«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի վերջին նիստը պետք է լիներ պետության ինքնամաքրման հարթակ։ Փոխարենը այն վերածվեց քաղաքական ցինիզմի բաց ցուցադրության։ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի ֆիքսած մի դրվագը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողքին նստած ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ոչ թե տեխնիկական մանրուք է, այլ խորքային ախտի խորհրդանիշ։
Խոսքը այն Արթուր Հովհաննիսյանի մասին է, որը հանրային հիշողության մեջ մնացել է ո՛չ թե պետական մտածողությամբ, այլ լեզուն ու ականջները կտրելու սպառնալիքներով՝ ուղղված ՄԻՊ ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանին։ Խոսքը նույն այն պատգամավորի մասին է, որը ԱԺ ամբիոնից զբաղվել է բացահայտ զրպարտությամբ, որի առանձին դրվագներ տարբեր դատարանների վճռով են հաստատվել։ Նույն քաղաքական գործչի մասին, որի վարքագծում տեղ են գտել կին պատգամավորի թիրախավորմամբ զազրելի դրսևորումներ, և որի անվան շուրջ տարիներ շարունակ շրջանառվել են թմրանյութի գործով անցնելու պաշտոնական տեղեկություններ:
Եվ հենց այս ֆոնին Արթուր Հովհաննիսյանը նստած է գլխավոր դատախազի կողքին ու քննարկում… հակակոռուպցիոն քաղաքականություն։
Առավել մտահոգիչն ա՛յն է, որ նույն Արթուր Հովհաննիսյանի վերաբերյալ ներկայացված տարբեր հաղորդումները տարիներ շարունակ չեն ստացել իրավական ընթացք։ Եվ այդ անգործության պատասխանատվությունը կրում է հենց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Երբ հաղորդումները մնում են դարակներում, իսկ դրանց հասցեատերը նստում է հակակոռուպցիոն խորհրդում՝ դատախազի կողքին, ոչ այլ ինչ է, քան քաղաքական կոռուպցիա՝ իր դասական իմաստով։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: