Ես լավանում եմ, բայց չեմ ուզում բաց թողնել որդուս հարսանիքը, խնդրում եմ՝ մի՛ շտապեք. Վիգեն Էուլջեքջյանի նամակը՝ Բաքվի բանտից
Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, նրանից ձեռագիր նամակ է ստացել։ Ինչպես հայտնում է Բուենոս Այրեսում տեղակայված SOAR կազմակերպությունը (Հայ որբերի օգնության միություն), նամակը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով փոխանցվել է Լինդա Էուլջեքջյանին:
Վիգեն Էուլջեքջյանի փաստաբան Լուսիանա Մինասյանը ArmLur.am-ին հայտնեց նամակի բովանդակությունից մանրամասներ։
«Վիգենը նամակում հայտնեց, որ ինքը լավացել է։ Նա նաև ասաց, որ քայլել չկարողանալու պատճառը մեջքի ցավերն են եղել։ Պարզվում է՝ նա ապաքինվում է և որոշակի բուժում է ստանում, հակառակ դեպքում, նույն իրավիճակում կլիներ։ Մենք շնորհակալություն հայտնեցինք Ժնևի Կարմիր Խաչին, քանի որ նրանք էին պատասխանատու՝ ըստ Բեյրութի տեղական աղբյուրների, ըստ Լինդայի պատմածի»,- ասաց փաստաբան Մինասյանը։
Էուլջեքջյանի ընտանիքին նաև հայտնել են, որ Ժնևի Կարմիր Խաչի միջամտությունը տեղի է ունեցել SOAR հայտարարությունը կարդալուց հետո, երբ նրանք տեղեկացրել էին Վիգեն Էուլջեքջյանի չքայլելու անհնարինության մասին։ Փաստաբանը ArmLur.am-ին նաև հայտնեց, որ Վիգենն ուրախ էր, քանի որ նամակը կարողացել է ընտանիքին փոխանցել Սուրբ ծննդյան և Նոր Տարվա տոնակատարությունների ժամանակ։ Ինչպես Լուսիանա Մինասյանը հայտնեց՝ ափսոսանք ու հուսահատություն, որ հնարավոր է չի կարողանալու մասնակցել որդու՝ Սերժ Էուլջեքջյանի երկար սպասված հարսանիքին։
«Վիգենը հուսահատ էր, բայց ոչ ամբողջովին։ Նա հույսով է, որ կկարողանա մասնակցել Սերժի հարսանիքին։ Ուստի՝ խնդրեց դանդաղեցնել հարսանիքի նախապատրաստական աշխատանքները»,- ասաաց փաստաբանը։
Լուսիանա Մինասյանը ասաց, որ Վիգենի նամակը բավականին հուզիչ էր, սիրտ մորմոքող։
«Նամակի միջոցով՝ Վիգենն ընտանիքին փոխանցեց իր սերը, իր ամուր կապը՝ ընտանիքին և այն մարդկանց հետ, որոնց նա ամենից շատն է սիրում այս աշխարհում, իր կյանքում»,- ասաց Լուսիանա Մինասյանը։
ArmLur.am-ի հետ զրույցում՝ փաստաբան Լուսիանա Մինասյանը իր և Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքի անունից շնորհակալություն և երախտապարտությունը հայտնեց ԿԽՄԿ-ին՝ գերիներին այցելելու և նամակը իրենց փոխանցելու համար։
