «ԽՍՀՄ ատոմային նախագիծը»։ Ռեակտորը կառուցեցին 1948 թվականին, իսկ 1949 թվականի ապրիլին իրագործվեց դրա ֆիզիկական գործարկումը: ИТЭФ-ը իր հետազոտությունների ծանրության կենտրոնը դրեց միջուկային ֆիզիկայի ոլորտում։ Ինստիտուտում ստեղծեցին ցիկլոտրոն, որի վրա թռիչքի ժամանակի մեթոդով այն տարիների համար բարձր ճշգրտությամբ չափում էին ոչ միայն տրոհվող, այլև այլ տարրերի նեյտրոնային արդյունավետ կտրվածքները ։

Գիտնականը անկուսակցական էր, բայց զբաղեցնում էր ИТЭФ-ի տնօրենի պաշտոնը և, լինելով ուղղախոս մարդ, տանել չէր  կարողանում այն պաշտոնյաներին, որոնք, գործից չհասկանալով, «հրահանգներ» էին տալիս: Աբրամ Իսահակովիչը սիրում էր կատակել, ճանապարհորդել և հրապուրված էր հնագիտությամբ:

Վլադիմիր Գուբարևի «Սպիտակ արշիպելագ» գրքից.

«Աբրամ Ալիխանովը «ԽՍՀՄ ատոմային նախագծի» առաջնորդներից մեկն էր։ Նրա ղեկավարությամբ ստեղծվեցին առաջին ծանրջրային ռեակտորները։ Կարելի է ասել, որ Ալիխանովը նույնիսկ մրցակցում էր Կուրչատովի հետ և այս մրցակցության մեջ նա երբեմն գերազանցում էր նրան... Հավանաբար, 1943 թվականին «ուրանի ռումբի վնասազերծման» վերաբերյալ Ալիխանովի անցկացրած հետազոտությունները կարևոր դեր խաղացին նրա գիտական ​​կարիերայի մեջ»։

Ա. Ի. Ալիխանովի աշխատանքը նշանավորվել է կառավարական բարձր պարգևներով՝ Լենինի երեք շքանշաններով և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, նա Ստալինյան մրցանակների դափնեկիր է. 2-րդ աստիճանի՝ 1941-ին և 1-ին աստիճանի՝ 1948-ին ու 1953-ին։

1968 թվականին կաթվածից հետո գիտնականը այլևս չկարողացավ ղեկավարել ինստիտուտը և թողեց ИТЭФ-ի տնօրենի պաշտոնը։ Երկու տարի անց նա վախճանվեց և թաղվեց Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։

 

 

Արտեմ Իսահակի Ալիխանյան

11.06.1908, Ելիզավետպոլ, ( Գանձակ, այժմ՝ Գյանջա)– 25.02.1970, Մոսկվա

 

Արտեմ Իսահակի Ալիխանյան – ֆիզիկոս, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1946), Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1943):

Արտեմ Ալիխանյանը՝ Աբրամ Ալիխանյանի հարազատ եղբայրը, ավարտել է Լենինգրադի համալսարանը (1931), 1927-1941 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտում: 1943-1973 թվականներին եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրենը և Երևանի պետական ​​համալսարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչը: 1946-1960 թվականներին ղեկավարել է նաև Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ամբիոնը և ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի տարրական մասնիկների լաբորատորիան:

1934 թվականին Լենինգրադի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտում մտել է գիտա-հետազոտական ​​խմբի կազմի մեջ (Բ. Ս. Ջելեպով, Ա. Ի. Ալիխանով և Ա. Ի. Ալիխանյան), որը 1934 թվականին առաջիններից էր, որ դիտարկեց արհեստական ​​ռադիոակտիվության երևույթը։

Նույն թվականին Ա. Ի. Ալիխանովի և Մ. Ս. Կոզոդաևի հետ նա բացահայտեց էլեկտրոն-պոզիտրոն զույգի առաջացումը գրգռված միջուկի ներքին էներգիայի փոխակերպման արդյունքում: 1936 թվականին Արտեմ Իսահակովիչը Ա. Ի. Ալիխանովի և Լ. Ա. Արցիմովիչի հետ փորձով ապացուցեց էներգիայի և իմպուլսի պահպանումը էլեկտրոնի և պոզիտրոնի անիհիլացման ժամանակ:

Ալիխանյանը տիեզերական ճառագայթման կազմում հայտնաբերեց արագ պրոտոնների ինտենսիվ հոսք, արագ նեյտրոնների կողմից պրոտոնների ինտենսիվ գեներացում, բացահայտեց լիցքավորված մասնիկների նոր տեսակի հոսքեր, այսպես կոչված՝ «նեղ հոսքեր»։ Նա ստացավ մյուոնի և պրոտոնի զանգվածների միջև միջանկյալ զանգված ունեցող մասնիկների գոյության առաջին վկայությունը և առաջ քաշեց տիեզերական ճառագայթման կազմում մեծ քանակությամբ անկայուն մասնիկների գոյության գաղափարը։

Ժոլիո-Կյուրի ամուսինների կողմից արհեստական ​​ռադիոակտիվության հայտնաբերումից անմիջապես հետո Ալիխանյանը գործընկերների հետ հայտնաբերեց առաջին արհեստական ​​ռադիոակտիվ տարրը՝ սիլիցիումը, որն արձակում է բացասական էլեկտրոններ: Նա մշակեց կայծային խցիկի նոր տեսակ՝ հետքային խցիկ (Լենինյան մրցանակ, 1970): Նա Նոր Ամբերդի (վայր Արագած լեռան լանջին) տեսական և փորձարարական ֆիզիկայի միջազգային դպրոցի հիմնադիրն (1961) ու կազմակերպիչն էր:

Իր հուշագրություններում Բորիս Իոֆֆեն Արտեմ Իսահակովիչի մասին այսպես է գրել. «Ալիխանյանը հասկանում էր, որ միջուկային ուժերի բնույթը հասկանալու համար անհրաժեշտ է բարձր էներգիայի մասնիկներով փորձեր… փորձարարների և տեսաբանների սերտ համագործակցություն»:

Նրա աշխատանքները նվիրված են միջուկային ֆիզիկային, տիեզերական ճառագայթների ֆիզիկային, արագացուցիչների տեխնիկային, տարրական մասնիկների ֆիզիկային. «Ռադիոակտիվ տարրերի արհեստական ​​ստացում» (1935, Ա. Ի. Ալիխանով, Ա. Ի. Ալիխանյան), «Նոր տվյալներ տիեզերական ճառագայթների բնույթի վերաբերյալ» (1945, Ա. Ի. Ալիխանյան, Ս. Ա. Հեյֆեց, Ս. Կ. Եսին) և այլն։

Մրցանակներ և պատվավոր կոչումներ. 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ (1941)՝ ռադիոակտիվության հետազոտությունների վերաբերյալ գիտական ​​աշխատանքների համար, որոնք հրատարակվել են 1936, 1938 և 1940 թվականներին, 1-ին աստիճանի ստալինյան մրցանակ (1948)՝ տիեզերական ճառագայթների ոլորտում գիտական ​​հետազոտությունների համար, Լենինյան մրցանակ (1970)՝ «Հետքային կայծային խցիկներ» աշխատանքի համար, ԽՍՀՄ նախարարների խորհրդի մրցանակ (1973), Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967):

Արտեմ Ալիխանյանը Աշխատանքային կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր է (1945 և 1968)՝ միջուկային ֆիզիկայի զարգացման ոլորտում ունեցած վաստակի համար։ Նա Արմեն Ջիգարխանյանի և Ռոլան Բիկովի մասնակցությամբ Ֆրունզե Դովլաթյանի՝ Կաննի փառատոնին առաջադրված «Բարև, ես եմ» գեղարվեստական ​​ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպն է։

 

 

Դմիտրի Գեորգիի Ալխազով

04.02.1909, Սանկտ Պետերբուրգ – 30.06.1982, Լենինգրադ

 

Դմիտրի Ալխազովը արագացուցիչների ֆիզիկայի և տեխնիկայի ոլորտի ականավոր մասնագետ է, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր։

ԽՍՀՄ-ում առաջին սինքրոցիկլոտրոնը Լենինգրադի ռադիումի ինստիտուտում կառուցվել, գործարկվել և ուսումնասիրվել է Դ. Գ. Ալխազովի անմիջական մասնակցությամբ։ Այս աշխատանքում Դմիտրի Գեորգիևիչը դրսևորել է իրեն որպես արտակարգ փորձարար ֆիզիկոս։

Դմիտրի Ալխազովը սերում էր հին հայկական տոհմից, որին վրացական ազնվականություն էր շնորհվել։ Նա ծնվել է հայ-գրիգորյանական դավանանքի կրող, հետևակազորի գեներալ, Ռուսաստանի ռազմական խորհրդի անդամ Հակոբ Կայխոսրովի (Յակով Կայխոսրովիչ) Ալխազովի որդի՝ փոխկապիտան (շտաբս կապիտան) Գեորգի Յակովլևիչի և առաջին գիլդիայի վաճառական, գրքավաճառ, գրահրատարակիչ և Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ (1910–1913) Իլյա Իվանովիչ Գլազունովի դստեր՝ Լյուբով Իլյինիչնայի ընտանիքում։ Վերջինիս պապը՝ Իվան Իլյիչ Գլազունովը, 1881–1885 թվականներին եղել է Սանկտ Պետերբուրգի քաղաքապետը։

Դմիտրի Գեորգիևիչը փայլուն տնային կրթություն է ստացել. լավ դաշնամուր էր նվագում, հրաշալի գիտեր ռուսաց լեզուն և ռուս գեղարվեստական գրականությունը, ազատ խոսում էր գերմաներեն։ Սակայն իր ազնվականական ծագման պատճառով բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու խնդիրներ ուներ։

Միջնակարգ դպրոցն ավարտել է Լենինգրադում, աշխատել է որպես տարբեր աշխատանքներ կատարող բանվոր, ապա՝ որպես լաբորանտ Կապի բարձրագույն դպրոցում։ Զբաղվել է ինքնակրթությամբ, ուսումնասիրել է ֆիզիկա և բարձրագույն մաթեմատիկա։ Այդպես էլ չստանալով բարձրագույն կրթություն՝ 1930 թվականին ընդունվել է Ռադիումի ինստիտուտի ֆիզիկայի  բաժինը՝ որպես գիտա-տեխնիկական աշխատակից։

1940 թվականի ապրիլին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ֆիզիկական ինստիտուտի (ФИАН) տնօրեն, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Ս. Ի. Վավիլովի պնդմամբ Դմիտրի Ալխազովը ներգրավվեց «Ատոմային նախագծի» մեջ՝ ցիկլոտրոն նախագծելու համար։

Զբաղեցրել է ԽՍՀՄ-ում առաջին ցիկլոտրոնի նախագծման և կառուցման ցիկլոտրոնային լաբորատորիայի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Լարված աշխատանքի շնորհիվ 1941 թվականին Ալխազովի կողմից ցիկլոտրոնը գործարկվեց և ուսումնասիրվեց։ Այն ժամանակ դա ամենամեծ ցիկլոտրոնն էր ոչ միայն Խորհրդային Միությունում, այլև Եվրոպայում, իսկ որոշ պարամետրերով այն գերազանցում էր Միացյալ Նահանգներում կառուցվածին։

1945 թվականին Ալխազովը վերջնականապես տեղափոխվեց ԽՍՀՄ ԳԱ Ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ (ФТИ)՝ մասնակցելու «ԽՍՀՄ ատոմային նախագծին»։ Ղեկավարում էր ինստիտուտի սինքրոցիկլոտրոնի գործարկվելու աշխատանքները։

Ալխազովի ղեկավարությամբ երկար տարիների ընթացքում անցկացվել են միջուկների կուլոնյան գրգռման հետազոտություններ: Աշխատանքների այդ շարքի համար Դմիտրի Գեորգիևիչը և նրա մի շարք գործընկերներ 1968 թվականին պարգևատրվեցին գիտության ոլորտում ԽՍՀՄ պետական ​​մրցանակով: Նա ավելի քան 40 գիտական ​​աշխատանքների հեղինակ է, «Պատվո նշան» շքանշանի ասպետ (1947):

1996 թվականին Ալխազովի սինքրոցիկլոտրոնը ստացավ Ռուսաստանի Դաշնության ազգային նշանակության եզակի սարքավորման կարգավիճակ։ Եվ սա լավագույն հուշարձանն է Դմիտրի Գեորգիևիչին։

 

 

Կիրիլ Իվանովիչ Շչյոլկին (Կիրակոս Հովհաննեսի Մետաքսյան)

 04.05.1911, Թիֆլիս – 08.11.1968, Մոսկվա

 

Կիրիլ Շչյոլկինը (Կիրակոս Մետաքսյան) ծնվել է հողաչափ Հովհաննես Եփրեմի Մետաքսյանի ընտանիքում։ Կիրակոսի ծննդյան մասին գրանցումը կատարվել է Թիֆլիսի Սուրբ խաչ հայկական եկեղեցում։ Կիրակոսի հայրը մահացել է 1926 թվականին և թաղվել է Բելոգորսկի (Կարասուբազար, Ղրիմ) հայկական գերեզմանատանը։ «Շչյոլկին»-ը (Շյոլկին) հարմարեցված է հայկական Մետաքսյան ազգանվանը. «шёлк»՝ հայերեն «մետաքս»։

1932 թվականին Կիրիլ Շչյոլկինն ավարտել է Ղրիմի պետական ​​մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-տեխնիկական ֆակուլտետը, 1932-1935 թվականներին սովորել է Լենինգրադի արդյունաբերական ինստիտուտի ինժեներային ֆիզիկայի ֆակուլտետում։

Կիրիլ Շչոլկինը, նույն ինքը՝ Կիրակոս Մետաքսյանը, ատոմային և ջրածնային ռումբերի գլխավոր ստեղծողներից մեկն էր, ժամանակակից տիեզերագնացության հիմնադիրներից մեկը։ Նա Սոցիալիստական ​​աշխատանքի եռակի հերոս էր (1949, 1951, 1954), մարդ, որին Իգոր Կուրչատովը անվանել է «ատոմային ռումբի կնքահայր»։

Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս, Կ. Ի. Շչյոլկինի մասին պատմող «Ատոմային ռումբի կնքահայրը» ֆիլմի ստեղծող Արմաիս Ալբերտի Կամալովը «Նաուչնայա Ռոսիային» պատմել է, որ այդ կինոնկարի վրա աշխատելիս բոլորովին պատահաբար աչքով ընկել է Խորհրդային Միության եռակի հերոսների մասին էջը։

«Այնտեղ ես տեսա եռակի հերոս Կիրիլ Շչյոլկինին։ Իհարկե, ես երբեք չեմ զբաղվել միջուկային հարցերով, այնուամենայնիվ, ինձ հետաքրքրեց նման անձնավորությունը։ Մենք գիտենք Կուրչատովին, իսկ այս մարդուն ոչ ոք չգիտեր, ում էլ որ հարցրել եմ», պատմել է Կամալովը։ Հետո ես ինքս ինձ համար տարվեցի այդ աշխատանքով և այնքան խորը, որ հանդիպեցի Կիրիլ Իվանովիչի դստեր հետ, գտա նրան, այնուհետև գտանք հովանավորչական գումար, որով էլ ստեղծեցինք այս ֆիլմը։ Ֆիլմը մի մարդու հիշատակի մասին է, որն իսկապես ամենաակտիվ դերն է խաղացել ատոմային ռումբի ստեղծման և Երրորդ համաշխարհային միջուկային պատերազմի կանխման գործում»։

 

***

Գրիգոր Մարտիրոսյանի «Շչոլկին Կիրիլ Իվանովիչ (Մետաքսյան Կիրակոս Հովհաննեսի). եռակի հերոս, թաքնված հայ, ժողովրդին անհայտ» (Երևան, 2007 թ.) գրքի նյութերի հիման վրա.

«1945 թվականի օգոստոսին Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջինը աշխարհում փորձարկեց միջուկային զենքը։ Այն ստեղծվել էր աշխարհի տարբեր երկրներից Միացյալ Նահանգներ հրավիրված հայտնի գիտնականների խմբի կողմից։

ԽՍՀՄ կառավարությանն առընթեր Պետական ​​պաշտպանության կոմիտեն (ГКО -ՊՊԿ) երկու որոշում ընդունեց միջուկային զենքի ստեղծման վերաբերյալ՝ 1945 թվականի հոկտեմբերի 20-ին և 30-ին»։

Առաջնորդի համբերությունը սպառվում էր։ Խոստացված ռումբը չկար ու չկար. պլանից ուշացումը արդեն մեկ տարուց ավելի էր։ 1948 թվականի հունիսի 10-ին Ստալինը ստորագրեց ԽՍՀՄ նախարարների խորհրդի «Կոնստրուկտորական ղեկավար կադրերով КБ-11-ը ուժեղացնելու մասին» №1991-775сс/оп որոշումը ։ Կ. Ի. Շչյոլկինը նշանակվեց КБ-11-ի (КБ – կոնստրուկտորական բյուրո) գլխավոր կոնստրուկտոր Կուրչատովի առաջին տեղակալը։ Մյուս տեղակալներն էին Վ. Ի. Ալֆյորովը և Ն. Լ. Դուխովը։

Գրիգոր Մարտիրոսյանի գրքից.

«ԽՍՀՄ-ում ատոմային զենքի հայտնվելը կանխեց միջուկային պատերազմը և սառեցրեց Խորհրդային Միության թշնամիների կրքերը։ «Եթե մենք մեկ կամ մեկուկես տարի ուշանայինք ատոմային ռումբի ստեղծումից, այն կփորձարկվեր մեզ վրա»,– կարծում էր Ստալինը։

1949 թվականի հունիսի սկզբին Արզամաս-16-ում ավարտվեց ատոմային ռումբի կոնստրուկտորական մասերի մշակումը: Չելյաբինսկ-40-ից այստեղ են հասցնում նախապես պատրաստված մետաղական պլուտոնիումի անհրաժեշտ քանակը: 1949 թվականի կեսերին ատոմային ռումբը պատրաստված էր: Դրա փորձարկումը նշանակված էր օգոստոսի 29-ին:

Շչոլկինը, որը պատասխանատու էր ռումբի փորձարկման աշխատանքների ողջ համալիրի համար, զեկուցեց Կուրչատովին փորձարկմանը նրա պատրաստ լինելու մասին: Առաջին ատոմային ռումբը հաջողությամբ փորձարկվեց 1949 թվականի օգոստոսի 29-ին։

Երբ Պետական ​​հանձնաժողովի ղեկավար Բերիան դիմեց Կուրչատովին հետևյալ խոսքերով՝ «Հարկավոր է անուն տալ միջուկային լիցքին», Կուրչատովը պատասխանեց. «Անունը արդեն կա։ Կնքահայրը Շչյոլկինն է»:

 

***

Ի հակակշիռ խորհրդային միջուկային փորձարկումների՝ ամերիկացիները սկսեցին ջրածնային միջուկային մրցավազքը։ Շչյոլկինին հանձնարարեցին ստեղծել խորհրդային ջրածնային ռումբ։ Նա ամեն ինչ անում էր ամենակարճ ժամկետում այն մշակելու համար։ Ռումբը փորձարկվեց 1953 թվականի սեպտեմբերի 12-ին։ Նույն 1953-ին Շչյոլկինն ընտրվեց ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։

1957 թվականին Շչյոլկինի ղեկավարությամբ մշակվեց նոր ջրածնային լիցք, և գիտնականը դարձավ Լենինյան մրցանակի դափնեկիր (1958): Չորս տարի անց Նովայա Զեմլյայի վրա հաջողությամբ փորձարկվեց գերհզոր խորհրդային ջրածնային ռումբը:

Շչյոլկինն իր գիտական ​​և ստեղծագործական գործունեության գագաթնակետին էր, երբ հիվանդացավ ճառագայթային հիվանդությամբ, ինչպես և ակադեմիկոս Կուրչատովը: Հիվանդության առաջին ախտանշանները ի հայտ եկան 46 տարեկանում: «Ես չեմ ափսոսում առողջությունս կորցնելու համար,- գրել է նա,- և եթե ամեն ինչ նորից  սկսեի, ես նորից այդպես կվարվեի»:

ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Մ. Ա. Սադովսկին նշել է. «Բոլոր ակադեմիկոսներից Կուրչատովին բոլորից շատ նման էր Շչյոլկինը թե՛ իր կյանքով, թե՛ իր գործունեությամբ։ Շչյոլկինը աշխատանքը թողեց 1960 թվականին՝ Կուրչատովի մահվան տարում։ Կուրչատովը երկու անգամ կաթված էր ստացել, Շչյոլկինը՝ երկու ինֆարկտ։ Երկու գիտնականներն էլ մահացել են 57 տարեկան հասակում»։

Կ. Ի. Շչյոլկինը թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։ Նրա պատվին է 1982 թվականին անվանակոչված Ղրիմի մարգարիտը՝ Շչյոլկինո հանգստավայր-քաղաքը։

 

 

Սամվել Գրիգորի Քոչարյանց

07.01.1909, Նոր Բայազետ, (այժմ՝ Գավառ)– 04.08.1993, Սարով, Նովգորոդի մարզ, Ռուսաստան                          

 

Սամվել Քոչարյանցը առաջին ատոմային և ջերմամիջուկային զինամթերքի կոնստրուկտորն ու մշակողն է, Լենինյան (1961) և Ստալինյան երեք (1949, 1951, 1953) մրցանակների դափնեկիր է, ՌՍՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1969):

Ընտանիքի վեցերորդ զավակն էր։ Սերում էր Արցախի մելիք-իշխանների տոհմից։ Ուսումը սկսել է Երևանի պետական ​​համալսարանում, սակայն մատնագրի հիման վրա հեռացվել է և 1930 թվականին ստիպված է եղել մեկնել Մոսկվա։ Երեք տարի աշխատել է № 24 գործարանում, իսկ 1933 թվականին ընդունվել և 1937 թվականին ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը։ Այնտեղ էլ սովորել է ասպիրանտուրայում՝ միաժամանակ դասախոսություններ կարդալով էլեկտրատեխնիկայի տեսական հիմունքների ամբիոնում։ 1941 թվականի հունիսի 24-ին ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան։

1945 թվականին Քոչարյանցը Գերմանիայում կատարեց գերմանական միջուկային նախագծի առնչությամբ հատուկ առաջադրանք: 1947 թվականի սեպտեմբերին նա սկսեց աշխատել գաղտնի КБ-11-ում (Արզամաս-16)՝ որպես ավտոմատացման համակարգերի գիտա-կոնստրուկտորական հատվածի ղեկավար, ապա՝ բաժնի վարիչ: Պայթուցիկ նյութերից լիցքի գործարկման համակարգերի մշակման և խորհրդային առաջին ատոմային ռումբի համար ավտոմատ բռնկման համակարգերի կոնստրուկցիայի համար 1949 թվականին Քոչարյանցին շնորհվեց Լենինի շքանշան։ 1952 թվականին, երբ KB-11-ը վերակազմակերպվեց ինքնուրույն կառույցի, առանձնացվեց ավտոմատացման բաժինը, որը գլխավորեց Քոչարյանցը:

1953 թվականի օգոստոսին՝ խորհրդային առաջին ջրածնային ռումբի հաջող փորձարկումից հետո, Քոչարյանցը խմբի երեք այլ անդամների հետ արժանացավ Ստալինյան առաջին աստիճանի մրցանակի: 1958 թվականի նոյեմբերին ստացավ տեխնիկական գիտությունների դոկտորի կոչում՝ առանց դիսերտացիա պաշտպանելու:

1959 թվականին Քոչարյանցը նշանակվեց Փորձարարական ֆիզիկայի համառուսաստանյան գիտա-հետազոտական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտոր։ 1962 թվականին նրան շնորհվեց պրոֆեսորի կոչում։

Բալիստիկ հրթիռների մարտական մասերի մշակման համար Քոչարյանցին շնորհվել է Սոցիալիստական ​​աշխատանքի հերոսի կոչում (1962): Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների (МБР) ռեակտիվ արագացման մարտական բլոկների մշակման համար Սամվել Գրիգորիևիչին 1984 թվականին երկրորդ անգամ է շնորհվել Սոցիալիստական ​​աշխատանքի հերոսի կոչում: Լենինի յոթ շքանշանների (1949, 1953, 1954, 1956, 1962, 1979, 1984) և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանի (1971) ասպետ է:

Ս. Գ. Քոչարյանցը թաղված է Սարովում՝ Ռուսաստանի ամենագաղտնի քաղաքում. միջուկային վահան և հնագույն վանք, ատոմային ֆիզիկոսների և վանականների քաղաք, տաճարներ և ատոմային ռումբերի թանգարան, քարանձավներ, ստորգետնյա ծով և ջրմուղի աշխարհի լավագույն ջուրը։

Նրա ծննդավայր Գավառ քաղաքում՝ կենտրոնական հրապարակում, դեռևս նրա կենդանության օրոք տեղադրվել է Սամվել Գրիգորևիչի բրոնզե կիսանդրին։

 

 

Լեոն (Լևոն) Աբգարովիչ Օրբելի

25.06.1882, Ծաղկաձոր, Երևանի նահանգ – 09.12.1958, Լենինգրադ

 

Ֆիզիոլոգ, ակադեմիկոս (1935), ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի փոխնախագահ (1942–1946), բժշկական ծառայության գեներալ-գնդապետ (1944), Ստալինյան մրցանակ (1941), Սոցիալիստական ​​աշխատանքի հերոս (1945)։

1943 թվականից ակադեմիկոս Օտտո Յուլիևիչ Շմիդտի փոխարեն ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայից «ԽՍՀՄ ատոմային նախագծի» աշխատանքները սկսեց վերահսկել փոխնախագահ Լևոն Աբգարի Օրբելին։

Ավարտել է Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան (1904), 1907–1920 թվականներին Օրբելին աշխատել է Փորձարարական բժշկության ինստիտուտում, 1918–1946 թվականներին ղեկավարել է Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան գիտահետազոտական ​​ինստիտուտի ֆիզիոլոգիայի լաբորատորիան, միաժամանակ 1936–1950 թվականներին եղել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենը, 1939–1948 թվականներին՝ ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարը, 1943–1950 թվականներին՝ Ռազմաբժշկական ակադեմիայի վարիչը, 1956–1958 թվականներին՝ ԳԱ էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենը։

Ներկայացնենք մի հատված երկրի Ժողովրդական կոմիսարների խորհրդին ուղղված ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Լ. Ա. Օրբելու հուզիչ դիմում-միջնորդագրից՝ ռադիոակտիվ պատրաստուկների և թունավոր նյութերի հետ աշխատողների համար արտոնություններ սահմանելու անհրաժեշտության մասին (№ 1263c, 28.07.1942  թ., գաղտնի):

«ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահությունը խնդրում է, որ ռադիումի և ռադիոթորիումի բաց պատրաստուկների հետ աշխատող անձանց գործողության ավարտից անմիջապես հետո պարտադիր կարգով տրամադրվի եռօրյա արձակուրդ՝ արյան կազմը վերականգնելու համար, և սահմանել լրացուցիչ սննդի չափաքանակներ. 1) նշված նյութերի հետ աշխատող բոլոր աշխատողներին տրամադրել «O» կարգի պարենամթերքի քարտեր, 2) օրական տրամադրել լրացուցիչ 0,6 լիտր կաթ՝ այն փոխարինելով օրական 60 գրամ կարագով, շաքարավազ՝ օրական 75 գրամ՝ փոխարինելով օրական 50 գրամ շոկոլադով և օրական 15 գրամ վիտամիններ»։

 

Հայկ Բադալի Հովակիմյան

11.08.1898, Երևանի նահանգ, Նախիջևանի գավառ, գյուղ Ճահուկ (Ջահրի), 13.03.1967, Մոսկվա

 

 

Ատոմային ռումբի մասին արտասահմանում տեղեկություններ ձեռք բերելու համար խորհրդային հետախուզության բոլոր աշխատանքները ղեկավարում էր պետական ​​անվտանգության գեներալ-մայոր Պ. Մ. Ֆիտինը («Վիկտոր»), իսկ ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում ռեզիդենտի տեղակալ, գնդապետ Հ. Բ. Հովակիմյանը («Գենադի»), որը հավաքագրել էր ամերիկացի ֆիզիկոսներ Գ. Գոլդին, Ջուլիաս և Էթել Ռոզենբերգներին։

Հայկը ծնվել է բազմազավակ գյուղացիական ընտանիքում։ Ապագա հետախույզը ավարտել է Արմավիրի միջնակարգ դպրոցը, որտեղից նրա ընտանիքը տեղափոխվել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)։ Այնտեղ Հայկն աշխատել է որպես երկաթուղու տնտեսական խորհրդի քարտուղար։

1922 թվականին Հովակիմյանն ընդունվում է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարան։ Երեք ամիս ստաժավորվում է Իտալիայում և Գերմանիայում։ Ուսումնարանն ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է արտադրության ոլորտում։ Այնուհետև կրկին ուսում՝ Դ. Ի. Մենդելեևի անվան քիմիական-տեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտուրա և թեկնածուական ատենախոսության պաշտպանություն։

Հենց այդ ժամանակ երիտասարդ գիտնականով, որը տիրապետում էր նաև գերմաներենին, անգլերենին և իտալերենին, հետաքրքրվեցին Լուբյանկայում՝ Մոսկվայի հետախուզական կենտրոնում: 1931 թվականին Հայկ Հովակիմյանը ծառայության անցավ ԱՄՆ-ում գտնվող խորհրդային առևտրային ներկայացուցչությունում՝ որպես հետախուզության ռեզիդենտի տեղակալ, իսկ հետո նաև որպես գլխավոր ռեզիդենտ: Եվ չնայած այս ոլորտում իր անդադար ​​աշխատանքին՝ Հովակիմյանը 1935 թվականին Ամերիկայում կարողացավ փայլուն պաշտպանել դոկտորական ատենախոսությունը:

1941 թվականին, երբ արդեն պատրաստվում էր Հովակիմյանի Մոսկվա վերադառնալու հրամանը, ԱՄՆ ՀԴԲ-ն արձակեց նրա ձերբակալման հրամանագիրը՝ լրտեսության կասկածանքով։ Նրա համար անձամբ Ստալինը եռանդուն կերպով ջանք թափեց. ամերիկացիներին առաջարկվեց Հովակիմյանին փոխանակել վեց բացահայտված ամերիկացի գործակալների հետ։ Վաշինգտոնում համաձայնվեցին, և խորհրդային հետախույզին բաց թողեցին։

1943 թվականին Հովակիմյանը նշանակվեց ԽՍՀՄ Պետական ​​անվտանգության ժողովրդական կոմիսարիատի (НКГБ - ՊԱԺԿ) 1-ին վարչության 3-րդ բաժնի ղեկավար, որը վերահսկում էր ատոմային ռումբի հետ կապված աշխատանքները: 1943 թվականի ամռանը գիտությունների դոկտորներ Իգոր Կուրչատովը և Աբրամ Ալիխանովը ընտրվեցին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անդամներ, և առաջինը դարձավ գլխավորը այս ձեռնարկման մեջ, ինչը սկզբում թվում էր ոչ այնքան անիրատեսական, որքան անհասկանալի:

Սակայն համաշխարհային մեծության ֆիզիկոսները շատ արագ գլուխ հանեցին այս ամենից, իսկ տեղեկություններ ձեռք բերելու խնդիրը դրվեց Հովակիմյանի վրա, հակառակ դեպքում Ստալինն արդեն գանգատվում էր, թե Ամերիկայից «Գենադիի» (Հովակիմյանի գործակալական կեղծանունը) հեռանալուց հետո ձայն-ձուն չկա։

Արտասահմանում իր 15-ամյա ծառայության ընթացքում Հայկ Բադալովիչը «Գենադի», «Կիպնիս» և «Օսիպով» գաղտնի անուններով ԽՍՀՄ-ին է փոխանցել ավելի քան 31,000 գաղտնի նյութեր, առանձնապես կարևոր նշանակության մեքենաների և սարքերի 1055 նախագծեր, 163 օբյեկտների գլխավոր հատակագծեր, գերգաղտնի ինքնաթիռների նախագծեր, ինչպես նաև ատոմային զենքի մասին տեղեկություններ։

Հովակիմյանը, Մոսկվայում նստած, հաջողացրել է ստանալ կատարյալ անհավանական տեղեկություններ ամեն տեղից, այդ թվում՝ Լոս Ալամոսի (ԱՄՆ) Օպենհեյմերի լաբորատորիայից։ Կուրչատովը ցնցված էր և անընդհատ կրկնում էր, թե Հովակիմյանը նույնիսկ չի պատկերացնում, թե քանի տարով է նա մոտեցրել գերզենքի ստեղծումը։ Կուրչատովն ինքն էլ այդ ժամանակ դա չէր պատկերացնում. ամեն ինչ պարզ դարձավ ավելի ուշ։

Հայրենիքին մատուցած մեծ ծառայությունների համար Հայկ Հովակիմյանը պարգևատրվել է Կարմիր աստղի (1943, 1944) և Կարմիր դրոշի (1944, 1947) շքանշաններով։

***

1947 թվականին՝ հետախուզական ծառայության վերակազմակերպման ժամանակ, բյուրոկրատական քաշքշուկների հետևանքով երկար ժամանակ չէին կարողանում գեներալ-մայոր Հովակիմյանի համար համապատասխան պաշտոն ընտրել: Բյուրոկրատական ձգձգումներից հոգնած ու նյարդայնացած՝ Հովակիմյանը հրաժարականի մասին զեկույց գրեց:

Իմանալով Հովակիմյանի վիճակի մասին՝ ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ և քիմիական արդյունաբերության նախարար Միխայիլ Պերվուխինը, որը նրա հետ ծանոթացել էր խորհրդային ատոմային զենքի ստեղծման ժամանակ, անմիջապես նրան առաջարկեց գիտա-հետազոտական ​​ինստիտուտի տնօրենի պաշտոնը՝ այն նույն ​​ինստիտուտի, որը նախապատերազմյան տարիներին գնահատում էր Գերմանիայում և Միացյալ Նահանգներում Հովակիմյանի հավաքած հետախուզական տվյալները։

1949 թվականի օգոստոսի 29-ին Սեմիպալատինսկի հրաձգարանում փորձարկվեց առաջին խորհրդային ատոմային ռումբը։ ԿՀՎ-ում և Պենտագոնում գլուխներ թռան. Արևմուտքում համոզված էին, որ ԽՍՀՄ-ը 1960-ականներից շուտ միջուկային զենք չի ստեղծի։ Իսկ անգլոսաքսոնական իրարանցման գլխավոր մեղավորներից մեկը հետախույզ Հովակիմյանն էր։

1949-1951 թվականներին Հայկ Հովակիմյանը ԽՍՀՄ ազոտի արդյունաբերության պետական ​​ինստիտուտի տնօրենն էր, իսկ 1951-1967 թվականներին՝ նույն ինստիտուտի լաբորատորիայի վարիչը։ 1954 թվականին խրուշչովյան ԽՄԿԿ Կենտկոմի որոշմամբ նրան զրկեցին գեներալ-մայորի զինվորական կոչումից՝ իբր «սոցիալիստական ​​օրինականությունը խախտելու համար»։

Հայկ Բադալովիչը հանգչում է իր սիրելիների՝ կնոջ՝ Վերայի և միակ դստեր՝ Հեղինեի հետ՝ Մոսկվայի հայկական գերեզմանատանը։

 

Ռուսաստանն ինքն է անում

 

1949 թվականի օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը Սեմիպալատինսկի հրաձգարանի փորձարարական դաշտում նյարդայնանում էին բոլորը։ Գաղտնի գործողության ղեկավար Կիրիլ Շչյոլկինը, РДС-1 («реактивный двигатель специальный» - «հատուկ ռեակտիվ շարժիչ», որը վերծանվում էր նաև որպես «реактивный двигатель Сталина» - «Ստալինի ռեակտիվ շարժիչ»)-ի նախագծի վերահսկողներ Միխայիլ Պերվուխինը և Ավրաամի Զավենյագինը այլայլված էին։ Գունատ էր փորձարկումների կազմակերպման համար պատասխանատու, միջուկագետ Յուլի Խարիտոնը։

Օգոստոսի 29-ին փորձարկվեց առաջին խորհրդային ատոմային ռումբը։ ԽՍՀՄ-ը դարձավ միջուկային զենքին տիրապետող երկրորդ տերությունը։ ԽՍՀՄ-ը միջուկային զենքի ոլորտում հետ մնացողից վերածվեց ռեկորդակրի՝ ամենատարբեր ձևերով դրանց քանակությամբ։ Հետպատերազմյան վերականգնման պայմաններում երկրին հաջողվեց ցատկ կատարել դեպի ատոմային դարաշրջան։

Ռումբի հզորությունը կազմում էր ավելի քան 20 կիլոտոննա։ Պահակախմբի հետ բունկերից դուրս է գալիս Բերիան՝ «ԽՍՀՄ ատոմային նախագծի» ղեկավարը։ Մոտենում է Կուրչատովին՝ առաջարկելով անուն տալ ռումբին։ Իգոր Վասիլևիչը պատասխանում է, որ գաղտնի գործողության ղեկավար Շչյոլկինն արդեն մտածել է անուն՝ РДС-1, այսինքն՝ «Россия делает сама» («Ռուսաստանն ինքն է անում»)։ «Առաջնորդին դա դուր կգա»,– պատասխանում է Բերիան։

 

Լուսանկարումէ

Հ. Թ. Թևոսյան, Ա. Ի. Միկոյան, Ս. Ա. Ակոպով, Լ. Մ. Ղազարյան

 Հայկ Հովակիմյանը կնոջ՝ Վերա Համբարձումի Աբովյանի հետ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
TRIPP նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով. Հայկ ՄամիջանյանՆարեկ Սամսոնյանի ինքնազոհողությունը մթնոլորտ է փոխում թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանական դաշտում․ Հրանտ Մելիք-ՇահնազարյանՓորձել են առևանգել փաստաբաններից մեկի երեխային (Տեսանյութ) Էդ թյուրիմացությունով զբաղվեք. Ինչ է ասել Անդրանիկ Քոչարյանը ՓաշինյանինՀաջորդ խորհրդարանում հայտնվելը կախված է Աննա Հակոբյանի բարեհաճությունիցԱկանատես ենք ստվերների շքերթի, որտեղ իրական որոշումների աղբյուրները մնում են անտեսանելի«Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններինՀայկական ֆուտբոլի Դ'ԱրտանյանըՌուսական 3 տոննայանոց սավառնող ավիառումբը ոչնչացրել է 9 հարկանի շենքում տեղակայված ուկրաինական պաշտպանական համակարը (Տեսանյութ)Նարեկ Սամսոնյանը հացադուլը շարունակում է Փաշինյանը շարունակում է եկեղեցու վրա հարձակումները«ԽՍՀՄ ատոմային նախագծի» յոթ արտասովոր մասնակիցներըՓակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան Կրոնշտադտում հանդիսավոր կերպով բացվեց ծովակալ Իսակովի հուշարձանըՄեկ ա՝ կկուն կանչելու ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱդրբեջանը Իսրայելի և Թուրքիայի միջև. կհաջողվի՞ արդյոք նստած մնալ երկու աթոռի վրաԱլիևը Թրամփին ասել է, որ տարածաշրջանում խաղաղությունն արդեն իրողություն է Քանի բերանումս շունչ կա, սիրտս էլ տրոփում է, պայքարելու եմ, որ ՀՀ-ն ազատագրվի․ Բագրատ ՍրբազանՕդի ջերմաստիճանը հունվարի 23-ի գիշերը կբարձրանա 4-6, հունվարի 24-25-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Ջրային պարեկները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված