Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին
ՎերլուծությունՀայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ
Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը ձեռք է բարձրացրել նրա վրա՝ խախտելով ոչ միայն Աստծո, այլև աշխարհիկ օրենքները: Նա իրեն հայտարարել է եկեղեցու հետևորդ, բայց այդպես չէ: Եկեղեցի հաճախողները մկրտված են, մշտապես մասնակցում են պատարագի, ապաշխարհում են և ներում են ստանում այդ իրավունքով օժտված քահանայից: Նրանք հաղորդություն են ստանում կամ, ժամանակակից լեզվով ասած, հաղորդակցություն են ստանում Տիրոջ հետ, իսկ եթե որոշում են ամուսնանալ, պսակադրության ծես են անցկացնում: Իսկ Փաշինյանը արհամարհում է պատարագները. համենայն դեպս ապացույց չկա, որ նա մասնակցել է դրանց: Նա ամուսնացել է առանց պսակադրության կամ քաղաքացիական միության, այսինքն՝ ապրում է մեղքի մեջ, և հետևաբար հաստատապես եկեղեցու հետևորդ չէ: Ուրեմն նա ստում է: Բայց եթե նույնիսկ չստեր և հետևեր բոլոր ուխտերին, նա չունի ո՛չ քաղաքացիական, ո՛չ էլ բարոյական իրավունք՝ պահանջելու որևէ եկեղեցական հոգևորականի հրաժարականը, առավել ևս՝ կաթողիկոսի: Եվ այստեղ հարց է ծագում. ինչո՞ւ է նա իր անօրինությունները հիմա սկսում։ Գալով իշխանության՝ նա հարձակվեց եկեղեցու վրա սովորական սխեմայով. ինչ-որ մի կարգալույծ քահանա անկարգությունների հակված անհավատների աջակցությամբ հարձակում է սկսում՝ մտադիր լինելով իրեն կաթողիկոս հռչակել: Սակայն ձեռնարկումը ձախողվեց, և հիմա Փաշինյանը կրկին գրոհում է եկեղեցու վրա՝ ներգրավելով ոչ միայն կարգալույծ քահանաներին, այլև ոստիկանությանը՝ թե՛ քաղաքացիական հագուստով, թե՛ համազգեստով: Պետք է ենթադրել, որ նա ստացել է հստակ պատվեր:
Եկեղեցու վրա Փաշինյանի հարձակումների շահառուներն են Թուրքիան, Ադրբեջանը, Մեծ Բրիտանիան վարագույրի հետևում և, որքան էլ դա տարօրինակ հնչի, Վատիկանը՝ որպես ուղղափառության մրցակից, որին պատկանում է նաև Հայ առաքելական եկեղեցին: Հոկտեմբերի 19-20-ը Փաշինյանը գտնվում էր Վատիկանում, որտեղ մասնակցում էր արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման արարողությանը, որը խոշտանգվել էր 1915 թվականի հայոց ցեղասպանության ժամանակ՝ այն նույն ցեղասպանության, որի հիշատակը Փաշինյանը ջանում է ջնջել: «Նրա կյանքը մեզ հիշեցնում է այն մասին, որ նույնիսկ տառապանքի ժամանակ հավատքն ու քաջությունը ունակ են հաղթահարելու դժվարությունները»,- ասում է Փաշինյանը Իգնատիոս Մալոյանի մասին: Նա հանդիպել է Հռոմի պապի և Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ, և նրանք ասել են բոլոր անհրաժեշտ հրապարակային խոսքերը, որից հետո, վերադառնալով Հայաստան, Փաշինյանը չթուլացող ոգևորությամբ կրկին հարձակվեց եկեղեցու վրա:
Կարգալույծ Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքում պատարագ մատուցեց այլ հերձվածների, այդ թվում՝ նախկին սարկավագ Աղազարյանի օգնությամբ, որը Փաշինյանի հետ համատեղ ապրող Աննա Հակոբյանին համեմատեց Աստվածամոր հետ։ Թե ինչ է կատարվում նրա գլխի մեջ՝ դժվար է հասկանալ։ Աստվածամայրը ծնեց Հիսուսին, դուրս է գալիս, որ Աղազարյանի հայտարարությունը Տիրոջ աստիճանին է բարձրացնում նրա որդի Աշոտիկին, բայց ոչ Նիկոլ Փաշինյանին։ Աղազարյանը, ավելի հավանական է, ուզում էր երկնային շնորհներով օժտել Նիկոլին։ Ընդհանուր առմամբ դժվար է հասկանալ, և, ինչպես ցանկացած խառնաշփոթություն, Փաշինյանի հարձակումները առաջնային պլան մղեցին հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց։ Նրանք հագնում են եկեղեցական հագուստներ և այնպիսի անհեթեթություններ են դուրս տալիս, որ բացարձակապես անհասկանալի է դառնում, թե որտեղից են նրանք դրանք վերցրել։ Ամենից շատ, իհարկե, իրենց աղանդներից, բայց իրենք էլ իրենցից շատ բան են ավելացնում։ Իսկ գլխավորն այստեղ այն է, որ Փաշինյանը, պետք է ենթադրել, Վատիկանում ավելի շուտ խրախուսվել է եկեղեցու վրա իր հարձակումների համար, քան թե դատապարտվել։
Թուրքիայի շահերն այն են, որ հանգամանքների բերումով Թուրքիան ստիպված կլինի ճանաչել ցեղասպանությունը և պատասխանատվություն կրել դրա հետևանքների վերացման համար։ Մահացածներին վերադարձնել չես կարող, բայց այն, ինչ նրանց է պատկանել, պետք է վերադարձվի ժառանգներին, ինչից Թուրքիան զգուշանում է։ Սա, առնվազն, վերաբերում է Թուրքիայում ապրած հայերի յուրացված կապիտալին։ Եվ այս կապիտալի մի մասի վրա, որը ավանդադրվել էր բանկերում, կուտակվել են հսկայական տոկոսներ։ Միայն այս ակտիվների փոխհատուցումը նշանակում է լուրջ հարված Թուրքիայի տնտեսությանը։ Այս ակտիվների իրավական տերերը ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են, որոնք սփռված են մոլորակի հայկական համայնքներում։ Իսկ սփյուռքի գոյատևման հիմքը եղել ու մնում է Հայ առաքելական եկեղեցին։ Այսինքն՝ հեռահար թիրախում ոչ միայն մեր հավատքի կենտրոնն է Հայաստանում, այլև արտասահմանյան հայկական եկեղեցիների թուլացումը։ Որքան դրանք թույլ լինեն, այնքան քիչ է հավանականությունը, որ սփյուռքի անդամները հայտ կներկայացնեն իրենց իրավունքների համար։
Երկրորդ շահառուն Ադրբեջանն է։ Հայկական ինքնությանը հարվածելու մտադրությունից բացի՝ ի հայտ են եկել նաև նորերը, որոնք կապված են պատմության սովորական կեղծման հետ։ Ադրբեջանն իրեն հռչակել է 1502-ից մինչև 1722 թվականը Իրանը կառավարած Սեֆյանների՝ շահերի թյուրքալեզու դինաստիայի ժառանգորդը։ Դինաստիայի էթնիկական ծագումը մշուշոտ է. մի վարկածի համաձայն՝ նրանք քրդեր են եղել, ինչը նրանց մոտեցնում է Ալիևի հետ, որը քրդական ծագում ունի։ Սեֆյանների ժամանակաշրջանում Իրանը ներառում էր Հարավային Կովկասը, Հյուսիսային Կովկասի մի մասը, Կենտրոնական Ասիան՝ հասնելով մինչև Աֆղանստան, Սիրիայի և Իրաքի մի մասը։ Ադրբեջանին հաջողվել է Սեֆյան կայսրության ժառանգորդության այս պահանջը խցկել կրթական ծրագրերում ու դասագրքերում։ Ինչո՞ւ է այս ժառանգորդության իրավունքը առաջ քաշում Ադրբեջանը, այլ ոչ թե Իրանը։ Ըստ երևույթին, ալիևյան Ադրբեջանին հարկավոր է մոտիվացնել իր 9 միլիոն բնակչությանը (թիվը կասկածելի է. որոշ փորձագետներ 7 միլիոնից ավել չեն գնահատում)՝ վերականգնելու «պատմական արդարությունը»։ Այսինքն՝ զավթելու Սեֆյան կայսրության տարածքները, առնվազն՝ իրանական Ադրբեջանը։ Նրանց հավակնությունները տարածվում են նաև Ռուսաստանի և իրանական Ադրբեջանի թյուրքալեզու ժողովուրդների վրա։ Եթե այստեղ ավելացնենք Ադրբեջանի Հանրապետության (ԱՀ) բնակչությանը, ապա առվազն կհավաքվի 50 միլիոն. լուրջ ուժ կլինի, եթե նրան հաջողվի միավորել և մոտիվացնել։ Ինչը արդեն արվում է «Թյուրքական պետությունների կազմակերպություն» նախագծի շրջանակներում՝ միասնական բանակով։ Ատելության վրա հիմնված միավորումն արդեն աշխատել է Ուկրաինայում, որտեղ ստեղծվել է մի ժողովուրդ, որը կռվում է Ռուսաստանի դեմ՝ անկախ էթնիկ և այլ ընհանրություններից։
Ադրբեջանի գիտական, մշակութային և այլ վերնախավերի առաջ դրվել է մի պարզ խնդիր՝ հիմնավորել Սեֆյան կայսրության ժառանգորդության վերաբերյալ հավակնությունները փաստաթղթերով, նախընտրելի է՝ արխիվային փոշու մեջ ծածկվածներով: Եվ 2011 թվականից սկսած՝ այս նախագծում ներգրավված ադրբեջանցի գիտնականներին թույլատրվել է մուտք գործել Վատիկանի գաղտնի արխիվներ: Քանի որ այն ժամանակ Ադրբեջանի Հանրապետությունը որևէ ձևով գոյություն չի ունեցել, ուշադրությունը դարձվում է Վատիկանի և Սեֆյան կայսրության միջև հարաբերությունների վրա: Հանել են մոտ 40 փաստաթուղթ ավելի քան 1000 էջ ծավալով, որոնք կոչված են ապացուցելու, որ ներկայիս ադրբեջանական իշխանությունը Սեֆյան կայսրության իրավահաջորդն է: Իհարկե, կան որոշ դժվարություններ, որոնք, ենթադրվում է, կհաղթահարվեն: Սեֆյան Իրանի մայրաքաղաքներն էին Թավրիզը և Սպահանը և ոչ երբեք Բաքուն: Եվ ընդհանրապես Վատիկանի և Սեֆյանների նամակագրության մեջ Ադրբեջանի Հանրապետության մշակութային ոչ մի հետք չկա: Այնուամենայնիվ, ադրբեջանական գիտական միտքը այժմ փորձում է ապացուցել, որ Սեֆյան կայսրության վերականգնումը պատվի հարց է ինչպես Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող ներկայիս ադրբեջանցիների, այնպես էլ Իրանի ադրբեջանցիների համար: Ընդ որում, Հայաստանը չպետք է գոյություն ունենա. միասնական կայսրության ներսում սահմաններ չեն կարող լինել։
Նախագիծն ընդհանուր առմամբ ֆանտաստիկ է, բայց դրա իրականացման ուղղությամբ արվում են լիովին իրական քայլեր: Մասնավորապես, Վատիկանի և Ադրբեջանի միջև փոխհարաբերությունները թափ են առնում: Փոխնախագահ Մեհրիբան Ալիևան պարբերաբար հանդիպում է Հռոմի պապի հետ՝ ֆինանսավորելով բարեգործական ծրագրեր Հեյդար Ալիևի հիմնադրամի միջոցով: 2016 թվականին Հռոմի պապը նույնպես փոխադարձաբար այցելեց Ադրբեջան: Իր հերթին Հռոմի պապին այցելեց Ադրբեջանի մուսուլմանների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն: Բաքվում բացվում են կաթոլիկ եկեղեցիներ, և այս ջերմացող հարաբերությունները, ինչպես կարծում է Վատիկանը, ընդլայնում են աշխարհում իր ազդեցության տարածքը: Ավելին, Վատիկանի ազդեցության գոտին ընդլայնվել է նաև մասնավորապես Մեծ Բրիտանիայի և ընդհանրապես անգլոսաքսոնների հետ ջերմացող հարաբերությունների շնորհիվ: Ահա մի փոքր պատմական ակնարկ:
Ֆրանսիական հեղափոխությունից հետո առաջնային պլան մղվեցին ոչ թե քրիստոնեական, այլ քաղաքացիական արժեքները, ինչպիսիք են մարդու իրավունքները, հավասարությունը և եղբայրությունը, ասպարեզ եկան այժմյան գաղափարախոսությունները, ինչպիսիք են սոցիալիզմը, կապիտալիզմը, կոմունիզմը, նացիզմը և այլն: Ժողովրդականություն ձեռք բերեց լիբերալիզմը, բայց իր այլասերված զարգացման պատճառով այն այժմ մարում է. այսօր այն դադարել է գերիշխող գաղափարախոսություն լինելուց, որին պետք է ձգտել, և, այդ պատճառով ուրվագծվում է վերադարձը դեպի կրոն, Արևմուտքում՝ դեպի քրիստոնեությանը: Սակայն քրիստոնեությունը, ինչպես հայտնի է, միասնական չէ, և այժմ Վատիկանի շուրջը ձևավորվում է քրիստոնեական պետությունների միություն: Դա Մեծ Բրիտանիան է, որը գրեթե 600 տարի առաջ՝ Հենրի VIII-ի գահակալության ժամանակներից սկսած, կապերը խզեց Վատիկանի հետ, քանի որ այն ժամանակվա Հռոմի պապը նրան թույլ չտվեց հերթական անգամ ամուսնալուծվել, և Հենրի VIII-ը իր ձեռքը վերցրեց եկեղեցու կառավարումը: Անգլիական եկեղեցու ներկայիս ղեկավարը՝ Չարլզ III թագավորը, սկսել է հետաքրքրվել Վատիկանով և համատեղ պատարագ է մատուցել Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ: Ինքը՝ Լևոն XIV-ը, ծնունդով ԱՄՆ-ից է, և Դոնալդ Թրամփը քիչ չէ նպաստել նրա պապական գահ բարձրանալուն: Իհարկե, անգլիական, բողոքական ամերիկյան և կաթոլիկ եկեղեցիների մերձեցման մեջ ոչ մի վատ բան չկա, վատ է միայն այն, որ նրանք միավորվում են ուղղափառ եկեղեցու դեմ, իսկ Հայ առաքելական եկեղեցին համարվում է ուղղափառ աշխարհի հենասյուներից մեկը, չնայած այն հանգամանքին, որ նրա անվանման մեջ «ուղղափառ» բառը չկա: Ուկրաինական ուղղափառ եկեղեցու բաժանումը, որի զգալի մասը փոխանցվել է Կոստանդնուպոլսի պատրիարքարանին, այդ նպատակին հասնելու քայլ է: Եվ այս նախագծի համաձայն մեր եկեղեցուն նույնպես պառակտում է սպասվում:
Ինչո՞ւ պետք է մեր կաթողիկոսը հեռացվի՝ ըստ Փաշինյանի և նրա պատվիրատուների ծրագրի։ Որպեսզի Մայր Աթոռը տեղափոխվի Երևան, նշանակվի իր սեփական կաթողիկոսը և եկեղեցու կազմում ընդգրկվեն բացառապես հայկական համայնքները՝ խզելով կապերը արտասահմանյանների հետ։ Անվանումը նույնպես կարող է փոխվել՝ Հայ առաքելական եկեղեցին կարող է անվանափոխվել Հայաստանի առաքելական եկեղեցու, ինչը նեղացնում է նրա գործունեության դաշտը։ Իսկ առայժմ ընթանում է եկեղեցական գույքի բռնագրավում, կարգալույծները զավթեցին Հովհաննավանքը և այնտեղ պատարագներ են մատուցում, ինչի իրավունքը իրենք չունեն։ Փաստաբանների մի խումբ դիմել է իրավապահ մարմիններին՝ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող եկեղեցու բռնազավթման առնչությամբ, բայց պատասխան, ինչպես և հարկ էր սպասել, չկա։
Փաշինյանը ցանկանում էր եկեղեցին քանդել ներսից, սակայն մի քանի հարյուր քահանաներից միայն երեքը լսեցին նրա կոչերը և կարգալույծ դարձան։ Հույս կար, որ Հովհաննավանքի պատարագը կհավաքի տասնյակ հազարավոր մարդկանց, բայց դրա փոխարեն մասնակցեցին միայն մի քանի հարյուրը, այդ թվում՝ ծպտված ոստիկաններ։ Նույնիսկ պետական պաշտոնյաներն ու օրենսդիրները, չնայած հրաման էին ստացել, խուսափեցին մասնակցել աղանդավորական պատարագին։ Ըստ երևույթին, Աստծո զայրույթից վախը գերակշռում է Փաշինյանի առաջ վախին։ Մուսոլինիի օրինակը, որն իր ելույթներից մեկի ժամանակ հայտարարեց, թե Աստված գոյություն չունի, իսկ եթե գոյություն ունի, թող պատժի իրեն իր հանդգնության համար։ Աստված չպատժեց նրան նրա ելույթի ժամանակ, բայց Մուսոլինին հետագայում գնդակահարվեց և կախաղան բարձրացվեց։ Ըստ երևույթին, ռիսկի դիմել չեն ցանկանում։
Ընտրությունները Վաղարշապատում, որի տարածքում գտնվում է Մայր տաճարը, հատկապես կարևոր է իշխանության համար: Երկու ընդդիմադիր համայնքի առաջնորդները՝ Գյումրու և Փարաքարի, արդեն վճարել են իրենց ընդդիմադիր լինելու գինը: Առաջինին ձերբակալեցին, երկրորդը սպանվեց մարդասպանի կողմից: Այնպես որ՝ իշխանության համար պայքարը շատ կոշտ բնույթ ունի, ինչը դրսևորվեց նաև Վաղարշապատում: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ՔՊ) այստեղ հաղթեց և կարող է միայնակ ձևավորել իշխանություն՝ 33 մանդատից ունենալով 19-ը, բայց ի՞նչ գնով: Բացի նրանից, որ ընդդիմադիրները ենթարկվեցին ճնշումների, իսկ մի ընդդիմադիր բլոգեր ընդհանրապես առևանգվեց անհայտ անձանց կողմից, ընտրացուցակներն էլ ուռճացված էին:
Ինչպես ամերիկյան ընտրություններում, այնպես էլ այստեղ ձայներ էին ներգրավվել այն աշխարհից։ Մի ընտրող կին պարզել է, որ իր մահացած ամուսինը և Ռուսաստանում գտնվող երկու որդիները քվեարկել են մինչև իր գալը, հասկանալի է՝ իշխանության օգտին։ Քանի որ ցուցակների համար պատասխանատու է Ներքին գործերի նախարարությունը, ապա այս տեսքով դրանց կազմելը ընտրական ընթացակարգի խախտում է, ավելի ճշգրիտ՝ կեղծիք։ Ընտրացուցակները պահանջում են խիստ ստուգում, քանի որ դրանք ուռճացվում են ինչպես մահացածների, այնպես էլ բացակաների հաշվին։ Ընտրությունների ավարտից երկու ժամ առաջ ընտրատեղամասերում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել, ինչը, ի դեպ, իշխանության համար ավանդույթ է դարձել. մթության մեջ ավելի հեշտ է կեղծ քվեաթերթիկներ լցնել քվեատուփերի մեջ։
Նշեմ, որ ՔՊ-ն ներկայացնող Արգիշտի Մեխակյանը որևէ կերպ ցցուն չի դարձրել իր կուսակցական պատկանելությունը։ Նախընտրական պաստառների վրա կուսակցության անվանունը մանր տառերով է գրված եղել, որպեսզի աչքի չզարնվի։ Սա ենթադրում է, որ կառավարությունը գիտակցում է իր ոչ ժողովրդականությունը, ինչը նրան դարձնում է ավելի վտանգավոր։ Եթե նա վստահ լիներ հաղթանակին, չէր դիմի բռնաճնշումների՝ այն ապահովելու համար։ Այժմ՝ արդյունքների մասին։ Իշխանությունը ներկայացված էր երեք կուսակցություններով՝ ՔՊ, «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ». մնացած ձայները պատկանում էին ընդդիմությանը, բայց դրանց մի մասը փոշիացվել էին փոքր կուսակցությունների կողմից։
Սա ընդդիմության կատարած կոպտագույն սխալն է, որը չի կարողանում խաղալ միասնական թիմով։ Լայն ընտրության բացակայության դեպքում ձայները կկուտակվեին ընդդիմադիր կուսակցությունների ամենամեծ բլոկի՝ «Հաղթանակի» ակտիվում, և թիմային աշխատանքի դեպքում, նույնիսկ վարչական և այլ ճնշումների տակ, նա կկարողանար զգալիորեն ավելի շատ ձայներ հավաքել։ Իսկ հիմա իշխանությունը կանխարգելիչ կերպով է արձագանքում. ընտրություններից երկու օր անց իրավապահները խուզարկություններ անցկացրին «Հաղթանակ» կուսակցության անդամների տներում։ Կան ձերբակալություններ ու կալանավորումներ։ Սա 19 մանդատի համար է։ Իշխանությունը վախենում է ընդդիմությունից, նույնիսկ երբ այն փոքրամասնություն է կազմում։
Մեր երկրի նման երկրներում մարդիկ քվեարկում են ոչ թե ծրագրերի, այլ անհատի համար, ընդ որում, այդ անհատը պետք է մոտիվացված լինի հաղթելու համար։ Փաշինյանն ունի այդ մոտիվացիան, քանի որ պարտության դեպքում նա կորցնում է ամեն ինչ, այդ թվում՝ նաև ազատությունը։ Եվ եթե եկող տարվա ընտրություններում ընդդիմության առաջնորդը վճռականորեն տրամադրված չլինի հաղթելու, ապա պարտությունը շատ հավանական կդառնա՝ չնայած ծրագրային առավելություններին։
Եվ այնուամենայնիվ, խիստ ճնշման տակ ընդդիմությունը կարողացավ ձայների ավելի բարձր տոկոս հավաքել, քան վերջին երկու հանրապետական ընտրություններում։ Սա հաղթանակ չէ, բայց կատարված սխալները հաշվի առնելու դեպքում սա հայտ է այն բանի, որ նա ի վիճակի է հետագայում հաղթելու։ Այնուամենայնիվ, ՔՊ-ի հաղթանակը տեղական ընտրություններում այն համայնքում, որտեղ գտնվում է Մայր տաճարը, չի նշանակում, որ եկեղեցու վրա հարձակումները կշարունակվեն։ Ինչպես ցույց են տալիս կարգալույծ քահանաների մասնակցությամբ պատարագները, նույնիսկ Փաշինյանի մերձավոր շրջապատը ձգտում է խուսափել նրա անաստված արկածախնդրություններից։
