«ՇԱՏ ԵՐԿԱՐ ԷԻ ՍՊԱՍԵԼ ԱՅՍ ԳՈՏՈՒ ՀԱՄԱՐ ՄԵՆԱՄԱՐՏԻՆ, ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԻՆ». ԱՆՎԱՆԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ՅՈՒՐԻ ՍԱՔՈՒՆՑ
Վերջերս Թաիլանդում կայացած պրոֆեսիոնալ Բռնցքամարտի երեկոյի ընթացքում հերթական հաղթանակն է տոնել հայազգի անվանի մարզիկ, Բռնցքամարտի WBL, WBF վարկածներով Աշխարհի չեմպիոն, WBF վարկածով Եվրոպայի չեմպիոն, Գինեսի բազմակի ռեկորդակիր, ծնունդով Չարենցավանից ՅՈՒՐԻ ՍԱՔՈՒՆՑԸ /պրոֆեսիոնալ ռինգում 20 մենամարտ և նույնքան հաղթանակ, որից 18-ը նոկաուտով /։ Նա սուպեր թեթևքաշային կարգում նվաճել է UBO վարկածով Աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու զրուցել նրա հետ։
- Շնորհավորում ենք, Յուրի, հաղթանակի առթիվ։
- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 69 կգ քաշային կարգում։ Հակառակորդս տեղացի Թաիլանդի ներկայացուցիչը, բավականին փորձառու բռնցքամարտիկ էր։ Նա պրոֆեսիոնալ ռինգում ուներ 49 հաղթանակ, որից 32-ը նոկաուտով։ Հասցրել էի ծանոթանալ նրա մարտաոճին, որովհետև շուրջ 1 ամիս առաջ տեղյակ էի, թե ով է լինելու մրցակիցս։ Հաղթեցի մենամարտի երկրորդ ռաունդում, տեխնիկական նոկաուտով։Երբ մրցակցիս մենամարտերը դիտում էի, տեսել էի, որ ինձանից ավելի ցածրահասակ է, մտածում էի, որ հարմար մրցակից կլինի։ Սակայն, մենամարտի ժամանակ հասկացա, որ թեև ցածրահասակ է, բայց շատ ամուր է, դիմացկուն, դիմացավ իմ ծանր, հուժկու հարվածներին, շատ ճարպիկ էր, կարողանում էր ընդունել հարվածներ և փոխանակել։ Փառք Աստծո, կարողացա հաղթել ու նվաճել այս չեմպիոնական գոտին։
- Յուրի, իսկ ինչ տվեց քեզ այս չեմպիոնական գոտին։
- Ասեմ, որ այս տարի շատ երկար էի սպասել այս գոտու համար մենամարտին, այս հաղթանակին, Աշխարհի չեմպիոնի տիտղոսին։ Հաղթանակը ինձ տվեց հավատ, առաջ շարժվելու, ճանապարհս շարունակելու։ Շատ ուրախ եմ, որ ևս մեկ անգամ կարողացա իմ հայ ժողովրդին հպարտանալու առիթ ընձեռել։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին։ Իմ նպատակն է միասնականության կոչ անել ժողովրդին, միասնական մենք ուժեղ ենք, թե սպորտում, թե ցանկացած ոլորտում։
- Յուրի, Դուբայում կայացավ Բռնցքամարտի IBA -ի Աշխարհի առաջնությունը։ Մեր երկրի հավաքականը մեծ կազմով էր հանդես գալիս, պատմական նվաճում գրանցեցին մեր մարզիկները նվաճելով 5 բրոնզե մեդալ, որը երբևէ չէր գրանցվել։ Հետաքրքիր է, հետևու՞մ էիր նրանց մրցելույթներին։
- Իհարկե, հետևում էի, նրանք ի դեպ բավականին հաջող, գրագետ մենամարտեր էին անցկացնում, շատ ուրախ եմ նրանց հաջողությունների համար, որը իսկապես աննախադեպ էր։
- Յուրի, տեղյակ եմ, որ օրերս հյուրընկալվել ես ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Ավագյանի մոտ։ Ինչպե՞ս անցավ Ձեր հանդիպումը։
- Ես փոխնախարարին ասացի, որ այսքան ժամանակ սպորտի նախարարությունից որևէ պարգևատրում, որևէ ֆինանսական աջակցություն, ցավոք, չեմ ստացել, ունենալով այդքան մեծ նվաճումներ։ Ասում է կփորձենք աջակցել ու շնորհակալագիր է տվել միայն։ Ես առաջիկայում ևս շատ կարևոր մենամարտ ունեմ, որը Չեխիայում է կայանալու, սակայն ամենամեծ խնդիրը հենց ֆինանսականն է, եթե կարողանամ գտնել հովանավոր, ապա կկարողանամ մասնակցել։ Մտադիր եմ նաև նոր ռեկորդներ սահմանել։ Այդ թվում, օդապարիկից կախված 1 րոպեում 50-ից ավելի կքանիստ անել։
Շնորհակալ եմ ընկերներիս, սրտացավ մարդկանց, որ միշտ իմ կողքին են։ Այս տարին շատ հաջող կարող եմ համարել, քանի որ շատ հաղթական տարի էր ինձ համար։
Շատ շնորհակալ եմ նաև Ձեզանից, մշտապես իմ նվաճումները լուսաբանելու համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

