«Իրավունք». Ինչու հետաձգվեց Էջմիածնի վրա արշավանքը
Մամուլի տեսությունՓաշինյանը, երկար ձգձգելով, երեկ հայտարարեց, որ այս կիրակի պատարագին կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Այն է՝ Մայր տաճարի վրա հիմնական հարձակումն այս անգամ էլ չի լինելու:
Իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը, որն ի սկզբանե տարակուսանքով էր մոտենում, որ Էջմիածնի վրա Նիկոլի մասնակցությամբ հարձակում կլինի, քանի որ նախկին գրոհը գնահատել են, որպես ձախողում, ներկա իրավիճակի մասին այս կարծիքն է հայտնում. «Վեհափառին հրաժարականի մղող վերջին փորձ հնարավոր է, որ ձեռնարկեն արդեն մյուս տարի, բայց՝ հունվարի կեսերից մինչեւ փետրվար ժամանակահատվածում: Դրանից հետո արդեն, իշխանական տեխնոլոգների հաշվարկներով, չափազանց ուշ եւ վտանգավոր կլինի Մայր Աթոռի հանդեպ կոշտ քայլերը, առավել եւս՝ Վեհափառի հանդեպ բռնությունը՝ կալանավորելու կամ այլ տեսքով»:
Ըստ աղբյուրի, հիմնական հաշվարկն հետեւյալն է: Փետրվարի սկզբից համարում են նախընտրական փուլը բացված: Եվ այդ ժամանակահատվածից հետո, Մայր Աթոռի վրա հարձակման դեպքում, եթե ձախողվեն, ապա գործնականում արդեն ժամանակ չի մնա իրավիճակն ուղղելու համար: Այսինքն, ընտրարշավին հասցված հնարավոր վնասն այդ դեպքում բազմապատիկ անգամ մեծ կլինի, քան, եթե հանրային ընկալում մտնի տեսլականը, որ Փաշինյանն այդպես էլ ոչինչ չկարողացավ անել եկեղեցու դեմ: «Ասեմ, որ որոշակի ազդակներ ստացել է նաեւ Սանկտ Պետերբուրգում՝ Էրմիտաժում, որտեղ Հայաստանի եւ Հայ եկեղեցու մասով տպավորիչ փաստեր ներկայացվեցին: Դա եւս Փաշինյանի համար ցուցիչ էր, որ Եկեղեցու դեմ կոշտ քայլերի գնալը կարող է նաեւ սուր արտաքին ռեակցիա առաջացնել»,- ասաց աղբյուրը:
«Բացի այդ, իր կողմը գրաված մի քանի հոգեւորականներով հաստատ լուրջ արդյունքի չի կարող հասնել: Ու քանի որ այդպես էլ չի կարողանում հոգեւորականության մեջ զանգվածային անհնազանդություն առաջացնել, իսկ այս մի քանիսն արդեն հասկացել են, որ ավելի լավ է բանտ նստեին, քան ներկա խայտառակված վիճակն է, ապա ներեկեղեցական բունտը չի ստացվում: Ըստ այդմ, ավելի արմատական գործողություններն այս պահին հավելյալ վտանգ են սկսում պարունակել»,- միտքն ավարտեց աղբյուրը:
Չնայած, աղբյուրը նաեւ չի բացառում, որ ամեն պահ կարող է Փաշինյանի միտքը փոխվել, ասենք՝ կարող է որոշի անգամ Սուրբ ծննդյան պատարագի օրը գնալ Էջմիածին: «Բարոյական սահմանափակումներ չկան, եւ ամեն անհավանական տարբերակ պետք է հաշվի առնել: Դա, հասկանալի է, ամենառեզոնանսային տարբերակն է: Բայց այս ողջ պատմության մեջ խելամտություն որտե՞ղ եք տեսել»,- միտքն ավարտեց մեր զրուցակիցը:
Տես նաեւ https://x.com/Iravunk_com
