Հալեպում մարտերի պատճառով զոհերի և տեղահանվածների թիվն աճել է
ՄիջազգայինՀալեպում ավելի քան 45 000 մարդ ստիպված է լքել իրենց տները Սիրիայի կառավարական ուժերի և քրդամետ «Սիրիական դեմոկրատական ուժեր» (SDF) կոալիցիայի միջև մարտերի սկսվելուց ի վեր, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Հալեպի սոցիալական հարցերի վարչությանը։ Սիրիայի կառավարական ուժերի և SDF-ի միջև մարտերն սկսվել էին հունվարի 6-ին։ Գործակալության տվյալներով՝ գիշերը հարաբերական դադարից հետո, հունվարի 7-ին վերսկսվել են հրետակոծությունները, որոնք ուժգնացել են կեսօրին և երեկոյան մարել։
Հալեպի առողջապահության վարչության տվյալներով՝ հունվարի 7-ին բախումների սկսվելուց ի վեր զոհվել է 4 խաղաղ բնակիչ, իսկ ավելի քան 20-ը՝ վիրավորվել։ ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին, հաղորդել է, որ Հալեպում հրետակոծությունից զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 5-ի, ևս 31-ը վիրավորվել է։ Սիրիական բանակը Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե քրդերի կողմից վերահսկվող թաղամասերում գտնվող ռազմական դիրքերը հայտարարել է «օրինական ռազմական թիրախներ»։
Երկու սիրիական աղբյուր Reuters-ին հայտնել է, որ քաղաքում «մեծ ռազմական գործողություն» է սպասում։ Միևնույն ժամանակ, Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական վարչակազմի խոսնակ Իլհամ Ահմեդը գործակալությանը հայտնել է, որ հակամարտության լարվածությունը թուլացնելու համար միջազգային միջնորդական ջանքեր են գործադրվում: Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ իրավիճակի կարգավորման գործում միջնորդում է Միացյալ Նահանգները: Հալեպում Սիրիայի ժամանակավոր կառավարության և քրդերի միջև բախումներ տեղի էին ունեցել նաև 2025 թվականի դեկտեմբերին: Սիրիայի հայ համայնքը հորդորել էր Հալեպի հայությանն անվտանգության նկատառումներից ելնելով տներից դուրս չգալ։
Դեկտեմբերի 23-ին Սիրիայի կառավարական զորքերը և դեմոկրատական ուժերը պայմանավորվել էին դեէսկալացիայի շուրջ։ Հալեպում հունվարի 6-ին իրավիճակը կտրուկ սրվել էր, հայաբնակ թաղամասերի հարևանությամբ կրակոցներ էին հնչել, որոնք երեկոյան ինտենսիվ շարունակվել էին, կիրառվել էր հրետանի։ Քրդական երկու շրջան անմիջապես հարակից է հայաբնակ թաղամասերին, ինչի պատճառով ռազմական գործողություններն զգալիորեն ազդում են նաև հայկական համայնքի վրա։
Ազգային առաջնորդարանի դիվանն ավելի վաղ հայտնել էր, որ բախումներ են սպասվում, և հայերին կոչ էր արել ապաստանել եկեղեցում: Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հայտարարել էր, որ կշարունակի գործունեությունը քաղաքում: