Ուկրաինական պատերազմի ավարտը ռեալ է, բայց անհասանելի
ՎերլուծությունՆախօրեին Բեռլինում մեկնարկած Թրամփի պատվիրակների՝ Ուիտկոֆի եւ Քուշների՝ Զելենսկու հետ բանակցությունների շեմին ցնցող հայտարարությամբ հանդես եկավ Գերմանիայի կանցլեր Մերցը: Ըստ նրա, Pax Americana-ի դարաշրջանն ավարտված է Եվրոպայի համար: Ըստ այդմ, եվրոպացիները պետք է պատրաստվեն «տրանսատլանտյան հարաբերություններում հիմնարար փոփոխությունների»։
Ինչի՞ մասին է խոսքոը. «Pax Americana»-ն տերմին է, որը կիրառվում է Արեւմտյան կիսագնդում հարաբերական խաղաղության հայեցակարգի համատեքստում, այսինքն, որ Միացյալ Նահանգները համարվում է աշխարհի առաջատար տնտեսական, մշակութային եւ ռազմական տերությունը, որը «պատասխանատու» էր համաշխարհային կարգի համար։ Կարճ ասած՝ հեգեմոն, որին բոլորը պետք է ենթարկվեն: Ու հիմա ի՞նչ, Եվրոպան կամ առնվազն Մերցն ԱՄՆ-ին այլեւս հեգեմոն չե՞ն համարում: Բայց չէ՞ որ դա առնվազն կասկածի տակ է դնում գոնե ներկայիս տեսքով ՆԱՏՕ-ի լինել-չլինելու հարցը` որպես «տրանսատլանտյան հարաբերությունների» ռազմական թեւ:
Իհարկե, Մերցի հայտարարության իրական իմաստը չափազանց կարեւոր է: Նշանակո՞ւմ է սա, որ նա ազդարարեց գլոբալ իմաստով տրանսատլանտյան դաշինքի «ամուսնալուծության» կամ գոնե դրա մեկնարկի մասին: Ըստ այդմ, հիմա պետք է ԱՄՆ-ին եւ Եվրոպային ընկալենք որպես ինքնուրույն, իրար հետ կապ չունեցող կամ նույնիսկ սուր հակասությունների մեջ մտած կողմե՞ր: Թե՞ նման սուր հայտարարությամբ Մերցը փորձեց մի վերջին ճնշում կիրառել ամերիկացիների դեմ, որ փորձեն սպասվող բանակցություններում ինչ-որ զիջումներ պոկել:
Բայց մյուս կողմից, վերջին ժամանակներս ԱՄՆ-ն եւս մի գլուխ ակնարկում է, որ Եվրոպան իրեն հետաքրքրում է ոչ թե որպես դաշնակից, այլ, Թրամփի բառապաշարով, որպես «բիզնես-օբյեկտ»: Դաշնակցի դերի Եվրոպան պարզապես արդեն չի ձգում, իսկ ԱՄՆ-ն չի ուզում սեփական փողերով եվրոպացիներին այլեւս պահել: Ընդ որում, երբ նման մոտեցում ֆիքսվում է այնպիսի կարեւորագույն փաստաթղթում, ինչպիսին է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հայեցակարգը, դա արդեն նմանվում է «ամուսնալուծության» պաշտոնական առաջարկի: Առավել եւս, որ անմիջապես էլ շրջանառության մեջ է դնում գաղափար, թե պատրաստվում է միանալ այլ խմբի՝ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի մասնակցությամբ՝ հետը արեւմտյան դաշինքից տանելով միայն Ճապոնիային: Սրանից հետո, թերեւս, տրամաբանական տեսք կունենար, որ Մերցը հիսթերիկ տոնով բղավեր՝ գնում ես, գնա, այլեւս մեր հեգեմոնը չես: Միայն թե այստեղ այլ հարց կա՝ իսկ առանց հեգեմոնի Եվրոպան որքա՞ն կդիմանա, երբ բանը հասել է նրան, որ նույն Գերմանիայում անգամ, օրինակ, Volkswagen-ն է հայտարարում պատմության մեջ առաջին անգամ հայրենիքում գործարան փակելու մասին:
Ամեն դեպքում, այն տպավորությունն է, որ ԱՄՆ-ից եկած այս ճնշումները, անկախ այն բանից, թե ինչ է հայտարարում Մերցը, սկսեց իր ազդեցությունն ունենալ նաեւ Զելենսկու հետ բանակցությունների վրա: Երկօրյա այդ գործընթացը թե ինչ վերջնական հանգուցալուծում ունեցավ, եւ ինչ պատասխան կունենա Մոսկվան, դեռ սպասենք: Բայց նախնական կոնկրետ արդյունքների մասին դեռ առաջին բանակցային օրվա արդյունքներով հայտնի դարձան: Այդ թվում, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության թեման այլեւս չկա: Ընդ որում, դա հաստատեցին հենց եվրոպացիները՝ ի դեմս ԵՄ արտգործնախարար Կալասի, որը հայտարարեց, որ Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցությունը այլեւս եվրոպական օրակարգում չէ: Ընդ որում, նրա հետագա խոսքից կարելի էր հասկանալ, թե կոնկրետ ինչն է Եվրոպային եւ Զելենսկուն վերջնականապես մղում նման որոշման: Ըստ Կալասի, Բրյուսելը կորցնում է Ուկրաինային սեփական միջոցներով ֆինանսավորելու հնարավորությունը, եւ միակ տարբերակը մնում է ռուսական ակտիվներին դիմելը: Միայն թե, ինչպես զուգահեռաբար տեղեկացրեց Politico-ն. «Ուկրաինայի կողմից ռուսական ակտիվների միջոցով «փոխհատուցման վարկ» ստանալու հնարավորությունները նվազում են»: Միանգամայն սպասելի պատճառով՝ ԵՄ հինգ երկրներ՝ Բելգիան, որի մոտ է ռուսական փողերի հիմնական մասը, ապա նաեւ Բուլղարիան, Իտալիան, Մալթան եւ Չեխիան հրապարակայնորեն դեմ են արտահայտվել այս որոշմանը։ Մինչեւ ամսի 18-ը, երբ հարցը դրվի քվեարկության, եւս մի քանի երկրներ կարող են հրաժարվել դրանից: Իսկ ավելի վաղ այդ մասին հայտարարություն էին արել Հունգարիան եւ Սլովակիան:
Ահա այս ֆոնին, հայտնի դարձավ նաեւ, որ բեռլինյան բանակցություններն անցել են լարված, սակայն ամերիկացիները որեւէ էական զիջումների այդպես էլ չեն գնացել: Վերաբերո՞ւմ է սա Դոնբասից դուրս գալու հարցին, դրա հետ կապված որոշում եղե՞լ է. ահա այս հիմնական դարձած հարցից էլ մնում է կախված մնացածը: Չնայած, ըստ տարածված լուրերի, այս անգամ եւս Զելենսկին հրաժարվել է զորքերը հանել:
Ամեն դեպքում, այս բանակցային գործընթացը կտանի՞ խաղաղության. դեռ վաղ է ասել, թեեւ մի շարք հեղինակավոր աղբյուրներ այն գնահատումն են տալիս, որ խաղաղությանն ավելի մոտ վիճակ մինչ այս դեռ չի եղել: Ամեն դեպքում, մեկ բան կարծես հաստատ է. ԱՄՆ-ն, ինչպես քանիցս ենթադրել ենք, այլեւս սպասելու ժամանակ չունի. կան լուծման ենթակա մի շարք կարեւորագույն հարցեր, բայց նախ պետք է ավարտել ուկրաինական պատերազմը: Եվ եթե Զելենսկին համառում է, կարեղ է միանալ «պլան Բ»-ն:
