Պետական բյուջեի ինստիտուցիոնալացված թալան
ՎերլուծությունՀայաստանում ձեւավորվել է քաղաքական աբսուրդի մի մթնոլորտ, որտեղ ընդդիմադիր կուսակցությանը 100-200 հազար դրամ փոխանցելը կարող է դառնալ իշխանության կողմից հետապնդման պատճառ, իսկ իշխանությանը փոխանցված միլիոնները՝ լռությամբ շրջանցվող «օրինականություն»։ Ընդ որում՝ այդ միլիոնները փոխանցվում են անուն-ազգանուններով, որոնք հանրությանը ոչինչ չեն ասում, բայց ինչ-որ հրաշքով մշտապես համընկնում են պետական ծրագրերի, շինարարական թույլտվությունների, պետական գնումների ու արտոնությունների տրամադրման ժամանակացույցի հետ։
Երկրում ստեղծված են տասնյակ հակակոռուպցիոն մարմիններ՝ Հակակոռուպցիոն հանձնաժողով, քննչական ստորաբաժանումներ, վերահսկողական մեխանիզմներ։ Բայց որքան շատ են այդ կառույցները, այնքան ավելի ակնհայտ է դառնում մեկ պարզ իրողություն. կոռուպցիան ոչ միայն չի նվազում, այլ համակարգայնանում է հենց իշխանության ներսում։ Հակակոռուպցիոն հանձնաժողովը, որը կոչված է բացահայտելու կոռուպցիոն սխեմաները, վերածվել է ընտրովի կուրության մարմնի՝ խոշոր գումարների դեպքում չտեսնելու, փոքրերի դեպքում՝ խոշորացույցով հետապնդելու սկզբունքով։
Կոռուպցիան Հայաստանում վաղուց դադարել է լինել միայն «վերեւների» խնդիր։ Այն ամենուր է՝ զավթված մայթերում, ապօրինի շենք-շինարարություններում, քաղաքաշինական կամայականություններում։ Այս ամենի մասին տարիներ շարունակ բարձրաձայնել է ընդդիմադիր մամուլը, այդ թվում՝ «Իրավունք»-ը։ Իշխանության արձագանքը մշտապես նույնն է եղել՝ լռություն ու անտեսում:
Եվ ահա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխանությունը, իր իսկ ձեւակերպմամբ, «հերոս հարկատուների» հաշվին միլիոնավոր դրամներ է դիզում իր իսկ գրպանների համար։ Մինչ շարքային քաղաքացին ապրում է 80 հազար դրամ աշխատավարձով, իսկ թոշակառուն՝ 36 հազար դրամ թոշակով, իշխանական վերնախավը պարգեւատրվում է միլիարդներով։
ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ «ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳԼԽՈՒՄ Է», ՄԻԼԻՈՆՆԵՐԸ՝ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻ ԳՐՊԱՆՈՒՄ
Փաստերը խոսում են իրենց փոխարեն։ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի առաջին կիսամյակի համար ստացել է մոտ 11 մլն 951 հազար դրամ պարգեւավճար, դրանից բացի՝ եւս մոտ 1 մլն 970 հազար դրամ՝ առանձին տողով։ Վարչապետի աշխատակազմը, վարչապետն ու փոխվարչապետները 2021-2025 թվականներին ընդհանուր ստացել են շուրջ 2 միլիարդ 835 միլիոն դրամ պարգեւատրումներ։ Սա այլեւս ոչ թե խրախուսում է, այլ` պետական բյուջեի ինստիտուցիոնալացված թալան։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը այս գործընթացն անվանել է այն, ինչ կա իրականում՝ «ինքնապարգեւատրում պետական միջոցներով»՝ նշելով, որ մոտ 12 միլիոն դրամով սեփական անձին պարգեւատրելը «օրինական» է դարձել, բայց բարոյապես՝ բացարձակ անընդունելի։ Երբ իշխանությունը փորձում է հանրությանը համոզել, թե աղքատությունը «քաղաքացիների գլխում է», արժե հիշել այս թվերը։
Ավելին, մամուլում հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ «հույժ գաղտնի» փաստաթուղթ, որով շուրջ 3 միլիարդ դրամ դուրս է գրվել պետական բյուջեի խրախուսման ֆոնդից եւ ուղղվել իշխանական վերնախավին՝ 13-րդ աշխատավարձի տեսքով։ Փաստաթուղթը գաղտնագրվել է ոչ թե ազգային անվտանգության նկատառումներով, այլ մեկ նպատակով՝ որպեսզի քաղաքացին չհամեմատի իր թոշակն ու աշխատավարձը իշխանականների միլիոնների հետ։
Պարգեւատրվել են գրեթե բոլոր առանցքային նախարարություններում՝ նախարարներից մինչեւ բաժնի պետեր, երբեմն անգամ խոսնակներ ու վարորդներ։ Մեկ օրում նախարարի ստացած 6-7 միլիոն դրամը համարժեք է թոշակառուի շուրջ 14 տարվա ամբողջ թոշակին։ Սա օրենքի տառով հնարավոր է, բայց արդարության եւ բարոյականության տեսակետից՝ աղետալի:
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կարծում է, որ նախարարություններին տված պարգեւավճարները համարժեք են իրենց կատարած աշխատանքներին. «Մոտավորապես, 6-7 մլն դրամի կարգի՝ հարկերը հանած, բայց ճշգրտված կներկայացնեմ հայտարարագրում: Ընդ որում, սա հավելավճար է, որը հանրության աչքին երեւալու է որպես միանվագ գումար, որը տրամադրվել է նախարարին, բայց սա ամբողջ տարվա աշխատանքի դիմաց ես համարում եմ վարձատրություն»,- ասել է Գալյանը:
Իշխանությունը փորձում է արդարանալ, թե բարձր պարգեւավճարները կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու միջոց են։ Սակայն իրականությունն այլ բան է ցույց տալիս. երբ իշխանությունը ինքն իրեն պարգեւատրում է միլիարդներով, իսկ հասարակությանը թողնում է զրոյի վրա, կոռուպցիան դառնում է ոչ թե ռիսկ, այլ` կառավարման մեթոդ։
3 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԻՆ
Նկատենք, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները լինելու են ոչ միայն քաղաքական ընտրություն, այլ քաղաքացիական պատասխանատվության քննություն։ Քվեարկելով՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հաշվի առնի, թե ինչ կառուցվածքով է սնվում գործող իշխանությունը, ում հաշվին է վերարտադրվում եւ ինչ գնով է դա արվում։
Իշխանությունը, որը գոյատեւում է պետական համակարգից կախված բիզնեսների նվիրատվություններով եւ քաղաքացիների հարկերով ինքն իրեն պարգեւատրելով, չի կարող լինել հանրային շահի անկողմնակալ ներկայացուցիչ։ Սա կարծիք չէ, սա թվերի, փաստաթղթերի եւ փաստերի հանրագումարն է։
Եվ եթե հաջորդ անգամ ձեզ ասեն, որ փող չկա թոշակների, աշխատավարձերի կամ սոցիալական խնդիրների լուծման համար, պարզապես հիշեք այս թիվը՝ 3 միլիարդ դրամ պարգեւատրումներ իշխանական վերնախավին։ Սա է այսօրվա Հայաստանի իրական պատկերը։
Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2024 թվականի ֆինանսավորման վերաբերյալ infocom.am կայքում հրապարակված տվյալները եւս արձանագրում է ոչ թե առանձին խախտումների կամ վիճահարույց դրվագների ամբողջություն, այլ կոռուպցիոն համակարգի ձեւավորման հստակ եւ կրկնվող օրինաչափություն։ Առկա փաստերը վկայում են իշխանության եւ տնտեսական շահերի սերտաճման մասին, որը իրականացվում է քաղաքական հովանավորչության, պետական ռեսուրսների վերաբաշխման եւ փոխադարձ ծառայությունների տրամաբանությամբ։
Երբ պետական գնումների ակտիվ մասնակիցները, պետական աջակցությունից օգտվող կամ պետական մարմինների հետ բազմամիլիոն պայմանագրեր ունեցող տնտեսվարողները համակարգված կերպով ֆինանսավորում են իշխող կուսակցությանը՝ առավելագույն թույլատրելի չափերով եւ խմբային ձեւաչափով, նշանակում է՝ գործ ունենք ոչ թե քաղաքական աջակցության, այլ ազդեցության գնման եւ իշխանության վերարտադրության կոռուպցիոն մեխանիզմի հետ։
Անխոս, նվիրատվությունների ձեւական «օրինականությունը» չի վերացնում դրանց կոռուպցիոն բնույթը։ Ընդհակառակը՝ օրենքի շրջանակում կառուցված այս սխեմաները վկայում են համակարգային կոռուպցիայի մասին, երբ իրավական ձեւակերպումները ծառայում են հանրային վերահսկողությունը շրջանցելուն, իսկ կուսակցական ֆինանսավորումը վերածվում է պետական ռեսուրսների նկատմամբ լոյալության ապահովման գործիքի։
Քաղաքական ուժը, որը սնուցվում է պետական համակարգից կախված բիզնեսների միջոցներով, կորցնում է հանրային վստահության եւ ժողովրդավարական լեգիտիմության իրավական ու բարոյական հիմքը։ Մինչ այս հարցերը չստանան անկախ, լիարժեք եւ հրապարակային գնահատական, իշխող ուժի ցանկացած խոսք կոռուպցիայի դեմ պայքարի մասին դիտարկվելու է որպես հռետորաբանություն՝ հակասող իր իսկ ֆինանսավորման իրական պրակտիկային։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
