Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Սա ռազմավարական փաստաթղթի նվազագույն ստանդարտների խախտում է. Արման Դանիելյան

Ներքաղաքական

Գործադիրը հաստատեց Հայաստանի տնտեսական ու ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը: Թե այն որքանով է իրական եւ արդյունավետ, «Իրավունք»-ը հետաքրքվեց քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ ԱՐՄԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՑ:

— Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական եւ ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը՝ որպես ռազմավարական շրջանակ։ Ձեր գնահատմամբ՝ սա, իրո՞ք, ռազմավարություն է։

— Ոչ։ Սա ռազմավարություն չէ։ Ռազմավարական փաստաթուղթը պետք է ունենա իրավական տեղակայում, քաղաքական գործիքներ, հաշվարկված նպատակներ եւ չափելի արդյունքներ։ Ներկայացված դոկտրինը չունի դրանցից ոչ մեկը։ Այն ո՛չ օրենք է, ո՛չ պետական ծրագիր, ո՛չ էլ միջնաժամկետ ծախսային շրջանակի մաս։ Ունի զրո պարտադիր ուժ։

— Բայց իշխանությունը պնդում է, որ սա «ուղենիշ» է, ոչ թե գործողությունների պլան։

— Դա հենց խնդրի էությունն է։ Պետական կառավարման մեջ «ուղենիշն» առանց գործիքների՝ նշանակում է պատասխանատվության բացակայություն։ Տնտեսությունը զարգանում է ոչ թե ուղղություններով, այլ որոշումներով։ Եթե չկա որոշում, ուրեմն՝ չկա քաղաքականություն։

— Ըստ Ձեզ, որո՞նք են ամենակոպիտ տեխնոկրատական բացերը փաստաթղթում։

— Բոլոր հիմնարարները բացակայում են. չկան մակրոտնտեսական նպատակներ՝ ՀՆԱ աճ, արտադրողականություն, զբաղվածություն, չկա բյուջետային ազդեցության գնահատում, չկան ոլորտային առաջնահերթություններ թվերով, չկա ռիսկերի եւ զգայունության վերլուծություն, չկա ժամանակացույց, չկան պատասխանատու ինստիտուտներ։ Սա ռազմավարական փաստաթղթի նվազագույն ստանդարտների խախտում է։

— Հիմնավորման մեջ նշվում է, որ դոկտրինը բյուջետային ազդեցություն չի ունենալու։ Ինչպե՞ս եք գնահատում դա։

— Դա տնտեսագիտական անհեթեթություն է։ Ցանկացած ինստիտուցիոնալ փոփոխություն ունի ֆիսկալ ազդեցություն՝ ուղղակի կամ հետաձգված։ Եթե ասում են «ազդեցություն չկա», նշանակում է կա՛մ հաշվարկ չեն արել, կա՛մ թաքցնում են։ Երկուսն էլ անընդունելի են պետական կառավարման մեջ։

— Այսինքն՝ սա զուտ պետք է դիտարկել՝  որպես քաղաքական հայտարարություն, ոչ թե տնտեսական փաստաթո՞ւղթ։

— Այո, եւ հենց այդպես էլ պետք է կոչել։ Սա գաղափարական տեքստ է՝ առանց քաղաքական տնտեսության մոդելի։ Այն կրկնում է արդեն գործող ռազմավարական ձեւակերպումներ տարբեր փաստաթղթերից, բայց չի ավելացնում ոչ մի նոր գործիք, ոչ մի պարտավորություն։

— Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ նման դոկտրինը տնտեսվարողների եւ ներդրողների վրա։

— Զրո։ Կանխատեսելիություն չի ստեղծվում։ Ներդրողը հարցնում է երեք բան՝ կանոններ, ռիսկեր, եկամտաբերություն։ Այս փաստաթուղթը դրանցից ոչ մեկին պատասխան չի տալիս։ Եվ վաղը ցանկացած ձախողում կարելի է արդարացնել մեկ նախադասությամբ՝ «դոկտրինը կար, բայց չհաջողվեց»։ Սա պատասխանատվությունից խուսափելու դասական մեխանիզմ է։

— Ինչպիսի՞ն պետք է լիներ իրական ռազմավարությունը։

— Ցանկացած լուրջ ռազմավարություն պարտավոր է պատասխանել երեք հարցի․ ի՞նչ ենք փոխում, ի՞նչ ռեսուրսով, ի՞նչ չափելի արդյունք ենք ակնկալում: Այս դոկտրինը չի պատասխանում դրանցից ոչ մեկին։

— Այս ամենի վերաբերյալ,  Ձեր գնահատականն ինչպիսի՞ն կլինի:

— Պետությունը չի կառավարվում հռչակագրերով։ Տնտեսությունը չի աճում գեղեցիկ բառերից եւ վերջապես, պատասխանատվությունը չի վերանում դոկտրին հաստատելով։ Եթե իշխանությունը չունի հաշվարկ՝ թող դա ուղիղ ասի։ Եթե ունի՝ թող ներկայացնի թվերով։ Մնացածը ոչ թե վերափոխում է, այլ իմիտացիա։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ