Գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի. Արամ Վարդևանյան
ՆերքաղաքականԴատարանը մասնակի բավարարել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ կիրառելով խափանման միջոց տնային կալանք և գրավ, հայտնել է պաշտպաններից Արամ Վարդևանյանը:
Իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար մեղադրվող Կարապետյանը կալանավորված է 2025 թվականի հունիսի 18-ից: Նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքը երկարաձգվել էր ևս երկու ամսով:
60-ամյա գործարարը իրավապահների թիրախում է հայտնվել Հայ Առաքելական եկեղեցուն իշխանության արշավից պաշտպանելուց հետո:
Կարապետյանի հայտարարությունից ժամեր անց նրան մեղադրեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Հետո ևս երկու հոդված ավելացավ՝ հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, ինչպես նաև փողերի լվացումը: Կարապետյանը հերքում է ինչպես տնտեսական, այնպես էլ իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքները՝ դրանք որակելով քաղաքական:
