Նոբելյան մրցանակի հինգ արտասովոր դափնեկիրները
ՎերլուծությունԱՅՍ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ՀԱՅԵՐԸ ՄԱՐԻՆԱ ԵՎ ՀԱՄԼԵՏ ՄԻՐԶՈՅԱՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾԸ
ՄԱՐԻՆԱ ԵՎ ՀԱՄԼԵՏ ՄԻՐԶՈՅԱՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾԸ
«ԶԱՐՄԱՑՆԵԼ» բառի իմաստը Վ. Ի. Դալի բառարանում (Սանկտ Պետերբուրգ, 1863–1866). «Զարմացնել մեկին, ապշեցնել, հիացնել, ստիպել զարմանալ... Զարմանալի, զարմանք առաջացնող, հրաշալի, տարօրինակ, արտասովոր կամ անսովոր, արտակարգ, զմայլելի, հիանալի, չտեսնված, ոչ սովորական, բացառիկ...»։
Եվ վերջապես՝ «մարդ, որը ինչ-որ բանով սովորական չէ», այսինքն՝ մյուսներից շատ տարբերվող է, աչքի ընկնող է։
Նոբելյան մրցանակի հինգ արտասովոր դափնեկիրները
Նոբելյան մրցանակի հինգ ոչ սովորական դափնեկիրները՝ Ալբերտ ՍԵՆՏ ԳԵՈՐԳԻՆ (ֆիզիոլոգիա կամ բժշկություն, 1937), Արտեմ ՓԱԹԱՓՈՒԹՅԱՆԸ (ֆիզիոլոգիա կամ բժշկություն, 2001), Դորկ ՍԱՀԱԿՅԱՆԸ (խաղաղության մրցանակ, 2007), Էմանուել ՄԱՐԻ ՇԱՐՊԱՆՏԻԵՆ (քիմիա, 2020), Տարոն ԱՃԵՄՕՂԼՈՒՆ (տնտեսագիտություն, 2024), մեր «Այս զարմանահրաշ հայերը» նախագծի հերոսներն են։ Նրանք տարբեր դարաշրջանների ներկայացուցիչներ են, սակայն նրանցից յուրաքանչյուրը նշանակալի հետք է թողել պատմության մեջ։
Նոբելյան մրցանակը ամենահեղինակավոր միջազգային պարգևն է, հիմնադրվել է 1901 թվականին շվեդ քիմիկոս, գյուտարար և ձեռնարկատեր Ալֆրեդ Նոբելի (1833–1896) կտակի համաձայն։ Կտակում ասվում էր. «...իմ կտակակատարները կապիտալը պետք է վերածեն արժեթղթերի՝ ստեղծելով հիմնադրամ, որից գոյացող տոկոսները մրցանակի տեսքով կտրվեն նրանց, ովքեր նախորդ տարվա ընթացքում մարդկությանը առավել մեծ օգուտ են բերել»։
Նոբելյան մրցանակը շնորհվում է վեց ոլորտներում՝ ֆիզիոլոգիա կամ բժշկություն, ֆիզիկա, քիմիա, գրականություն, տնտեսագիտություն, աջակցություն ամբողջ աշխարհում խաղաղության հաստատմանը։
Դափնեկրի մեդալը պատրաստվում է «18-կարատանոց կանաչ ոսկուց՝ պատված 24-կարատանոց ոսկու շերտով»։ 2025 թվականին դրամական վարձատրությունը կազմել է 11 միլիոն շվեդական կրոն կամ 1,06 միլիոն ԱՄՆ դոլար։ Եթե միևնույն մրցանակի մի քանի դափնեկիր է լինում, դրամական պարգևը հավասարապես բաժանվում է նրանց միջև։
Առաջին Նոբելյան մրցանակները շնորհվել են 1901 թվականին։ 2025 թվականի դրությամբ այն շնորհվել է 633 անգամ (1026 անհատների և կազմակերպությունների)։ Ամենաշատ դափնեկիրները Միացյալ Նահանգներից են (436), որին հետևում են Մեծ Բրիտանիան (145), Գերմանիան (116), Ֆրանսիան (79), Ռուսաստանը (Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ, Ռուսաստանի Դաշնություն՝ 30 դափնեկիր)։
Նոբելյան մրցանակի առաջին ռուս դափնեկիրները (ֆիզիոլոգիա կամ բժշկություն) եղել են Իվան Պավլովը (1904) և Իլյա Մեչնիկովը (1908)։ Վերջին ռուս դափնեկիրը Ալեքսեյ Եկիմովն էր (քիմիա, 2023)։
Ալբերտ Սենտ Գեորգի
(16.09.1893, Բուդապեշտ – 22.10.1986, Վուդս Հոլ, ԱՄՆ)
Ծագումով հայ ամերիկա-հունգարացի կենսաքիմիկոս, միաժամանակ քաղաքական գործիչ, բժիշկ, համալսարանի դասախոս, ֆիզիոլոգ։ Բժշկագիտության դոկտոր (1917) և փիլիսոփայության դոկտոր (1927)։
Հունգարիայում հայտնի էին Մոլնարները, Պատրուբանները, Չաուսիները, Ապաֆները և շատ ու շատ հայերի ազգանուններ՝ հրապարակախոսներ, պատմաբաններ, բժիշկներ, կենսաբաններ։ 19-րդ դարում հայտնի էին հանճարեղ մաթեմատիկոսներ Բոյանների և կենսաքիմիկոսներ Սենտ Գեորգիների ընտանիքները։
Ալբերտի հայրը խոշոր հողատեր էր, Բուդապեշտից 50 մղոն հեռավորության վրա գտնվող լայնարձակ կալվածքների կառավարիչ, իսկ մայրը տաղանդավոր երաժիշտ էր։ Ապագա գիտնականի մեջ հետաքրքրությունը գիտության նկատմամբ առաջին անգամ արթնացրեց նշանավոր ֆիզիոլոգ և Բուդապեշտի համալսարանի պրոֆեսոր Միխայ Լենհոսեկը՝ նրա մորեղբայրը։
1911 թվականին Ալբերտն ընդունվեց Բուդապեշտի համալսարանի բժշկական ֆակուլտետ՝ իր հորեղբոր անատոմիայի լաբորատորիա, որտեղ սովորեց մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը։ Երբ նրան զորակոչեցին, նա որպես ռազմական բժիշկ ծառայեց իտալական և ռուսական ճակատներում, ստացավ «Արիության և խիզախության համար» արծաթե մեդալ և զորացրվեց 1917 թվականին՝ վիրավորվելուց հետո։
1926 թվականի կեսերին նա որոշեց մասնակցել Միջազգային ֆիզիոլոգիական ընկերության համաժողովին Ստոկհոլմում, որտեղ ծանոթացավ անգլիացի հայտնի կենսաքիմիկոս Ֆրեդերիկ Հոպկինսի հետ, որը նրան հրավիրեց աշխատելու Քեմբրիջում (Մեծ Բրիտանիա):
1927 թվականին Ալբերտ Սենտ Գեորգին ընդունվեց Քեմբրիջի համալսարան՝ որպես Ռոքֆելլերի կրթաթոշակառու, որտեղ աշխատեց ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 1929 թվականի Նոբելյան դափնեկիր Հոպկինսի ղեկավարությամբ: 1930 թվականին Սենտ Գեորգին ընդունվեց Սեգեդի համալսարանի (Հունգարիա) բժշկական քիմիայի ամբիոն, իսկ հինգ տարի անց դարձավ օրգանական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր:
1930-ականների սկզբին, հենվելով բույսերի շնչառության կենսաքիմիայի ոլորտում արած իր վաղ հետազոտությունների վրա, Սենտ Գեորգին սկսեց ուսումնասիրել օքսիդացումը մկանային բջիջներում: Նա առաջին անգամ կարողացավ առանձնացնել C վիտամինը և հիմնարար հետազոտություններ անցկացրեց կենսաբանական օքսիդացման ու մկանային կծկման ոլորտներում: Սակայն վիտամին C-ի հայտնագործման իսկական խորհրդանիշը ամենևին էլ լաբորատորիան չեղավ, այլ հունգարական պատիճավոր կարմիր տաքդեղի (պապրիկա) ափսեն, որտեղ էլ և թաքնված էր վիտամինի հիմնական աղբյուրը: Գիտնականը նյութին տվեց նոր անուն՝ «ասկորբինաթթու», լատիներեն “scorbutus” (ցինգա՝ լնդախտ) բառից, այսինքն՝ «լնդախտի դեմ»: Այսպես աշխարհը ստացավ վիտամին C-ն:
Սննդակարգում C վիտամինի ներառումը թույլ տվեց հաղթահարել լնդախտը և փրկեց հազարավոր մարդկանց կյանքը: Հիվանդ նավաստիները, իսկ ավելի ուշ՝ սովորական քաղաքացիները, սկսեցին ստանալ մի միջոց, որն ամրացնում էր իմունիտետը և օգնում էր կանխարգելել շատ հիվանդություններ:
Սենտ Գեորգին շատ զարմացավ, երբ 1937 թվականին Թագավորական ինստիտուտից նրան հայտնեցին ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի շնորհման մասին՝ «կենսաբանական օքսիդացման վերաբերյալ հետազոտությունների և հատկապես C վիտամինի հայտնագործման ու ֆումարաթթվի կատալիզի համար»։ Նոբելյան մրցանակի շնորհումը Սենտ Գեորգիին դարձրեց Հունգարիայի ազգային հերոս։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նա Բուդապեշտում գլխավորում էր բժշկական քիմիայի ամբիոնը։
1947 թվականին Սենտ Գեորգին լքեց Հունգարիան, որպեսզի հաստատվի Միացյալ Նահանգներում, որտեղ նա դարձավ Վուդս Հոլի (Մասաչուսեթս նահանգ) մկանների ուսումնասիրության ինստիտուտի տնօրենը։
1970 թվականին նա գրեց «Խելագար կապիկը» գիրքը, որում իր մտահոգությունն արտահայտեց մարդկության ճակատագրի համար գիտատեխնիկական առաջընթացի դարաշրջանում։
Արտեմ Փաթափության
(ծնվել է 02.10.1967, Բեյրութ, Լիբանան)
Արտեմի երկու ծնողներն էլ հայկական ծագում ունեն։ Հաշվապահի և դպրոցի տնօրենի որդին ծնվել է գրեթե 140,000-անոց հայ համայնք ունեցող երկրի՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հենց կենտրոնում։ Ինչպես բոլոր լիբանանահայերը, նա նույնպես մեծացել է հայկական մշակույթի մեջ, ազատ տիրապետում է արևմտահայերենին։
Արտեմը լավ հիշում է իր բասկետբոլի թիմը, «մարդկային բարեհոգությունը», «համեղ ուտելիքը», «բացօթյա խնջույքները լեռներում» և «ձմերուկները սառը առվի մեջ, որտեղ դրանք դնում էին սառեցնելու համար»։ Սովորել է Բեյրութի հայկական դպրոցներում, սկզբում Դեմիրճյանի դպրոցում, ապա՝ Հովակիմյան-Մանուկյան վարժարանում։
Մեկ տարի սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանում նախքան 1986 թվականին ԱՄՆ գաղթելը: «Ես ութ տարեկան էի, երբ սկսվեց քաղաքացիական պատերազմը: Այնպես որ, ցավոք, իմ մանկության մեծ մասը փչացավ դրանով: Բայց միաժամանակ, ես հրաշալի տարիներ եմ անցկացրել Լիբանանում»,- հիշում է Արտեմը՝ ընտանիքի երեք երեխաներից կրտսերը:
Լոս Անջելեսում ավարտելով Կալիֆոռնիայի համալսարանը՝ կենսաբան Արտեմ Փաթափությանը սկսեց լրջորեն զբաղվել գիտական գործունեությամբ։ Սկրիպսի ինստիտուտի նյարդաբանության ամբիոնի պրոֆեսորը 2021 թվականին դարձավ ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Նոբելյան մրցանակը շնորհվեց գիտնականներ Արտեմ Փաթափությանին և Դեյվիդ Ջուլիուսին՝ «ջերմաստիճանի և հպման ընկալիչների (ռեցեպտոր) հայտնաբերման համար»։ Ավելի պարզ ասած՝ նրանք օգնեցին հասկանալու, թե ինչպես են մարդու մարմինը և ուղեղը մշակում հպումների մասին տեղեկությունը, ինչը մոտ ժամանակներս հնարավորություն կտա ստեղծելու բարդ կիբեռնետիկական մեխանիզմներ և հատուկ պրոթեզներ կորցրած վերջույթների համար։
Հենց Արտեմ Փաթափությանը օգտագործեց ճնշման նկատմամբ զգայուն բջիջները, որպեսզի բացահայտի տվիչների (սենսոր) նոր դաս, որոնք արձագանքում են մաշկի և ներքին օրգանների մեխանիկական գրգռիչներին։ Իսկ նրա գործընկեր Դեյվիդ Ջուլիուսը օգտագործեց չիլի պղպեղից ստացված այրոցի զգացողություն առաջացնող կծու միացությունը, որպեսզի նույնականացնի մաշկի նյարդային վերջույթներում գտնվող տվիչը, որն արձագանքում է ջերմությանը:
Որպես իր հայկական ծագումը ընդունելու նշան՝ Փաթափությանը իր մրցանակը փոխանցեց Հայաստանի պատմության թանգարանին։ Նա նշեց. «Եթե 18 տարեկանում ինձ ինչ-որ մեկն ասեր, որ մի օր ես կստանամ Նոբելյան մրցանակ, իսկ հետո այն կհանձնեմ Հայաստանի պատմության թանգարանին, ես չէի հավատա և կմտածեի, որ նրանք կատակում են։ Այս մրցանակը ստանալը անակնկալ էր ինձ համար, բայց միևնույն ժամանակ այն հույս ներշնչող իրադարձություն է՝ հատկապես երիտասարդ ուսանողների համար։ Կարծում եմ, որ այն լուրջ իմաստ ունի նրանց համար. եթե դա պատահել է ինձ հետ, ապա կարող է պատահել նաև նրանց հետ»։
Ներկայումս Արտեմ Փաթափությանը ապրում և աշխատում է Լոս Անջելեսում, Կալիֆոռնիայի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող է: Ապրելով Լոս Անջելեսում՝ նա մշտապես շփվում է տեղի հայկական մեծ սփյուռքի հետ:
Փիլիսոփայության դոկտոր Արտեմ Փաթափությանը պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (Հայաստան, 2022)՝ «կենսաբանության ոլորտում ակնառու նվաճումների և բժշկագիտության զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար»: Նա նաև Առաջին կարգի ծառայությունների շքանշանի ասպետ է (Լիբանան), Ու. Ալդեն Սպենսերի (2017), Ռոզենստիլի (2019), Կավլիի (2020) մրցանակների դափնեկիր է նյարդաբանության ոլորտում:
Դորկ Սահակյան
(ծնվ.՝ 14.01.1954, Փենսիլվանիա, ԱՄՆ)
Դորկ Սահակյանը Արևմտյան Հայաստանից փախստականների ժառանգ է։ Նա ամերիկացի կլիմայագետ և հրաբխագետ է, Լիհայի համալսարանի (Բեթղեհեմ, Փենսիլվանիա նահանգ) Երկրի և շրջակա միջավայրի մասին գիտությունների պրոֆեսոր է։
Տարրական դպրոցում Դորկը առանձնահատուկ հետաքրքրություն էր ցուցաբերում բնական գիտությունների նկատմամբ, ուստի ծնողները խորհուրդ տվեցին նրան ընդունվել Նյու Յորքի Ռենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտ, որը հռչակված է նրանով, որ ուսման ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվում էր բնական գիտությունների և տեխնոլոգիաների վրա։ 1977 թվականին Դորկ Սահակյանը ինստիտուտն ավարտեց գերազանցությամբ՝ ստանալով ֆիզիկայի բակալավրի աստիճան։
Ինստիտուտն ավարտելուց հետո նա անցել է ծառայության ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում որպես օվկիանոսագետ: Ծառայելուն զուգընթաց Դորկ Սահակյանը դասավանդել է Կոլումբիայի համալսարանում (Նյու Յորք, ԱՄՆ) և եղել է Օհայո նահանգի Բերդի համալսարանի հետազոտական կենտրոնի գիտաշխատող (ԱՄՆ): Այս ընթացքում նա գրել է ավելի քան 100 գիտական հոդված շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխությունների վերաբերյալ:
Դորկ Սահակյանն իրեն դրսևորել է որպես տաղանդավոր գիտնական, և 1994 թվականին նշանակվել է Նյու Հեմփշիրի համալսարանի (ԱՄՆ) Երկրի, օվկիանոսների և տիեզերքի ուսումնասիրման ինստիտուտի կենսոլորտի միջազգային ծրագրի գլոբալ վերլուծական, ինտեգրման և մոդելային աշխատանքային խմբի գործադիր տնօրեն։
2004 թվականին Դորկ Սահակյանը դարձավ Բեթղեհեմի Լիհայ համալսարանում ՄԱԿ-ին առընթեր Կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների միջկառավարական խմբի (IPCC) նախագահ, որը գնահատում է տեխնածին գործոններից առաջացած կլիմայի գլոբալ փոփոխության ռիսկերը: IPCC-ն հիմնադրվել է 1988 թվականին Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից: Նույն 2004 թվականին Սահակյանը ստացավ Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) պատվավոր պրոֆեսորի կոչում:
IPCC-ի շրջանակներում Դորկ Սահակյանը և ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալբերտ Գոռը մշակել են գիտական զեկույցներ կլիմայի հնարավոր փոփոխությունների թեմայով և շրջակա միջավայրի փրկության ու պահպանման վերաբերյալ մի շարք առաջարկներ են ներկայացրել աշխարհի առաջատար երկրների քաղաքագետներին: Զեկույցները ներկայացվել են ՄԱԿ-ին և ընդունվել են որպես «դասագիրք» աշխարհում կլիմայական ճգնաժամի հաղթահարման համար:
Կլիմայագետ Դորկ Սահակյանը և Ալբերտ Գորը 2007 թվականի հոկտեմբերի 12-ին IPCC-ի անունից ստացան Նոբելյան խաղաղության մրցանակ՝ «գլոբալ տաքացման հետևանքով Երկրի կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար»՝ որպես շրջակա միջավայրի փրկության համար «ճանապարհային քարտեզ»։ Սահակյանն իր ներդրումը բնութագրել է որպես «շատ աննշան, ինչպես մարդկության ազդեցությունը ծովի մակարդակի բարձրացման վրա»։
Այսօր պրոֆեսոր Դորկ Սահակյանը դասավանդում է Կոլումբիայի համալսարանում և գրում է գիտական հոդվածներ, որոնց թիվն անցել է երկու հազարից։
Էմանուել Մարի Շարպանտիե
(ծնվ.՝ 11.12.1968, Ժյուվիզի սյուր Օրժ, Ֆրանսիա)
«Ես ծագումով հայ եմ, իմ պապը վերապրել է 1915 թվականի ցեղասպանությունը՝ տեղափոխվելով Ֆրանսիա, նրա ազգանունը Սինանյան էր»,- այսպիսի անսպասելի հայտարարություն արեց կենսաքիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Էմանուել Շարպանտիեն Հայաստանի հանրային ռադիոյին տված բացառիկ հարցազրույցում։
Մանրէաբան, համալսարանի դասախոս, ծագումնաբան (գենետիկ) և իմունաբան բժիշկ: Նա սովորել է Փարիզի Պիեռ և Մարի Կյուրիների անվան համալսարանում (ներկայումս՝ Սորբոնի համալսարանի գիտությունների ֆակուլտետ), որտեղ ուսումնասիրել է կենսաքիմիա, գենետիկա և մանրէաբանություն: 1992-1995 թվականներին սովորել է Փարիզի Պաստյորի ինստիտուտի ասպիրանտուրայում և 1995 թվականին ստացել է մանրէաբանության դոկտորի կոչում Պիեռ և Մարի Կյուրիների անվան համալսարանում:
Էմանուել Շարպանտիեն փիլիսոփայության դոկտոր է, պրոֆեսոր, 2015-2018 թվականներին՝ Մաքս Պլանկի միավորման ինֆեկցիոն կենսաբանության ինստիտուտի տնօրեն (Մյունխեն, ԳԴՀ), Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ և ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։ Պատվո լեգիոնի և «Ծառայությունների համար» շքանշանների (Ֆրանսիա), «ԳԴՀ-ին մատուցած ծառայությունների համար» շքանշանի աստղով մեծ խաչի կոմանդոր է։
2020 թվականի քիմիայի Նոբելյան մրցանակը շնորհվեց «գենոմի խմբագրման մեթոդի մշակման համար» (դա կյանքի կոդի վերաշարադրում է, ինչպես ասել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողության վարող Յյորան Հանսսոնը): Դափնեկիրներն էին Մաքս Պլանկի միավորման ինֆեկցիոն կենսաբանության ինստիտուտից Էմանուել Շարպանտիեն և Ջենիֆեր Դուդնան Կալիֆոռնիայի համալսարանից (Բերկլի, ԱՄՆ):
Եթե ավելի ճշգրիտ ասենք, ապա խոսքը CRISPR/Cas9 մեթոդի մասին է, որը Նոբելյան կոմիտեի ներկայացուցիչներն անվանում են «գենետիկական մկրատ»։ Այսօր այս հեղափոխական մեթոդիկան փորձարարական ուսումնասիրությունների ժամանակ արդեն թույլ է տվել հաղթահարելու ուռուցքաբանական հիվանդությունները և արյան ծանր գենետիկ հիվանդությունները, օգնել է ստեղծելու հզոր զենք ՌՆԹ վիրուսների դեմ և բուծելու տուբերկուլյոզի նկատմամբ դիմացկուն կովեր։ Եվ սա Շարպանտիեի և Դուդնայի աշխատանքի շնորհիվ հետազոտողների համար բացված հնարավորությունների միայն մի փոքր մասն է։
Տարոն (Դարոն) Աճեմօղլու
(ծնված՝ 03.09.1967, Ստամբուլ)
Լույս աշխարհ է եկել հայ ընտանիքում։ Նրա հայրը՝ Գևորգ Աճեմօղլուն, աշխատում էր որպես իրավաբան Ստամբուլի համալսարանում, իսկ մայրը՝ Իրման, Ստամբուլի Քադըքյոյ (Քաղկեդոն) շրջանի հայկական դպրոցի տնօրենն էր։
1989 թվականի հունիսին Տարոնը ստացել է բակալավրի աստիճան Յորքի համալսարանում (Մեծ Բրիտանիա), իսկ 1992 թվականին՝ մագիստրոսի և դոկտորական աստիճաններ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում։ 2004 թվականից Աճեմօղլուն զբաղեցնում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (ԱՄՆ) Չարլզ Քինդլբերգերի անվան կիրառական տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը։
2005 թվականին տնտեսագետ գիտնականը իր գիտահետազոտականգործունեության համար արժանացել է Ջոն Բեյթս Քլարկի մեդալին, որը շնորհվում է 40 տարեկանից փոքր ամենաականավոր ամերիկացի տնտեսագետին և իր հեղինակավորությամբ զիջում է միայն Նոբելյան մրցանակին (նա երկու անգամ առաջադրվել է մրցանակի համար)։
Աճեմօղլուն Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ է (2006), ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (2014), անգլերենից և թուրքերենից բացի, հիանալի տիրապետում է իր նախնիների լեզվին՝ հայերենին՝ բնականաբար, արևմտյան տարբերակով։
Տարոնը լայնորեն հայտնի է իր աշխատանքներով քաղաքատնտեսության և ինստիտուտների տեսության ոլորտում: Նրա «Ինչո՞ւ են որոշ երկրներ հարուստ, իսկ մյուսները աղքատ» գիրքը (Ջեյմս Ռոբինսոնի հետ համահեղինակությամբ) հիմնարար դարձավ կենսամակարդակի և ազգերի զարգացման տարբերությունների ուսումնասիրման գործում: Աշխատության հիմնական թեզն այն է, որ երկրի հաջող զարգացումը կախված է ոչ այնքան բնական պաշարներից, որքան նրա քաղաքական ու տնտեսական ինստիտուտների որակից:
Աճեմօղլուն, հայրենասիրական զգացմունքներից ելնելով, ցուցադրաբար հրաժարվեց աշխատել թուրքական կառավարության համար և շատ ուշադիր հետևում է իր պատմական հայրենիքում՝ Հայաստանում տիրող իրավիճակին: Օրինակ, նա կոչ արեց կոռուպցիոն հետապնդումները այնտեղ չվերածել քաղաքական պայքարի գործիքի:
«Ես միշտ հետաքրքրվել եմ Հայաստանի քաղաքական կյանքով,– խոստովանում է Տարոնը հարցազրույցում: – Մի քանի անգամ այցելել եմ Երևան՝ այնտեղ մասնակցելով գիտական տնտեսական համաժողովներին: Ես համոզված եմ, որ Հայաստանը պետք է ապրի և շուտով կապրի նույնքան հարուստ, որքան Չեխիան կամ Էստոնիան: Եվ ես պատրաստ եմ օգնել հայ քաղաքացիներին՝ վերականգնելու և զարգացնելու երկրի տնտեսությունը»:
2023 թվականի դեկտեմբերին նա հանդես եկավ Բաքվում անօրինաբար պահվող հայ բանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։
Ամերիկացիներ Տարոն Աճեմօղլուն, Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս Ռոբինսոնը 2024 թվականի հոկտեմբերին արժանացան տնտեսագիտության Նոբելյան մրցանակի՝ «երկրների միջև բարեկեցության այդքան հսկայական տարբերություններ լինելու պատճառների վերաբերյալ նոր գաղափարներ ներկայացնելու համար»։
«Այսօր 2024 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Տարոն Աճեմօղլուն՝ որպես փորձագետ և հատուկ զեկուցող, տեսաուղերձով հանդես եկավ «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովում: Պարոն Աճեմօղլուն՝ որպես խորհրդատու և փորձագետ, կմասնակցի շարժման կողմից մշակվող Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի աշխատանքներին»,– ասվում է «ՌԻԱ Նովոստի»-ի 2025 թ. հոկտեմբերի 11-ի հաղորդագրության մեջ։
Ներկայումս Տարոն Աճեմօղլուն աշխատում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։
