«Աստղիկ» բկ-ի ղեկավարը մի շարք բժշկական կենտրոնների ղեկավարների հետ մասնակցել է Առողջապահության նախարարի հետ հանդիպմանը
ԱռողջապահականԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ հերթական հանդիպումն է կայացել բուժհաստատությունների ղեկավարների հետ` առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման թեմայով:
«Նախ շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի, մեր ոլորտի համար կարևոր այս փուլի մեկնարկի առթիվ, որի կայացման ճանապարհը, իհարկե, հեշտ չի լինելու. այո՛, կլինեն և՛ ընթացիկ, և՛ նոր խնդիրներ, բայց վստահ եմ` մեր համակարգն ունի ներուժ` մոբիլիզացվելու և լավագույն ծառայություները մեր քաղաքացիերին մատուցելու: Այս բարեփոխումն իրականություն է դարձել նաև հանրության բնական պահանջի և մեր համակարգի նկատմամբ վստահության հիման վրա»,- նշել է նախարարը:
Հանդիպման ընթացքում բուժկենտրոնների ղեկավարների հետ քննարկվել են բուժօգնության կազմակերպման ընթացիկ հարցեր, կարևորվել է քաղաքացիների հետ հաղորդակցության ապահովումը:
Հաշվի առնելով բարեփոխման բազմաշերտ և ընդգրկուն լինելը, ինչպես նաև դրա գործնական կիրառման ընթացքում հնարավոր խնդիրների առաջացումը` կիրականացվի շարունակական մշտադիտարկում, կապահովվի հետադարձ կապ, իսկ ծագող խնդիրներին տեղում լուծում տալու համար բուժկենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպումները կլինեն ամենամսյա։
