Ադրբեջանը Իսրայելի և Թուրքիայի միջև. կհաջողվի՞ արդյոք նստած մնալ երկու աթոռի վրա
ՎերլուծությունԱնդրեյ Արեշև
Նոյեմբերի վերջին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունեց իսրայելական պատվիրակությանը՝ Պաշտպանության նախարարության պաշտպանական հետազոտությունների և մշակումների վարչության պետ Դանիել Գոլդի գլխավորությամբ, որը բարձր գնահատեց երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակը, հատկապես՝ ռազմատեխնիկական ոլորտում: Պետք է ենթադրել, որ «կողմերը կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցերի շուրջ» կարճ ձևակերպման տակ նկատի է առնվում քննարկման համար թեմաների շատ լայն շրջանակ, հատկապես “Silk Road” (մետաքսի ճանապարհ) ռազմական փոխադրողի դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ կանոնավոր չվերթների ֆոնին (անցած 2025 թվականին դրանք մի քանի տասնյակ էին): Բաքվի նոյեմբերի 8-ի շքերթում ցուցադրվել են իսրայելական զենքի մի քանի նմուշներ՝ “РСЗО PULS”, «Հարպիա» (“Harpy”) տիպի «թափառող» զինամթերք, “Sea Breaker” հականավային հրթիռներ։
Բացի դրանից, նոյեմբերին Երուսաղեմում տեղի ունեցավ ադրբեջանա-իսրայելական տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ՝ առանձնապես չգովազդված նիստը. առաջինը Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումից հետո և Գազայում հակամարտության ձևական ավարտից մի քանի շաբաթ անց։ «Իսրայել կատարած մեր աշխատանքային այցի ընթացքում մենք ուրախ էինք հանդիպել այս երկրի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Էլի Կոհենի հետ»,- սոցիալական ցանցերում գրել է հանձնաժողովի համանախագահ, էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը։ Իր հերթին Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը նկատել է իսրայելցի զբոսաշրջիկների թվի աճը Ադրբեջան, որտեղ «հակասեմիտականության դրսևորումներ գործնականում չեն եղել, որոնք ամբողջ աշխարհում բռնկվել են Իսրայելի հարավի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո»։
Երեք օր 15 նախարարությունների և գերատեսչությունների ավելի քան 70 ներկայացուցիչներ քննարկել են էներգետիկայի, առևտրի, ներդրումների, գյուղատնտեսության, տրանսպորտի, թվայնացման և, ինչպես դա ընդունված է ասել, փոխադարձ հետաքրքրության այլ ոլորտներում համագործակցության հարցերը: Պետք է ենթադրել, որ քաղաքական տեսաբան Իլգար Վելիզադեն, հավանաբար ոչ առանց ծանրակշիռ հիմնավորման, գրում է «խաղաղ հեղափոխության» մասին իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում, որոնք որակապես նոր մակարդակի են անցել: Մոտավորապես նույն այդ ժամանակ Նեթանյահուի կառավարության սփյուռքի հարցերի նախարար Ամիհայ Շիկլին հայտարարել է, որ Թուրքիան այսօր ո՛չ ավել, ո՛չ պակաս ամենագլխավոր սպառնալիքն է Իսրայելի համար: Նրա խոսքով՝ հարկավոր է ձեռնարկել Էրդողանի ռեժիմը չեզոքացնելուն ուղղված բոլոր քայլերը. «Թուրքիան նոր Իրան է: Նա ունի Սիրիայում ընդլայնվելու հավակնություններ: Նա բազաներ է կառուցում Սիրիայում: Նա ունի Գազայում ընդլայնվելու հավակնություններ: Թուրքիան այսօր Իսրայելի համար ամենալուրջ սպառնալիքն է»:
2025 թվականին Կասպից ծովի ափերին անցկացվեց թուրք-իսրայելական խորհրդակցությունների մի քանի փուլ։ «Մենք հաջողության կհասնենք, եթե երկու կողմերն էլ համաձայնվեն միմյանց շահերը հաշվի առնող ընդհանուր մոդելին»,– խոստացավ Բաքվի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը։ Սակայն, դատելով պալատական փորձագետների որոշ զգուշավոր ակնարկներից, վճռական բեկման հասնել այդպես էլ չի հաջողվել։ Բաքվում ամբողջ ուժով ձգտում են հաշտեցնել միմյանց դեմ ավելի ու ավելի շատ հակադրվող Թուրքիային և Իսրայելին, սակայն դա ակնհայտորեն չի հաջողվում։ Ավելին, նոյեմբերի սկզբին Ապշերոնի ափին նախատեսված եվրոպացի ռաբբիների համաժողովը (ինչպես լայնորեն գովազդվում էր՝ առաջինը մահմեդական երկրում), որտեղ նախատեսված էր այլ հարցերի շարքում քննարկել «Աբրահամի համաձայնագրերին» Բաքվի միանալու հարցը, ստիպված եղան չեղարկել՝ ակնհայտորեն ոչ առանց Աք Սարայի ճնշման։
Չնայած Հեյդար Ալիևի հայտնի «մեկ ազգ, երկու պետություն» ձևակերպման շրջանակներւմ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցուցադրական «եղբայրությանը»` այն ամենևին էլ անտարակուսելի կամ խնդիրներից զերծ չէ: Բացի այդ, Հայաստանի թյուրքական հարևանների միջև հակասություններն ու անհամաձայնությունները տեսանելի ապագայում կարող են հայտնի դառնալ համաշխարհային հանրությանը։ Այսօր, թերևս, գրեթե գլխավոր վիճահարույց թեման Մերձավոր Արևելքի ճգնաժամն ու «պաղեստինյան հարցն» են: Ինչպես հայտնի է, իսրայելցիները վետո են դրել թուրք զինվորների տեղակայմանը Գազայի հատվածում՝ «Թրամփի ծրագրով» ենթադրվող Միջազգային կայունացնող ուժերի շրջանակներում, որոնք դեռ պետք է ձևավորվեն: Ի դեպ, 44-օրյա պատերազմից հետո իսրայելցիները անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեցին Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ՝ օգնություն առաջարկելով Երևանին ռազմական խորհրդատուներով և Իրանի հետ սահմանին սահմանային վերահսկողության կատարելագործման ծրագրերով: Եվ սա հայկական գործերի նկատմամբ հրեական պետության աճող հետաքրքրության միակ հայտանիշը չէ: Ոչ շատ վաղուց՝ ակնհայտորեն Թուրքիային խոցելու նպատակով, վարչապետ Բենիամին Նեթանյահուն հռետորաբար հայտարարեց հայոց ցեղասպանության ճանաչման մասին, իսկ նոյեմբերին արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը եղավ Երուսաղեմում՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Էդեն Բար-Տալի հետ քննարկելով երկկողմ փոխգործակցության արդիական հարցերը։
Ոչ պակաս լուրջ են հակասությունները նաև Սիրիայում, որտեղ իսրայելցիները աջակցում են երկրի հարավային մասում բնակվող դրուզներին և նրանց էթնոկրոնադավանական (էթնոկոնֆեսիոնալ) աշխարհազորին: Դեռևս 2025 թվականի սկզբին Նեթանյահուի կառավարությանն առընթեր «Անվտանգության բյուջեի ստուգման և ուժերի կուտակման» իսրայելական կոմիտեն (Նագելի կոմիտե) Թուրքիայի վերաբերյալ իր հանձնարարականներում զգուշացրել էր, որ Դամասկոսի իշխանությունների վրա այդ երկրի ազդեցության ուժեղացումը ունակ է «խորացնելու իսրայելա-թուրքական առճակատման վտանգը»: Այս նույն տրամաբանության մեջ են տեղավորվում Նեթանյահուի ռեժիմի՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները խորացնելու փորձերը, երբ իսրայելական և արևմտյան քարոզչությամբ խրախուսում են Ադրբեջանին` որպես «չափավոր մահմեդական երկրի»: Թվում էր, թե Եվրասիայում չկա ավելի ամուր ռազմավարական գործընկերություն, քան Թուրքիայի հետ Ադրբեջանի կապերն են, սակայն Իսրայելի հետ Բաքվի ամրապնդվող կապերը գնալով ավելի հաճախ են տարաձայնությունների աղբյուր դառնում ադրբեջանա-թուրքական դաշինքի ներսում:
Ադրբեջանի և Իսրայելի դաշինքի կարևորությունը նշել է նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իլհամ Ալիևին ուղղված պաշտոնական նամակում (փաստաթուղթը հրապարակվել է 2025 թվականի գարնանը): «Ես գնահատում եմ Ադրբեջանի աջակցությունն ու բարեկամությունը մեր գործընկեր Իսրայելի նկատմամբ»,– հաճոյախոսություններ է շռայլել Սպիտակ տան տերը Ադրբեջանի առաջնորդի հասցեին: Շատ կասկածելի է, թե Ալիևի ռեժիմի լայն մուտքը դեպի տարածաշրջանային ու համաշխարհային բեմ և Վաշինգտոնի կողմից նրա միջազգային դերի ճանաչումը մտնում են թուրքական ծրագրերի մեջ: Մի բան է ռազմական ու քաղաքական առումներով իրենցից կախվածություն ունեցող խաղացողին աջակցելը, բոլորովին այլ բան է կա՛մ ներկայիս, կա՛մ մի գուցե արդեն նախկին դաշնակցի առանց այն էլ ամրապնդվող դիրքերն ամրապնդելը, որն իր նախկին ավագ գործընկերոջ կարիքը բնական կերպով գնալով ավելի քիչ ունի:
Սրա հետևանքով Անկարան զգալիորեն թուլացրել է իր դիրքերը Եվրոպայի հետ ցանկացած հնարավոր գործարքում և միաժամանակ խոցելիություն է ցուցաբերել Ադրբեջանի հետ երկխոսության մեջ, և այժմ Բաքուն լիովին ընդունակ է վերակառուցելու իր կապերը Եվրոպայի հետ՝ առանձնապես հետ չնայելով «մեծ եղբոր» կողմը: Ի թիվս այլ բաների՝ Թուրքիան հույս ունի Կասպից ծովի արևմտյան ափերից նավթ ու գազ ներմուծել ավելի ցածր գնով, ինչը դժվար թե ձեռնտու լինի Ադրբեջանին, որն ավելի հարմարավետ պայմանների է ձգտում Եվրամիության հետ էներգետիկ երկխոսության մեջ: Օրինակ, 2021 թվականին նախատեսված էր երկարաձգել 20-ամյա համաձայնագիրը տրանսանատոլիական խողովակաշարով բնական գազի արտահանման մասին: Երկարատև բանակցություններից հետո հաջողվեց ստորագրել ժամանակավոր համաձայնագիր, այն էլ փոստային փոխանակման միջոցով՝ առանց ստանդարտ արձանագրության: Միայն 2024 թվականի հունիսին Բաքուն և Անկարան համաձայնության եկան երկարաձգելու ադրբեջանական բնական գազի արտահանումը Թուրքիա մինչև 2030 թվականի վերջը: Չի բացառվում, որ երկու կողմերի նկրտումները, ինչպես նաև համաշխարհային շուկաներում անորոշությունը հերթական անգամ կստիպեն վերադառնալ սույն հարցին:
Երկարատև ձգձգումից հետո Էրդողանի կառավարությունը հայտարարեց Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասին, սակայն, դատելով ըստ ամենայնի, կապերը միջնորդավորված կերպով պահպանվում են Բալկաններում և Միջերկրական ծովում միջնորդների միջոցով: Ադրբեջանի կասպյան հանքավայրերից նավթը առաջվա պես Թուրքիայի տարածքով տեղափոխվում է Միջերկրական ծովի Ջեյհան նավահանգիստ, որտեղից վերաբեռնվում է տանկերների մեջ՝ Էյլաթի և Աշկելոնի նավահանգիստների ուղղությամբ: 2024 թվականի գարնանը պաղեստինյան գործի արմատական կողմնակիցները բողոքի ցույց անցկացրին Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պետական նավթագազային ընկերության (SOCAR) գրասենյակի մոտ՝ արտահայտելով իրենց զայրույթը Իսրայելի ռազմական մեքենան վառելիքով լիցքավորելու համար՝ լուսամուտների վրա կարմիր ներկ ցողելով և դռներ կոտրել փորձելով...
Եվ չնայած Գազայի վերաբերյալ «եթերային» «Թրամփի ծրագիրը» կարծես թե ժամանակավորապես հանդարտեցրեց կրքերը, սակայն կասկած չկա, որ վաղ թե ուշ դրանք կբռնկվեն նոր թափով, քանի որ Իսրայելը կշարունակի փորձել իր երկարաժամկետ շահերին համապատասխան վերաձևավորել բոլոր հարևան պետություններն ու տարածքները՝ առանց բացառության, առաջին հերթին՝ Պաղեստինը, Սիրիան և Լիբանանը, որոնք ամենևին էլ անտարբեր չեն թուրքական «Բարձր Դռան» ժառանգորդների համար։
Վերջերս ավելի հաճախ կարելի է լսել հետխորհրդային Անդրկովկասի (Հարավային Կովկաս) պետություններին հակամարտություններով և հակասություններով լի «Մեծ Մերձավոր Արևելքի» ուղեծրի մեջ ներքաշելու մասին։ Կան ծանրակշիռ հիմքեր՝ ենթադրելու, որ հրթիռային հարվածներով, դիվերսիոն-ահաբեկչական գործողություններով ուղեկցվող Իսրայել-Իրան հակադրության հունիսյան բռնկումը ամենևին էլ վերջինը չէ։ Երևանից ու Բաքվից մինչև Հալեպ, Մոսուլ, Թեհրան կամ Թել Ավիվ հեռավորությունը շատ ավելի փոքր է, քան նույն կովկասյան մայրաքաղաքներից մինչև Վաշինգտոն, Բրյուսել կամ նույնիսկ Մոսկվա։ Գործելով «ակտիվ դիվանագիտության» մեթոդներով՝ Բաքվում փորձում են ընդհանուր հայտարարի բերել այն խաղացողների շահերը, որոնց դիրքորոշումները սակայն գնալով ավելի անհաշտելի են դառնում, ինչը միջնորդի`Ադրբեջանի համար հղի է ոչ միանշանակ հետևանքներով։
