Աբխազական երկաթուղու թեման կվերադառնա գործնական օրակարգ
ՎերլուծությունԱշխաբադում օրերս տեղի ունեցած միջազգային ֆորումը՝ նվիրված Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին, թերեւս լիովին աննկատ կմնար, եթե չլիներ առաջին դեմքերի ներգրավմամբ մասնակիցների այն պատկառելի կազմը, որը ֆորումը հավաքել էր: Ըստ այդմ էլ, թերեւս միայն Թուրքմենստանի համար կարեւորություն ներկայացնող այդ միջոցառումը վերածվեց քաղաքական հարթակի, որտեղ, նման է, որ նաեւ մեզ համար կարեւոր որոշակի գործընթացներ տեղի ունեցան:
ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԿՈԲԱԽԻՁԵՆ ՇՓՎԵ՞Լ ԵՆ
Ըստ այդմ, իհարկե, կարեւոր էր ինչպես ՌԴ-ի, այնպես էլ մեր հարեւաններից՝ Թուրքիայի եւ Իրանի նախագահների մասնակցությունն ու երկկողմ հանդիպումները: Սրանից զատ, իհարկե, ինտրիգային դարձավ նաեւ մեր մյուս հարեւանի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի մասնակցությունն այդ միջոցառմանը, որը Վրաստանում միանգամայն ուշագրավ քննարկումների թեմա դարձավ:
Այսպես, Վրաստանում ռեզոնանսային դարձավ հարցը, թե այդ միջոցառման շրջանակներում հնարավո՞ր է Պուտինի եւ Կոբախիձեի հանդիպումը: Ավելին, որոշ աղբյուրներ սկսեցին կանխավ խոսել այն մասին, որ եթե անգամ ղեկավարների պաշտոնական հանդիպում չլինի, մեկ է՝ ոչ պաշտոնական շփումները պատվիրակությունների մակարդակով անխուսափելիորեն լինելու են: Ընդ որում, դրանում որոշակի տրամաբանություն դրվում է՝ ելնելով այն գլոբալ իրողություններից, որոնք ներկայումս զարգանում են ոչ միայն Վրաստանի, այլ՝ հարավկովկասյան ողջ տարածաշրջանի շուրջ:
Նախ հիշեցնենք, որ պաշտոնական հարաբերություններ, դրանց դիվանագիտական իմաստով, Ռուսաստանն ու Վրաստանը չունեն 2008թ.-ից սկսած: Չնայած դրան, գործող իշխանությունների օրոք, հատկապես՝ վերջին ընտրություններից հետո էական տեղաշարժեր նկատվում են: Այդ թվում, փոխադարձ առեւտրում Վրաստանը կանաչ լույս է բացել ռուսական բիզնեսի համար: Իսկ ահա վերջին ժամանակներս կտրուկ աշխուժացել է երկու երկրներին կապող կոմունիկացիաների թեման: Նախ, Վրաստանն արագորեն նորացնում է Վերին Լարս տանող մայրուղին, երկրորդը, սկսել է ռուսական սահման տանող նոր ավտոմայրուղու շինարարությունը: Ընդ որում, խոսքը մասշտաբների մասին է, որը հնարավորություն է տալու էապես ավելացնել Ռուսաստան-Վրաստան տրանսպորտային կապի թողունակությունը, որը, իհարկե, հազիվ թե իր հիմքում հետաքրքիր մտքեր առաջացնող հաշվարկներ չունենա:
Այդ թվում, կապված այն դինամիկայի հետ, որն առկա է Արեւմուտքի հետ Վրաստանի դիվանագիտական հարաբերություններում: Այսինքն` գոնե Եվրոպայի հետ հարաբերություններ, որպես այդպիսին, փաստացի չեն մնացել: Իհարկե, դեռ գնալ-գալ, շփումներ կան: Սակայն վրացական իշխանությունները, ինչպես թարմ օրինակում օրերս արտահայտվեց խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, այս մակարդակում են. « Եվրոպացի առաջնորդները պետք է «խելքի գան» եւ վերադառնան իրենց քաղաքացիների կամքի իրականացմանը, հակառակ դեպքում դա կհանգեցնի եվրոպական ինքնության լիակատար կորստի»: Մեկ այլ օրրինակ. գնահատելով ԱՄՆ-ի նորացված անվտանգության ռազմավարությունում Եվրոպային ուղղված ծանր մտքերը, Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հասավ այս մտքին ՝ եթե ներկայիս ընթացքը շարունակվի, ապա «Եվրոպան եւ եվրոպական արժեքները վտանգված են անհետանալու»: Այսինքն, վրացական գործող իշխանություններն ամեն կերպ ակնարկում են, որ եվրագլոբալիստների հետ հարաբերությունները խզված են վերջնականապես:
Իհարկե, դա Թբիլիսիի համար առիթ կարող էր լինել, որ աշխարհաքաղաքական հայացքն ուղղեին դեպի թրամփյան Վաշինգտոն: Ընդ որում, այդ նույն ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությանն ուղղված այդ անուղղակի գովասանքները կարող են նման իմաստ պարունակել: Բայց. հենց նույն ամերիկյան ռազմավարությունը, որը, նման է, որ Թբիլիսիում խոշորացույցով են ուսումնասիրել, պետք է որ հակառակ հուշումները տար: Այսինքն, նոր ռազմավարությամբ Վաշինգտոնը երկու-երեք թեզեր է սահմանում, որը ոչ միայն Վրաստանի, այլ նաեւ ողջ Հարավային Կովկասի համար կարեւոր մեսիջ է: Նախ, ԱՄՆ-ն այսօր բաց տեքստով խոսում է ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականության, «դեմոկրատական արժեքների» տարածման կուրսը կանգնեցնելու եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին: Վրաստանը, որ ժամանակին «հեղափոխականացվել» էր հենց այդ «դեմոկրատական արժեքներով»՝ դեպի ՆԱՏՕ շարժվելու հիմքով, հիմա պետք է այլ մոտեցումներ որդեգրի: Իհարկե, եթե չի ցանկանում «դեմոկրատացվել» եվրագլոբալիստական «արժեքներով», որոնք, կրկնենք, Թբիլիսին կոշտ բառապաշարով մերժում է:
ԱՄՆ-Ն ՀԵՏԱՔՐՔՐՎԱ՞Ծ Է ԿՈՎԿԱՍՈՎ
Հաջորդը. ԱՄՆ-ի ռազմավարության բաղկացուցիչներից մեկն էլ Մերձավոր Արեւելքի հանդեպ հետաքրքրության կտրուկ թուլացումն է: Եթե մինչ այս Հարավային Կովկասն ընկալվում էր, որպես Ռուսաստանի եւ Մերձավոր Արեւելքի, այդ թվում՝ Իրանի միջեւ բաժանարար գիծ ստեղծելու տիրույթ, ապա ամերիկյան նոր ռազմավարությունը նման բան այլեւս չի սահմանում: Ըստ այդմ, հանուն ինչի՞ Վաշինգտոնն իրենից տասնյակ հազարավոր կիլոմետրերով հեռու Վրաստանում պետք է արդեն անհասկանալի դարձող աշխարհաքաղաքական շահեր փնտրի, այն էլ՝ Մոսկվայի հետ հին բախումը շարունակելու գնով:
Առավել եւս, որ եթե Թրամփը ինչ-որ հետաքրքրության նշաններ ցուցադրել է, ապա դա «Թրամփի ուղի» կոչված ճանապարհի մասին է: Ընդ որում, այն ժամանակ, երբ ամերիկյան այս նոր ազգային ռազմավարությունը չկա, եւ դրա ընդունումից հետո հարց է՝ այդ հետաքրքրությունը պահպանվո՞ւմ է: Եթե նույնիսկ պահպանվում է, ապա դա իրականում կարող է Վրաստանին ուղղված ծանր հարված դառնալ: Այսինքն, ելնելով հարավկովկասյան հետխորհրդային իրողություններից, Վրաստանը կարողացել էր դառնալ լոգիստիկ մոնոպոլիստ ինչպես Թուրքիա-Ադրբեջան, այնպես էլ՝ Հայաստան-Ռուսաստան ուղղությամբ: Ավելի կոնկրետ, Հայաստանի եւ Ադրբեջանի ցամաքային բեռնաշրջանառության առյուծի բաժինը Վրաստանն իր վրա էր վերցրել՝ դրանից եկող միանգամայն լուրջ եկամուտներով հանդերձ: Եթե գործեն «Թրամփի ուղին» եւ կովկասյան մյուս կոմունիկացիաները, Վրաստանը բախվելու է եկամուտների շատ լուրջ անկման խնդրի հետ: Եվ փաստը, որ Վրաստանն արդեն իսկ ինչպես Հայաստանի, այնպես էլ շատ ավելի մեծ մասշտաբներով Ադրբեջանի հետ լոգիստիկ-սակագնային բախումների մեջ է մտել, իհարկե, հենց այնպես ի հայտ չեկավ:
Ընդ որում, եթե անգամ Թրամփը կորցնի հետաքրքրությունը «Թրամփի ուղու» հանդեպ, դա Թբիլիսիի համար վերջնական լուծում չէ: Այն իմաստով, որ այդ դեպքում էստաֆետը նորից կվերցնի Անկարան՝ «Թրամփի ուղու» փոխարեն առաջ տանելով «Զանգեզուրի միջանցք» տարբերակը կամ անգամ այն «մոդեռնիզացնելով» «Միջին միջանցք» տեսքով:
ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ
Իրականում Վրաստանի համար այս ամբողջ հարցը եւ լուծումը աշխարհաքաղաքական դաշտում է, որը, թերեւս, վրացական պրագմատիկ իշխանությունները լավ հասկանում են: Այսինքն, եթե Անկարան փորձում է զարգացնել «թյուրքական աշխարհի» գաղափարը, ապա դրա համար լավագույն տարբերակ է «Զանգեզուրի միջանցք» ասվածը, ինչքան էլ որ Վրաստանը փորձի սակագնային եւ հարմարավետության մեկը մյուսից լավ պայմաններ առաջարկել: Ավելին, «Զանգեզուրի միջանցքի» պարագայում, կամ ինչ անուն էլ որ դրան տրվի, Թուրքիան կարող է նաեւ երկաթուղային կապ ունենալ Ռուսաստանի հետ, ինչը Վրաստանը, առանց Ադրբեջանի, չի կարող առաջարկել:
Այսինքն, ընդհանրական պատկերը հետեւյալն է: Եթե Արեւմուտքի գործոնն այս պահին Վրաստանի համար իրավիճակ փոխող առաջարկ չի կարող անել, ապա ամբողջ թեման տեղափոխվում է տարածաշրջանի ներս: Այն դեպքում, երբ, կրկնենք, «Զանգեզուրի միջանցք» կոչվածի պարագայում Թբիլիսին կարող է դուրս մնալ թուրք-ազերիական առաջնային հետաքրքրության դաշտից: Եվ այն, որ պետք է շատ արագ մտածել Ռուսաստան-Իրան առանցքի հետ եթե դեռ ոչ թե վերաինտեգրվելու, այլ գոնե հարաբերությունները հնարավորինս կարգավորելու մասին, դա Վրաստանի համար, շատ նման է, որ դառնում է առաջնային խնդիր: Ամեն դեպքում, դեպի Ռուսաստան ճանապարհաշինության նման ակտիվացումը հուշում է, որ Թբիլիսիում իրավիճակին փորձում են նայել՝ հաշվի առնելով ոչ հեռու ապագայում սպասելիքները:
Մյուս կողմից, ավտոմայրուղիները դեռ հարցի վերջնական լուծում չեն. պետք է Ռուսաստանի հետ կապող երկաթուղի, որը կարող է միանգամից փոխել այս պահին ձեւավորվող տարածաշրջանային խաղի կանոնները: Հասկանալի է, խոսքը Աբխազական երկաթուղու մասին է, որը գործարկելու մի շարք փորձերը ձախողվել են: Սակայն, կրկնենք, նոր իրավիճակում, երբ այն առաջնային նշանակություն է սկսում ստանալ հենց Վրաստանի համար, թերեւս պատկերը շատ արագ կարող է փոխվել:
Այս համատեքստում, թերեւս պատահական չեն նաեւ վրացական փորձագիտական որոշ աղբյուրների պնդումներն այն մասին, որ ռուս-վրացական եթե ոչ բանակցություններ, ապա առնվազն խորացված եւ ակտիվ քննարկումներ ընթանում են:
Իսկ ահա Նիկոլը դեռ նայում է Եվրոպա տանող պատուհանին, որը Թբիլիսին վաղուց է փակել:
