Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը 2025 թվականին քաղաքական առումով ավարտվել է․ Ալիև
ՆերքաղաքականԱդրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը 2025 թվականին քաղաքական առումով ավարտվել է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին։ Նրա խոսքով՝ Երևանն ու Բաքուն մի քանի ամիս է՝ խաղաղության մեջ են ապրում։ Ալիևն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ դրանք անվանելով «պատմական»։
Ըստ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց ի վեր իրավիճակը կտրուկ փոխվել է, և սպասում են, որ Կոնգրեսը կչեղարկի 907-րդ ուղղումը։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ այսօր տարբեր վայրերից բեռներ են անցնում Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան, ճանապարհները բաց են, և նույնիսկ ադրբեջանական նավթամթերք է արտահանվում Հայաստան։
Նա նշել է, որ եթե 907-րդ ուղղման ընդունման պաշտոնական պատճառը Հայաստանի շրջափակումն էր, ապա «այսօր այն այլևս գոյություն չունի»։ Ալիևը նաև հայտնել է, որ օկուպացված Արցախում մոտ յոթանասուն հազար մարդ է ապրում։ Օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուշագիր էր ստորագրել «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ուղղման կասեցման վերաբերյալ, որն արգելում էր Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը:
Հունվարի 4-ին Ալիևն ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ հաստատվել են առևտրային հարաբերություններ։ Ադրբեջանի նախագահը նաև հույս էր հայտնել, որ Կոնգրեսի անդամները կշարունակեն իրենց ջանքերն «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ուղղումը լիովին չեղյալ համարելու համար:
