Ում գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները
2018 թվականից Հայաստանում ընդհանուր գնաճի ֆոնին, Ջրային պետական կոմիտեի վարած քաղաքականությունը, ոռոգման ջրի արժեքի մասով, կարելի է առանց չափազանցնելու թալան որակել:
Մասնավորապես` Կոտայքի մարզի Հրազդանի տեղամասի համար 2018 թվականին մեկ հեկտարի համար ոռոգման ջրի վարձը կազմում էր 70 000 դրամի կարգի, ապա 2021-ից այն դարձրին 100 000 դրամ, ինչը չէր արտացոլում բաժանորդի կողմից ծախսած ջրի քանակը: Այն ժամանակ դա բողոքների առիթ դարձավ: Սակայն` «ախորժակն ուտելիս է բացվում» ասույթի տրամաբանությամբ շարժվող վերոնշյալ կառույցի ախորժակը այս անգամ ցանկացավ մեկ հեկտարի համար սահմանել ոչ ավել, ոչ պակաս 130 000 դրամ (սեզոնին 6 ոռոգման համար):
Ու սա այն դեպքում, որ Հայաստանում ոռոգման ջրի արժեքը մեկ խորանարդ մետրի համար պետության կողմից սուբսիդավորվելուց հետո` կազմում է 11 դրամ: Արդյունքում, եթե սպառողն ունի կես հեկտար այգի եւ դրա համար պիտի վճարի 65 000 դրամ, ապա պիտի ստանա 5 հազար 909 տոնա ոռոգման ջուր: Երբ այս թիվը բաժանում ենք 6-ի (սեզոնի ոռոգման քանակը), ստացվում է, որ ամեն ջրելուց կես հեկտարի համար օգտագործվել է 984,8 տոննա ջուր… Դե հիմա պատկերացրեք կես հեկտարն ու 5 հազար 909 տոնա ոռոգման ջուրը: Էլ չեմ ասում, որ այդքան գումար պահանջում են այգին ոռոգելու համար, որն ավելի քիչ է ջուր պահանջում:
Ամենազավեշտալին այն է, որ պարզաբանումներ պահանջելիս, պատասխանում են, թե եղանակը տաքացել է, դրա համար էլ ջրի գինը բարձրացել է: Սակայն բոլորին է հայտնի, որ Հրազդանի տարածաշրջանը ամռանը հայտնի է իր մեղմ կլիմայով: Անգամ եթե ընդունենք, որ եղանակը տաքացել է, ապա ջրի գնի բարձրացման տրամաբանությունից ելնելով (70 000-ից՝ 130 000), պետք է ենթադրել, որ վերոնշյալ տարածքում ամռանը օդի ջերմաստիճանը տաքանում է 50 եւ ավելի աստիճան՝ ըստ Ցելսիուսի:
Ասենք միայն, որ հողի մշակներն էլ Հայաստանի իշխող վարչախմբից ակնկալում էին իրենց հոգսի թեթեւացում: Սակայն հայտնվելով իշխանության ղեկին, նրանք «ունքը շինելու փոխարեն` աչքն էլ են հանում»: