Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերի ահռելի ամրապնդումը, որը սիրիահայ համայնքի համար կարող է խնդրահարույց լինել
«Սիրիայում լուծվում է քրդական խնդիրը, այսինքն, դե յուրե և դե ֆակտո վերջ է դրվում ավելի քան մեկ տասնամյակ այդ երկրի հյուսիսում և հյուսիս-արևելքում գործող քրդական ինքնավարությանը։ Սա երկրի ողջ տարածքում ինքնիշխանությունը վերականգնելուն միտված կարևոր իրողություն է, որին Ահմադ ալ-Շարաայի ժամանակավոր կառավարությունը կարողացավ հասնել Թուրքիայի և ԱՄՆ-ի գործուն աջակցությամբ։ Նախօրեին Դամասկոսում Մազլում Աբդիի և ալ-Շարաայի միջև ստորագրված փաստաթուղթը, պրակտիկ դաշտում կենսագործելիս, վստահաբար դեռ խնդիրների բախվելու է»,-նման տեսակետ է հայտնում տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանը, մատնանշելով.
-Բայց սրանով կանխվում են Սիրիան ֆեդերալիզացիայի տանելու հատկապես Իսրայելի, ներկա պայմաններում՝ նաև Իրանի նպատակային ջանքերը։ Այս ուղղությամբ ժամանակավոր կառավարության հաջորդ քայլերը միտված են լինելու Սիրիայի մյուս երկու կարևոր՝ դրուզական և ալավիական համայնքների անջատողական ջանքերը խափանելուն։ Վստահաբար, այս ուղղությամբ ևս Դամասկոսը չի կարողանա հաջողել առանց Վաշինգթոնի և Անկարայի գործուն աջակցության։ Քաղաքացիական պատերազմի արդյունքում էականորեն նվազած սիրիահայ համայնքի ապագայի համար էլ կարևոր է կայուն, կառավարելի և կանխատեսելի Սիրիան, որտեղ երաշխավորված կլինեն նաև հայերի իրավունքները։ Այդուհանդերձ, Սիրիայում ներկա իրողությունների պայմաններում հատկանշական է ևս մեկ կարևոր հանգամանք՝ Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերի ահռելի ամրապնդումը, որը սիրիահայ համայնքի համար կարող է խնդրահարույց լինել։