2026 թ.-ի ԱԺ ընտրությունների բրենդն ազգային, իրական էլիտայի ծաղկաբույլը կարող է լինել. Հայկ Ղազարյան
Հրապարակախոսություն«Կադրերն են որոշում ամեն ինչ...», - այս հանրահայտ ու կադրային արդյունավետ քաղաքականությամբ` հայտնի ԽՍՀՄ֊ում կարգախոս դարձած իմաստուն խոսքերը 2026թ. ԱԺ ընտրություններում էլ կարող են կարգախոս լինել։ Ելնելով հանրային տրամադրություններից՝ համոզված եմ կհաղթի այն քաղաքական ուժը, որը կկարողանա իր թիմում հավաքել ազգային էլիտայի քաղաքականապես ակտիվ, իրական էլիտայի ծաղկաբույլը։ Սա կարող է լինել առաջիկա ընտրությունների բրենդը։
«Կադրերն են որոշում ամեն ինչ» հանրահայտ արտահայտությունն էլ պետք է կարգախոսը լինի առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր քաղաքական ուժի համար, որովհետև պետության կառավարման արդյունավետությունը մի շարք գործոններից` պետական կառավարման արդյունավետ համակարգից ու օրենսդրությունից զատ նախևառաջ կառավարման կադրերով է պայմանավորված։ Որովհետև պետություն կառավարելը արվեստների արվեստն է, իմաստուն, նվիրյալ, ազնվական ծագում և գիտելիքների հարուստ պաշար ու փորձառություն ունեցող, խիզախ մարդկանց գործ է։
Ոչ պատահականորեն Գերմանիայի կայսր Վիլհելմ երկրորդն ասել է, որ. «Անգամ ամենավատ օրենքներով, սակայն լավ կադրերով կարելի է արդյունավետ կառավարել երկիրը»։ Իսկ Ֆրանսիայի լավագույն նախագահներկց Շառլ Դը Գոլն էլ այն կարծիքն է հայտնել, որ. «Պետության արդյունավետ կառավարման համար ամենակարևորը` ճիշտ մարդուն ճիշտ տեղում նշանակելն է»։ Հետխորհրդային Հայաստանում էլ
տարբեր ժամանակներում ընտրություններում թեկնածուների նկատմամբ հանրային տարբեր պահանջ է եղել, տարբեր ձևով են մարդկանց մանիպուլացրել։ Օրինակ, 90֊ականներին մոդայիկ էր Խորհրդային միությանը հայհոյոյելը,, հրապարակային ԽՄԿԿ անդամի տոմս պատռելը կամ թե Խորհրդային տարիներին քաղբանտարկլալ լինելը։ Հետո պիտի տարիներ անց պարզվեր սակայն, որ մենք Խորհրդային տարիներին մեր ոսկե դարն ենք ապրել։ Պիտի պարզվեր, որ հեղափոխական ու ազատատենչ հայ ժողովրդի ազնիվ մղումներն Արևմուտքի կողմից օգտագործվել են ոչ թե ազատ ու անկախ Հայաստան ունենալու, այլ ԽՍՀՄ֊ը կազմաքանդելու համար։
Իսկ արցախյան առաջին պատերազմից հետո եկան հաղթանակած մարդիկ, որոնք պահանջեցին իրենց վարձահատույց լինել պատգամավորական մանդատներով, պաշտոններով ու գեներալի կոչումներ շնորհելով։ Հետո քաղաքական ասպարեզ մտան օլիգարխներն ու մեծահարուստները և սկսեցին ընտրակաշառքով մանդատներ գնել, կամ փողի դիմաց համամասնական ցուցակներում ներառվել։ Ըստ էության, կուսակցական համամասնական ցուցակներում էլ որպես կանոն առավելապես ներառվում էին պատեհապաշտ ու անձնական շահերով առաջնորդվող, գաղափարներ չկրող ու պետական մտածողություն չունեցող ոչ քաղաքան մարդիկ։ Իսկ 2019թ. ընտրությունների ժամանակ էլ ժողովուրդը հոգնած լինելով ԱԺ֊ում երկար ժամանակ տեսնել նույն դեմքերին` օլիգարխներին, թաղային հեղինակություններին ու կուսակցական նոմենկլատուրային, գնաց ծայրահեղ ու երկրի համար կործանարար քայլի և լինելով քաղաքականապես ոչ հասուն՝ հրապուրվեց երիտասարդ, թեկուզև անհայտ, բայց եվրոպաներում մի քանի ամսով մի տեղ սովորած ու մի թղթի կտոր ձեռք գցած, այսպես կոչված, եվրոպական արժեքներ դավանող, դրսի ուժերի կողմից դրածո, «չապականված» երիտասարդներով։ Ի՞նչ իմանար խեղճ ժողովուրդը, որ 2018թ. հեղափոխություն կոչվածն էլ ընդամենը անգլոսաքսոնաթուրքական ուժերի կողմից իրականացված ավանտյուրա էր Հայաստանը կործանելու և Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս մղելու համար։ Որ պետություն կառավարելը պոպուլիստ, անփորձ ու անհայտ անցյալ ունեցող, ապաշնորհ երիտասարդների գործ չէ։ Այս աղետալի վիճակն էլ, որում հայտնվել ենք նախևառաջ պայմանավորված է նրանով, որ Հայաստանում այդպես էլ չկայացավ քաղաքական դաշտն ու կառավարման արդյունավետ համակարգը, իսկ պետականաշինությանն ուղղված քայլերն էլ ընդամենը իմիտացիոն բնույթ են կրել։
Այս յոթամյա մղձավանջը, խաբվածությունն ու դաժան փորձություններն էլ որոշակիորեն քաղաքականապես հասունացրին ժողովրդին և հիմա կարծում եմ՝ իշխանությունների նկատմամբ հասարակական պահանջն ու պատկերացումներն էլ էականորեն փոխվել ու տրանսֆորմացիա են ապրել, փոխվել է մարդկանց պահանջը պետական ու քաղաքական գործընթացների ու գործիչների նկատմամբ։ Հիմա անցել են կեղծ անկախականների ու Արցախը շահարկող պատեհապաշտների, ընտրակաշառք բաժանող մեծահարուստների, թաղային հեղինակությունների, պոպուլիստ ու, այպես կոչված, արևմտյան արժեքներ դավանող օտար լեզվով խոսացող երիտասարդների ժամանակները։ Հիմա պետք է իշխանության գա իրական ազգային էլիտան և առավելապես ոչ թե քաղաքական գործիչներ, այլ պետական գործիչներ, որոնք կառաջնորդվեն ոչ թե կուսակցական ու անձնական, այլ ազգային֊պետական շահերով։ Ցանկացած քաղաքական ուժի համար կադրերի առաջադրման` առավելապես յուրայիններից կամ մտերիմներից ընտրության սկզբունքով առաջնորդվելու դեպքում չի կարող լինել հաջողություն թե՛ ընտրություններում, թե՛ պետության կառավարման գործում։
Ժողովուրդը կվստահի այն թիմին, որտեղ կլինեն ամենաարժանավորները և որոնք վստահություն կներշնչեն, որ կկարողանան երկիրը դուրս բերել այս մղձավանջից ժողովրդին արժանապատվորեն կառաջնորդեն արդարության ու առաջընթացի ճանապարհով։ Նախընտրական գործընթացներում էլ պետք է նոր մոտեցումներ հանդես բերել ու նորովի գործել, քանզի նախկին ավանդական մոտեցումներն արդեն սպառել են իրենց։ Նախընտրական քարոզարշավի կարևոր բաղադրիչն էլ պետք է լինի մարդկանց հետ կենդանի շփումը, նրանց հետ տարվող աշխատանքը։ Կարևոր է, որ ազգային էլիտայի ներկայացուցիչներն ավելի անմիջական շփումներ ունենան մարդկանց հետ լինել առավելագույնս անկեղծ ու թափանցիկ, ներկայացնելով թիմի անդամներին ու ծրագրերը։ Հիմա առավել քան երբևէ անկեղծության կարիքը մարդիկ շատ են զգում։ Այն անհատ նվիրյալները, որոնք վայելում են հանրային վստահություն պետք է ակտիվություն ցուցաբերեն, համագործակցելով իրենց համար նախընտրելի քաղաքական ուժի հետ, որովհետև միայն համազգային ջանքերով է հնարավոր դուրս գալ այս համակողմանի ճգնաժամից ու աղետից։ Եվ ամենակարևորը` իրական ընդդիմադիր ուժերը պետք է հավաքվեն մեկ սեղանի շուրջ և համագործակցեն ընտրություններին փոխհամաձայնեցված ու արդյունավետ ձևաչափով մասնակցելու համար։
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
