Անառողջ իրավիճակ՝ ոչ միայն առողջապահության ոլորտում
ՎերլուծությունԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական անգամ ապացուցում է մի պարզ ճշմարտություն․այս իշխանության յուրաքանչյուր կադր, ստանալով իրեն վստահված ոլորտը, այն ոչ թե զարգացնում է, այլ քանդում՝ քայլ առ քայլ, օրենք առ օրենք, «բարեփոխում» առ «բարեփոխում»։
Այսօր հերթը հասել է առողջապահությանը, իսկ գործիքը՝ այսպես կոչված «Համընդհանուր առողջապահական ապահովագրությունն» է։ Գեղեցիկ անուն, եվրոպական շղարշ, բայց ներսում՝ սոցիալական անարդարության, կառավարման քաոսի եւ ֆինանսական ռիսկերի խառնուրդ։
Քաղաքացուն պարտադրում են վճարել։ Պետությունը՝ ոչինչ չի պարտավորվում։ Օրենքում հստակ սահմանված չէ, թե քաղաքացին իր վճարած գումարի դիմաց կոնկրետ ինչ բուժօգնություն է ստանալու, ինչ ծավալով, ինչ որակով եւ ինչ ժամկետում։ Սա ապահովագրությո՞ւն է, թե՞ հերթական հարկ՝ այլ անունով։
Պետությունն ազատվում է պատասխանատվությունից, իսկ քաղաքացին մնում է անորոշության մեջ։ Վճարում ես՝ հույսով, բայց առանց երաշխիքների։ Օրենքը ներկայացվում է որպես սոցիալական համերաշխության մոդել, սակայն իրականում այն խորացնում է անհավասարությունը։ Բոլորը վճարում են նույն չափով՝ անկախ եկամուտից, սոցիալական վիճակից, առողջական խնդիրներից։
Սա արդարությո՞ւն է, երբ նվազագույն աշխատավարձ ստացողը եւ բարձր եկամուտ ունեցողը նույն թույլտվությամբ «մտնում են» համակարգ։ Երբ սոցիալական պետության գաղափարը փոխարինվում է հաշվապահական մոտեցմամբ:
Շահառուն չունի ապահովագրող ընտրելու հնարավորություն։ Չկա մրցակցություն, չկա այլընտրանք, չկա որակի համար պայքար։ Պետությունը մենաշնորհային կարգով պարտադրում է մեկ համակարգ՝ անկախ նրանից՝ այն աշխատո՞ւմ է, թե՝ ոչ։
ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐ՝ ԱՌԱՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ
Այս մոդելը հիշեցնում է ոչ թե ժամանակակից ապահովագրություն, այլ վարչարարություն՝ թվայնացված տեսքով։
Առողջապահության նախարարությունը քաղաքացիներին ներքաշում է մի համակարգի մեջ, որն անգամ տեխնիկապես պատրաստ չէ։ Խափանումներ, սխալ տվյալներ, բացակայող վերահսկողություն։ «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգը վաղուց դարձել է անեկդոտների աղբյուր։ «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․«Արմեդ» համակարգում իմ բժշկական կենսագրությունը դարձել է ֆանտաստիկ ժանր։ Պարզվում է՝ ես ապենդիցիտի կապակցությամբ վիրահատվել եմ Ապարանում, դիալիզ եմ ստացել Վանաձորում, եւ ռեւմատոլոգի մոտ եմ եղել Գավառում։ Անկեղծ՝ տխրեցի… Կարող էիք ավելի ստեղծագործ մոտենալ ախտորոշումներին։ Ու այսպիսի տվյալների վրա պետք է կառուցվի ապահովագրությո՞ւնը»։
Երբ մարդու առողջական պատմությունը ձեւավորվում է երեւակայության մակարդակով, ո՞վ է պատասխան տալու սխալ բուժման, մերժված ծառայության կամ ֆինանսական վնասի համար, հարցը թերեւս մնում է հռետորական: Մինչդեռ խոսքը միլիարդավոր դրամների մասին է, որոնք կբաշխվեն առանց լիարժեք հանրային վերահսկողության։
Հատկանշական է, որ ոչ ֆորմալ աշխատողները, ինքնազբաղվածները, գործազուրկները հայտնվում են ռիսկային գոտում։ Ինչպե՞ս են նրանք վճարելու։ Ի՞նչ կլինի ուշացման դեպքում։ Ի՞նչ մեխանիզմներ կան նրանց պաշտպանելու համար։ Այս հարցերին նախարարությունն այդպես էլ չի տալիս համապարփակ պատասխան: Այս ամբողջն ավելի շատ հիշեցնում է ոչ թե առողջապահական բարեփոխում, այլ հարկային նոր բեռ՝ վատ կառավարվող, չհաշվարկված եւ վտանգավոր հետեւանքներով։
Մարդը վճարում է՝ անկախ նրանից՝ օգտվում է, թե՝ ոչ։ Վճարում է՝ առանց վստահ լինելու, որ անհրաժեշտ պահին համակարգը կաշխատի իր օգտին, ոչ թե իր դեմ։ Անահիտ Ավանեսյանի ղեկավարած առողջապահությունը դառնում է վառ օրինակ, թե ինչպես է այս իշխանությունը «բարեփոխումների» անվան տակ ավերում ոլորտները՝ թողնելով քաղաքացիներին անպաշտպան, իսկ պետությունը՝ անպատասխանատու։ Եվ ամենացավալին այն է, որ այս ամենը ներկայացվում է իբրեւ առաջընթաց։
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔՆ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏԸ ՄԻ ԲԱՆ Է ԱՐԵԼ
Ոչ պակաս անառողջ մթնոլորտ է ընդդիմադիր դաշտում: Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին միացած ՀՅԴ-ն շտապում է հայտարարել, որ 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններին ոչ թե, օրինակ, «Ոչ Նիկոլին, այո՛ Սահմանադրությանը» կարգախոսով ընդդիմադիր մեկ միասնական ճակատով, այլ առանձին դաշինքով մասնակցելու է: Ի՞նչ արտաքին քաղաքական ծրագիր են առաջարկում, հայտնի չէ, բայց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գլխանց ասում է՝ ընդդիմադիր դաշտում իրար քննադատել չլինի:
Դե իհարկե, չի կարելի քննադատել, բայց պարզվում է՝ կարելի է այսպես՝ յոթ-ութ տարի լինել խորհրդարանական խմբակցություն, ստանալ պարգեւավճար պետական բյուջեից, այդ ընթացքում կորցնել Արցախը, հայաթափման ականատես լինել, բանտերը լցնել քաղբանտարկյալներով, գերիներին թողնել Ադրբեջանին, Հայ Առաքելական եկեղեցին՝ տոտալ հարձակման տակ, բավարարվել մի քանի հանրահավաքներով, երեւանյան քայլերթերով ու կրկին դիմել քաղաքացուն՝ քվե ստանալու համար: Ի վերջո, այս ամենի համար պատասխանատու է ոչ միայն իշխանությունը, այլ Ազգային ժողովն՝ իր բոլոր թեւերով: Եթե այդպես չէր, ապա կար երկու ճանապարհ. խորհրդարանական ընդդիմությունը կա՛մ պետք է վայր դներ մանդատները, կա՛մ ամեն գնով կյանքի կոչեր Փաշինյան Նիկոլին անվստահություն հայտնելու գործընթացը: Մինչդեռ նույն թիվ մեկ խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» դաշինքի, այս տարիների ընթացքում ամենաարդյունավետը մի բան է արել՝ հիասթափեցրել է քաղաքացիներին նաեւ ընդդիմությունից:
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ՀՈՒՇՈՒՄ ՀՅԴ-Ի ՎԵՐՋԻՆ ԴԱՇԻՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԸ
Ի դեպ, հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ ձեւավորված «Հայաստան» դաշինքը կազմում էին ՀՅԴ-ն, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն ու անկուսակցական քոչարյանականները: Ի՞նչ եղավ հետո:
«Վերածնվող Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորները վայր դրեցին մանդատները, անկուսակցականներից մի քանիսը նախընտրեցին վերադառնալ իրենց գործին, ոչ թե խորհրդարանում նստել: Իսկ «Հայաստան» դաշինքով պատգամավոր դարձած Արթուր Ղազինյանն ու Անդրանիկ Թեւանյանը մանդատները վայր դրեցին՝ ամենքն իր քաղաքական ուժը ստեղծելով: Բացառություն էր ՔՊ-ականներից ավելի նիկոլական դարձած Գեղամ Նազարյանը, որը որոշեց անկախ դառնալ: Ըստ էության՝ ընդդիմադիր ձայներից մեկը պակասեցնելով: Անխոս, այս ամենը հօգուտ ՀՅԴ-ի էր, քանի որ ՀՅԴ-ականները դաշինքում դարձան բացարձակ մեծամասնություն՝ ավագ Քոչարյանի առաջնորդությամբ եւ կրտսեր Քոչարյանի ընկերակցությամբ:
Բայց այս ամենն էլ մի կողմ. իհարկե, եղան թեժ բանավեճեր խորհրդարանում, անգամ ծեծկռտուքներ, բայց դրանից ո՛չ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երերաց, ո՛չ էլ երկրում իրավիճակ փոխվեց: Հետեւապես, երբ այսօր Իշխան Սաղաթելյանը կրկին խոսում է դաշինք ձեւավորելուց եւ հավելում, որ հատուկ անակնկալներ չեն լինելու, արդյոք նշանակում է, որ պատմությունը կրկնվելու է ի շրջանս յուր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
