Նրան այլևս չեմ հրավիրի հավաքական. Մելիքյանին դուր չի եկել մարզաշապիկով փոխանակելու միտումը պարտությունից հետո
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Կենտրոն» ՀԸ-ի «Քրոնիկոն» հաղորդման եթերում անդրադարձել է ֆուտբոլիստների՝ մրցակիցների հետ մարզաշապիկներ փոխանակելու սովորությանը։
Լրագրողը հիշեցրել է հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի հայտարարությունը, ըստ որի՝ նա ցանկանում էր փոխանակել մարզաշապիկը Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Մեկնաբանելով իրավիճակը՝ Մելիքյանը նշել է.
«Ես Սպերցյանին շատ եմ սիրում, նա մեր թիմի ավագն է և մեզ համար կարևոր ֆուտբոլիստ, բայց դուք շատ դիպուկ և ճիշտ հարց տվեցիք։ Այո, ես նկատել եմ այդ միտումը։ Չեմ ցանկանում տալ կոնկրետ ֆուտբոլիստի անուն, բայց եղել է դեպք, երբ պարտությունից հետո տեսել եմ, թե ինչպես է խաղացողը կանգնած ինչ-որ անկյունում և սպասում մարզաշապիկ փոխանակելուն։ Ինձ համար դա սխալ է։ Այդ պահին մտածեցի, որ նրան այլևս չեմ հրավիրի հավաքական։ Թող ինձ քննադատեն և ասեն, որ շատ եմ խոսում արժեքներից, բայց ես շարունակելու եմ խոսել։ Սա ազգային հավաքական է, որտեղ ֆուտբոլիստը պարտավոր է գիտակցել իր պատասխանատվությունը։ Այստեղ դու չունես «քո», սա կոլեկցիա հավաքելու կամ սելֆի անելու տեղ չէ։ Զրույցս եղել է ոչ թե միայն Սպերցյանի, այլև ամբողջ թիմի հետ, և ես հստակ ներկայացրել եմ իմ պահանջները»։
