Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը
ՄիջազգայինՎրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերիայի և Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևի հանդիպման ժամանակ ընդգծվել է «Մետաքսի ճանապարհ – İpek Yolu» նոր համատեղ սահմանային անցակետի կառուցման կարևորությունը, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»։
Վրաստանի Եկամուտների ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ աշխատանքային հանդիպումը կայացել է դեկտեմբերի 17-ին։
Լրատվամիջոցը գրում է, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական մամուլում մի քանի քննադատական հոդվածներ են հրապարակվել Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ։ Դրանց թվում են՝ «Վրաստանը խաղում է խաղաղության դեմ. Բաքվի և Թբիլիսիի հարաբերություններում լարվածությունն աճում է», «Վրաստանը լսեց Զանգեզուրի քայլերը» վերնագրերով նյութերը։
Ըստ rs.ge-ի տվյալների՝ «հատուկ ուշադրություն է դարձվել սահմանը հատելիս մաքսային ընթացակարգերի պարզեցմանը և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության հետագա խորացմանը»։
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Մետաքսի ճանապարհ – İpek Yolu» նոր համատեղ սահմանային անցակետի կառուցմանը, որը տարածաշրջանում տարանցիկ ներուժի զարգացման անհրաժեշտ պայման կդառնա»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը ներկա են եղել Եկամուտների ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Պաատա Կիլաձեն, Մաքսային դեպարտամենտի ղեկավար Միխեիլ Չոկոշվիլին և Միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Արչիլ Դարախվելիձեն, ինչպես նաև Ադրբեջանի դեսպանատան տնտեսական քարտուղար Սամիր Աբդուրագիմովը և մաքսային հարցերով կցորդ Վուսալ Աբիլովը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

