Սառցե ջրերը մտնելուց հետո՝ աշխարհին սկսեցի այլ աչքերով նայել. Էդգար Ալեքսանյան
ՄշակութայինՈՉ ԹԵ ՄԱՐՄՆԻ, ԱՅԼ՝ ՄՏՔԻ ՀԱՂԹԱՆԱԿ
Հունվարի 19-ին ուղղափառ աշխարհը նշում է Տիրոջ Մկրտությունը, որը շատերի համար միայն եկեղեցական տոն չէ, այլ նաեւ հավատքի վերահաստատման, ինքնահաղթահարման ու մարմնի փորձության խորհրդանիշ։ Այդ օրը հազարավոր մարդիկ՝ հատկապես Ռուսաստանում եւ արեւելաեվրոպական երկրներում, սուզվում են սառցե ջրերի մեջ՝ հավատալով, որ դա ոչ միայն հոգեւոր մաքրում է, այլեւ ֆիզիկական ու մտավոր վերածնունդ։
Պարզվում է՝ սառցե ջրում լողալու մշակույթը վաղուց սահմաններ է հատել, եւ Հայաստանը եւս բացառություն չէ։ Մեզ մոտ էլ կան մարդիկ, որոնց համար սառցե ջուրը դարձել է ոչ թե միանգամյա էքստրիմ, այլ կենսակերպ։ Նրանց թվում են նաեւ հանրությանը հայտնի դեմքեր, որոնք իրենց օրինակով փորձում են կոտրել կարծրատիպեր եւ ցույց տալ՝ մարդու հնարավորությունները շատ ավելի լայն են, քան թվում է առաջին հայացքից։
Նրանցից է մոդել եւ բլոգեր ԷԴԳԱՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, որը սոցիալական հարթակներում առավել հայտնի է Ալիկ անունով։ Թե ինչու հենց Ալիկ՝ Էդգարը խոստանում է պատմել մեկ այլ առիթով՝ նշելով, որ դրա հետեւում երկար ու հետաքրքիր պատմություն կա։ Իսկ այս անգամ նա «Իրավունք»-ի հետ զրույցում պատմեց, թե ինչ ճանապարհ է անցնել՝ մինչեւ սառցե ջրերին հասնելը:
«Ո՛Չ ՍԱՌՉՈՒՄ ԵՄ, Ո՛Չ ՄՐՍՈՒՄ, Ո՛Չ ՀԻՎԱՆԴԱՆՈՒՄ»
— Ինչպե՞ս սկսվեց սառցե ջրում լողալու հանդեպ հետաքրքրությունը: Ի վերջո, ի՞նչը Ձեզ մղեց առաջին անգամ փորձել:
— Նախ կարծում եմ, որ սառցե ջրում լողալն ամեն մարդ պիտի փորձի, որովհետեւ թարմանում են մտքերդ եւ ուրիշ ձեւ ես սկսում նայել կյանքին: Ես մոտ 3 տարի առաջ եմ սկսել սառցե ջրերում լողալ ու այնպես չէ, որ սա պատահականություն էր, այլ գիտակցված որոշել եմ լրջորեն զբաղվել դրանով: Ես ուզում էի եւ սկսեցի սովորել, թե ճիշտ ձեւով ինչպես պետք է սկսել զբաղվել այս ամենով: Հիմա արդեն կարող եմ ինքս խորհուրդներ տալ սկսնակներին, որպեսզի վատ հետեւանքներ չլինեն, եւ նրանք զգան այն, ինչ պետք է:
— Որո՞նք են այն կարեւոր խորհուրդները, որ առաջին անգամ սառցե ջրում լողալ ցանկացողը պետք է իմանա:
— Ամեն դեպքում, ես յուրաքանչյուրին ասում եմ՝ մինչեւ ամբողջովին սառցե ջրի մեջ մտնելը, նախ պետք է ընդունել կոնտրաստային ցնցուղ եւ սովորել ճիշտ շնչել։ Դրա համար կա ճիշտ շնչելու պրակտիկ մեթոդ՝ 30 վայրկյան խորը շնչել եւ խորն արտաշնչել։ Ու երբ շունչը բաց եք թողնում՝ առանց թթվածնի պետք է մնալ 30 վայրկյան: Սա իրականացվում է երեք մոտեցումով եւ ամեն հաջորդին ավելացնում եք եւս 30 վայրկյան: Վերջում մի րոպե ու կես առանց շնչելու մնում եք, որը մի ուրիշ էֆֆեկտ է տալիս։ Իհարկե, այս ամենը լավ կլինի անել փորձառու մարդկանց վերահսկողությամբ:
Ինքս էլ նախ ճիշտ շնչել եմ սովորել, ապա դրանից մեկ շաբաթ հետո՝ արդեն սկսեցի կոնտրաստային ցնցուղ ընդունել: Մի րոպե կանգնում ես տաք ջրի տակ, հետո՝ 20 վայրկյան սառը ջրի, նույնը կատարում ես երեք անգամ: Ամեն մոտեցումից հետո՝ 20 վայրկյան կրկնապատկում ես: Միայն այս ամենից հետո՝ նոր սկսեցի լողալ սառցե ջրերում՝ սկսելով հայտնի «Բիձու գյոլից»:
Արդեն 3 տարի է լողում եմ սառցե ջրերում եւ ինձ կոնֆորտ եմ զգում՝ ո՛չ սառչում եմ, ո՛չ մրսում, ո՛չ հիվանդանում: Մինչդեռ միշտ անընդհատ հիվանդանալու խնդիր եմ ունեցել: Փառք Աստծո, այլեւս նման խնդիր չկա:
«ՍԱՌՑԵ ՋՐԵՐՈՒՄ ԼՈՂԱԼԸ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՐՁԵԼ»
— Ասում են` սառցե ջրում լողալուց հետո՝ տպավորություն է, թե վերածնվում ես: Ձեզ մոտ ի՞նչ զգացողություն է: Երբ առաջին անգամ մտաք սառցե ջրի մեջ ինչ-որ վախեր ունեի՞ք եւ ընդհանրապես՝ ամեն անգամ զգացողությունները միշտ նո՞ւյնն են լինում։
— Ինձ մոտ սա այլեւս սովորություն է դարձել եւ, այսպես ասած, «վաո՜ւ» էֆֆեկտ ես էլ չեմ ստանում, քանի որ արդեն վաղուց է, ինչ զբաղվում եմ սառցե ջրում լողալով: Բայց, միեւնույն է, երբ ամեն անգամ մտնում ես ջուրը, թարմանում ես, որովհետեւ օրգանիզմդ մտնում է մի միջավայր, որին պատրաստ չէր: Չէ որ մենք սովոր ենք տաքին. տունը տաք է, դուրսը նախընտրում ենք տաքուկ վայրերում գտնվել, ընդհանրապես՝ մեզ միշտ կոնֆորտային միջավայրում ենք պահում: Բայց երբ մտնում ես սառցե ջրերի մեջ, օրգանիզմդ 100 աստիճանով սկսում է աշխատել: Ամենաառաջինը բարելավվում է արյանդ շրջանառությունը: Հենց սրա համար եմ ասում, որ մինչեւ սառցե ջրի մեջ մտնելը, պետք է նախ պրակտիկ աշխատանք կատարել, որովհետեւ երբ մտնում ես սառցե ջրի մեջ, արյունդ սկսում է ահավոր արագ շրջանառվել եւ կարող է սիրտդ չդիմանա այդպիսի մեծ ծավալով արյան շրջանառությանը: Այս առումով սրտանոթային, ճնշման կամ այլ խնդիրներ ունեցող մարդիկ պետք է նախ խորհրդակցեն բժշկի հետ։
Ես էլ չգիտեի՝ իմ օրգանիզմը թույլ կտա ինձ սառցե ջրերում լողալ, դրա համար շատ կարեւոր է նախ պրակտիկապես պատրաստվել դրան: Իսկ հիմա արդեն ինձ համար սառը ջրերում լողալն, ուղղակի, սովորություն է դարձել, չեմ կարող չլողալ: Եթե մեկ շաբաթ չեմ լողում, հոգնածություն եմ զգում, կարծես, օրգանիզմս պահանջում է այդ սառնությունը:
— Բայց սառցե ջրերում լողալը էքստրի՞մ է, թե՞ զուտ ֆիզիկական առողջությանը հետեւելու միջոց: Կամ գուցե այն ստիմուլ է տալիս հոգեպես ավելի ամո՞ւր լինելու:
— Ինչ-որ ասացիք, բոլորը կա դրա մեջ: Դու քեզ լավ ես զգում, առողջությունդ լավացնում ես, մտքերով ավելի շատ ես աճում: Պատկերացրեք, դու գիտակցում ես, որ հիմա գնում ես մի տեղ, որը օրգանիզմիդ դուր չի գալիս, բայց դու դա հաղթահարում ես: Հաղթում ես ինքդ քեզ, մեջդ ինքնավստահություն է առաջանում եւ սկսում ես մտածել, որ եթե սառցե ջրերի մեջ ես մտել, էլ ինչ պիտի լինի, որ չկարողանաս տակից դուրս գալ: Նույն զգացողությունն է, երբ բարձրանում եմ սարեր: Ես սիրում եմ բարձր սարեր բարձրանալ, 2024 թվականին նաեւ Արարատ լեռն եմ բարձրացել: Եվ ասեմ, որ ցուրտ ընդհանրապես չեմ զգացել՝ շնորհիվ նրա, որ լողում եմ տարբեր սառցե ջրերում:
Էլի եմ ասում՝ այս ամենը կարող է մարդու վրա վատ հետեւանք ունենալ միայն այն ժամանակ, երբ անպատրաստ է դրան: Դրա համար պետք է, որ խելքը գլխին մարդ սովորեցնի ճիշտ մեթոդը: Այս հարցում ես ինքնուս եմ՝ տեղեկություններ եմ հավաքել համացանցից, հետաքրքրվել եմ ծանոթ մարդկանցից եւ չեմ ասել, թե՝ լավ, ես սպորտսմեն տղա եմ, գնամ միանգամից սառցե ջրի մեջ մտնեմ: Ու հիմա հասել եմ նրան, որ ընդհանրապես չեմ դողում ջրի մեջ:
«ՄԵՐ ԴԱՐՈՒՄ ԱՂՋԻԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԱԿՏԻՎ ԿԵՆՍԱԿԵՐՊ ԵՆ ՎԱՐՈՒՄ»
— Ձեր այս սովորությանն ինչպե՞ս են վերաբերում ընկերները, հարազատները: Ինչպե՞ս ընդունեցին, որ նման նախասիրություն ունեք:
— Սկզբում ասում էին խենթություն է, հետո սկսեցին հարցուփորձ անել, թե ինչպես ես կարողանում: Հիմա արդեն նաեւ ընկերներս են գալիս ինձ հետ սառցե ջրերում լողալու։ Իմ ինստագրամյան էջին շատ մարդիկ սկսել են գրել, որ իրենք էլ են ուզում միանալ: Ընդ որում՝ շատ աղջիկներ են նաեւ սկսել սառցե ջրերում լողալ, ինչն ինձ, իրոք, զարմացրել է: Տպավորություն է, որ մեր դարում աղջիկներն ավելի ակտիվ կենսակերպ են վարում, քան տղաները: Շատերին եմ ցույց տվել ճանապարհը, թե ինչպես ճիշտ սկսեն զբաղվել սառցե ջրում լողով: Օրինակ, մարդիկ կան, որոնք վախենում են սառցե ջրից, բայց ինձ հետ հանգիստ մտել է ջուրը: Երբ նայում ես մարդու միմիկաներին, հասկանում ես, թե ինչպես է վերափոխվում, ինչպես է իրեն զգում։ Տարբեր մարդկանց մոտ էմոցիաները տարբեր կերպ են արտացոլվում, եւ դա շատ հետաքրքիր է: Միշտ ասում եմ՝ ամենակարեւորը շնչառությանն է պետք ուշադրություն դարձնել:
— Ռուսների համար սառցե ջրում սուզվելը հոգեւոր նշանակություն ունի, թերեւս լավագույնս Դուք կհասկանաք նրանց: Ի՞նչ հոգեւոր ազդեցություն է այս ամենը թողնում Ձեզ վրա:
— Ես կասեի՝ առաջին հերթին մտածելակերպս է փոխվել։ Դու մի մտքով մտնում ես, մեկ այլ մտքով դուրս ես գալիս, ուրիշ տեսանկյունից ես նայում աշխարհին, ավելի սթափ ես սկսում դատել: Այսինքն՝ ոչ թե տաք գլխով ես սկսում մտածել, այլ լիովին հանգիստ, հավասարակշռված: Եվ սա հենց զարգացնում է միտքդ:
«ՉԿԱ ՄԻ ԲԱՆ, ՈՐ ՉԿԱՐՈՂԱՆԱՍ ԱՆԵԼ, ԿԱ ՉՑԱՆԿԱՆԱԼ»
— Իսկ կա՞ ինչ-որ հատուկ արարողակարգ՝ ջուրը մտնելուց առաջ:
— Պարտադիր պետք է պարապել: Պետք է այնպես անել, որ օրգանիզմդ նախապես հասկանա, որ հիմա ինչ-որ պրոցես է կատարվելու իր հետ: Օրինակ, դրա համար կարելի է դրսում պարապել՝ անկախ եղանակից: Ինքս ձմռան այս եղանակին, առանց վերնահագուստի, պարապում եմ դրսում, եւ հետո նոր արդեն մտնում եմ ջուրը:
— Բայց ավագ սերունդը նախապատրաստության ավելի կարճ ճանապարհը գիտի՝ մեկ բաժակ օղի խմել, հետո մտնել ջուրը, թեպետ բժիշկները զգուշացնում են՝ վտանգավոր է: Փորձե՞լ եք:
— Գիտեք, ես էլ եմ ուզում փորձել, բայց դեռ չեմ փորձել: Համենայնդեպս, ասում են, թե սպիրտային խմիչքն էլ է օգնում արյան շրջանառությանը: Արժե մի օր փորձել, բայց ինքս խմող չեմ (ծիծաղում է, - հեղինակ):
— Եվ վերջում՝ կհորդորե՞ք մարդկանց զբաղվել լողով սառցե ջրերում, թե՞, այնուհանդերձ, ամեն մեկը ինքը պետք է նախ հասկանա՝ ի վիճակի է՞, պատրա՞ստ է իր օրգանիզմը դրան:
— Ուզում եմ մարդկանց ասել՝ չկա մի բան, որ չկարողանաս անել, կա չցանկանալ: Իսկ եթե ցանկանում ես, ուրեմն՝ ես կարող եմ օգնել՝ միասին անցնել այդ ճանապարհը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
