Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը
ՄիջազգայինՀունաստանի եւ Կիպրոսի ղեկավարների հետ Բենիամին Նեթանյահուի գագաթաժողովը, իհարկե, արդեն իսկ մտահոգիչ ազդակ պետք է որ լիներ Էրդողանի համար: Առավել եւս, որ Նեթանյահուն տարակուսանքների տեղ չթողեց, թե ինչ ուղղվածություն ունի Հունաստանի եւ Կիպրոսի հետ Իսրայելի խորացող ռազմաքաղաքական համագործակցությունը՝ հայտարարելով. «Նրանք, ովքեր երազում են իրենց կայսրությունները վերականգնելու եւ մեր հողերում գերիշխելու մասին, պետք է մոռանան դրա մասին»:
ԻՍՐԱՅԵԼԸ ԽՈՐԱՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՃՆՇՈՒՄԸ
Այն, որ Նեթանյահուի ազդակը հենց Անկարային էր ուղղված, իհարկե, տարակուսանքի տեղիք չկա: Առավել եւս, որ այդ գագաթաժողովի հիմնական խնդիրը Միջերկրական ծովի արեւելյան գոտում արագ արձագանքման ուժեր ստեղծելու գաղափարն էր, որտեղ Թուրքիայի դեմ ուղղված եւս մեկ գործիք է: Այն է՝ Միջերկրականի այս հատվածում գազային արդյունահանման ծրագրեր փայփայող Էրդողանի համար եւս մեկ ցցուն արգելք է ի հայտ եկել՝ Իսրայելի դաշինքը Հունաստան-Կիպրոսի հետ:
Միաժամանակ, թուրք-իսրայելյան հակամարտությունն ավելի ցայտուն է դառնում Սիրիայում, որտեղ մշակվում է նոր Սահմանադրություն, որը, իհարկե, ոչ առանց իսրայելյան խաղերի, նախատեսում է պետությանը տալ կոնֆեդերացիոն բնույթ: Հետեւանքը հասկանալի է՝ սկսած Սիրիայի հարավից, մինչեւ քրդական գոտի, կարող են դառնալ ինքնուրույն միավորներ: Իսկ դա վերջին քայլն է մինչեւ Թուրքիայի համար մղձավանջային Քուրդիստանի ստեղծումը: Իսկ այն, որ այդ գործընթացն իրականացվում է Թրամփի ակտիվ հովանավորությամբ, իր հերթին տարակուսանքների տեղիք չի տալիս:
Էրդողանը վերջին ժամանակներս ակտիվորեն փորձում է լեզու գտնել Թրամփի հետ: Բայց պատկերը սա է. հենց ընտրության խնդիր է առաջանում Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ, Թրամփի նախասիրությունը միանշանակ Իսրայելն է: Հեռու չէ նաեւ օրը, երբ Էրդողանը դուրս կգա քաղաքական կյանքից, եւ թե ներկա գործընթացներից ելնելով, ինչ կլինի պետության հետ, որը նա 20 տարուց ավել համառորեն ստեղծում է, դարձել է մեծ հարցական:
Իհարկե, այս իրավիճակում, ինչպես վաղուց էր տեսանելի, Էրդողանի համար, առնվազն որպես ռեզերվային անվտանգության երաշխիք, առաջին պլան է գալիս ռուս-իրանական տանդեմի հետ համագործակցության հարցը: Իսկ դա, իհարկե, առաջին հերթին ենթադրում է լոգիստիկայի ձեւավորում: Իրանի պարագայում պատահական չէ, որ հերթական անգամ օրակարգային դարձավ Թուրքիա տանող երկաթուղու կառուցման հարցը: Բայց ահա ՌԴ-ի ուղղությամբ տեսանելի խնդիրներ կան: Այդ թվում. փաստը, որ հենց Թուրքիայի ափերի մոտ խոցվեցին Ռուսաստանի հետ համագործակցող տանկերներ, իհարկե, մեսիջ էր նաեւ Թուրքիայի համար: Նախ, այդ հարձակումները վերագրվում են ուկրաինական հատուկ ծառայություններին, բայց բոլորն են հասկանում, որ առանց բրիտանական օգնության դա բացառվում է: Իսկ Թուրքիայի համար մեսիջը սա է. անհրաժեշտության դեպքում ՌԴ-ի հետ Թուրքիայի ծովային լոգիստիկան կդառնա լիովին խոցելի: Այլընտրանք կարող է դառնալ դեպի Ռուսաստան տանող ցամաքային կապը, այդ թվում՝ երկաթուղին: Ռեալ հույսեր Անկարան «Թրամփի ուղու» հետ կապված հազիվ թե կարողանա կապել. ըստ ծրագրվածի, այստեղ ամերիկյան վերահսկողություն է լինելու, եւ այն, որ այդ փաստաթղթի ստորագրման վաշինգտոնյան արարողությանը Թուրքիային անգամ չէին հրավիրել, դեռ էն գլխից էր կարեւոր ազդակ: Ըստ այդմ, պատահական չէ, որ «Թրամփի ուղի» տեսքով նախագծի մասին բավականին ոգեւորված ազդակներ են գալիս նաեւ իսրայելյան ուղղությունից, այն դեպքում, երբ «Զանգեզուրի միջանցք» տեսքը նրանց առնվազն անտարբեր էր թողնում:
Ահա այս իրավիճակում, երբ Էրդողանը օրերս սկսեց խոսել գալիք տարվանից Հայաստանի հետ հարաբերությունների թեման ակտիվացնելու մասին, թերեւս, միայն Նիկոլի համար նախընտրական քարոզչություն ապահովելու իմաստով չէր: Այն իմաստով, որ Հայաստանի սահմանին Էրդողանն իրականում ոչ թե Նիկոլին է տեսնում, այլ` ռուսական ռազմաբազան, այն է՝ սահման բացել-չբացելու թեման Անկարայի համար ունի նաեւ Մոսկվայի հետ նոր հակասության գնալու կամ, ընդհակառակը, հակասություններ հարթելու իմաստ. կախված պայմանավորվածություներ լինել-չլինելուց:
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼՈԳԻՍՏԻԿԱՆ՝ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ
Ինչպես արդեն կարծիք հայտնելու առիթ ունեցել ենք, հենց այնպես, ընդամենը Ալիեւի ինչ-որ քմահաճույք, առավել եւս՝ բարերարություն չէ, որ օրակարգում հայտնվեց դեպի Հայաստան անցումների հարցը, որը դարձավ Ռուսաստանից՝ Հայաստան երկաթուղային կապի վերագործարկման դեռ ասենք նախադրյալ: Նաեւ, որ հանկարծ Նիկոլը սկսեց խոսել Հայաստանից դեպի Թուրքիա, Նախիջեւան-Իրան, Ադրբեջան (Իջեւան-Ղազախ) ուղղություններով երկաթուղային հաղորդակցության տեխնիկական հարցերը լուծելու (փոքր հատվածների վերականգնում եւ այլն) մասին: Հաշվի առնելով նաեւ, որ թեման բավականին ընդգծված կերպով տեսանելի դարձավ նաեւ Պուտինի եւ Փաշինյանի՝ նախօրեին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման նաեւ հրապարակային հատվածում: Պուտինի խոսքով. «Մենք նաեւ լավ ծրագրեր ունենք, արդեն քննարկել ենք էներգետիկան, այդ թվում՝ ատոմային էներգետիկան։ Հիմա մանրամասների մեջ չենք մտնի, բայց կա քննարկելու, խոսելու հնարավորություն։ Լոգիստիկայի ոլորտի մասին նույնպես։ Մեր նախորդ հանդիպման ժամանակ Դուք բարձրացրիք տարբեր հարցեր, որոնց վրա կարող ենք համատեղ աշխատել, այդ թվում՝ հին երթուղիների վերականգնումը եւ նոր երթուղիների ստեղծումը, որոնք կբացեն Հայաստանի սահմանները: Այսպիսով, ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է ընթանում: Իհարկե, կան այլ հարցեր, որոնք մենք հիմա կքննարկենք»: Իսկ ահա Փաշինյանի խոսքում սա էր. «Ռուսաստանից գնացքներն արդեն ուղեւորվում են դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, ինչը, կարծում եմ, իսկապես պատմական իրադարձություն է։ Եվ, ինչպես արդեն նշեցիք, բացվում են նոր հնարավորություններ։ Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է։ Ես, մասնավորապես, նկատի ունեմ Իջեւանի, Երասխի եւ Ախուրիկի հատվածները…»:
Իհարկե, «Իջեւանի, Երասխի եւ Ախուրիկի հատվածները» հնարավոր է շատ արագ, թերեւս հաշված ամիսների ընթացքում վերականգնել: Բայց այստեղ ամենակարեւորն այլ հարց է՝ աշխարհաքաղաքական իմաստով դա ո՞ւմ է պետք, եւ ո՞վ չի ցանկանում:
Թուրքիայի համար «Իջեւանի, Երասխի եւ Ախուրիկի հատվածները» գործելը կնշանակի երկաթուղային բավականին հարմար կապ Իրանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ, կրկնենք, բավականին արագ եւ մեծ թողունակությամբ, ի տարբերություն Կարս-Թբիլիսի ուղիղ գծի: Աշխարհաքաղաքական իմաստով, եթե շարունակեն սրվել հարաբերություններն Իսրայելի հետ, նման լոգիստիկան Անկարայի համար կարող է դառնալ փրկօղակ:
Իրանի համար եւս, իհարկե, նման լոգիստիկան շատ կարեւոր կլիներ ինչպես տնտեսական (դա սեւծովյան գոտի դուրս գալու լավ տարբերակ է), այնպես էլ՝ ռազմաքաղաքական իմաստով՝ որպես Ռուսաստանի հետ կապի միջոց:
Ռուսաստանի հետաքրքրությունը եւս, ինչպես նկատվում է Պուտինի հիշատակված խոսքից, դա միանշանակ ձեռնտու է. դեպի Թուրքիա եւ Իրան (Հնդկական օվկիանոս) տանող ուղի, ընդ որում, ամբողջ համակարգը կառավարվում է ռուսական «դուստր» ընկերության միջոցով:
Հակառակ կողմից. հայաստանյան լոգիստիկայի վերագործարկումը, իհարկե, մեղմ ասած, անցանկալի է Իսրայելի համար: «Թրամփի ուղին» այլ բան է, այնտեղ ծրագրված է ամերիկյան վերահսկողություն, այն հյուսիս-հարավ ուղղությամբ բաժանարար գիծ է, որը կվերածվի հյուսիսից Իրանի վրա ճնշման կարեւորագույն գործիքի. իհարկե, դա Իսրայելի համար իսկական երազանք է: Հայաստանյան ընդհանրական լոգիստիկան, որը ենթադրում է հյուսիս-հարավ կապի ամրացում, իսկ Թուրքիայի համար կարող է դառնալ ապահով այլընտրանք, իհարկե, Իսրայելի երազանքներից չէ:
Բրիտանիան, այն է՝ գլոբալիստական Եվրոպան, որը, կրկնենք, Սեւ ծովում նաեւ Թուրքիային «ատամ ցույց տվեց», իսկ կովկասյան տարածաշրջանը տեսնում է հակառուսական պլացդարմի դերում, իհարկե, նման ծրագիրն անցանկալի կլիներ: Ավելի ռեալ, Բրիտանիան արդեն մոտ 300 տարի պայքարում է՝ Ռուսաստանի շարժը դեպի հարավ՝ Հնդկաստան արգելափակելու համար: Եվ եթե Ռուսաստանում բարձված գնացքները սկսեն հասնել իրանական հարավային նավահանգիստներ, դա արդեն կդառնա պատմական նշանակության պարտություն:
ԱՄՆ-ի, ավելի կոնկրետ՝ Թրամփի համար այս ամբողջ պատմությունը կարող է իմաստավորվել մեկ հարցով՝ ի՞նչ օգուտ կարող է ունենալ այդ ամենից: Ընդ որում, պարտադիր չէ, որ այդ օգուտը լինի հենց այս հատվածում. դրա դիմաց Մոսկվայից կարող է այլ ուղղություններում զիջումներ ստանալ: Իհարկե, կա «Թրամփի ուղու» նախագիծը: Բայց նաեւ ակնհայտ է այն, որպես տնտեսական մեծ ծրագիր, որը հետաքրքրություն կներկայացներ ԱՄՆ-ի մասշտաբների համար, «Թրամփի ուղին» չի ներկայացնում: Գոնե ներկա տեսքով, երբ առավելագույնը, այն կարող է հասնել Կասպից ծովին եւ կանգ առնել. այնտեղ ռազմական վերահսկողությունը միանշանակ ռուսների եւ իրանցիների ձեռքին է, եւ Թրամփը այդ «ուժային լեզվին», իհարկե, շատ լավ է տիրապետում: Բայց «Թրամփի ուղին» կարող է էֆեկտիվ դառնալ, եթե այն կապվի ռուս-իրանական ուղղությունների հետ: Կարճ ասած, քննարկելու հարց այստեղ կա, բայց դրա համար պետք է որ ընդհանուր լոգիստիկան սկսի աշխատել:
ԱԼԻԵՎԸ՝ ԵՐԿԿՈՂՄ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ
Իհարկե, այս ամբողջ լոգիստիկան կարող է աշխատել, եթե դրանում ներգրավված է Ադրբեջանը: Կային սպասելիքներ, որ թեման կլիներ Սանկտ Պետերբուրգի միջոցառման օրակարգում՝ եռակողմ ձեւաչափով: Բայց Ալիեւը չգնաց, եւ, կասկած գրեթե չկա, հենց այդ թեման չքննարկելու համար:
Պեսկովը հայտարարեց, թե՝ Կրեմլը ըմբռնումով է մոտեցել Ալիեւի բացակայությանը, բայց նաեւ նշելով. «Մենք բարձր ենք գնահատում Դուշանբեում բոլորովին վերջերս կայացած նախագահների երկկողմ հանդիպման արդյունքները եւ կգործենք ըստ ձեռքբերված պայմանավորվածությունների»: Ու կարելի է հիշեցնել լուրերը, որ տեւական ընդմիջումից հետո Դուշանբեում կայացած Պուտին-Ալիեւ հանդիպման ժամանակ է, որ կայացվել է կոմունիկացիաների մասին այդ որոշումը: Ընդ որում, այդ հանդիպման համար ադրբեջանական կողմը երկար էր աշխատել: Այսինքն, Պեսկովն ակնարկում է, որ եթե անգամ Ալիեւը չմեկնեց Սանկտ Պետերբուրգ, սակայն Կրեմլը համարում է, որ դա չի նշանակում այդ պայմանավորվածությունների չեղարկում:
Իրականում այդպե՞ս է: Այն, որ Ալիեւի չմեկնելը պետք է բացատրել Իսրայելից կամ Բրիտանիայից եկած ճնշումներով, ամենահավանական տարբերակն է թվում: Մոտավորապես նման մի բան էլ եղավ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հետ կապված, երբ էլի բրիտանական ճնշումները կանգնեցրին տարածաշրջանային իմաստով կոմունիկացիաների վերագործարկման հնարավորությունը: Ուրեմն, կարո՞ղ են բրիտանացիներն այս անգամ նման արդյունքի հասնել` Ալիեւին ճնշելով: Ընդ որում, դա նրա համար կնշանակի Մոսկվայի հետ հարաբերությունների վերադարձ այն մակարդակին, որը կար Դուշանբեի հանդիպումից առաջ: Մի խոսքով, շարունակենք հետեւել:
Տես նաեւ https://t.me/iravunk/62513