ՆԻԿՈԼԻՆ ԴԵՌ ՊԱՀՈՒՄ ԵՆ ԵՎՐԱԳԼՈԲԱԼԻՍՏԱԿԱՆ «ԱՍԵՂԻ ՎՐԱ»
ՎերլուծությունՄինսկի խմբի փաստաթղթերի հրապարակումը (մասնակի) Փաշինյանի կողմից, այդ թվում, այն վերջին առաջարկները, որոնց հաջորդեց պատերազմը, բնական է, հնարավորություն տվեցին, որ թեմային անդրադառնա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով, հասկանալի է, մինչ 2018թ.-ի իշխանազավթումն այդ գործընթացների հիմնական մասնակիցներից էր: Եվ այն դետալները, որոնք ընկած էին այդ գործընթացի հիմքում, եւ նախօրեին հանգամանորեն մանրամասնեց երրորդ նախագահը, հնարավորություն են տալիս ավելի լավ պատկերացում կազմել ոչ միայն այն մասին, թե, վերջապես, ինչու հասանք 2020թ. պատերազմին, այլ, անուղղակիորեն, նաեւ հետագա իրադարձություններին՝ Արցախի հայաթափումից մինչեւ ներկա գործընթացները:
ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐԱՆ
ՀՀ երրորդ նախագահն իր մեկնաբանություններում նախ ֆիքսում է, որ հենց «ադրբեջանական կողմն է առնվազն 2008 թվականից ընդհուպ 2018 թվականը հրաժարվում>> կարգավորմանն ուղղված ՄԽ-ի եւ դրա շրջանակներում արված «բոլոր առաջարկներից, քննադատում համանախագահներին եւ նույնիսկ կոչ անում լուծարել խումբը»: Ընդ որում, առաջ ընկնելով, հիշեցնենք, որ արդեն 2019թ.-ին, երբ ներկայացվեց վերջին առաջարկը, Ալիեւը սկսեց հրապարակավ դրական արտահայտվել այդ մասին:
Ավելին, ըստ Ս. Սարգսյանի. «Հրաժարվելով համանախագահ երկրների գրեթե բոլոր առաջարկներից, նախաձեռնություններից կամ մշտապես հետքայլ կատարելով արդեն ձեռքբերված պայմանավորվածություններից՝ Ադրբեջանը հակամարտության կարգավորման նկատմամբ մոտեցումներում գործնականում հակադրվեց ոչ միայն Հայաստանին, այլեւ` միջազգային հանրությանը»: Բայց նաեւ՝ մինչեւ վերջ դեմ չգնալով ՄԽ-ին, չնայած սպառնալիքներին՝ դուրս չգալով բանակցային գործընթացից՝ «Վախենալով բաց առճակատումից հակամարտության կարգավորման միջնորդության միջազգային մանդատ ունեցող համանախագահ երկրների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ, համապատասխանաբար վախենալով նաեւ ողջ միջազգային հանրության հետ բաց ընդհարումից»: Ըստ այդմ, անցել էր նման ռազմավարության՝ բազմակի սադրանքներով ստիպել «Երեւանին հրաժարվել բանակցություններից, որպեսզի Հայաստանի վրա բարդի խաղաղ գործընթացի ձախողման մեղքը»: Իմաստը դեռ այն ժամանակ էր հասկանալի՝ ՄԽ համանախագահ երկրներից եկած ճնշումներն ուղղորդելով Հայաստանի դեմ, Ադրբեջանի համար բացի ագրեսիվ քայլերի ճանապարհ՝ «եթե Հայաստանը չի ցանկանում բանակցել, ուրիշ ի՞նչ անեմ սկզբունքով»: Դրանով նաեւ կաշկանդվածություն առաջացնելով համանախագահ երկրների մոտ:
Եվ ահա, նման հնարավորություն Բաքուն ստացավ 2018թ. իշխանափոխությունից հետո: «Հայաստանի նոր իշխանությունները 2018-ի մայիսից հետո հայտարարեցին, թե որոշել են բանակցությունները սկսել «իրենց կետից», գործնականում հրաժարվելով նախորդ տարիների բանակցային աշխատանքի արդյունքներից, բայց ըստ որում չկարողանալով նույնիսկ համանախագահներին բացատրել, թե որտեղ է այդ «իրենց կետը»»,- նշում է երրորդ նախագահը: Արդյունքում. «Այդժամ Երեւանը միջազգային հանրության աչքում դարձավ բանակցային գործընթացի ոչ կառուցողական կողմ: Իսկ այն բանից հետո, երբ Հայաստանի նոր տիրակալը, «իրեն գժի տեղ դրած», սկսեց կասկածներ հայտնել, թե հակամարտությունը կարելի է լուծել բանակցությունների միջոցով, Բաքուն ստացավ այն, ինչը նրան չէր հաջողվում տարիներ շարունակ. որպես կազուս բելլի՝ պատերազմի սանձազերծման առիթ, մեղադրել Հայաստանին բանակցություններից հրաժարվելու մեջ»:
Վերջին փաստաթուղթը, որը «Կազանի գագաթաժողովից հետո համանախագահների ստորագրած առաջին պաշտոնական (այլ ոչ թե «non paper») փաստաթուղթը՝ նույնպիսի առաջարկություններով, ինչպիսիք ներկայացվել էին 2019 թվականի ապրիլին առանց համանախագահների ստորագրության», Փաշինյանին ներկայացվեց 2019թ. հունիսին: Շատ է խոսվել, չկրկնենք, թե ինչ էր այն ենթադրում, որքանով էր այն անգամ կոնկրետ իրավիճակում ձեռնտու, էլ չասած, եթե փորձենք համեմատել ներկա հայաթափված Արցախի հետ: Ալիեւը, հիշեցնենք, այդ ժամանակ քանիցս հրապարակավ կողմ արտահայտվեց դրան: Նիկոլը՝ ոչ, եւ դրանով նա Հայաստանը համանախագահների համար դարձրեց ոչ թե միայն այդ առաջարկը, այլ ՄԽ-ի տարիների աշխատանքը մերժող՝ «զրոյից բանակցող» կողմ: Հետեւանքը պատերազմն էր, եւ այն, ինչ ունենք այսօր:
Հաջորդ դրվագն արդեն ՄԽ-ի հետ կապ չունի: Խոսքը նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների մասին է, որը նույնպես, միանշանակ, այդ իրավիճակում Հայաստանի (Արցախի) համար էլի առավելագույնն էր՝ Արցախի կարգավիճակի որոշման անժամկետ հետաձգում, ճանապարհների գործարկում եւ այդպես շարունակ: Առավել եւս, եթե 2021թ.-ին հաստատվեր նաեւ փոխվարչապետների եռակողմ խմբի կազմած փաթեթը կոմունիկացիաների գործարկման եւ հարակից այլ ծրագրերի մասով: Ու այս դեպքում եւս Ադրբեջանը կարողացավ հանդես գալ որպես կառուցողական կողմ, Հայաստանը՝ գործընթացը մերժող: Արդյունքը` Արցախի վերջնական հայաթափումն էր:
ԱՅՑ «ԸՆԿԵՐՈՋԸ»
Այսպիսով, իրավիճակը, որն այսօր ունենք, ուղիղ հետեւանքն է այն բանի, որ 2018թ.-ից սկսած Հայաստանի կուրսը, այդ թվում՝ բանակցային գործընթացում գլխիվայր շուռ եկավ: Միգուցե դեռ կան մարդիկ, որոնք կփորձեն ներկա իշխանություններին արդարացնել, թե՝ 2019-20-ին նոր մարդիկ էին, լավ չհասկացան, սխալվեցին: Բայց տեսնելով նման «սխալի» հետեւանքը, երբ դա կրկնում ես նաեւ 2021-22թ.-ից հետո, ապա արդեն «անփորձություն» տերմինին կարող է փոխարինել միայն «դիտավորությունը»:
Բայց վատթարագույնը. որ այդ ամբողջական գործընթացն այս պահին էլ է շարունակվում, դա չնկատելը պարզապես հնարավոր չէ: Այսինքն, որ Հայաստանը ներկա իրավիճակին է հասել Բրիտանիայի ազդեցության եւ տարաբնույթ մակրոնների անմիջական ջանքերով, կարելի է այլ մոտեցումներ չփնտրել: Մոտավորապես այնպես, ինչպես այդ կարգի սխեմաներով ներկա վիճակին են հասցրել եւ պահում են Ուկրաինան:
Եվ ահա, Նիկոլի` նախօրեին Գերմանիա կատարած այցն ու դրա շրջանակներում արած հայտարարությունները եկան հուշելու, որ նա դեռ մնում է եվրոպական «ասեղին նստած»: Նախ այն, որ նա շտապեց վազել Բեռլին այն պահին, երբ Մերցը նոր էր վերադարձել լոնդոնյան վերջին ավանտյուրիստական այցից, դժվար է պատահականություն համարելը: Առավել եւս, հաշվի առնելով այն իրողությունները, որ այս պահին ստեղծվել են արդեն ոչ թե Եվրոպա-Ռուսաստան, այլ՝ Եվրոպա-ԱՄՆ հարաբերություններում (որին դեռ կհասնենք):
Պատկերը սա է. Նիկոլին այդքան ոգեւորած «Թրամփի ուղի» «կառուցող» Թրամփն արդեն ամենավերջին բառերով է անպատվում ներկա եվրալիդերներին եւ նույն Մերցին: Ավելին, դա, ի դեմս ԱՄՆ նոր Ազգային անվտանգության ռազմավարության, նաեւ պաշտոնապես է սկսում ստանալ ԱՄՆ-ԵՄ «ամուսնալուծության» տեսք: Նույն ամերիկացիներն արդեն պաշտոնապես են սկսում խոսել ԵՄ-ի լուծարման անհրաժեշտության մասին, անգամ ԵՄ-ի ներսում են սկսել ներկա եվրալիդերներին անվանել «կոռումպացվածներ», «գողեր» եւ այլն: Ու ահա այդ նույն պահին Նիկոլը ոչ միայն այցի է գնում Մերցի մոտ, այլ երեւի այդ հանդիպումից չափազանց «ոգեւորված» կամ, միգուցե, հրահանգավորված, սկսում է ամբողջական ճառեր ասել «դեպի ԵՄ» իր քաղաքականության մասին: Թե՝ «ԵՄ անդամ դառնալը նպատակ է», բայց ինքն էլ հասկանալով՝ «Երկու տարբերակ կա. մեզ կամ կընդունեն, կամ չեն ընդունի ԵՄ։ Ընդ որում, կարող է լինել այնպես, որ ԵՄ–ն չի ուզում այլեւս ընդլայնվել»: Բայց նաեւ, որ այս ընթացքում «կա մի կետ, երբ պետք է որոշում կայացնել» ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին: «Եթե այսօր չկա այդ որոշումը կայացնելու անհրաժեշտություն, ինչի՞ համար կայացնենք։ Երբ կգա այն պահը, որ եկել, հասել ենք այդ կետին եւ պետք է որոշում կայացնենք, այդ ժամանակ կկայացնենք»: Այսինքն, ԵԱՏՄ-ն էլ պետք է քո քմահաճույքներո՞վ շարժվի, թե երբ են քո առաջ դուռ բացելու, բայց եթե չբացեն, ինչ կա, կմնաս այս կողմում: Ու իրականում հենց Մոսկվային հասցեագրված, նման ծաղրից հետո ավելացնում է, թե՝ գնում եմ Ռուսաստան՝ ԵԱՏՄ-ի միջոցառման:
Լավ, բա ի՞նչ է անելու, եթե ներկա մեծ խաղերի արդյունքում ԵՄ-ն հայտնվի երրորդ-չորրորդական դիրքերում կամ առհասարակ, որպես միավոր, դադարի գոյություն ունենալ: Այդ դեպքում Նիկոլի համար նորից ԵԱՏՄ-ն դառնալու է «միակ սե՞ր», թե՞ կփորձի ամերիկացիների թեւի տակ տեղ գտնել: Բայց այդ դեպքում էլ Թրամփը չի՞ հարցնի՝ այ Նիկոլ, էդ ի՞նչ էիր անում Մերցի ու «քյարթու լիբերաստ» Շտայնմայերի մոտ: Այն, որ այս ռիսկն իրականում կա, կարծում ենք, Փաշինյանը եւս շատ լավ է հասկանում: Բայց հասկանալով, երբ վազում է Մերցի մոտ, դա մեկ բան է ակնարկում՝ չէր կարող չվազել: Այսինքն, նաեւ 2019-20թթ., ասենք նաեւ 2021-22 թվականներին չէր կարող այլ քաղաքականություն վարել: Բայց որ նաեւ Մերցից հետո վազում է Մոսկվա, չմոռանալով Թրամփին Նոբելյան մրցանակի ներկայացնելու դիմում գրել, նշանակում է, որ այդ մյուս ուղղությունները եւս չի կարող հաշվի չառնել:
Ամբողջ հարցն այն է, թե այսպես դեռ որքան ժամանակ կձգի: Չնայած` հաշվի առնելով այն շտապողականությունը, որը տարաբնույթ հոխորտանքների եւ ճնշումների տեսքով եւ բազմապատկված տեմպերով գալիս է Ալիեւից, այն տպավորությունն է առաջանում, որ անգամ Բաքվում են սկսել հակվել այն մտքին, որ Նիկոլը հազիվ թե երկար ձգի. պետք է ամեն բան արագ վերջացնել:
Tes naeu https://t.me/iravunk/62025