Ուկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից հետախուզության երկու հիմնական ուղղություններով՝ արբանյակային նկարահանումների և բալիստիկ սպառնալիքի մասին վաղ նախազգուշացման համակարգերի հարցում։ Այս մասին հայտնել է Հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը, փոխանցում է ՌԲԿ-Ուկրաինան։
Նրա կարծիքով՝ հետախուզական տվյալների ոլորտում անվճար օգնության մասնակի դադարեցումը աղետալի չի լինի, եթե պահպանվեն գործող առևտրային պայմանագրերը։ Սակայն արբանյակային հետախուզության ոլորտում ԱՄՆ-ից կախվածությունն ունի երկու բաղադրիչ՝ օգնության շրջանակներում անվճար հասանելիություն և վճարովի պայմանագրեր։
Այն դեպքում, եթե դադարեցվի միայն օպտիկական արբանյակային նկարահանումների անվճար հասանելիությունը, Ուկրաինան կկորցնի հնարավորությունների մոտ 15-17%-ը, ինչը, ըստ Բուդանովի գնահատականի, կրիտիկական չէ։ Ինչ վերաբերում է ռադիոլոկացիոն նկարահանումներին, ապա կորուստները կկազմեն մոտ 46%, ինչը կբարդացնի իրավիճակը, բայց կոլապսի չի հանգեցնի։
Փոխարենը, արբանյակային տվյալների հասանելիության առևտրային պայմանագրերի արգելափակումը զգալիորեն ավելի լուրջ հետևանքներ կունենա։
«Կրիտիկական կլինի, եթե քաղաքական որոշում կայացվի և արգելափակվեն պայմանագրերը։ Այդ դեպքում մենք կիջնենք գրեթե զրոյի», - ընդգծել է Բուդանովը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ից Ուկրաինայի կրիտիկական կախվածության ևս մեկ ուղղություն է մնում բալիստիկ սպառնալիքի մասին վաղ նախազգուշացման համակարգը։ Միևնույն ժամանակ, հետախուզության մյուս բաղադրիչներում Ուկրաինան հիմնականում հենվում է սեփական կարողությունների վրա։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝