Դելսի Ռոդրիգեսը երդվել է որպես Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար
ՄիջազգայինՎենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը երդվել է որպես երկրի նախագահի պաշտոնակատար, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երդումն ընդունել է խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։
«Ես այստեղ եմ եկել որպես Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության սահմանադրական նախագահ Նիկոլաս Մադուրո Մորոսի գործադիր փոխնախագահ՝ երդում տալու համար։ Ես դա անում եմ ցավով՝ մեր հայրենիքի դեմ անօրինական ռազմական ագրեսիայի հետևանքով վենեսուելացի ժողովրդին պատճառված տառապանքների պատճառով»,- ասել է Ռոդրիգեսն արարողության ժամանակ։
Երդման ժամանակ գործող նախագահը Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, անվանել է «հերոսներ, որոնք պատանդ են պահվում Միացյալ Նահանգներում»։
«Ես երդվում եմ իմ պատվով, որ չեմ հանձնվի և չեմ հանգստանա, մինչև չտեսնեմ, թե ինչպես է Վենեսուելան հասնում իր ճակատագրին որպես ազատ, ինքնիշխան և անկախ ազգ»,- ասել է Ռոդրիգեսը։ ԱՄՆ-ն հունվարի 3-ին հարվածներ էր հասցրել Վենեսուելային, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասին: Գործողության ընթացքում ԱՄՆ հատուկջոկատայինները ձերբակալել էին Մադուրոյին և նրա կնոջը՝ Ֆլորեսին, նրանց դուրս էին բերել երկրից ու ԱՄՆ-ում մեղադրանք առաջադրել:
Մադուրոյին մեղադրում են մի քանի ծանր հանցագործության մեջ, որոնք պաշտոնական ձևակերպմամբ՝ կապվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության և զինված խմբավորումների հետ։ ՌԴ ԱԳՆ-ն կոչ էր արել ԱՄՆ ղեկավարությանն ազատ արձակել Մադուրոյին և նրա կնոջը։
