ՇՏԱՊ. «Տուշոնկա-2» օպերացիան եւ քավության 10 նոխազները
Նիկոլ Փաշինյանի հետ որոշ ժամանակ առաջ հանդիպած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եպիսկոպոսները հանդես են եկել նոր հայտարարությամբ, որում ասվում է, որ սույն թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը՝ 17:00-ին, գնալու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու դավադիր պահանջով՝ այն համարելով իրենց տարիների երազանքն ու ցանկությունը: Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքով տարածված հայտարարության մեջ այլեւս չի նշվում տիրադավ հռչակված եպիսկոպոսների ո՛չ անունները, ո՛չ էլ թիվը: Իսկ իրականությունն այն է, որ «հայտնի տասնյակն» առնվազն ֆիզիկապես վաղն ամբողջ կազմով չի լինելու Մայր Աթոռի շեմին, իսկ եթե ավելի փակագծեր բացենք՝ հոգեպես վաղուց այլեւս ներդաշնակություն չկա նույն տասնյակի շարքերում: Այնպես որ, հայտնի թիվը կհամալրվի ստյոպիկներով-արամայիսներով, որոնք առհասարակ այս պատմության մեջ զուտ հիշվելու են հայտնի երգի բառերի պես, որ «Առաջինն Արամն էր», իհարկե՝ այս դեպքում՝ ուրացման հարցում:
Այսպիսով՝ պարզ թվաբանությունը հուշում է, որ Նիկոլից ավելի Նիկոլ դարձած եպիսկոպոսներից ընդամենը մի քանիսն են հայտնվելու ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Մայր Աթոռում հավաքված հավատացյալների եւ միաբանների կենդանի պատի դիմաց: Հետեւապես, ո՞րն է այս դեպքում, Փաշինյան Նիկոլի սցենարը: Ահա այստեղ է, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կանխավ դեպքերի զարգացումը գցում է ընդդիմության գրպանը, թե փորձ են անելու միջամտել ՀԱԵ ներքին գործերին: Այսինքն՝ երբ իրենք ոտքուգլխով մտել էին Եկեղեցու ներքին գործերի մեջ, բոլորովին խառնվել չէր, երբ խմբագրում էին, թե պատարագիչ քահանան՝ ինչպես պետք է զեղչի Վեհափառի անունը, անաստվածություն չէր...
Ինչեւէ, վերադառնանք գլխավորին՝ ամենայն հավանականությամբ, որ Նիկոլ Փաշինյանն ու յուր իշխանությունը Մայր Աթոռին դավաճանած այն եպիսկոպոսներին, որոնք կհայտնվեն հանրության առաջ, պարզապես, կդարձնի քավության նոխազ՝ հնարավոր ամենահուզիչ տեսարաններով: Ավելի պարզ ասած՝ ուղղակի «փուռը» կտա նրանց: Չմոռանանք, որ նույն այդ եպիսկոպոսների շարքում կան այնպիսիք, որոնց նկատմամբ Նիկոլ Փաշինյանն անձնական ատելություն ունի, եւ նրանց ուղղակի բախտի քմահաճույքին թողնելը շուտով յուրաքանչյուրը կզգա սեփական մաշկի վրա:
Իհարկե, դեպքերը մինչեւ Մայր Աթոռում զարգանալն իր հնարավոր, երկու կողմերի համար էլ բացասական հետեւանքներով, արդեն իսկ ակնհայտ է, որ գործարկվելու է «տուշոնկա-2» օպերացիան: Նույն փաշինյանական կայքում այդ մասին արդեն իսկ անոնսավորել է նախկին կարգալույծ հոգեւորական Արամայիս Թախմազյանը: «Ժողովրդին շոկային բացահայտումներ են սպասվում. շատ ժամանակ չի մնացել, Գարեգին Բ-ն գնալու է», - նշել է նա: Սա նշանակում է, որ վաղը համացանց կնետվի մի կեղտոտ իբրեւ «կոմպրոմատ» Վեհափառ Հայրապետի դեմ եւ այստեղ մնում է հարցը հանրության ողջախոհությունը՝ արդյոք այն կգործի, ինչպես գեներալ Մանվել Գրիգորյանի դեպքում, թե՝ այս անգամ դասեր կքաղվի անցյալից: Այսպիսով՝ չի բացառվում, որ հանկարծ ինչ-որ մարդիկ դեպքերից ժամեր առաջ լալահառաչ գրառումներ գրեն, թե իսկապես երբեմնի Թադե, այսօր Արամայիսի ասած՝ շոկի մեջ են:
Ի՞նչ անել այս իրավիճակում. չհավատալ ամենանենգ ապատեղեկատվությանը, որն իբրեւ «աղմկոտ ու սենսացիոն փաստ» կփորձեն մտցնել ձեր աչքը, չտրվել սադրանքներին՝ Մայր Աթոռում, որովհետեւ Փաշինյան Նիկոլին պետք է, օրինակ, հայտնի տիրադավերից մեկի քթից գոնե արյուն գա՝ բինտով սրտիկ անելու համար, եւ չմոռանալ՝ որ այն, ինչ դաշտ է նետվել արդեն կանխատեսելի սցենար էր, հետեւապես՝ ամեն ինչ այդքան պարզունակ չի լինելու, որովհետեւ դիմացի կողմը, որը կարող է ազգընտիր Վեհափառի հրաժարականը պահանջել, ոչ մի սրբության առաջ չի կանգնի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
