Հայկական ֆուտբոլի Դ'Արտանյանը
ՍպորտԼույս է տեսել Ալեքսանդր Գրիգորյանի գիրքը Նիկոլայ Ղազարյանի մասին
Մեծ ֆուտբոլիստ և մարզիչ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին նախագահ Նիկոլայ Անդրանիկի (Անդրեևիչ) Ղազարյանի մահվան երկրորդ տարելիցի կապակցությամբ «Հայ-ռուսական մշակութային ասոցիացիա» հրատարակչությունը (ԱՌԿԱ, Երևան-Մոսկվա) լույս ընծայեց ռուս-հայկական «Նոև Կովչեգ» թերթի երկարամյա սեփական թղթակից Ալեքսանդր Գրիգորյանի՝ ֆուտբոլի թեմատիկայով հերթական գիրքը՝ «Նիկոլայ Ղազարյան` հայկական ֆուտբոլի Դ'Արտանյանը»։
Իր բովանդակությամբ և հրատարակության որակով այս հրաշալի գիրքը հեղինակը նվիրել է կնոջ անմոռանալի ծնողներին՝ Էռնեստ Բենիամինի Պետրոսովին (ինչպես և Նիկոլայ Ղազարյանը, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, Բաքվի «Դինամոյի» և ԽՍՀՄ զինված ուժերի Կիևի ռազմական օկրուգի հավաքականի հարձակվող Արտեմ Գրիգորի Ֆալյանի սանին) և Էմմա Արկադևնա (Արշակովնա) Սահակովային (Բաքվի № 142 և № 36 և Ռոստովի № 86 հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհուն):
Գիրքը հրատարակվել է հայտնի ձեռնարկատեր և բարերար, հայկական ֆուտբոլի հիմնական ներդրող, «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Արշամի Սողոմոնյանի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ։
Ծանոթագրության մեջ ասվում է, որ հայտնի մարզական գրող, լրագրող և հայկական սպորտի տարեգիր Ալեքսանդր Գրիգորյանի այս գիրքը նվիրված է Երևանի «Արարատի» լեգենդար հարձակվող և ֆուտբոլի հիանալի գործիչ, Հայկական ԽՍՀ սպորտկոմիտեի ֆուտբոլի բաժնի վերջին վարիչ և անկախ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին նախագահ Նիկոլայ Ղազարյանի կյանքին ու գործունեությանը։ Հեղինակը քայլ առ քայլ նկարագրում է իր հերոսի՝ որպես ժամանակի ականավոր մարզիկի վերածվելու ընթացքը, ներկայացնում է նրա՝ որպես շատ բարի անհատականության, նվիրված ընկերոջ, ընտանիքասեր մարդու և Հայաստանի իսկական հայրենասերի համակողմանի բնութագիրը։
Գիրքը հարուստ է նկարազարդումներով, ունի մոտ 250 լուսանկար և ընկերական շարժեր: Հավելվածում ներառված են Ղազարյանի բոլոր խաղերի, դրանցում խփած գոլերի և գոլային փոխանցումների վիճակագրական տվյալները, որոնք հատուկ այս հրատարակության համար պատրաստել է «ֆուտբոլային մաթեմատիկայի պրոֆեսոր» Գագիկ Խանամիրյանը:
Գիրքը հասցեագրված է ֆուտբոլի պատմաբաններին ու մասնագետներին, ինչպես նաև այս հրաշալի խաղի երկրպագուների լայն շրջանակին։ Իսկ եթե դուք պատանի ընթերցող եք և երբեք չեք սիրել ֆուտբոլը, ապա, կարդալով այս գիրքը, կհետաքրքրվեք դրանով և ինքներդ գնդակով դուրս կգաք խաղադաշտ։
Եվ, ինչպես ասել է բրիտանացի հայտնի գրող և բանաստեղծ Էրիկ Լինկլեյթերը, «դա ձեզ մարդ կդարձներ։ Դուք կսովորեք արհամարհել ցավը, անտեսել անձնական անհարմարությունները և թիմի փառքի համար, լարելով ձեր բոլոր ուժերը, դուք գրոհի կնետվեիք այնպիսի կատաղությամբ, ինչպես վիրավոր փիղն է նետվում պաշտպանելու իր ընկերուհուն։ Որպես փոխհատուցում ֆուտբոլին ձեր տվածի համար ֆուտբոլը ձեզ կտա խիզախություն, կրակ և անընկճելի հաստատակամություն, կարմիր արյուն կլցնի ձեր մարմնի յուրաքանչյուր երակի մեջ...»։
Գրքի նախաբանում նրա խմբագիրը՝ երիտասարդ ու շատ տաղանդավոր բանաստեղծ (որին ռուս քննադատները համարում են ժամանակակից ռուսաստանյան պոեզիայի լուրջ ձեռքբերումը), թարգմանիչ, Հայաստանի գրողների միության և Զաումիի միջազգային ակադեմիայի անդամ, ռուսական և միջազգային գրական մի շարք մրցանակների դափնեկիր Կոնստանտին Շաքարյանը, գրում է.
«Կարդալով այս գիրքը՝ ես մտա ինձ համար բոլորովին մի նոր՝ թեպետ մանկուց ծանոթ մի աշխարհ՝ ֆուտբոլի աշխարհը, որը պոեզիայի և շախմատի, քնարերգության և մաթեմատիկայի միահյուսման աշխարհն է սպորտում։ Չեմ ստի. ֆուտբոլի ողջ տիեզերքից ինձ ամենից շատ ծանոթ էր ֆուտբոլի գնդակի թռիչքի հետագիծը ռուսական պոեզիայում։ Առաջին զուգորդումը այն էր, թե ինչպես է «գնդակը թռչում շարքի վրայով» Նիկոլայ Զաբոլոցկու ստեղծագործության մեջ։
Հարձակվողը ցնծում է վազելով։
Հիմա նրա համար ի՞նչ նշանակություն ունի։
Իզուր չէ նրա արագընթաց մարմինը
կորացել աղեղի պես։
Այդ ժամանակվանից սկսած՝ 1920-ական թվականներից ի վեր, ռուսական պոեզիայում եղել են գնդակով տարբեր ուժգնության և գեղեցկության շատ հարվածներ։ Եղել են նաև այս զարմանալի խաղի քնարական արտացոլման փորձեր։
...Աչքերս կբացվեն մարտադաշտում,
ոչ թե պահեստայինների նստարանին։
Որպեսզի հողը նորից գվգվա,
որպեսզի տեսնեմ հողն ու խոտը,
որպեսզի տեսնեմ դաշտն առանց սահմանի,
քանի դեռ շնչում եմ, քանի դեռ ապրում եմ։
Այսպես է գրել իր սիրելի խաղի մասին ռազմաճակատային սերնդի հայտնի բանաստեղծ և պոեզիայում առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Միխայիլ Լուկոնինը՝ ֆուտբոլն ընտրելով որպես իր ճակատագրի ունիվերսալ փոխաբերություն։
...Բայց ժամանակն է կանգ առնելու. այնուամենայնիվ, ես ֆուտբոլի մասին պոեզիայի անթոլոգիայի նախաբան չեմ գրում, այլ միայն այս խաղի պատմության պայծառ դեմքերից մեկի մասին արձակ գիրք-պատմության համառոտ նախնական ծանուցում։
Արվեստում ընդհանրապես և պոեզիայում մասնավորապես, ինչպես հայտնի է, հարկավոր է ոչ թե «պատմել», այլ «ցույց տալ»։ Բայց, այնուամենայնիվ, շատ անհրաժեշտ և հետաքրքիր են լինում նաև այն գրքերը, որոնցում հեղինակները հենց պատմում են՝ տարեգրի մանրակրկիտությամբ, վկայի ոչ անտարբերությամբ և, վերջապես, պարզապես բանավոր պատմողի համուհոտով։ Ալեքսանդր Գրիգորյանի գրքից, Նիկոլայ Տիխոնովի արտահայտությամբ, փչում է «բանավոր խոսքի բույրը», որը ոչ մի խմբագրում չի կարող փչացնել։
Այս գրքի գլխավոր հերոսը Նիկոլայ Ղազարյանն է, սակայն պատմության մեջ խոսքը ոչ միայն և երբեմն ոչ այնքան նրա մասին է, որքան ամբողջությամբ լեգենդար «Արարատ» ֆուտբոլային թիմի, նրա փառահեղ ուղու մասին, որն անմոռանալի է բոլոր ֆուտբոլասերների համար։
Իսկ եթե մինչև վերջ ճշմարտացի և անկեղծ լինենք, ապա Գրիգորյանի այս և մի շարք այլ գրքերի գլխավոր հերոսը նորին մեծություն ֆուտբոլն է։ Ֆուտբոլը՝ ողողված հիշողությամբ, պոեզիայով և կենդանի կյանքի շնչով, որն այնքան պարզորոշ զգացվում է այս աշխույժ էջերում»։
Այս գրքում, որը Ղազարյանի կյանքի ու գործունեության յուրօրինակ անթոլոգիա դարձավ, հեղինակին հաջողվել է ի մի բերել Նիկոլայ Անդրեևիչի մասին հայտնի ֆուտբոլիստների, մարզիչների, լրագրողների և արվեստի գործիչների գրեթե բոլոր կարծիքները։ Կմեջբերեմ դրանցից միայն մեկը, բայց ինչպիսի՜, հենց իրենից՝ այժմ արդեն անմոռանալի Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանից. «Նիկոլայ Ղազարյանի ներդրումը Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործում հսկայական է։ Նա «Արարատ-73»-ի հենասյուներից մեկն էր, թիմի իսկական հաղթության գրավականը, ամեն մի մարզչի համար իր թիմում նման խաղացող ունենալը պարզապես երազանք էր։
Նրա վարպետությունը, վճռականությունը և խիզախությունը, սրընթաց եզրային գրոհները, որոնք խարխլում էին մրցակցի պաշտպանական շարքերը, զգալի ներդրում ունեցան 1973 թվականին «Արարատի» հաղթանակի մեջ: Նիկոլայը խաղադաշտում վառ անհատականություն էր, առանձնանում էր իր ջենտլմենական վարքագծով ինչպես թիմակիցների, այնպես էլ մրցակիցների նկատմամբ, իսկ եթե դեղին քարտ էր ստանում, ապա դա միայն իր բնավորության անմիջականության պատճառով էր:
Պրոֆեսիոնալ մարզիկ էր և, գլխավորը, հրաշալի մարդ։ Թերևս, քչերն են արժանանում կոլեկտիվի նման միահամուռ կարծիքի։ Նիկոլայ Անդրեևիչի նկատմամբ այդպես է վերաբերվում ողջ «Արարատ-73» թիմը, ֆուտբոլի վետերանները, երկրպագուները։ Մի՞թե դա մարզիկի համար ամենաբարձր պարգևը չէ։
Շնորհակալ եմ նրան նաև մեր հաճելի համագործակցության համար այն տարիներին, երբ նա ղեկավարում էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան»։
Իսկ իր համապարփակ աշխատանքի վերջաբանը Ալեքսանդր Գրիգորյանը, ինչպես միշտ, ավարտում է պերճախոս լեզվով. «Անվիճելի է, լեգենդար Նիկոլայ Ղազարյանը լիովին փոխհատուցեց իր ժողովրդին իր հայկական գեների համար: Նման մարդկանց հետ հեռանում են անկրկնելի զգացմունքները, որոնք զգացել ենք, երբ նա «Արարատի» հետ հաղթեց առաջնությունում և ԽՍՀՄ գավաթի խաղարկություններում, հաղթեց մեծ «Բավարիային»:
Նրան թաղեցին այնպես, ինչպես թաղում են հասարակական գործչին, քանի որ նույնիսկ անտեղյակներն ու ֆուտբոլում չլուսավորվածները հասկանում էին, թե ինչ բարձր ինտելեկտ էր մարել, ինչ մեծ ուժ են կորցրել։
...Մի անգամ հարցրի Կոլյային, թե՝ արի պատկերացնենք, թե դու դ'Արտանյանն ես «Արարատում»։ Ովքե՞ր կլինեին Աթոսը, Պորտոսը և Արամիսը։ Կոլյան մտածեց, ապա լիովին լուրջ ասաց. «Բայց այդպիսի հրացանակիրներ կլինեին չորսը՝ Կովալենկոն, Զանազանյանը, Անդրեասյանը և Պողոսյանը»։
Չեմ կասկածում, սիրելի՛ ընթերցող, որ հիշում եք, թե ինչպես է հերոս հրացանակիրների մասին բազմահատոր վիպերգությունն ավարտել Ալեքսանդր Դյուման։ Քաջարի դ'Արտանյանի վերջին խոսքերը դնելով Նիկոլայ Ղազարյանի շուրթերին՝ կարելի էր վերաձևակերպելով ասել. «Կովալենկո,՛ Զանազանյա՛ն, Անդրեասյա՛ն, մինչ հանդիպում։ Պողոսյա՛ն, մնաս բարով ընդմիշտ»։
Կարծում եմ՝ մեկտեղելով Կոլյայի մասին գրված ամեն ինչ՝ ինձ հաջողվեց այս կույտից նրա համար պատվանդան կառուցել»։
Իսկ մեզ մնում է նշել, որ հազար օրինակով հրատարակված «Նիկոլայ Ղազարյանը հայկական ֆուտբոլի դ'Արտանյանն է» գիրքը հասցեագրված է ֆուտբոլի լայն շրջանակի երկրպագուներին, պատմաբաններին և այս հրաշալի խաղի մասնագետներին։ Այն վաճառվում է Երևանում՝ «Բուկինիստ» գրախանութների ցանցում, որոնցից կենտրոնականը գտնվում է Մաշտոցի պողոտա 20 հասցեում։
«ՆԿ»-ի մշակույթի վարչություն
«Արարատ-73» թիմը
Գրքի հեղինակ Ալեքսանդր Գրիգորյանը (ձախից) և
գրքի խմբագիր Կոնստանտին Շաքարյանը
Արթուր Սողոմոնյանը մոր՝ Անահիտ Հակոբովնայի և
Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի հետ
