Համար մեկ պաշտպանը պետք է լինի պետությունը. այստեղ նաեւ պետության հեղինակության խնդիր է. Գագիկ Սարգսյան
ՍպորտՀայ դահուկորդ Միքայել Միքայելյանի քայլը շարունակվում է ակտիվորեն քննարկվել ինչպես հասարակության, այնպես էլ պաշտոնյաների շրջանում։ Հիշեցնենք, որ Միքայելյանն Իտալիայում անցկացվող հեղինակավոր Tour de Ski մրցաշարում, որը դահուկավազքի աշխարհի գավաթի փուլերից մեկն էր, որոշել էր չկրել իր մարզաշապիկի վրա նշված «Ադրբեջան» հովանավորական գրությունը՝ այն ծածկելով ժապավենով։ Այս ամենը ամփոփելով գալիս ենք մի պարզ եզրակացության, որ մարզիկի իրավունքներն ամբողջապես ոտնահարվել են: Թե ինչպիսի լուծում է տեսնում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ վերոնշյալի մասին «Իրավունք»-ը պարզել է հենց նրանից:
— Պարոն Սարգսյան, երբ ԿԳՄՍ փոխնախարարի կողմից ստացաք պարզաբանման հարցում «Ադրբեջան» գրառումը մարզիկի կողմից փակելու վերաբերյալ: Ի՞նչ զգացիք այդ պահին:
— Անկեղծ ասած, շատ անսպասելի հարց էր: Այդքան լրագրողների հետ եմ խոսել դեռ նման հարց չէին տվել: Շնորհակալ եմ նրբանկատ մոտեցման համար, որովհետեւ իրականում իսկապես լուրջ զգացողություններ ունեցա ու երկար ժամանակ չէի կարողանում կողմնորոշվել՝ ի՞նչ պատասխանեմ: Իսկապես չգիտեի նման հարցին ինչ պատասխան տամ: Ռուսերեն մի ճիշտ բառ կա՝ «недоумение»: Ես ուղղակի մի քանի անգամ կարդացել եմ հասկանալու համար՝ արդյոք ճիշտ եմ ընկալում հարցի էությունը: Դա շոկ էր ինձ համար: Իհարկե, պատասխանն արդեն տեսել եք (ֆեդերացիայի նախագահը՝ ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Ավագյանի պարզաբանման պահանջին ի պատասխան՝ գրել էր. «Մեր հայորդու քայլը առավել քան պարզ է, եւ կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք»,- հեղինակ):
Գիտեք, ես բավականին երկար ժամանակ աշխատել եմ պետական կառավարման համակարգում եւ իմ ղեկավարության տակ է եղել ընդհանուր փաստաթղթերի շրջանառությունը: Առհասարակ լինում է մասնագետ, ով պատրաստում է գրությունը՝ համապատասխան պաշտոնիայի հանձնարարականով եւ դառնում է գրության կատարող, որը վերջում ստորագրում է վերադասը: Այս գրությունն ուղարկել էր ԿԳՄՍ փոխնախարարը, խնդրում եմ սա հաշվի առնել, որպեսզի թյուրիմացություն չառաջանա, սակայն նաեւ ասեմ, որ նախարարն այդ մասին նախապես հայտարարել էր: Հիմա, եթե ես, որպես ղեկավար, ում մոտ գալիս է գրություն, որտեղ հնարավոր է լինի տառասխալ, մտքի շարադրանքի սխալ եւ այլն, կհասկանայի, սակայն այս հարցմամբ ի՞նչ էին ուզում պարզել, այդպես էլ չհասկացա:
—Այսինքն՝ ստացվում է, որ մարզիկը առհասարակ պաշտպանված չէ, թե պետության եւ թե Մարդու իրավունքների պաշտպանի կողմից եւ ինչ ցանկանան՝ «փողին մունաթ» տարբերակով, կարող են փակցնել մարզիկի մարզաշապիկին եւ վերջինիս դժգոհությանն ի պատասխան՝ սահմանեն տուգանքնե՞ր:
— Պետք է ասեմ, որ սա աննախադեպ իրավիճակ է: Նման բան դեռ չէր եղել, որպեսզի ունեցած լինեինք քննարկում կամ փորձ: Սա լուրջ մտածելու տեղիք է տալիս, եւ ես հիմա սպասում եմ Միջազգային ֆեդերացիայի արձագանքին՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից բարձրացված վայնասունի: Այստեղ այլ խնդիր էլ կա՝ երկու ֆեդերացիաներ հանդիսանում են միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ, որոնք ունեն լիարժեք իրավունքներ եւ պարտականություններ: Բայց, այստեղ Ադրբեջանի տուրիզմի պետական գործակալությունը համարվում է հովանավոր եւ կոնկրետ դեպքում՝ կամա, թե ակամա, Ադրբեջանի ֆեդերացիան ստանում է առավելություն: Եթե այնտեղ մարզիկի իրավունքների խնդիրն է, այստեղ Ֆեդերացիայի իրավունքների խնդիրն է առաջ գալիս: Բնականաբար, ամենաառաջինը դա մարզիկի իրավունքներն են եւ եթե դեպքը կրկնվի, այսինքն՝ նման արարքի համար մեկ այլ մարզիկ պատժվի, իհարկե, արձագանքը կշարունակվի եւ այլ կլինի: Թեպետ հիմա էլ է արձագանքը շատ հնչեղ:
Իմ կարծիքով՝ դրան լուծումներ կան՝ դրան հաջորդող օրերին արդեն տրվել է մեկնարկային համար, որի վրա այլ հովանավորի անունն է եղել: Այսինքն՝ հովանավորները, բնականաբար, շատ են եւ միջազգային ֆեդերացիան պարտավորություններ ունի, որպեսզի հովանավորի անունը երեւացող տեղ փակցնի: Եթե լինի քննարկում, ապա ես կառաջարկեմ, որ այն մեկնարկներին, որոնց պետք է Հայաստանի ներկայացուցիչները մասնակցեն, ուղղակի այդ օրվա մեկնարկին չլինի մեկնարկային համար, որի վրա գրված կլինի «Ադրբեջան» բառը: Դա որոշակի լուծում կարող է լինել՝ բավարարող բոլոր երեք կողմերի համար, առաջին հերթին խուսափելու համար մարզիկի հույզերն, արժանապատվությունն ու իրավունքը ոտնահարելուց:
— Այս դեպքում հարց է ծագում՝ ո՞վ պետք է պաշտպանի մարզիկի եւ ֆեդերացիայի իրավունքները:
— Մարզիկի եւ առհասարակ մարդու առաջին պաշտպանը պետք է լինի պետությունը, քանի որ այստեղ նաեւ պետության հեղինակության խնդիր է: Մարզիկը պետք է զգա պետության պաշտպանությունը: Երբ մարզիկը հաղթում է միջազգային ասպարեզում եւ մեծ պատասխանատվությամբ բարձրացնում է երկրի դրոշը, հնչեցնում երկրի հիմնը, այդ նույն պատասխանատվությամբ էլ պետությունը պետք է կանգնի մարզիկի կողքին:
Բնականաբար, կա գործիքակազմ: Ես մեկ առիթով ասել եմ, որ առաջինը միջազգային սպորտային արբիտրաժ դիմելն է՝ վիճարկելով նմանատիպ որոշումները, քանի որ խոսքը գնում է մարզիկի բարոյահոգեբանական վիճակի, ճնշման եւ արժանապատվության մասին: Կա նաեւ դրա շարունակությունը՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Երբ խոսում, թմբկահարում ենք, որ համար առաջինը դա մարդու իրավունքներն են, անշուշտ, մարզաշխարհում էլ դա մարզիկի իրավունքներն են: Կարծում եմ՝ անհրաժեշտության դեպքում մեր շատ ու շատ փորձառու հայ իրավաբաններ կօգնեն այս հարցը լուծել:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
