Ազգովի նույն նավի մեջ ենք, և նավը խորտակվելու դեպքում միասին ենք կործանվելու...
ՀրապարակախոսությունԵվ այս հանրահայտ ճշմարտությունն իմանալով հանդերձ՝ դեռ չենք գիտակցում ազգովի, որ սթափվել, լրջանալ է պետք, որ Հայաստան նավը շատ մոտ է կործանման։ Հայաստան նավը նման է առանց նավապետի, օվկիանոսում քամու քմահաճույքին հանձնված մի առագաստի։ Եվ այսքանից հետո մեզանից շատերը դեռ զբաղված են ժողովրդի ու քաղաքական դաշտի պառակտմամբ, բանսարկությսմբ ու ատելության քարողմամբ, պատրաստ լինելով ցանկացած, թեկուզ երկրի ու պետության համար մեծագույն կորուստների գնով մի քանի մանդատ ձեռք գցելուն։ Ցավոք, հայ ժողովրդի ամենաստոր արատներն ու անբարոյականություններն էլ դրսևորվում են հենց իշխանության համար պայքարում։ Իշխանությունն ու նրա համար պայքարն է եղել և կա մեր ազգային ողբերգությունների ու կորուստների աղբյուրը։ Իսկ նավը կործանվում է ոչ թե որ, ջրի մեջ է լինում, այլ, որ ջուրն է նավի մեջ լինում։
Կուսակցությունների ու քաղաքական շարժումների առաքելությունն էլ պետք է պետականաշինությունն ու ժողովրդի քաղաքական գրագիտության ապահովումը, քաղաքական մարդու դաստիարակումը լինի, այլ ոչ թե քաղաքական դաշտի ու ազգի այլասերումն ու պառակտումը։ Հիմա ստեղծված այս ծանր իրավիճակից դուրս գալու ելքը, ժողովրդի գլխավոր խնդիրը` իրական, ազգային էլիտային իշխանության բերելը կարող է լինել։ Հիմա ազգի խոհեմությունից ու քաղաքական հասունությունից, ակտիվ ու ադեկվատ դիրքորոշումից է լինելու կախված երկրի ճակատագիրը։ Մեր մեջ, հայի մեր առաքինությունների` մեր ժողովրդի իմաստնության ու պայքարելու կամքի մեջ պետք է փնտրենք մեր փրկությունն ու ապագան։
«Մի վստահեք, հույս մի կապեք օտարների խոստումներին: Մեր պայքարը պիտի հյուսել ժողովրդի ուժից»,- իր ժողովրդին պատգամել է Զորավար Անդրանիկը։ Պատմության ընթացքում ամենամեծ հարստությունն ու փառքն էլ դեռևս չեն գոհացրել շահից ու փառքից կուրացած անհատների հոգիները: Իսկ երբ կմոտենա կյանքի մայրամուտը, այդպիսիները կհասկանան, որ կարևորը, գերագուն արժեքը հայրենիքն է, պետականությունն է, արժանապատվությունն է, պատիվն է, հոգու հարստությունն է, առողջ ընտանիքն է։ Կհասկանան, որ մարդու առաքելությունն այս աշխարհում լավ հայրենիք, անուն, լավ գործեր ու սերունդ թողնելն է: Սա է իրական հարստությունը, որը պետք է ուղեկցի և ուժ տա մեզ՝ առաջ գնալու: Կասկած չունեմ, որ հայ ժողովուրդը վերածնվելու է և դուրս է գալու այս մոլորությունից ու մղձավանջից և մի նոր ազգային զարթոնք է ապրելու։
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
