Բաքուն կրկին հետաձգել է Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը
ՆերքաղաքականԲաքվում կրկին հետաձգվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով «դատական» նիստը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ դրանց տվյալների՝ նիստը հետաձգվել է «անորոշ ժամանակով»։ Նշվում է, որ որոշման պատճառն այն է, որ դատավորների կազմը հեռացել է՝ 15 հայ գերիների գործով խորհրդակցություն անցկացնելու համար, և Վարդանյանի գործով նիստը տեղի կունենա այս խորհրդակցության ավարտից հետո։ Ադրբեջանական լրատվամիջոցները Վարդանյանի «դատական» նիստի հետաձգման մասին առաջին անգամ հայտնել էին դեկտեմբերի 26-ին։ Այդ ժամանակ որպես պատճառ նշվել էր նախկին պետնախարարի փաստաբանի խնդրանքը՝ նիստը հետաձգելու «առողջական խնդիրների պատճառով»։ Չի նշվել, թե դա պայմանավորված էր փաստաբանի, թե՞ Վարդանյանի առողջական վիճակով։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Բաքվում դատախազությունը նոյեմբերի 13-ին ցմահ կամ երկարատև ազատազրկում էր պահանջել հայ գերիների համար։ Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործը քննվում է առանձին։