ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻՆ
ՀասարակությունՀայաստանում շարունակվում է Ձմեռային զորակոչը։ Այսօր, հունվարի 20-ին, Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Մարալիկ քաղաքի զինկոմիսարիատի բակը մարդաշատ էր։ Հայոց բանակի շարքերը համալրելու մեկնեցին 40 նորակոչիկներ Անի համայնքից և 33 նորակոչիկներ Արթիկ խոշորացված համայնքից։
Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Պարտադիր զինվորական ծառայության մեկնող նորակոչիկներին ճանապարհելու էին եկել Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, աշխատակազմի քարտուղարը, այլ ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ, հարազատներ, ընկերներ։
Նորակոչիկներին օրհնության կարգ կատարեց Տեր Տաթև քահանա Մարուքյանը, որից հետո Անի համայնքի ղեկավարը խաղաղ, անվտանգ ու անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց բոլոր նորակոչիկներին։ Համայնքի ղեկավարի կողմից ծառայության մեկնող տղաներին բաժանվեց առաջին անհրաժեշտության պարագաներ։ Արթիկ քաղաքից Հայոց բանակ էր մեկնում ՏԱՐՈՆ ՏԻՐԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, նա Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշեց.
«Բարձր տրամադրությամբ եմ մեկնում ծառայության։ Եղբայրս Միշան ևս ծառայում է, նա 6 ամսից կզորացրվի ԵՊՀ ուսանող է, միջազգային հարաբերությունների բաժնի։ Ես ևս ուսանող եմ Բրյուսովի անվան ինստիտուտում քաղաքագիտության բաժնում եմ սովորում։ Ծառայությունս ավարտեմ, կգամ ու կշարունակեմ ուսումս»։ Արթիկ խոշորացված համայնքի Հայրենյաց գյուղից էլ երեք նորակոչիկներ էին մեկնում Հայոց բանակ ծառայության ԷԴԳԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ և ՍԵՐՅՈԺԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։ Նրանք մեզ հետ զրույցում նշեցին, որ բանակ են մեկնում պաշտպանելու իրենց մայրերին, քույրերին, ողջ հայ ազգին, բարձր տրամադրությամբ մեկնում, որ 1,5 տարի անց նորից նույն բարձր տրամադրությամբ վերադառնան հայրենի տուն»։
Եկավ ամենահուզիչ պահը. Գրկախառնություն, հուզված ու թաց աչքեր, մայրական օրհնանք։ Բոլորի խնդրանքը մեկն է, խաղաղություն մեր երկրին, բարի ու անփորձանք ծառայություն մեր բոլոր նորակոչիկներին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ