Ովքե՞ր են վաստակում ամենաշատը ֆուտբոլում. 2025 թվականի ամենաբարձր վարձատրվող խաղացողների թոփ-10-ը
ՍպորտՖուտբոլն այսօր ոչ միայն սպորտ է, այլև միլիարդավոր շրջանառությամբ բիզնես: Խաղի աստղերը վաստակում են ակումբային պայմանագրերով, գովազդներով և սեփական նախագծերով։ Ամենահարուստների շարքում են Կրիշտիանու Ռոնալդուն (տարեկան մոտ 500 մլն դոլար) և Լիոնել Մեսսին (մոտ 600 մլն դոլար)։
Ստորև ներկայացնում ենք 2025 թվականի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։
10. Քևին դե Բրույնե
1991 թվականին ծնված բելգիացի կիսապաշտպանը մոտ ապագայում կարող է լքել այս ցուցակը։ Նրա ֆինանսական հաջող տարիները՝ կապված «Մանչեսթեր Սիթիում» ելույթների հետ (2015–2025), անցնում են պատմության գիրկը: 2025 թվականի ամռանից նա հանդես է գալիս իտալական «Նապոլիում»։ 2025 թվականի դրությամբ նրա ընդհանուր եկամուտը կազմում է 39 մլն դոլար։ Ֆուտբոլից նա ստանում է 35 մլն դոլար, իսկ Nike-ի, McDonald’s-ի և այլ ընկերությունների հետ գովազդային պայմանագրերը ավելացնում են ևս 4 մլն դոլար։
9. Սադիո Մանե
Մանեն կարիերան սկսել է 2010 թվականին «Մեցում», շարունակել «Ռեդ Բուլ Զալցբուրգում», «Սաութհեմփթոնում», «Լիվերպուլում» և «Բավարիայում»: 2023 թվականից Մանեն դարձավ սաուդյան «Ալ-Նասրի» խաղացող, ինչի շնորհիվ էլ հայտնվեց ֆուտբոլային հարուստների ցուցակում։ Սադիո Մանեի ընդհանուր եկամուտը 52 մլն դոլար է։ Ֆուտբոլը նրան բերում է տարեկան 48 մլն դոլար, իսկ գովազդային պայմանագրերը՝ 4 մլն դոլար: Ֆուտբոլիստը ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ։
8. Մոհամեդ Սալահ
Եգիպտացին կարիերան սկսել է 2010 թվականին հայրենիքում՝ «Մոկավլուն» ակումբում։ Այնուհետև եղել են շվեյցարական «Բազելը», անգլիական «Չելսին», իտալական «Ֆիորենտինան» և «Ռոման»: 2017 թվականից Մոհամեդը «Լիվերպուլի» խաղացող է։ Սալահի եկամուտը կազմում է 53 մլն դոլար։ Խաղալով նա վաստակում է 35 մլն դոլար, ևս 18 մլն դոլար նրան բերում են սպորտային հագուստի, զովացուցիչ ըմպելիքների և հեռահաղորդակցության ապրանքանիշերի գովազդային պայմանագրերը: Գովազդից ստացվող նման պատկառելի գումարը պայմանավորված է Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներում նրա մեծ ժողովրդականությամբ։
7. Վինիսիուս Ժունիոր
Հարձակվողը ծնվել է 2000 թվականին։ Կարիերան սկսել է բրազիլական «Ֆլամենգոյում» 2017 թվականին։ Մեկ տարի անց տեղափոխվել է «Ռեալ», որտեղ խաղում է մինչ օրս։ Բրազիլացու տարեկան ընդհանուր եկամուտը կազմում է մոտ 55 մլն դոլար։ Այս գումարի սպորտային բաղադրիչը 40 մլն դոլար է, իսկ գովազդայինը (Sony PlayStation, Pepsi, Clear և այլ ապրանքանիշեր)՝ 15 մլն դոլար:
6. Էրլինգ Հալանդ
Հալանդը սկսել է խաղալ նորվեգական «Բրյունե» և «Մոլդե» ակումբներում։ Ավելի ուշ հանդես է եկել ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգում» և Դորտմունդի «Բորուսիայում»: 2022 թվականից պաշտպանում է «Մանչեսթեր Սիթիի» գույները։ 2025 թվականի սկզբին նա երկարաձգեց պայմանագիրը «Քաղաքաբնակների» հետ գրեթե 10 տարով. ակնհայտ է, որ պայմանները բավականին շահավետ էին։ Այժմ իր առողջությանը խստորեն հետևող նորվեգացին վաստակում է 60 մլն դոլար։ Դրանից 46 մլն դոլարը բերում է ֆուտբոլը, իսկ 14 մլն դոլարը՝ գովազդային պայմանագրերը։
5. Կիլիան Մբապե
1998 թվականին ծնված ֆրանսիացի հարձակվողն իր պրոֆեսիոնալ ուղին սկսել է 2015 թվականին «Մոնակո» ակումբում։ Հետո եղել է ՊՍԺ-ն, իսկ 2024 թվականից՝ «Ռեալը»: Ընդհանուր առմամբ Կիլիան Մբապեն տարեկան վաստակում է 90 մլն դոլար։ Սպորտային եկամուտը կազմում է 70 մլն դոլար, իսկ գովազդային և հովանավորչական հատկացումները՝ 20 մլն դոլար: Հարձակվողը համագործակցում է սպորտային հագուստ արտադրող մի քանի ընկերությունների հետ։
4. Կարիմ Բենզեմա
Ֆրանսիացի աստղի կարիերան կապված է ընդամենը երեք ակումբի հետ։ 2004-ից 2009 թվականներին նա պաշտպանել է «Լիոնի» գույները, այնուհետև տեղափոխվել «Ռեալ»: 2022 թվականին Կարիմը նվաճեց «Ոսկե գնդակը», իսկ մեկ տարի անց տեղափոխվեց սաուդյան «Ալ-Իթիհադ»: Ֆուտբոլիստի ընդհանուր եկամուտը կազմում է 104 մլն դոլար, ընդ որում՝ այդ գումարից 100 մլն դոլարը նա ստանում է ֆուտբոլ խաղալու շնորհիվ: Սակայն Բենզեմայի մեդիա ակտիվությունը թոփ մակարդակի վրա չէ. նա տարեկան ստանում է ընդամենը 4 մլն դոլար եկամուտ, որն անմիջականորեն կապված չէ խաղի հետ:
3. Նեյմար
1992 թվականին ծնված բրազիլացի հարձակվողը սկսել է խաղալ «Սանթոսում» 2009 թվականին։ 2009-ից 2025 թվականներին հանդես է եկել «Բարսելոնայում», ՊՍԺ-ում և «Ալ-Հիլալում», մինչև վերադարձել է հարազատ ակումբ։ Խաղացողի ընդհանուր եկամուտը կազմում է 110 մլն դոլար (80 մլն դոլար՝ ֆուտբոլային և 30 մլն դոլար՝ գովազդային): Սակայն Նեյմարը լքել է առատաձեռն Սաուդյան Արաբիան, իսկ հայրենիքում նրա եկամուտները նկատելիորեն ավելի համեստ կլինեն։ Այնպես որ, այս վարկանիշում մրցանակային տեղը նա շուտով կկորցնի։
2. Լիոնել Մեսսի
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը ծնվել է 1987 թվականին։ 2002-ից 2023 թվականներին հարձակվողը խաղացել է «Բարսելոնայում» և ՊՍԺ-ում։ 2023 թվականից Լիոնել Մեսսին ամերիկյան «Ինտեր Մայամիի» խաղացող է։ Մեսսին մեր ցուցակի միակ ներկայացուցիչն է, ով ավելի մեծ եկամուտ ունի ոչ թե ֆուտբոլից, այլ այլ աղբյուրներից: Նրա տարեկան եկամուտը 135 մլն դոլար է, որը գոյանում է 60 մլն դոլար ֆուտբոլային և 75 մլն դոլար ոչ ֆուտբոլային ֆինանսներից: Բացի խոշոր գովազդային պայմանագրերից, ֆուտբոլիստն ունի իր սեփական բիզնեսը՝ «525 Rosario» պրոդյուսերական ընկերությունը։
1. Կրիշտիանու Ռոնալդու
Պորտուգալացի աստղային հարձակվողը ծնվել է 1985 թվականին։ Ֆուտբոլային կարիերան սկսել է 2002 թվականին պորտուգալական «Սպորտինգում»: Ավելի ուշ հանդես է եկել ՄՅՈւ-ում, «Ռեալում» և «Յուվենտուսում»: 2023 թվականից Ռոնալդուն սաուդյան «Ալ-Նասրի» խաղացող է։ Ռոնալդուի ընդհանուր եկամուտը 285 մլն դոլար է։ Դրանից 220 մլն դոլարը բերում է ֆուտբոլը, իսկ 65 մլն դոլարը՝ տարբեր ընկերությունների հետ գովազդային պայմանագրերը: Տարբեր տարիներին Կրիշտիանուն համագործակցել է Nike, KFC, Herbalife, Clear, TAG Heuer, Armani Jeans, Puma և համաշխարհային անուն ունեցող այլ ապրանքանիշերի հետ։
