27 տարի շարունակ Վեհափառին քծնող ու շողոքորթող խմբակը գոհ չէ Վեհափառի գործելաոճից. «Իյա, իրո՞ք» կասեր դասականը. Միքայել Սրբազանը՝ տիրադավների մասին
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ով դեռ բուժում է ստանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, կարդացել է ՀԱԵ ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հայտարարությունը, որով նա փորձել է բացատրել, թե ինչու է միացել տիրադավ եպիսկոպոսների խմբին և ինչու է Նիկոլ Փաշինյանին աջակցում Հայ առաքելական եկեղեցին քանդելու գործում:
Միքայել Սրբազանը պատասխանել է տիրադավ Հովնան Տերտերյանին։
«Ի խորոց» թուղթ առ ումեմն ի տիրադաւ հերձուածողաց․․․
Այսօր իմ հիվանդասենյակ-մեկուսարանում ձեռքս անցավ անստորագիր մի գրություն, որի «Տիրոջ տան հանդեպ նախանձախնդրությամբ կլանված» հեղինակը Եկեղեցվո բարեկարգությունը տեսնում է որպես անհետաձգելի հրամայական: Կարող ենք հանգիստ շունչ քաշել․․․ վերջապես․․․
Գրության ընթերցումից պարզ է դառնում, որ «կլանված» հեղինակը տիրադավ հերձվածողներից ավագագույնն է, որն այսօր դեռ զբաղեցնում է ՀԱԵ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդի պաշտոնը՝ որ առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օժանդակության և սատարումի:
Քանի որ իմ հնարավորությունները սահմանափակված են, չեմ կարող համակարգիչ օգտագործել, իսկ սովորություն ունեմ որևէ բան գրել մեկ շնչով, ուստի անցնեմ բովադակությանը:
Ասվում է, որ «կարգ մը ազնիվ և բարեպաշտ հավատացողներ» մտահոգված են Եկեղեցու ներքին կյանքը խաթարող աղմկահարույց դեպքերով: Սա ընդունենք իբրև ինքնախոստովանական ցուցմունք, քանի որ հենց իրենք և միայն իրենք են խաթարել Եկեղեցու ներքին կյանքը՝ իրենց դավադիր և գաղտագողի խարդավանքը հրապարակելով նոյեմբերի 28-ին, և հաջորդող հերձվածողական արարքներով՝ Հայաստանի տարբեր թեմերում՝ իրենց «մենտորի» զինված բանդայի բացահայտ և լկտի հակասահմանադրական միջամտությամբ, որոնցից ամենավերջինը տեղի ունեցավ Մասիսում:
Իր «քանիցս» հնչեցրած կոչերին ծանոթ չենք, քանզի զրկված ենք համացանցային հասանելիությունից, ուստի զանց կառնենք այդ կոչերին անդրադառնալը:
Ապա պարզվում է, որ բարեկարգությունը օրակարգ է Ե դարից սկսած, որի համար զանազան ժողովներ են գումարված, սակայն ժողովների որոշումներին հղում անելու փոխարեն հեղինակը հղում է ԺԲ-Ի դարերի միջակայքում գործած 4 Հայրապետների հորդորական կոնդակներին և քարոզներին, ինչպես և եռամեծ Ս․Գրիգոր Տաթևացուն, որտեղ Հայրապետներն ու Վարդապետը ճշգրիտ ախտորոշումներ են արել, սակայն ոչ մի ակնարկ՝ բարեկարգության:
Եվ հանկարծ հսկայական ցատկ՝ Ե դարից միանգամից դեպի «նախորդ տարի՝ ի լրումն ժամանակի» բարեկարգության անհրաժեշտության՝ արտահայտված հայտնի ամոթալի դեպքերով: Բարեկարգության մասին խոսողները երևի ծանոթ էլ չեն Բաբկեն Կյուլեսերյան կաթողիկոսի դեղամիջոցին՝ «Եկեղեցու բարեկարգությունը եկեղեցականի բարեկարգություն է»: Գոնե բարեկարգվեիք բարեկարգելուց առաջ․․․
Անցնենք տիրադավ հերձվածողության 11 «գլխավոր» պատճառներին, ինչից հասկացվում է, որ դեռ կան երկրորդական պատճառներ ևս, որոնք մեզ խնայվել են․
ա/ Իբրև Վեհափառ Հայրապետը «պարտակել է» Արշակ սրբազանին վերագրվող «անպարկեշտ» արարքը: Ավելորդ է այս ծիծաղելի մեղադրանքին անդրադառնալը, որովհետև գոնե իրար հետ համաձայնեցրեք ձեր հայտարարությունները: Մի տիրադավ հայտարարում է, թե Վեհափառը պատվիրել է այդ տեսանյութը, իսկ սա ասում է, թե՝ «պարտակել է»: Առաջին հերթին կողմնորոշվեք, իսկ հետո սկսեք կամաց-կամաց «առիթը» զանազանել «պատճառից»: Թեև երևի դժվար կլինի, ինչպես երևում է ձեր «գործունեությունից»:
բ/ Ցավալիորեն կրկնվում է գլխավոր մոլագրի կողմից շրջանառության մեջ դրված այն թեզը, թե Վեհափառը «պարտադրած է» Աղան աբեղային: Սա նույնպես պատճառ չի կարող լինել, այլ սոսկ առիթ, իսկ իրականությունն է, որ նախկին աբեղայի կողմից իշխանությունների հասցեին արված դժգոհությանն ի պատասխան Վեհափառը պարզապես հարցրել է․ «Իսկ այդ դեպքում ինչու՞ դու և մայրդ ցուցարարների շարքում չեք»: Սա է հենց նախկին աբեղայից ինձ պատմվածը ժամանակին: Այ քեզ բարեկարգության պատճառ․․․
գ/ Կուսակրոնության ուխտի խախտման հնարավոր լինելու մասին․․․ Եւս մեկ ցնցող պատճառ: Աշխարհում չկա մի կուսակրոն, որին նման մեղադրանք ներկայացված չլինի, ինչպես անցյալում, այնպես էլ այսօր: Այդ նույն «պնդումը» բազմիցս նետվել է ասպարեզ՝ հատուկ շրջանակների կողմից հատուկ նպատակներով: 1999-ի ընտրություններից առաջ էլ էր նետված, սակայն այն ժամանակ հեղինակը նման պահանջ չուներ: Փաստորեն 27 տարի էր պետք պահանջ ձևավորելու համար․․․
դ/ Փաստորեն հեղինակը անվերապահ հնազանդություն Վեհափառին հայտնելու փոխարեն նույնը սկսել է հայտնել երկրի գլխավոր հանցագործին, որի կիսատ-պռատ ինչ որ «թղթի» կտորը դառնում է «փաստեր»: Նողկալի է այդքան իջնելը․․․»,- հոդվածում նշել է Սրբազան Հայրը։







